Այս կարծիքին են արցախյան խորհրդարանական ուժերը
Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լրագրող
Ստեփանակերտ
Երկու ամիս առաջ, իսկ ավելի կոնկրետ` հոկտեմբերի 1-ին Վրաստանում կայացած հերթական խորհրդարանական ընտրությունները լուրջ քննարկման թեմա դարձան ինչպես Հարավային Կովկասում, այնպես էլ այլուր, քանի որ ընտրություններում հաղթեց ոչ թե իշխանությունը, ինչպես ընդունված է կովկասյան երկրներում, այլ` ընդդիմությունը: Այս դեպքում` ի դեմս ՚Վրացական երազանքՙ կուսակցության:
Ընտրությունների եւ ընդհանրապես ընդդիմության հաղթանակի մասին կարծիքները, բնականաբար, տարբեր էին, թեեւ առավել հաճախ խոսվում էր տարածաշրջանի երկրների համար դրանց նախադեպ լինելու մասին:
Ինչպե՞ս են գնահատում վրաստանյան վերջին զարգացումները ԼՂՀ խորհրդարանական ուժերը, ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ այդ ընտրությունները:
Ազգային ժողովի թվով ամենամեծ` ՚Հայրենիքՙ խմբակցության ղեկավար, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Պետրոսյանի գնահատմամբ` Վրաստանի խորհրդարանական ընտրությունները նորմալ ժողովրդավարական գործընթաց են:
՚Տարածաշրջանում նույնպես ընթանում է ժողովրդավարական գործընթաց, այլ հարց է, որ դրա տեմպերն այնպիսին չեն, ինչպես Վրաստանում: Սակայն անհրաժեշտ է նաեւ նշել, որ Վրաստանում ընթացող գործընթացը, որը հնարավոր դարձավ ամերիկյան բազմամիլիարդանոց ներդրումների շնորհիվ, որոշ փուլում վերածվեց ավտորիտար կառավարման: Ներկա պահին Վրաստանում իշխանության, ընդդիմության եւ հովանավորների միջեւ որոշակի համաձայնության եզրեր են նկատվումՙ,- գտնում է Գագիկ Պետրոսյանը:
Նրա կարծիքով` վրացական բարեփոխումներն ունեն իրենց ստորջրյա խութերը, եւ Վրաստանի ճանապարհը կարող է կործանարար լինել տարածաշրջանի այլ երկրների համար: ՚Միեւնույն ժամանակ, որոշ ոլորտներում առկա են հաջող բարեփոխումներ, եւ այդ փորձը, իհարկե, անհրաժեշտ է ընդօրինակելՙ,- հավելել է խմբակցության ղեկավարը:
Թվով երկրորդ` ՚Ժողովրդավարությունՙ խմբակցության անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը չի կարծում, թե որեւէ երկրի խորհրդարանի ընտրություններ կարող են ընդհանրապես նախադեպ ծառայել այլ երկրի համար, որովհետեւ յուրաքանչյուր հասարակություն ունի իշխանության մասին իր պատկերացումը, իշխանության ձեւավորման մասնակցության իր ակտիվության չափը: ՚Բնականաբար, այն, ինչ տեղի է ունեցել խորհդարանական ընտրությունների ժամանակ Վրաստանում,
միանշանակորեն պետք է համարենք այդ երկրի իրողություն, այդ հասարակության իշխանություն փոխելու կամքի դրսեւորում: Սա պետք է համարել 2003թ. հետո Վրաստանում գործող, գործած իշխանության` ի դեմս Մ. Սահակաշվիլիի, մեծագույն ներդրումը: Ոչ այնքան համարենք ընդդիմության ձեռբերում, նվաճում կամ չեմ ուզում ասել` հաղթանակ, որովհետեւ վրացական ժողովրդի մի հատվածի հանդեպ հաղթանակ արտահայտությունն այնքան էլ ճիշտ չէր լինի, բայց ամեն դեպքում իրավիճակն այդպիսին չէր լինի, եթե Վրաստանում նախընթաց 8-9 տարիներին համակարգային եւ, ինչու չէ, նաեւ մտածողական փոփոխություններ դրական առումով տեղի ունեցած չլինեինՙ,- գտնում է Վահրամ Աթանեսյանը:
Թե ինչպիսի ազդեցություն կունենան ընտրությունները տարածաշրջանի վրա, ըստ նրա, պետք է սպասել նորակազմ կառավարության հետագա քայլերին: Վրաստանյան փորձի տարածումն այլ երկրներ, Վահրամ Աթանեսյանի կարծիքով, ՚կոռեկտ կամ օրինաչափ ընկալում չէ, որովհետեւ անհամեմատ տարբեր մակարդակների վրա են, օրինակ, Վրաստանը եւ Ադրբեջանըՙ: Ադրբեջանում ժողովրդավարական խորհրդարանական ընտրությունների անցկացման ակնկալիք պատգամավորը չունի:
Շարունակելով թեման` նա նկատեց, որ նշվածերկրների միջեւ նաեւ պետական համակարգերի տարբերություններ էլ կան. Վրաստանում խորհրդարանական ընտրությունները նշանակում են կառավարության հրաժարական եւ հաղթած քաղաքական ուժի կողմից կառավարության ձեւավորում, իսկ Ադրբեջանի սահմանադրությունը նման բան չի նախատեսում, այնտեղ գործադիր իշխանությունն ուղղահայացով պատկանում է նախագահին: Այդպես էր նաեւ Վրաստանում: Եթե Վրաստանը չգնար սահմանադրական փոփոխությունների եւ կիսանախագահական կառավարման մոդել չունենար, ապա հասարակությունն այդքան էլ հետաքրքրված չէր լինի խորհրդարանական ընտրություններով: ՚Խորհրդարանի դերը Ադրբեջանի նման երկրում զուտ մուլյաժային է: Անկախ այն բանից, թե ովքեր են խորհրդարանում նստած, եթե գործադիր իշխանության վրա խորհրդարանը որեւէ ազդեցություն չունի, ապա խորհրդարանական ընտրությունները չեն կարող հետաքրքրություն ներկայացնել հասարակության համար: Օրինակ, այդպես չէ Հայաստանում: Հայասանում նույնպես խորհրդարանական ընտրությունները հետաքրքրություն են ներկայացնում
հասարակության համար այնքանով, որ խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո կառավարութունը հրաժարական է ներկայացնում եւ ձեւավորվում է նոր կառավարություն: Այսինքն այստեղ այդ հետաքրքրությունը կա, քաղաքական հետաքրքրությունը մեծ է, ինչը, դժբախտաբար, չկա Լեռնային Ղարաբաղում: ՚Ես չեմ ուզում համեմատություն անել Ադրբեջանի հետ, բայց պետական համակարգում խորհրդարանի դերը մեզ մոտ նույնպես մուլյաժային չասենք, բուտաֆորային ասենք` էությունը չի փոխվումՙ,- կարծում է ԱԺ պատգամավորը, ում խոսքերով` ԼՂ-ում խորհրդարանական ընտրություններից հետո կառավարություն չի փոխվում եւ, բնականաբար, այստեղ հասարակության վերաբերմունքը գործընթացի հանդեպ նվազ է, եւ ընդհակառակը, այս կարգի երկրներում չափազանց սուր է հասարակության հետաքրքրությունը նախագահական ընտրությունների հանդեպ, որովհետեւ դրանից հետո է ստեղծվում նոր կառավարություն:
ԼՂՀ-ում վերջին նախագահական ընտրությունները, ըստ Վահրամ Աթանեսյանի, դրա լավագույն դրսեւորումն էին. ընտրողների 1/3-ը ցուցաբերեց իշխանություն փոխելու կամք, եւ դա հստակ արտահայտվեց քվեարկության ընդհանուր պատկերի մեջ: ՚Այլ բան է, որ մենք կարող ենք ԼՂ նախագահական ընտրություններն էլ համարել գործադիր իշխանության եւ նախագահի ձեռբերում: Ի տարբեություն որոշ գնահատականների, որ ասում են ԼՂ-ում դեմոկրատիա չկա, ես ասում եմ` եթե ժողովրդավարություն չլիներ, ապա կլիներ 95 տոկոս քվեարկություն նախագահի օգտին: Կա ժողովրդավարություն` դրա համար հասարակության 1/3-ը կամք է արտահայտել: Այնպես որ, ԼՂՀ-ի համար Վրաստանի խորհրդարանական ընտրությունների փաստը կամ իրողությունն այնքան էլ արտառոց չէ: Եթե մեր խորհրդարանական ընտրությունները ձեւավորեին գործադիր իշխանություն, ապա կարծում եմ, որ 2010թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ բոլորովին այլ պատկեր կունենայինքՙ- գտնում է ՚Ժողովրդավարությունՙ խմբակցության պատգամավորը:
Խորհրդարանի երրորդ քաղաքական ուժի` ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի կարծիքով` վրաստանյան խորհրդարանական ընտրություններն ինչ-որ առումով կանխորոշված էին, գոնե ընտրությունների արդյունքներից ելնելով կարելի է այդ եզրահանգման գալ: ՚Իմ կարծիքով` տեղի է ունեցել շատ սահուն իշխանափոխություն, նամանավանդ նկատի առնելով Սահակաշվիլիի պաշտոնավարման ժամկետի ավարտին մոտ լինելու հանգամանքը եւ, ի վերջո, այն սահմանափակումը, որն առկա է Վրաստանում: Այդ ընտրութունների արդյունքում ընդդիմության հաջողությունը կարծես թե ձեռնտու էր եւ նախանշված էր արտաքին ուժերի, հատկապես Արեւմուտքի կողմիցՙ,- այս կարծիքին է ԿԿ ներկայացուցիչը, ում ընդգծմամբ, դեռեւս կարծես թե պարզ չէ` Իվանիշվիլիի դերն արեւմտյա՞ն, թե՞ ռուսական կողմնորոշման կամ ազդեցության ոլորտներում է: ՚Արեւմուտքի կողմից ծրագրված պատասխան սցենար էր, որը տրամաբանական, առանց լուրջ ներքին ցնցումների ստացավ իր համապատասխան արդյունքըՙ,- գտնում է Դավիթ Իշխանյանը, ում կարծիքով` Ադրբեջանի համար դժվար թե այդ ընտրությունները նախադեպ լինեն, քանի որ այնտեղ այնպիսի համակարգ եւ այնպիսի մեխանիզմներ են գործում, որ դժվար թե նման մեխանիզմն այսօր կիրառելի լինի: Հայաստանի համար նույնպես նախադեպ չեն կարող լինել, քանի որ, ըստ դաշնակցականի, չկան համապատասխան թե’ ներքին, թե’ արտաքին նախադրյալներ:
՚Ընդհանրապես այդ ընտրությունները, դրական ազդեցություն կարող են ունենալ տարածաշրջանի երկրների վրա: Այլ հարց է, թե այս ընտրություններին նախորդած, նկատի ունեմ նախորդած ոչ միայն ամիսները, այլեւ նախորդ տարիները, եւ հետընտրական ժամանակաշրջանում ինչպիսի գին է վճարել Վրաստանը` այս ժողովրդավարական ընտրություններում համապատասխան արդյունքներ ունենալու համար: Ըստ իս, այդ գինը բավականին թանկ է եղելՙ,- գտնում է Դավիթ Իշխանյանը` մատնանշելով 2008թ. վրաց-ռուսական դեպքերը, որոնց արդյունքում ժողովրդավարական ուղին որդեգրած Վրաստանն իր տարածքային ամբողջականության խախտման կամ տարածքների կորստի հաշվին կարողացավ ունենալ որոշակի ձեռքբերումներ: Նման մեխանիզմի կիրառումը Հայաստանի եւ Ղարաբաղի պարագայում, ըստ նրա, ընդունելի չէ, քանի որ դա կարող է բավականին լուրջ գին լինել:
Ըստ դաշնակցականի, աշխարհաքաղաքական վերջին զարգացումներին, այդ թվում` ՚արաբական գարնանըՙ հաջորդած արդեն սիրիական ճգնաժամի, դեպի Իրան ծավալվող ընդհանուր ալիքի համապատկերում Վրաստանի ընտրությունները եւ նույնիսկ հաջորդ տարի կայանալիք նախագահական ընտրությունները կարող են հայտնվել օրախնդիր թեմաների ոչ առաջին հորիզոնականում: