Հրաչյա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Անկախ փորձագետ
Ստեփանակերտ
Վրաստանում անցած խորհրդարանական ընտրությունները երկրի քաղաքական կյանքում նշանակալից իրադարձություն էին: Սահմանադրության մեջ կատարված փոփոխություններից հետո Վրաստանը փաստացիորեն վերածվում է խորհրդարանական հանրապետության, որտեղ ներքին եւ արտաքին քաղաքականությունը ձեւավորող կարեւորագույն լծակները կենտրոնանում են վարչապետի եւ հաղթանակած կուսակցության կամ դաշինքի ձեռքում:
Այժմ դեռեւս դժվար է ասել, թե որքանո՞վ է արդյունավետ լինելու ձեւավորվող նոր իշխանական համակարգը: Միեւնույն ժամանակ, փորձագետների մեծամասնությունը համակարծիք է, որ նոր կադրերի նշանակումից եւ նախորդ թիմի հետ որոշ հաշվարկներ մաքրելուց բացի ներքին եւ առավել եւս արտաքին քաղաքականության ոլորտում արմատական փոփոխություններ ակնկալելն անիմաստ է:
Առայժմ երկրում երկիշխանություն է տիրում. հեռացող նախագահն ու կառավարման նախագահական ձեւը մեկ տարվա ընթացքում դեռ տիրապետելու են խորհրդարանական Վրաստանի կայացման գործընթացի վրա ներազդելու համար անհրաժեշտ իրավասություններին ու լծակներին, քանի որ խորհրդարանական կառավարումը երկրի հասարակաքաղաքական եւ պետական կյանքի դեռեւս կայացման ուղին չանցած իրողությունն է: Ամեն դեպքում, դեռեւս վաղաժամ է պնդել, որ Վրաստանում իշխանության ամբողջականության փոխանցման գործընթացը լիովին ավարտված է: Սակայն, այս հարցերն անմիջականորեն զուտ Վրաստանին են վերաբերվում: Հայոց պետականության համար անչափ ավելի կարեւոր է հասկանալ, թե ինչպիսի դասեր կարելի է քաղել հարեւանի` վերջին տասը տարիների ընթացքում անցած ուղուց, այն պահից ի վեր, երբ Վրաստանը որպես պետություն միանշանակ ընտրություն է կատարել արեւմտյան կողմնորոշման օգտին: Այստեղ առավել կարեւոր է հետեւյալ պահը:
Մի կողմից, այդ կողմնորոշումը մարտավարական հարթության վրա Վրաստանին բազմակի առավելություններով է օժտել, որոնց կատարվելիք անդրադարձը կպահանջեր առանձին ինքնուրույն հոդված: Ուստի, այստեղ վկայակոչենք ընդամենը մեկ փաստ. Միխեիլ Սահակաշվիլուց առաջ երկրի պետական կառվարման համակարգը, մեղմ ասած, թշվառ վիճակում էր: Նոր թիմի իշխանության գալը եւ դեպի Արեւմուտք Վրաստանի վերակողմնորոշումը թույլ են տվել կարճ ժամանակահատվածում հասնել բազում որակական փոփոխությունների եւ ձեւավորել պետական իշխանության հիրավի նոր համակարգ: Վարդերի հեղափոխությունից առաջ Վրաստանը հաստատուն տեղ էր զբաղեցնում չկայացած (failed) պետությունների ցանկում: Միխեիլ Սահակաշվիլու եւ իր հետեւում կանգնած ուժերի իշխանության արդյունքներից էր Վրաստանի պահպանումը պետությունն ու պետականությունը տարածքից զանազանող եզրագծին:
Մյուս կողմից, ընտրելով միանշանակ արեւմտյան կողմնորոշում, Վրաստանն իրեն խուսանավելու դաշտից է զրկել: Վերջին տարիների Վրաստանի քաղաքականությունն աներկբա ցույց է տալիս, որ փոքր երկրի համար միանշանակ կողմնորոշումն աշխարհաքաղաքական մեկ կենտրոնի օգտին վտանգավոր քայլ է, առավել եւս, եթե տարածաշրջանը գտնվում է աշխարհաքաղաքական մրցակցության կիզակետում: Այսպիսի քայլը հանգեցնում է հեռու գնացող բացասական հետեւանքների: Հավանաբար, դրանցից ամենաբացասականը հարկ է համարել ռազմավարական որոշումների ընդունումը երկրից դուրս` աշխարհաքաղաքական ուժի կենտրոնին փոխանցելը: Կառավարելիության վերականգնման գինն էլ դարձել է ինքնիշխանության զգալի մասի կորուստը, երբ ռազմավարական որոշումներն ընդունվում են ոչ թե նախագահի աշխատակազմում կամ Վրաստանի խորհրդարանում, այլ վրաց պետությունից դուրս գտնվող աշխատասենյակներում: Անցած ընտրություններն ասվածիս ակնառու վկայությունն էին:
Այնուամենայնիվ, ստացված մարտավարական առավելություններն ու ձեռքբերումները Վրաստանի համար ճակատագրորեն կարեւոր են դարձել` թույլ տալով փրկել պետական կառավարման փլուզվող համակարգը: Այսօր քննարկել, թե արդյո՞ք Վրաստանն ուներ այլ ճանապարհ երկրում կարգուկանոն հաստատելու համար, ըստ իս` կոռեկտ չէ: Պատմությունը պայմանական եղանակ չի ճանաչում, եւ ավելի տեղին է ընդունել, որ Միխեիլ Սահակաշվիլու ընտրությունը թույլ է տվել Վրաստանին խուսափել վրաց պետականության եւ իշխանության համար չափազանց տհաճ կամ պարզապես աղետալի սցենարներից: Թերեւս, այստեղ տեղին է տանը հրդեհ մարելու հետ համեմատությունը, երբ ռազմավարության մասին խորհելու ժամանակ չկա եւ անհրաժեշտ է ընդունել այնպիսի անհետաձգելի լուծումներ, որոնց հետեւանքով կարող է տեղի ունենալ, ասենք, ՚ջրով հեղեղվածՙ հասարակաքաղաքական կյանքի որոշ կարեւոր շերտերի կորուստը: Սակայն, Վրաստանը վերապրել է եւ այսօր արդեն հնարավորություն ունի գնահատական տալ Միխեիլ Սահակաշվիլու կառավարման շրջանին, որն ինքնին ճանաչման արժանի մեծ ձեռքբերում է:
Այս օրերին Վրաստանի նորագույն պատմության մեջ առաջին անգամ մենք ականատես ենք եղել երկրում իշխանության խաղաղ փոխանցմանը: Արեւմտյան ԶԼՄ-ներում երեւույթը մեկնաբանվել է հենց այս խոսքերով. ՚Սահակաշվիլու պարտությունը վարդերի հեղափոխության հաղթանակի խորհրդանիշն էրՙ: Քաղաքացիական ժողովրդավարական հասարակության արժեքները վրաց հողում արմատ են գցել եւ թույլ տվել իրականացնել իշխանության առանց բռնության փոխանցումը: Վրաստանի նախագահը չի դիմել ընտրությունների արդյունքների կեղծմանը` ապահովելով իշխանության օրինավոր փոխանցումը:
Սակայն Վրաստանում տեղի ունեցողի տհաճ կողմն այն է, որ իշխանափոխության որոշումը վրաց ժողովրդի կողմից չի ընդունվել: Կարո՞ղ էր Վրաստանի նախագահն իշխանությունը պահպանելու համար դիմել կտրուկ եւ անգամ ուժային քայլերի: Միանշանակ` այո՛: Միխեիլ Սահակաշվիլու եւ իր իշխանության կենսագրության մեջ կան քաղաքական ձերբակալություններ, սպանություններ, ընդդիմության ցույցերի բռնի, անգամ արյունոտ ցրումներ: Այնուամենայնիվ, այս անգամ նա համաձայնվել է զիջել իշխանությունը, ավելի ճիշտ` կա մեծ հավանականություն, որ նա այն մի տարուց կզիջի` հեռանալով Վրաստանի նախագահի պաշտոնից: Սակայն, իշխանության այս խաղաղ փոխանցման վաստակը չի պատկանում վրաց հասարակությանը կամ, առավել եւս իշխանությանը, այլ` վրաց պետության կայունության երաշխավորի գործառույթը ստանձնած աշխարհաքաղաքական ուժի կենտրոնին:
Այս տեսանկյունից Վրաստանում իշխանության փոխանցումը զարմանալիորեն նմանվում է Ռուսաստանում առկա համանման գործընթացին, որտեղ իշխանությունը նույնպես փոխանցվել է Մեդվեդեւ-Պուտին երկյակի շրջանակներում: Ռուսաստանում իշխանության փոխանցումը տեղի է ունեցել ՚նեղ շրջանակումՙ, հետո բարձրաձայնվել է կուսակցական համագումարի ժամանակ եւ ապա միայն օրինականացվել է ընտրական ընթացակարգով: Այսպիսով, ընտրությունները վերածվել են առաջին դեմքի իրավասությունների եւ իրավական նեղ իմաստով օրինավորության հաստատման ընթացակարգին:
Թե՛ ռուսաստանյան, եւ թե՛ վրացական դեպքերում բուն խնդիրը ոչ թե հաստատությունների գործառնությունն է, այլ ընտրությունների ընթացակարգի միջոցով ձեւակերպվող երեւույթի էությունը: Երկու դեպքում էլ ընտրությունների գործընթացը բովանդակազրկվում է, քանի որ ժողովրդին պարզապես առաջարկվում է սեփական կամարտահայտմամբ հաստատել իշխանության փոխանցման կամ վերաբաշխման մինչ այդ կայացած փաստը: Հասարակությունն ու ժողովուրդը չէ, որ ձեւավորում են իշխանությունը, նրանք պարզապես հաստատում են վերջինիս օրինավորությունը միջազգային հանրության աչքերում: Այն փաստը, որ այս ամենը տեղի է ունենում ընտրությունների ընթացակարգին համապատասխան, ըստ էության, ոչինչ չի փոխում: Երկու դեպքում էլ ժողովրդավարական եւ քաղաքացիական ընտրության մասին կարելի է խոսել զուտ ձեւի ու ընթացակարգի եւ բնա՛վ` բովանդակության տեսանկյունից:
Վերոասացյալից բխում է, որ հայոց պետականության շրջանակներում ընտրական գործընթացն ինչ-որ առումով ավելի կայացած է ներկայանում: Հայկական պետություններում գլխավոր քաղաքական պաշտոն զբաղեցնելիք անձն, այնուամենայնիվ, որոշվում է հենց այս հայկական պետությունների տարածքում: Կարելի է իրավացիորեն նշել, որ նման ընտրությունն այսօր որոշակիորեն պայմանական է, բայց, համենայն դեպս, հայոց պարագայում ինքնիշխանի դերում հանդես են գալիս հայկական պետությունների քաղաքացիները: Ցայսօր հայկական բոլոր ընտրությունները զուգակցվում էին բավական կարծր պայքարով, երբ թեկնածուներին դժվար էր մեղադրել թատերական բեմականացմանը մասնակցելու մեջ: Հայկական պետությունների տարածքում մենք մինչեւ օրս բախվում էինք իրական եւ ո՛չ թե բովանդակազուրկ նմանակողական ընտրություններին: Այո՛, այս կամ այն տարի անցկացված ընտրությունները կարելի է գնահատել որպես արդար կամ անարդար, համաձայնվել արդյունքներին կամ դրանք կեղծված համարել… Բայց, այնուամենայնիվ, խոսքն ընտրությունների, այլ ոչ թե սիմուլակրի կամ նմանակման մասին է, ինչն էլ հնարավորություն է տալիս գործընթացի եւ արդյունքների, ձեւավորված իշխանության օրինավորության կամ անօրինավորության մասին խոսելու եւ այլն:
Ռուսաստանի եւ Վրաստանի պարագայում իշխանության փոխանցման ընթացակարգը տեղի է ունենում այլ ձեւաչափի մեջ, երբ ընտրության մասին խոսելն ինքնին կոռեկտ չէ: Արդյո՞ք իշխանության փոխանցման նման եղանակը կարող է օրինավոր ճանաչվել: Միանշանակ գնահատականներն ու եզրակացությունները տվյալ դեպքում տեղին չեն. ավելի ճիշտ է խոսել իշխանության փոխանցման այս ձեւի ժողովրդի մտայնությանն ու մշակույթին համապատասխանելու կամ չհամապատասխանելու մասին:
Վրաստանի եւ Ռուսաստանի օրինակով մենք հանդիպում ենք մի հետաքրքիր երեւույթի, երբ բոլոր անհրաժեշտ հաստատություններով եւ ընթացակարգերով ընտրությունների արդյունավետ համակարգի ստեղծումն ինքնին երաշխիք չէ երկրում ժողովրդավարական քաղաքացիական հասարակության ձեւավորման համար: Ժողովրդավարական ընթացակարգերի եւ հաստատությունների ծավալումն ինքնաբերաբար չի երաշխավորում, որ դրանք ներդրած հասարակությունն անպայմանորեն դառնալու է քաղաքացիական: Ընթացակարգերն ու հաստատությունները պարտադիր, բայց ոչ բավարար պայման են, եւ հասարակությունը, անցնելով կառուցվածքային կայացման եւ գործառնական կանոնների ներդրման շրջան, բացահայտում է, որ անհրաժեշտ է նաեւ ոգին` քաղաքացիական ժողովրդավարական հասարակության ոգին: Իսկ այն ձեռք բերելն ինքնին ավելի բարդ խնդիր է:
Անգամ քաղաքացիական հասարակության կայացած եւ անսայթաք գործող հաստատություններն են բախվում հասարակական կյանքը ժողովրդավարության եւ ազատության ոգուն համապատասխան կառուցելու` հանրության անպատրաստությանը: Կան իրենց պատմության եւ արագ ու ծայրահեղ փոփոխություններին ընդդիմացող մշակույթի մեջ խորասուզված հասարակություններ: Այդ մշակույթի վերափոխումը չի կարող արհեստականորեն իրականացվել, հատկապես` բռնարար եղանակներով: Այն հնարավոր է միմիայն երկարաժամկետ եւ առավելապես աննկատ` բազում սերունդների կյանքի ընթացքում տեղի ունեցող ներազդեցությունների շնորհիվ:
Տվյալ սահմանափակումների չըմբռնումը հանգեցնում է մի իրավիճակի, երբ տարվող քաղաքականությունն ու գերիշխող ռազմավարությունն անխուսափելիորեն եւ յուրօրինակաբար ՚բոլշեւիկյանՙ են դառնում, երբ հնարավոր կամ մինչեւ իսկ պարտադիր է համարվում հասարակությանն արմատական փոփոխություններ պարտադրելը: Վերջին տասնամյակների ընթացքում կարելի էր քանիցս դիտել, թե ինչպես ժողովրդավարական հաստատություններն ու սկզբունքներն անզոր էին հազարամյա մշակութային իներցիայի առջեւ: Կարելի է հղում կատարել նորապահպանողական կաղապարի շրջանակներում ԱՄՆ փորձերը` ժողովրդավարության եւ ազատության գաղափարներ ներարկել Մերձավոր Արեւելքի եւ Աֆղանստանի հասարակություններին: Կամ` այլ կարգի օրինակ: Իրանը, կրոնապետական պետություն լինելով հանդերձ, արդյունավետորեն կիրառում է ժողովրդավարական ընթացակարգերը հասարակության եւ իշխանության ներսում հավասարակշռությունն ապահովելու համար` միանգամայն խորթ մնալով քաղաքացիական հասարակության բուն գաղափարին եւ ոգուն:
Այս տեսանկյունից ինչպե՞ս պետք է բնութագրել Վրաստանում ստեղծված իրավիճակը: Քրիստոնեական մշակույթին պատկանելը թույլ է տալիս ասել, որ Վրաստանն ի վիճակի է կառուցել եւ ոչ պարզապես նմանակել ժողովրդավարական քաղաքացիական հասարակությունը: Սակայն Վրաստանը պետք է անցնի բավականին լուրջ ճանապարհ ավտոկրատիկ եւ ամբողջատիրական ժառանգությունը հաղթահարելու համար, որը, թերեւս հասարակության համար աննկատ, խոր արմատներ է գցել: Արդյո՞ք Վրաստանն ընդունակ է այս ճանապարհն անցնել: Այս հարցերը պահանջում են ուշադիր եւ մտախոհ վերաբերմունք` ի սկզբանե բացառելով եւ չընդունելով պարզ եւ ուղղագիծ պատասխան: Հավանաբար, կարելի է խոսել այն ցուցիչների գոյության մասին, որոնց շնորհիվ հնարավոր է դատել, թե որչափ է Վրաստանն առաջադիմել սույն նպատակին ընդառաջ: Սակայն, յուրաքանչյուր հանրություն ունի միայն իրեն բնորոշ յուրային ցուցիչներ եւ տվյալ դեպքում ընդհանրական մոտեցումների վրա հույս դնել բոլորովին չենք կարող:
Ամեն դեպքում, նախ եւ առաջ հարկ է գիտակցել, որ խնդիրը ոչ միայն ու ոչ այնքան ընթացակարգերի եւ հաստատությունների, որքան վրաց հասարակության մեջ է, որը շարունակում է մնալ խորապես հայրիշխանական եւ իր իսկ ընտրությամբ ցանկանում է տեսնել պարզ լուծումներ եւ բարդ հարցերին տալ հեշտ պատասխաններ:
Վրաստանը շարունակում է ապրել հրաշքի եւ երազանքի սպասմամբ, հուսալով, թե կգա մեկը եւ կօգնի նրան լուծել վրաց հասարակության խնդիրները: Դեպի տաճար եւ ազատություն տանող բարդ ճանապարհի առաջին քայլը պետք է լինի մանկամտության` ճակատագրական որոշումների ընդունման ծանրությունը փրկչի, ազգային հերոսի, բռնապետի կամ արտաքին քաղաքական ուժի ուսերի վրա փոխադրելու ցանկության հաղթահարումը: Այս առումով եւս Վրաստանում հաղթանակած կուսակցական բլոկի անունը մտավախություն է առաջացնում: Այնուամենայնիվ, քաղաքացիական, ժողովրդավարական հասարակության այդօրինակ անպատրաստությունը նախկինում գաղութացված կամ հետխորհրդային պետությունների ու ժողովուրդների բացառիկ առանձնահատկությունը չէ: Համանման խնդիրներն ու վարքագիծն այսօր կարելի է դիտել, օրինակ, Հունաստանում:
Հայոց պետականության առնչությամբ հարկ է խոստովանել, որ հայկական պետությունները վերջին տարիներին կորցնում են Արցախում հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի շնորհիվ կուտակված ներուժը: Արցախյան հաղթանակն ամրապնդել եւ վերահաստատել է հայոց իշխանության հետկայսերական օրինավորությունը` վերջինիս իրավունքը եւ, որ ամենագլխավորն է, Հայության ճակատագրի հետ առնչվող որոշումներն ինքնուրույնաբար ընդունելու կարողությունը, երբեմն` ի հեճուկս աշխարհաքաղաքական ուժի կենտրոնների կամքին եւ նրանց ցանկություններին հակառակ: Բայց արդյո՞ք հայոց պետականությունն ու հասարակությունը կկամենան պահպանել իրենց ընտրության իրավունքը, թե՞ նրանք գերադասելու են ավելի դյուրին ճանապարհ:
Այս տեսանկյունից Հայաստանի Հանրապետությունում սպասվող ընտրություններն ունեն մտահոգեցնող միտում` դառնալու հայոց նորագույն պատմության մեջ առաջին անայլընտրանքային ընտրությունները, երբ հասարակությունն այլեւս իր մեջ ուժ չի գտնում դիմադրելու որոշումների ընդունումն առանց հասարակության մասնակցության բացառապես իր իսկ իշխանական շրջանակներում կենտրոնացնելու` իշխանության ձգտմանը:
Սակայն գերկենտրոնացումը հանգեցնում է ոչ թե ամենակալության, այլ իշխանության անհետացման ու տարրալուծման, որը հալվում եւ անհետանում է օդում` չեշիրյան կատվի ժպիտի պես: Իշխանության մենաշնորհումը եւ անգամ բացարձակեցումն այն` բառիս խորքային իմաստով, ոչ իրավաչափ (ոչ լեգիտիմ) եւ խոցելի է դարձնում, որը շատ ակներեւ չէ համեմատաբար խաղաղ եւ հանգիստ ժամանակաշրջաններում, բայց որն աներկբա ահարկու է դառնում լուրջ ճգնաժամերի կամ պատերազմի ժամանակ: