Առաջին լրատվականի զրուցակիցը “Վրացական երազանք” դաշինքի համամասնական ցուցակով (38-րդ տեղ) պատգամավոր ընտրված Ռուսլան ՊՈՂՈՍՅԱՆՆ Է:
– Հոկտեմբերի 1-ին Վրաստանի ժողովուրդն ընտրել է նոր իշխանություն` ի դեմս Բիձինա Իվանիշվիլու ղեկավարած ՚Վրացական երազանքՙ դաշինքի: Եթե հաշվի առնենք, որ Սահակաշվիլին հայտնի էր որպես ամենաժողովրդավար նախագահներից մեկը, որի օրոք Վրաստանը ձեռք է բերել ժողովրդավարական երկրի վարկանիշ, ապա ինչպե՞ս է այսօր զգացվելու իշխանության փոփոխությունը, ինչպիսի՞ փոփոխություններ է բերելու Իվանիշվիլու ղեկավարած իշխանությունը:
– Առաջին հերթին, Վրաստանում արդարադատության եւ օրենքի գերակայության անհրաժեշտություն կար. դատավորները ենթարկվում էին իշխող կուսակցության հրահանգներին, հետեւաբար, նրանք ընդունում էին կանխակալ քաղաքական որոշումներ, իսկ փաստաբանների ինստիտուտն ընդհանրապես ձեւական էր, հատկապես` վերջին տարիներին, երբ հանցագործությունների դիմաց կիրառվում էին ոչ համաչափ պատժամիջոցներ:
Երկրորդ անհրաժեշտությունը` տնտեսության զարգացումը խթանելն էր: Այսօր Վրաստանում համատարած գործազրկությունն է: Թեեւ Վրաստանի ներքին կառուցվածքը վերջին տարիներին որոշակիորեն փոփոխվել է, մենք տնտեսական տեղաշարժի հրատապ կարիք ունենք, իսկ տնտեսության ընդհանուր խնդիրները շարունակում են մտահոգիչ մնալ: Կրկնեմ, այսօր երկրում համատարած գործազրկություն կա, իսկ Վրաստանի բյուջեն աճում է ոչ թե տնտեսության զարգացման շնորհիվ, այլ ժողովրդից գանձվող փողերով եւ գործարարների ահաբեկմամբ, այսինքն` փող հավաքելու մեքենայի միջոցով:
– Իսկ ի՞նչ է մտադիր անել ներկա իշխանությունը: Ե՞րբ են երեւալու փոփոխությունները Ձեր նշած ոլորտներում:
– Տնտեսության զարգացման համար, իհարկե, ժամանակ է անհրաժեշտ, սակայն փոփոխությունները երեւալու են կառավարության աշխատանքի առաջին իսկ ամիսներին: Իրավական ոլորտում կատարվելիք բարեփոխումները նախ եւ առաջ դիտվելու են իրավապահ մարմիններում, դատաիրավական համակարգում, իսկ տնտեսությունը զարգացնելու համար կպահանջվի ավելի շատ ժամանակ: Ի հեճուկս Սահակաշվիլու օրոք Վրաստանի ձեռք բերած ժողովրդավարական երկրի վարկանիշի` մեզ մոտ շատ են դատապարտյալները, շատերը պայմանական պատիժ են կրում եւ քիչ չեն իրավապահ մարմինների ձեռքով սպանվածները:
– Ընտրություններից առաջ Գլդանիի աղմկահարույց պատմությունից հետո իրավապահ մարմիններում պետք է փոփոխություններ տեղի ունենային: Դրանք բավարա՞ր չեն:
– Գլդանին եզակի դեպք չէր, այն համակարգ էր: Մի քանի նախարարի են փոխել, բայց ամեն ինչ հին հունով էր ընթանում, ինչն էլ վկայում է, որ դա իշխանությունների վարած քաղաքականությունն էր: Իսկ մի քանի բարձրաստիճան անձանց պաշտոնանկության կապակցությամբ պետք է ասեմ, որ իրապես ժողովրդավարական երկրում այդօրինակ լուրջ հանցագործությունների դիմաց կկիրառվեր ավելի խիստ պատիժ:
– Մենք զրուցեցինք ներքին քաղաքական առաջնահերթությունների մասին, իսկ ի՞նչ է նախատեսել ՚Վրացական երազանքնՙ արտաքին քաղաքականության ոլորտում: Թվում է, թե Իվանիշվիլին հետեւելու է այլ քաղաքական ուղեգծի եւ կամենում է վերականգնել հարաբերությունները Ռուսաստանի հետ:
– Կուսակցության ծրագրերում նախատեսված է բոլոր հարեւանների հետ հարաբերությունների բարելավումը, այդ թվում եւ` Ռուսաստանի Դաշնության: Զուգահեռաբար պետք է խորացվեն նաեւ Եվրոպայի հետ հարաբերությունները: Քանի որ Վրաստանն ու Ռուսաստանը հարեւաններն են, ապա բնական է, որ Վրաստանի նախկին իշխանության Ռուսաստանի հանդեպ վարած քաղաքականությունը ճիշտ չէր: Հարեւանների հետ այդպիսի լեզվով խոսել չի կարելի:
– Հաշվի առնելով այն, որ Կովկասում Ռուսաստանին ամենամոտ կանգնած երկիրը Հայաստանն է, արդյո՞ք հնարավոր է, որ ռուս-վրացական հարաբերությունների վերականգնման ճանապարհին Վրաստանն ունենա Հայաստանի օժանդակության կարիք:
-Այս հարցին ես չեմ կարող պատասխանել, բայց, իհարկե, ոչինչ բացառված չէ:
– Արդեն հայտնի է, որ Բիձինա Իվանիշվիլին պաշտոնական այցով կայցելի շատ երկրներ: Առաջինը լինելու է ԱՄՆ կատարելիք այցը, նախատեսվում է նաեւ վարչապետի այցն Ադրբեջան: Գիտակցելով Վրաստանի համար Ադրբեջանի կարեւորությունը` ո՞րն է լինելու այդ այցի նպատակը:
– Բիձինա Իվանիշվիլու Բաքու կատարելիք այցը չի նշանակում, որ հայ-վրացական հարաբերությունները կվատթարանան: Լինելու է դիվանագիտական եւ տնտեսական համագործակցություն, իսկ Ադրբեջան կայանալիք այցի նպատակներն ինձ հայտնի չեն:
– Լինելով ազգային փոքրամասնության ներկայացուցիչ` Դուք գիտեք, որ Վրաստանի բոլոր փոքրամասնությունները բոլոր ղեկավարների օրոք գանգատներ են ունեցել: Այդպես եղել է նաեւ Սահակաշվիլու օրոք, որը, կարծես թե, ինչ-որ քայլեր ձեռնարկում էր: Ինչպե՞ս իշխանության փոփոխությունը կանդրադառնա հայերի իրավունքների եւ նրանց կողմից բարձրաձայնվող խնդիրների վրա:
– Բիձինա Իվանիշվիլին բազմիցս հայտարարել է, որ Վրաստանում ապրող բոլոր ժողովուրդները վրացիների հետ միասին ունեն հավասար իրավունքներ: Իր վերջին հայտարարություններից մեկում նա ասել է, թե հայերը բավարար չափով ներկայացված չեն երկրի կառավարությունում եւ թե դրությունը հարկ է շտկել: Եթե այդ փոփոխությունները տեղի ունենան, ապա դրանք դրականորեն կազդեն բոլոր խնդիրների վրա: