Ալեքսանդր ԿՌԻԼՈՎ
Պատմական գիտությունների դոկտոր
Մոսկվա
2012 թ. հոկտեմբերին Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրություններում ընդդիմության հաղթանակը քաղաքական շատ գործիչների եւ փորձագետների կողմից ներկայացվում է որպես հետխորհրդային տարածությունում ժողովրդավարության առաջմղման հաջող օրինակ: Պաշտոնական արդյունքների հրապարակումից անմիջապես հետո ԱՄՆ եւ եվրոպական երկրների ղեկավարները դրական են գնահատել Վրաստանում անցած խորհրդարանական ընտրությունները եւ ողջունել են իշխանության խաղաղ փոխանցման գործընթացը:
Դրա համար կային իրական հիմքեր. մինչ այդ` հետխորհրդային ողջ քսանամյա շրջանում այդ երկրում իշխանության խաղաղ փոխանցման նախադեպ չի եղել: Նախագահներ Գամսախուրդիան, ապա նաեւ Շեւարդնաձեն իշխանազրկվել են բռնի ճանապարհով. նրանցից առաջինն, ընդսմին, զոհվել է չճշտված հանգամանքներում:
Եթե գալիք տարի կայանալիք նախագահական ընտրություններում երկրի երրորդ նախագահ Սահակաշվիլին իր հաջորդին իշխանությունը փոխանցի սահմանադրական ճանապարհով, ապա Վրաստանի համար դա կլինի չափազանց կարեւոր նախադեպ, որը կցուցադրի պետական հաստատությունների գործունակությունը եւ հասարակության հասունությունը: Սակայն, անհրաժեշտ է հաշվի առնել, որ ՚Վրացական երազանքիՙ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակն ինքնին այդ նախադեպը չէ. այն հիշյալ նախադեպի համար ընդամենը պայաններ է ստեղծում: Իսկ առայժմ Վրաստանում սպասվում է միմյանց նկատմամբ ընդդիմադրաբար տրամադրված խորհրդարանի եւ նախագահի բավականին երկար համակեցության շրջան, որը շատ նման է Ռուսաստանի պատմության հարյուրամյա վաղեմության ՚երկիշխանությանՙ շրջանին: Արդյո՞ք Վրաստանում հնարավոր է 1917 թ. նմանվող իրադարձությունների ծավալումը:
Եթե ՚Վրացական երազանքինՙ հաջողվի դառնալ գործունակ քաղաքական ուժ, իր ձեռքը վերցնել կառավարման լծակներ, ապահովել քաղքական կայունություն եւ գոնե նվազագույն սոցիալ-տնտեսական զարգացում, ապա նախագահի իր թեկնածուն ունենալու է լուրջ հնարավորություններ` դառնալու Միխեիլ Սահակաշվիլու հաջորդը: Այս դեպքում Վրաստանի համար սահմանադրական իշխանափոխության նախադեպը հիրավի կայացած կլինի:
Սակայն այս սցենարի ճանապարհին առկա են բազմաթիվ բարդություններ: Բիձինա Իվանիշվիլու շուրջ միավորված քաղաքական բլոկը բաղկացած է ամենատարբեր քաղաքական ուժերից, ինչն արդեն մերձակա հեռանկարում կարող է խաթարել ներկա միասնությունը, հատկապես, երբ տեղի է ունենում քաղաքական ու ֆինանսական ՚կարկանդակիՙ վերաբաշխում: Մյուս վտանգը ՚Վրացական երազանքիՙ հետ կապվող վրացի ընտրողների մեծ մասի` երկրի սոցիալ-տնտեսական խնդիրները շուտափույթ լուծված տեսնելու ապասելիքներն են:
Շատ հաճախ նման ուռճացված սպասելիքները չեն իրականանում եւ հանգեցնում են երեկվա կուռքերի հանդեպ խորը հիասթափության: Վրաստանում նման հիասթափության համար առկա են բոլոր անհրաժեշտ նախապայմանները: Սահակաշվիլու օրոք տեղի են ունեցել դրական տեղաշարժեր էներգետիկայի (Շեւարդնաձեի օրոք էլեկտրամատակարարման խափանումները համատարած բնույթ էին կրում), ճանապարհաշինության եւ իրավապահ ոլորտներում: Տեղական պետավտոտեսչության արմատական բարեփոխումը հիացական գնահատականների է արժանացել թե° Վրաստանում, եւ թե° այլ, մասնավորապես` հետխորհրդային երկրներում, որոնց քաղաքացիները շարունակում են տուժել ՊԱՏ աշխատակիցների կամայականություններից: Բոլորի գնահատմամբ` Վրաստանի մայրաքաղաքն ու այլ քաղաքներ էապես ավելի անվտանգ են դարձել, քան Միխեիլ Սահակաշվիլու նախորդների օրոք:
՚Վրացական երազանքիՙ համար չափազանց կարեւոր է, որ Վրաստանում իրավիճակը չվատթարանա մինչեւ գալիք նախագահական ընտրությունները: Բայց այստեղ վերջինիս դեմ կարող է գործել ՚2013 թ. խնդիրըՙ, որին կբախվեր Սահակաշվիլին` իշխանության ղեկին մնալու պարագայում: Խնդիրն այն է, որ նախորդ տարիների բոլոր ձեռքբերումները հիմնված էին ԱՄՆ եւ ԵՄ լայնածավալ ֆինանսական աջակցության վրա: Ընդսմին, ստացվող միջոցների միայն փոքր մասն էր անվարձահատույց կերպով հատկացվում տարբեր մարդասիրական նախագծերի իրականացման համար: Մնացածը վարկեր ու փոխառություններ էին: Արդյունքում, Վրաստանի արտաքին պարտքը 2012 թ. հունիսի դրությամբ կազմել է 12.0 միլիարդ դոլլար (19,7 միլիարդ լարի):
Ակնհայտ է, որ այդքան մեծ պարտքի վճարումը Վրաստանի պես չափերով փոքր ու բնական նշանակալից պաշարներ չունեցող երկրի համար պարզապես անհնարին է: Դա գաղտնիք չէ նաեւ արտասահմանյան վարկատուների համար, որոնք, ամենայն հավանականությամբ, կդիմեն պարտքերի կառուցվածքի այլեւայլ փոփոխությունների կամ դրանց մասնակի ներմանը: Սակայն, Վրաստանի համար ամենաբարենպաստ սցենարի դեպքում էլ հարցական է մնալու, թե ի՞նչ միջոցներով է երկիրն այսուհետ ապրելու:
Սահակաշվիլու օրոք ստացված միջոցների մեծ մասը ծախսվել է ամենուր, բայց` ո°չ ի շահ տնտեսության զարգացման: Երկրում չեն կառուցվել խոշոր արդյունաբերական ձեռնարկություններ, չեն կայացել տնտեսության այն ոլորտները, որոնք հնարավորություն կտային ստանալ խոշոր եւ կայուն եկամուտ: Պարտքերի դիմաց վճարումներ կատարելու Վրաստանի անկարողության պայմաններում եւ, հատկապես, Եվրոպայում ձգձգվող ճգնաժամի ֆոնին արտերկրից նոր ֆինանսական օժանդակության ստացումը դյուրին չի լինելու: Նոր միջոցների հայթայթման բարդագույն խնդիրն անխուսափելիորեն կծառանար նաեւ Սահակաշվիլու առաջ (եթե նա պահպաներ իշխանությունը), մինչդեռ այժմ այս խնդիրը կանգնած է ՚Վրացական երազանքիՙ առջեւ, եւ եթե լուծումն ամենակարճ ժամկետում չգտնվի, ապա բնակչությունն իրավիճակի վատթարացումը կապելու է ոչ թե շատ պարտքերի մեջ խրված եւ ստացված միջոցները վատնած հին իշխանության, այլ վերջինիս հաջորդած ՚Վրացական երազանքիՙ գործունեության հետ: Այդպիսի իրավիճակում վրաց ընտրողների համակրանքը մինչեւ հաջորդ ընտրությունները կարող է նկատելի փոփոխությունների ենթարկվել:
Վրացական իրադարձություններում մեծ դեր ու նշանակություն ունեն արտաքին գործոնը եւ ՚խաղի քաղաքակիրթ կանոններըՙ պահպանելու պահանջով ԱՄՆ ու ԵՄ Սահակաշվիլու վրա գործադրվող շարունակական ճնշումը: Սակայն պարզ չէ` արդյո՞ք այդ ճնշումը կպահպանվի, թե՞ ՚Վրացական երազանքըՙ չի կարողանա լուծել բարդագույն խնդիրները, եւ իրավիճակը երկրում կսկսի արագորեն վատթարանալ: Առվելին` արդյո՞ք Միխեիլ Սահակաշվիլին կդրսեւորի ՚խաղաղ ու քաղաքակիրթՙ վարքագիծ, եթե առաջանա վերջինիս քաղաքական ռեւանշի համար բարենպաստ իրավիճակ:
Վրաստանի ունեցած խնդիրների լուծման ուղիներից մեկը կարող է լինել Ռուսաստանի հետ հարաբերությունների բնականոնացումը: Վրաստանի գյուղատնտեսության զարգացումը կարող է հեռանկար ունենալ միայն ռուսաստանյան շուկա վերադառնալու դեպքում: Վերջին տարիները ողջ ակներեւությամբ ցույց են տվել, որ ռուսաստանյան շուկայի այլընտրանք Վրաստանի համար գոյություն չունի. հենց դրա համար երկրի ողջ գյուղատնտեսությունը հայտնվել է այդքան ճգնաժամային վիճակում: Վրաստանը կարող է մեծ օգուտներ քաղել հաղորդակցային ուղիների ապաշրջափակումից, այդ թվում եւ` Աբխազիայի միջով անցնող երկաթուղու վերագործարկումից ստացվելիք տարանցիկ վճարումների շնորհիվ: Փոխշահավետ համագործակցության լայն հնարավորություններ կան նաեւ էներգետիկայի եւ այլ բնագավառներում:
Տնտեսական համագործակցության զարգացման ճանապարհին գլխավոր խոչընդոտը շարունակում են մնալ Մոսկվայի եւ Թբիլիսիի միջեւ առկա սուր քաղաքական տարաձայնությունները: Բիձինա Իվանիշվիլին կատարել է Ռուսաստանի բարեհաճությանը հասցեագրված մի շարք ցուցադրական քայլեր` դադարեցվել է ՚ՊԻԿՙ հեռուստաալիքի հեռարձակումը, հայտարարվել է 2014 թ. Սոչիում կայանալիք օլիմպիական խաղերին Վրաստանի չխոչընդոտելու եւ անգամ դրանց մասնակցելու մտադրության մասին, խոստացվել է հրաժարվել Հյուսիսային Կովկասում Վրաստանի ակտիվ դերակատարությունից, այդ թվում եւ` չերքեսական հարցի հետագա շահարկումից եւ այլն: Բիձինա Իվանիշվիլին արմատապես վերանայել է 2008 թ. օգոստոսյան իրադարձությունների գնահատականը եւ մեղադրել է Միխեիլ Սահակաշվիլուն Հարավային Օսիայում պատերազմ սկսելու մեջ: Սակայն նոր վրացական կառավարության դիրքորոշումը երկկողմանի հարաբերությունների այնպիսի խնդիրների վերաբերյալ, ինչպիսիք են Ռուսաստանի կողմից Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախության ճանաչումը, մնում է նույնը: Հազիվ թե գոյություն ունեցող տարաձայնությունները հնարավոր կլինի հաղթահարել տեսանելի պատմական հեռանկարում
Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ Վրաստանը շահագրգռված չեն, որ երկկողմանի հարաբերությունները շարունակեն մնալ մշտական փակուղում: Կարեւոր է հարաբերությունների բնականոնացման գործընթացը սկսել այն խնդիրներից, որոնց լուծումը կարող է գտնվել արդեն իսկ մերձավոր ապագայում:
———————————————–
1. www.Inosmi.ru/sngbaltia/20121011/200737390.html
2. www.cbonds.info/az/rus/news/index.phtml/params/id/602391
3. http://inotv.rt.com/2012-10-24/Lider-Gruzinskoj-mechti-nazval-Saakashvili