Հարցազրույց` փաստաբանական
“Սիներգիա” ցանցի խմբի անդամ
Ռուսուդան ՄԱՐՇԱՆԻԱՅԻ
հետ (Վրաստան)
-Վրաց-աբխազական հակամարտությունն արդեն 20 տարեկան է, բայց վերջինիս կարգավորման գործընթացում ցայժմ առաջընթաց չկա: Ի՞նչ եք կարծում, ո՞ր կողմն է արգելակում կարգավորման գործընթացը:
– Հայրենակիցներիս ՙարդար՚ ցասումը հարուցելով հանդերձ` ասեմ, որ վրաց-աբխազական հակամարտության կարգավորման գործընթացի գլխավոր ՙարգելակիչն՚ եմ համարում վրացական կողմին: Ինչո՞ւ: Եկե’ք առանց զգացմունքայնության քննենք փաստերը: 1994թ. ապրիլի 4-ին Մոսկվայում ՌԴ ճնշման ներքո ստորագրվել էր ՙՀռչակագիր վրաց-աբխազական հակամարտության քաղաքական կարգավորման միջոցառումների մասին՚ խոստումնալից փաստաթուղթը: Հռչակագիրն ընդգծում էր կողմերի խզված պետաիրավական կապերը վերականգնելու եւ ապագա ընդհանուր պետության ուրվագծերը ճշտելու ցանկությունը: Հռչակագրի համաձայն` Աբխազիայի Հանրապետությունը պետք է ունենար սեփական Սահմանադրությունը, Խորհրդարանը, Կառավարությունը եւ համապատասխան պետական խորհրդանիշները: Փաստաթուղթը հստակեցրել է առանձին եւ համատեղ վրաց-աբխազական իրավասության ոլորտները: Աբխազիան փոխանցում էր արտաքին քաղաքական ու տնտեսական կապերի, մաքսային ու սահմանապահ ծառայությունների, էներգետիկայի, տրանսպորտի եւ հաղորդակցության, բնապահպանության, մարդու իրավունքների եւ ազգային փոքրամասնությունների իրավունքների ոլորտներն իշխանության դաշնային մարմիններին: Մնացած բոլոր լիազորությունները մնում էին Աբխազիայի իրավասության ներքո: Աբխազիայի ներկայացուցիչների համար շատ կարեւոր էր հնարավոր դաշնային պետության մեջ իրավահավասար մասնակցության սկզբունքը:
Սակայն, ի վերջո, այդ փաստաթուղթը երկու կողմին էլ չէր գոհացնում, քանի որ Աբխազիայում այն հարուցում էր քաղաքական դժգոհության պոռթկում` ստորագրությունը հետ կանչելու պահանջով, իսկ մեկ տարի անց Վրաստանն էլ սկսել էր վերանայել Հռչակագրի հիմնարար դրույթները, օգտագործելով Ռուսաստանի հետ կնքված երկկողմ ռազմական համաձայնագրերը` տարածքային ամբողջականությունը վերականգնելու հարցում աջակցության դիմաց` Վրաստանում 25 տարի ժամկետով ռուսական 5 ռազմակայաններ պահպանելու վերաբերյալ: Ռուսաստանի եւ Վրաստանի քաղաքական հաշտությունը հանգեցրել է Ռուսաստանի Դաշնության կողմից Աբխազիայի ծովային, ցամաքային եւ տեղեկատվական (հեռախոսագծերի անջատում) շրջափակմանը, իսկ Աբխազիայի բնակիչները զրկվել են սեփական փաստաթղթերով սահման հատելու հնարավորությունից:
Մյուս փաստաթղթի` վրաց-աբխազական կարգավորման 1997 թ. արձանագրության նախապատրաստումը նույնպես ապարդյուն է եղել, թեեւ աբխազական կողմը համաձայնվել է 9 հոդվածներից 7-ի մեջ վրացական կողմի փոփոխություններ մտցնելու պահանջի հետ:
Նույն թվականի օգոստոսի 14-ին Վլադիսլավ Արձինբայի Թբիլիսի կատարած այցը որոշակիորեն նվազեցրել է կողմերի միջեւ առկա լարվածությունը: Այցին հետեւել են կառավարական պատվիրակությունների փոխանակումը եւ Համակարգման Խորհրդի ստեղծումը, որը սահմանել է աշխատանքի երեք ուղղություն` անվտանգություն, փախստականներ եւ սոցիալ-տնտեսական հարցեր: Սակայն, ի հեճուկս այս ամենի, հակամարտության կարգավորման մեջ լայնածավալ բեկում մտցնել չի հաջողվել:
1998 թ. մայիսյան իրադարձությունները Գալիի շրջանում, 2001 թ. հոկտեմբերին Գելաեւի ավազակախմբի ներխուժումը Կոդորիի կիրճը, սահմանակից շրջանում իրավիճակի պարբերական ապակայունացումն ՙԱնտառային եղբայրների՚ եւ ՙՍպիտակ լեգեոնի՚ կողմից (դարանակալություններ, առեւանգումներ, ականապատում) նույնպես հետ էին մղում խաղաղ նախաձեռնությունները:
Իրավիճակի բարելավման հույսերը կրկին ի հայտ են եկել Վրաստանի նոր նախագահ Միխեիլ Սաակաշվիլու իշխանության գալու հետ միասին: 2005 թ. դեկտեմբերի 5-ին Սուխումիում տեղի է ունեցել Աբխազիայի արտաքին գործերի նախարար Ս. Շամբայի, հակամարտությունների գծով Վրաստանի պետնախարար Գ. Խաինդրավայի, ինչպես նաեւ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Հայդի Տալյավինի հանդիպումը, որի ավարտին ստորագրվել է Արձանագրություն` նախարարների մակարդակով պատերազմի չվերսկսման երաշխիքների վերաբերյալ փաստաթղթի պատրաստումն ավարտելու մասին: Սակայն 2006 թ. հուլիսին վրաց զինված ստորաբաժանումների մուտքը Կոդորի կիրճ ընդհատել է այդ պայմանավորվածությունները:
Դրանից հետո ձեռնարկվել է եւս մի փորձ. Ս. Շամբային եւ Ի. Ալասանիային հաջողվել է համաձայնեցնել ՙՎրաց եւ աբխազական կողմերի` անվտանգության միջազգային երաշխիքների եւ ռազմական գործողությունների չվերսկսման վերաբերյալ՚ հռչակագրի տեքստը, որը պետք է ստորագրվեր Սոչիում, սակայն Վրաստանի նախագահի մերժման հետեւանքով Հռչակագիրը չի ստորագրվել:
2008 թ. մարտին Վրաստանի նախագահը նոր առաջարկություններով է դիմել աբխազական կողմին. ՙՄենք Աբխազիային առաջարկում ենք անսահմանափակ ինքնավարություն Վրաստանի կազմում, լիարժեք դաշնապետականություն (federalism), միասնական պետության շրջանակներում անվտանգ եւ խաղաղ զարգացման երաշխիքներ՚: Դրանից բացի առաջարկվում էր (Վրաստանի Սահմանադրությամբ չնախատեսված) փոխնախագահի պաշտոնը, Վրաստանի Սահմանադրության եւ օրենսդրության մեջ մտցվելիք հնարավոր բոլոր փոփոխությունների նկատմամբ վետոյի իրավունք` աբխազների` լեզվի, գրականության, մշակույթի իրավունքները սահմանափակելուն ունակ որոշումները կանխելու համար: Առաջարկվում էր նաեւ տնտեսական ազատ գոտիների ստեղծումը Օչամչիրի եւ Գալիի շրջաններում: Սակայն, դաշնային պետության ստեղծումը նախատեսող նախորդ նախագծերի համեմատ աբխազական կողմն այն գնահատել է որպես հետքայլ: Իսկ քիչ անց Հարավային Օսիայում սկսված օգոստոսյան պատերազմը եւ Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախության ճանաչումն արմատապես փոխել են տարածաշրջանում ուժերի դասավորությունը:
Կարիք չկա առանձնապես խելացի լինելու, որպեսզի կարողանանք տեսնել, թե քանի անգամ Վրաստանը գիտակցաբար հրաժարվում կամ տապալում էր պայմանավորվածությունները: Եզրակացություններն արե°ք ինքներդ:
– Փորձագետները հաճախ խոսում են հակամարտության կարգավորման ՙկորսված հնարավորությունների՚ մասին: Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն էին կողմերի բաց թողած հնարավորությունները:
– Կամենում եմ միանգամից նշել, որ ես փորձագետ չեմ եւ իրավունք չունեմ հանդես գալու փորձագիտական եզրակացություններով: Ես ընդամենը կփորձեմ ձեւակերպել խնդրի իմ տեսլականը. 1994 թվականից սկսած եւ ցայսօր տեւող ժամանակահատվածը կորսված հնարավորությունների ժամանակաշրջանն է: Մեկ անգամ եւս նշեմ, որ այդ հնարավորությունները բաց են թողնվել ոչ թե աբխազական, այլ վրացական կողմի պատճառով: Աբխազիան, երբեմն լրջորեն վտանգելով իրեն, այդ պայմանավորվածություններին ընդառաջ էր գնում: Իսկ ինչո±ւ ենք ասում` ՙվտանգելով իրեն՚: Նրա համար, որ յուրաքանչյուր կողմն անվտանգության հարցերը յուրովի էր ընկալում: Աբխազական իշխանությունները շեշտադրում էին բնակչության անվտանգության հարցերը (ներառյալ Գալիի շրջանը), իսկ վրացական կողմը` Աբխազիայի ողջ տարածք վրացի փախստականների վերադարձը: Ո°չ մեկ, եւ ո°չ էլ մյուս երաշխիքների մեխանիզմները որեւէ տեղ արձանագրված չէին: Բացի դրանից` հենց Աբխազիան էր պատերազմի չվերսկսման երաշխիքների մասին փաստաթղթի ստեղծման նախաձեռնողը: Այդ փաստաթուղթը կարելի է տարբեր կերպ գնահատել, բայց 1998 թ. Գալիի, 2001 թ. Կոդորիի իրադարձությունները եւ 2008 թ. օգոստոսյան պատերազմն ապացուցել են աբխազական կողմի մտավախությունների հիմնավորվածությունը: Հաշվի առնենք նաեւ, որ նոր իշխանության հաստատումից ի վեր ռազմական ծախսերը Վրաստանում աճել են 27 անգամ (36 միլիոնից մինչեւ 990 միլիոն դոլլար), որոնք կազմել են երկրի ՀՆԱ 29%-ը:
-Վրաց փորձագետ Մամուկա Արեշիձեն այն գաղափարն է առաջ քաշել, որ Թբիլիսին պետք է սկսի մտածել Աբխազիայի անկախության հնարավոր ճանաչման մասին: Ինչպե՞ս են դրան արձագանքել հենց Աբխազիայում:
– Ես ամբողջությամբ պաշտպանում եմ Մամուկա Արեշիձեի գաղափարը: Այսօր կարեւոր է բաց չթողնել այն պահը, երբ այդ հարցի շուրջ աբխազական կողմի հետ անհրաժեշտ կլինի բանավեճ սկսել: Մենք ականատես եղանք այդ գաղափարի նկատմամբ վրաց հասարակության արձագանքին. այն մեծամասամբ բացասական էր: Աբխազիայի ճանաչումը մարդիկ ընկալում էին որպես վերջինիս կորուստ եւ այնտեղ վերադառնալու անհնարինության հաստատում: Բայց չէ՞ որ հենց ճանաչումից հետո է հնարավոր լինելու վերադարձը (անգամ եթե առաջին շրջանում այն փուլային լինի), քանի որ վերադարձի հարցը ենթադրվում է շաղկապել ճանաչման համատեքստի հետ: Սակայն խնդիրն այն է, որ փախստականների ճնշող մեծամասնությունը չի կամենում վերադառնալ Աբխազիա, եթե այնտեղ չլինի Վրաստանի իրավասությունը կամ գոնե ինչ-որ կերպով վերջինիս ներկայությունը: Վերջերս անցկացված սոցիոլոգիական հարցումները ցույց են տվել, որ նման դեպքում, անգամ անվտանգության երաշխիքների պահպանմամբ, Աբխազիա պատրաստ են վերադառնալ փախստականների ընդամենը 15%-ը: Դա վկայում է այն մասին, որ սոցիալական խնդրին վրացի փախստականները հաղորդում են քաղաքական աստառ: Ես դա ճիշտ չեմ համարում: Իսկ Աբխազիային վերաբերող սույն գաղափարը հասարակության մեջ հրապարակայնորեն չի քննարկվել: Առանձին մարդիկ ընդհանրապես կարծում են, որ այդ թեման այլեւս Աբխազիայի համար արդիական չէ, եւ վերջինս այլեւս չի ձգտում Վրաց պետության կողմից իր անկախության ճանաչմանը: Այդ առաջարկության քննարկման ՙկողմ՚ է արտահայտվել աբխազ քաղաքագետ Իրակլի Խինթբան, ով առաջ է քաշել աբխազական հասարակությանը մտահոգող մի քանի հարց. ՙԱրդյո՞ք մենք պատրաստ ենք քննարկել ՙճանաչման գնի՚ թեման, այսինքն` այն զիջումները, որոնք արժե կատարել հանուն ճանաչման: Մասնավորապես, արդյո՞ք մենք համաձայն կլինենք Վրաստանի կողմից ճանաչվելու դիմաց վերադարձնել փախստականներին: Արդյո՞ք մենք համաձայն կլինենք որոշ տարածքային զիջումների: Արդյո՞ք մեզ առհասարակ անհրաժեշտ է Վրաստանի կողմից ճանաչումը: Արդյո՞ք այն հղի չէ մեր հասարակության համար նոր վտանգներով: Արդյո՞ք մենք դրան պատրաստ ենք՚:
-Եթե Թբիլիսին հանկարծ ճանաչի Աբխազիայի անկախությունը, ի՞նչ անդրադարձ դա կունենա մեր փոխհարաբերությունների վրա: Ինչպիսի՞ն է, Ձեր կարծիքով, լինելու իրադարձությունների հետագա զարգացումը:
– Հարցն այդքան էլ ճիշտ չէ դրված. ճանաչումը ՙհանկարծ՚ չի լինում: Դա լինելու է բազմամյա մանրակրկիտ աշխատանք` փաստաթղթերի մի ամբողջ փաթեթի ստեղծման ուղղությամբ, որի մեջ տեղ են գտնելու բոլոր դրույթներն ու պայմանները, երաշխիքներն ու մեխանիզմները:
Վրաստանի եւ Աբխազիայի միջեւ փոխհարաբերությունների կառուցումն իրականացվելու է այդ փաստաթղթերի համաձայն: Ներկա պահին հարցի շուրջ մեր հասարակություններում անգամ խոսակցությունը սկսված չէ: Դրա համար էլ շատ դժվար է մի բան կանխատեսել, թեեւ համարձակվում եմ ենթադրել, որ դրանք լինելու են փոխադարձ հարգանքի եւ համագործակցության հիման վրա շաղախված քաղաքակիրթ բարեդրացիական հարաբերություններ: Որպեսզի մերկախոս չդիտվեմ, մեջբերեմ աբխազ փորձագետներ Ա. Ինալ-Իպայի եւ Ա. Շակրիլի կատարած հետազոտության արդյունքները. ՙ…Աբխազական հանրությունն իսպառ բացառում է Աբխազիայի համար անկախ պետության կարգավիճակից դուրս որեւէ այլ քաղաքական կարգավիճակ: Աբխազիայի ճանաչումը կապահովեր ՆԱՏՕ-ի մեջ մտնելու եւ Եվրոպայի մեջ ինտեգրվելու հետագա գործընթացի համար Վրաստանին անհրաժեշտ կայունությունը՚: Աբխազ փորձագետների տեսանկյունից նման ՙհետաքրքիր քայլի՚ օգնությամբ հեղինակության բարձրացումից բացի Վրաստանը կկարողանար լուծել հակամարտության հետ կապված բազում խնդիրներ. ՙՎրաստանի համար դա հնարավորությունն է` Աբխազիայի քաղաքականության վրա միջազգային կառույցների միջոցով ինչ-որ ձեւով ազդելու համար…, դա առեւտրատնտեսական կապերի զարգացումն է, Աբխազիայում վրաց բնակչության կարգավիճակի խնդրի լուծումն է, … մշակութային կապերը՚: Որոշ փորձագետներն ընդգծում էին հնարավոր ճանաչման դերը` աբխազ եւ վրաց ժողովուրդների փոխհարաբերությունները բարելավելու հարցում. ՙԱբխազիայի ճանաչումը…ոչ թե կարգավորման գործընթացի արդյունքն է, այլ առաջին քայլ` Աբխազիայի հետ բարեդրացիական հարաբերությունների հաստատման ուղղությամբ՚:
-Դուք հաճախ լինում եք Սուխումիում. ինչպե՞ս է վերաբերվում տեղի հասարակությունը հարաբերությունների բարելավման խնդիրներին:
– Ես չէի ասի, որ Վրաստանի հետ հարաբերությունների բարելավումն աբխազական հասարակության համար այսօր արդիական թեմա է: Ներկա պահին մարդիկ ավելի շատ կենտրոնացած են գոյատեւելու եւ աբխազական պետականությունը կերտելու խնդիրների լուծման վրա: Թեեւ, բնականաբար, ճնշող մեծամասնությունը գերազանց հասկանում է, որ մենք իրար կողք-կողքի դարերով ապրած եւ ընդհանուր պատմություն ունեցած հարեւաններ ենք, որոնք վաղ թե ուշ ստիպված կլինեն միմյանց հետ շփումներ հաստատել, քանի որ ՙհավերժ թշնամիներ՚ չեն լինում: Սակայն համատեղ փոխհարաբերությունները դիտվում են միայն անկախ, իրավահավասար եւ բարեդրացիական փոխհարաբերությունների հարթությունում: Իսկ իմանալու համար, թե որ հարթությունում է աբխազական հասարակությունը պատկերացնում վրաց հասարակության հետ հարաբերությունների բարելավումը, հարկ է թեմայի շուրջ սկսել համատեղ բանավեճը:
Հատուկ “Անալիտիկոն”-ի համար զրույցը վարել է
Իրակլի ՉԻԽԼԱՁԵՆ