Իրակլի ՉԻԽԼԱՁԵ
Լրագրող
Թբիլիսի
Վրաստանի համար 2012 թվականի թերեւս ամենագլխավոր դասը դարձան հոկտեմբերի 1-ին կայացած խորհրդարանական ընտրությունները, որոնց արդյունքում Վրաստանի նորագույն պատմության մեջ առաջին անգամ տեղի է ունեցել խաղաղ ճանապարհով իշխանափոխություն:
Ընտրությունների պաշտոնական արդյունքների համաձայն` միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլու ղեկավարած ՙՎրացական երազանք՚ քաղաքական դաշինքը հավաքել է ձայների 54,97%-ը եւ 150 պատգամավորական տեղերից 85-ը: Դաշինքի օգտին քվեարկել է 1 միլիոն 863 հազար ընտրող: Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլու ՙՄիացյալ ազգային շարժում՚ (ՄԱՇ) կուսակցությունը զբաղեցրել է երկրորդ տեղը` ձայների 40,34%-ով. վերջինիս օգտին քվեարկել է 867 հազ. 432 ընտրող: Ընտրողների մասնակցությունը կազմել է 59%:
ՙՎրացական երազանքը՚ նոր գումարման խորհրդարանում ստացել է 85 պատգամավորական մանդատ, իսկ Սաակաշվիլու կուսակցությունը` 65: Հետագայում ՙՄԱՇ՚ մի քանի թեկնածու անցել է ՙՎրացական երազանքի՚ կողմը:
Նախագահ Սաակաշվիլու կուսակցությունը պարտվել է ՙՎրացական երազանքին՚: Թվում է, թե ոչ մի արտասովոր բան էլ չկա: Ընտրություններում մեկը միշտ պետք է պարտվի: Մեր դեպքում, սակայն, ընտրությունների արդյունքները եթե ոչ ամբողջական, ապա գոնե մեծ անակնկալ էին թե երկու քաղաքական ուժերի, եւ թե ողջ վրաց հասարակության համար: Գործնականում համարյա անսասան թվացող ՙազգայինների՚ իշխանությունը հոկտեմբերի 1-ին փլուզվել է` իր տեղը զիջելով ՙՎրացական երազանք՚ կոչվող քաղաքական ՙտեսականուն՚: Սաակաշվիլին կողմնակիցներով հանդերձ ճանաչել է պարտությունը:
Կարելի է ասել, որ գործող նախագահի կառավարման 9-ամյա ժամանակաշրջանում փորձ է արվել վրաց հասարակությանը համոզել Սաակաշվիլու անայլընտրանքության եւ իր գործողությունների բացարձակ իրավացիության մեջ: Ի վերջո, նրա ջանքերը հանգեցրել են նոր քաղաքացիական որակի ձեւավորմանը: Ամենայն հավանականությամբ Սաակաշվիլին չէր պատկերացնում, որ ՙվրաց հոգեկերտվածքը՚ փոխելու իր անվերջանալի փորձերը կհանգեցնեն նրան, որ հասարակությունը պարզապես կհոգնի մշտական մամլիչից: Որպես վերջինիս հետեւանք` շատերը մասնակցեցին խորհրդարանական ընտրություններին ընդամենը մեկ նպատակով` բողոք արտահայտելու ՙվարդերի հեղափոխության՚ կառավարության գործողությունների դեմ, այլ ոչ թե ՙՎրացական երազանքի՚ օգտին քվեարկելու:
Նախընտրական պայքարի եզրափակիչ ակորդը ՙբանտային սկանդալի՚ այն տեսագրություններն էին, որոնցում պատկերված էին բանտարկյալների նկատմամբ ծաղրուծանակը բանտի անձնակազմի կողմից: Շատ փորձագետների կարծիքով` վրացական հեռուստաալիքներով այդ սահմռկեցուցիչ տեսագրության ցուցադրումը ՙՄԱՇ՚-ից խլել է ընտրողների ձայների 10-15% -ը: Բայց, ընդհանուր առմամբ, ընտրողները քվեարկել են կառավարման ավելի ազատական ձեւաչափի օգտին:
Բանտային սկանդալը ցույց տվեց, որ արեւմտյան աջակցության չափաբաժնի գերավելացումը վրաց ժողովրդավարության կայացման համար լավագույն արդյունքի չի հանգեցրել: Իշխանությունները կառուցում էին նոր եւ տեխնիկայի վերջին խոսքին համապատասխանող բանտեր, որոնց պատերից ներս հաճախ շարունակվում էին նախկին անօրինությունները:
Միլիարդատեր Իվանիշվիլին ընտրել էր միակ ճիշտ մարտավարությունը` բողոքի դրոշի ներքո ժողովել ընդդիմադիր տրամադրված ուժերի մեծ մասը, որոնցից յուրաքանչյուրն առանձին-առանձին հազիվ թե կարողանար հաղթահարել անցումային 5%-անոց շեմը: Նրան հաջողվել է իր շուրջը ժողովել ոչ միայն քաղաքական լուսանցքային գործիչներին` պահպանողականներին ու ՙարդյունաբերողներին՚, այլ նաեւ արեւմտամետ ՙազատ դեմոկրատներին՚ եւ հանրապետականներին:
Թեեւ, փորձագետների կարծիքներն առ այն, թե որն էր Սաակաշվիլու պարտության պատճառը, շատ դեպքերում էապես զանազանվում են: Այսպես, օրինակ, կրթության նախկին նախարար Գիա Նոդիան հայտարարել է, որ անցած ընտրություններում ՙհաղթել է փողը՚` նկատի ունենալով Իվանիշվիլու կողմից նախընտրական քարոզարշավի մեջ ներարկված շոշափելի ֆինանսական միջոցները:
Էկոնոմիկայի նախկին նախարար Վլադիմիր Պապավան, ընդհակառակը, պնդում է, որ Վրաստանում ՙփողերը պարտվել են՚` նկատի ունենալով այն, որ իշխանությունների ֆինանսական եւ վարչական պաշարները դեր չեն խաղացել: Հավանաբար, փորձագետներից յուրաքանչյուրը յուրովի իրավացի է: Այնուամենայնիվ, ամենաշատը շահել է ընտրողը, որը կառավարությունում հիմա տեսնում է այն մարդկանց, ում միայն երեկ է հավատացել: Ուստի, միմիայն նոր իշխանությունից է կախված լինելու ընտրազանգվածի վստահությունը պահպանելու եւ հերթական ընտրություններում հաղթելու խնդիրը:
Կամենում ենք հուսալ, որ հետագայում ով էլ գա իշխանության` հիշելու է 2012 թ. ընտրությունների դասը. ոչ թե ընտրողը պետք է հարմարվի իշխանությանը, այլ իշխանությունը ընտրողին` ապահովելով իրենց երկրի ընտրող քաղաքացիների պահանջների կատարումը:
Իհարկե, չի կարելի ասել, որ իշխանության եկած ՙՎրացական երազանքն՚ առաջին իսկ պահից լծվել է նախըտրական խոստումների իրականացմանը: Խոստացվածի իրականացմանը դեռ շատ կա, իսկ շատ բան դեռեւս սոսկ խոստում է մնում:
Ընտրություններից անմիջապես հետո Իվանիշվիլին խոստացել է ՙռազմավարական բոլոր ուղղություններով լայնածավալ բարեփոխումներ՚ կատարել: Սակայն, ընդամենը մի քանի ամիս անց ակնհայտ է դարձել, որ նոր իշխանությունները նախընտրել են նվազագույն դիմադրողականության ուղին եւ հայտարարել են երկրի պատմության մեջ ամենաընդգրկուն համաներումը: Ընդհանուր առմամբ` բանտերից դուրս են գալու շուրջ 3000 բանտարկյալներ: Նախագահ Սաակաշվիլին համաներման օրենքի նկատմամբ վետո է կիրառել, եւ կրկին Վրաստանի պատմության մեջ առաջին անգամ խորհրդարանը հաղթահարել է նախագահի վետոն եւ վերստին ընդունել օրենքը:
Դեռեւս համաներումից առաջ Իվանիշվիլին առաջարկել էր ՙըմբռնումով մոտենալ՚ բանտարկյալների զանգվածային ազատումից հետո երկրում հանցավորության սպասվելիք հավանական աճին, թերեւս գիտակցելով, որ այս ըստ էության պոպուլիստական քայլը հետագայում կարող է հարվածել իր իսկ վարկանիշին:
Ներկա փուլում իշխանությունները զբաղված են ՙարդարության վերականգնմամբ՚, որը մի կողմից արտահայտվում է զանգվածային համաներմամբ, իսկ մյուս կողմից` նախկին կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների դեմ քրեական գործերի հարուցմամբ եւ նրանց ձերբակալությամբ:
Լայնածավալ եւ արմատական բարեփոխումների իրականացումը միշտ ենթադրում է հասարակության մեջ ժողովրդականություն չվայելող քայլեր եւ, որպես հետեւանք, բարեփոխիչների վարկանիշի անկում: Թե որքանով են նոր իշխանությունները պատրաստ խուսափելու պոպուլիզմից եւ իրապես գործի լծվելու` ցույց կտա ժամանակը: Բայց արդեն այսօր կարելի է ենթադրել, որ առնվազն սույն թվականի հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ արմատական փոփոխություններ ակնկալել, ասենք` տնտեսության ոլորտում, հազիվ թե իրատեսական է:
Բացի դրանից, մեր բառապաշարի մեջ է մտել ցայժմ անծանոթ ՙկոաբիտացիա՚ (համակեցություն/համագոյակցություն) բառը: Ի հեճուկս Արեւմուտքի հղած ՙկոաբիտացիայի՚` հին եւ նոր իշխանությունների բնականոն համակեցության կոչերին, այն դեռեւս չի հաջողվում: Երկու կողմերն էլ աշխուժորեն զբաղված են միմյանց ՙնսեմացմամբ՚` այդ նպատակի համար կիրառելով բոլոր հնարավոր եղանակները:
Այդ իսկ պատճառով որոշ փորձագետներ արդեն ապրիլ-մայիսի համար կանխատեսում են հնարավոր քաղաքական ճգնաժամ: Հենց այդ ժամանակ Սաակաշվիլին իրավունք կստանա ցրել խորհրդարանը եւ նոր ընտրություններ նշանակել: ՙՎրացական երազանքին՚ տրված վստահության քվեն դեռեւս էական փոփոխություններ չի կրել եւ նվազագույն շեմի չի իջել: Եթե այս իրավիճակը պահպանվի, ապա Վրաստանի համար հաջորդ դաս-քննությունն են լինելու 2013 թ. հոկտեմբերին սպասվող նախագահական ընտրությունները:
Այս ամենը հուշում է, որ համարյա ողջ 2013 թ. ընթացքում մենք ստիպված ենք լինելու ապրել թեստային ռեժիմում` սովորել եւ ընտելանալ այն ժողովրդավարությանը, որը մենք մեզ իսկ համար ենք ընտրում: Եթե մեզ հաջողվի, ապա վրաց ժողովրդավարության զարգացման հաջորդ փուլը կլինի խորհրդարանական երկկուսակցական համակարգի ներմուծումը, երբ միմյանց մրցակից հիմնական քաղաքական ուժերը միշտ հիշելու են իրենց իսկ իշխանության կատարին բարձրացրած ընտրողի մասին: Թեեւ, այդ նույն ընտրողն ի վիճակի է լինելու նաեւ իշխանազրկել նրանց, քանզի ընտրողի շահերի գործոնը պետք է մշտապես գլխավորը լինի:
Ընդհանուր առմամբ կարող ենք եզրակացնել, որ վրաց ժողովրդավարությունը (որքան էլ բարձր չհնչի) դեռեւս գտնվում է ինքնորոնումների մեջ: Հաջողություններ ու ձախողումներ, սխալներ ու հաղթանակներ, միով բանիվ` լավագույնի պրպտումներ: Հուսանք, որ մեզ տրված դասերն անօգուտ չեն լինի: