Իրակլի ՃԻԽԼԱՁԵ
Լրագրող
Թբիլիսի
Սույն թվականի մայիսին ԱՄՆ-ն և Վրաստանը նշեցին դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյա հոբելյանը։
Վրաստանում ԱՄՆ դեսպան Յան Քելին երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ երկու երկրների հարաբերությունները բնութագրեց որպես «միս ու արյամբ» շաղախված։«Վրացիներն ու ամերիկացիները շատ բարդ պայմաններում ուս ուսի պատերազմում են ընդհանուր թշնամու դեմ Իրաքում և Աֆղանստանում», – իր ելույթում նշել է դեսպանը։
«ԱՄՆ ժողովուրդը Վրաստանում վերջին 25 տարիների ընթացքում չորս միլիարդ դոլարի ներդրում է կատարել, և այս ամենն իրականացված է ամերիկյան ամենատարբեր գործակալությունների մասնակցությամբ։ Մենք չենք ասում, որ մենք՝ ամերիկացիներս, լավն ենք և ալտրուիստ, բայց այն ամենն, ինչ արվել է, արվել է ի պաշտպանություն շատ կարևոր սկզբունքի՝ ազատության սկզբունքի»,- ասել է Յան Քելին։
Վրաստանի և ԱՄՆ միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. ապրիլի 23-ին։ Նույն թվականին Վրաստանը մտել է Հյուսիսատլանտյան համագործակցության խորհուրդ (1997 թվականից՝ Եվրատլանտյան գործընկերության խորհուրդ), 1994թ. Թբիլիսին միացել է ՆԱՏՕ-ի «Գործընկերություն՝ հանուն խաղաղության» ծրագրին, իսկ 1999թ. «Պլանավորման և վերլուծության» ծրագրին։ 2008թ. ապրիլին ՆԱՏՕ-ի բուխարեստյան գագաթնաժողովը սատարել է Դաշինքին անդամագրվելու Վրաստանի ձգտմանը։
Դժվար է ասել, թե որչափ է բուխարեստյան գագաթնաժողովի որոշումը զայրացրել Մոսկվային, բայց 2008թ. օգոստոսին ծավալվեց վրաց-ռուսական պատերազմը… Իսկ երեք տարի անց ՌԴ այդ ժամանակվա նախագահ Մեդվեդևը փաստորեն խոստովանեց, որ օգոստոսյան պատերազմի պատճառներից մեկը եղել է Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամագրվելու ենթադրյալ հավանականությունը։
«Եթե 2008թ. մենք թույլ գտնվեինք՝ այսօր մենք կունենայինք այլ աշխարհաքաղաքական դասավորություն և մի շարք երկրներ, որոնց փորձում էին արհեստականորեն ներքաշել Հյուսիսատլանտյան դաշինք, ամենայն հավանականությամբ արդեն այնտեղ կլինեին», – ասել է Մեդվեդևը։
Սակայն 2008թ. ռուս-վրացական պատերազմը դարձավ վրաց-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման յուրօրինակ «խթանիչը»։ Արդեն 2009թ. Թբիլիսիի և Վաշինգտոնի միջև ստորագրվեց պաշտպանության և անվտանգության, տնտեսության և էներգետիկայի, ժողովրդավարական բարեփոխումների, դիվանագիտության և մշակույթի ոլորտներում գործընկերային հարաբերությունների և համագործակցության ընդլայնման մասին ռազմավարական գործընկերության խարտիան։
2016թ. երկու երկրները ստորագրեցին «Վրաստանի և ԱՄՆ միջև պաշտպանության և անվտանգության ոլորտում համագործակցության խորացման մասին» հուշագիրը, որի շրջանակներում ԱՄՆ-ն պարտավորվեց Վրաստանում կառուցել ռազմական պատրաստության կենտրոն՝ Գերմանիայի տարածքում գործող Հոխենֆելս ռազմաբազայի օրինակով։
2016թ. ԱՄՆ նախագահի ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլու կառավարությունը բազմիցս հայտարարել է Միացյալ Նահանգների նոր վարչակազմի հետ ակտիվ համագործակցություն շարունակելու մտադրությունների մասին։
2017թ. գարունը դարձավ ԱՄՆ վրա Վրաստանի լայնածավալ դիվանագիտական գրոհի շրջան։ Մայիսին Կվիրիկաշվիլին պաշտոնական այցով Վաշինգտոն մեկնեց, իսկ նրանից առաջ Միացյալ Նահանգներ այցելեցին Վրաստանի ֆինանսների նախարար, առաջին փոխվարչապետ Դմիտրի Կումսիշվիլին և արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն։
Դոնալդ Թրամփը Կվիրիկաշվիլուն դատարկաձեռն չընդունեց. պաշտոնական այցից մի քանի օր առաջ նա ստորագրեց Վրաստանի տարածքային ամբողջականությունը չճանաչող երկրների ու կազմակերպությունների ֆինանսավորումն արգելող հրամանագիր։
Մյուս նշանակալից իրադարձությունը ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի՝ հուլիսի 30-ին կատարած այցն էր։ Իհարկե, այն կարելի էր շարքային դիվանագիտական իրադարձություն համարել, բայց մի քանի «բայց»-եր կան։ Փենսը Վրաստան է ժամանել տարածաշրջանում «Արժանի գործընկեր» (Noblepartner 2017) անվամբ ամենածավալուն միջազգային ռազմավարժությունների մեկնարկի օրը և հենց Թբիլիսիում է ազդարարել իր երկրի կողմից հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթը ուժի մեջ մտնելու մասին լուրը։
«Միացյալ Նահանգների նախագահն ինձ այստեղ է ուղարկել պարզ ուղերձով. մենք ձեզ հետ ենք, մենք ձեր կողքին ենք կանգնած, մենք հպարտ ենք մեր բարեկամությամբ և ռազմավարական գործընկերությամբ…Եվ Ամերիկան Վրաստանի կողքին է»,- իր ելույթում ասել է ԱՄՆ փոխնախագահը։
Մայք Փենսը հատուկ ընդգծել է, որ Վրաստան կատարած իր այցը նաև պատասխան է այն իրողությանը, որ «ռուսական տանկերը Թբիլիսիից 40 կմ հեռու են կանգնած»։
Շատ վերլուծաբաններ նշել են Մայք Փենսի ուղևորության աշխարհագրությունը՝ Էստոնիա, Վրաստան, Չեռնոգորիա։ Այսինքն, Վրաստանը դիտվում է ՆԱՏՕ-ի անդամ պետությունների հետ միևնույն ձևաչափում։ Դա չի ժխտել նաև ինքը՝ փոխվարչապետը, Թբիլիսիում խոսելով այն մասին, որ Վաշինգտոնը Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականության ֆոնին շարունակելու է աջակցել Վրաստանին Հյուսիսատլանտյան դաշինքին անդամագրվելու ճանապարհին։
Եվ վերջապես՝ տնտեսությունը։ Օգոստոսի սկբներին ձևակերպվել է Թբիլիսիի և ամերիկյան խոշորագույն SSAMarine ընկերության միջև համաձայնագիր, որն օգտագործելու է Վրաստանի ամենախորը նավահանգստի՝ Անակլիայի տերմինալը։ Սպասվող ներդրման ծավալը կազմելու է շուրջ 2.5 միլիարդ դոլար։ Նախագիծը ենթադրում է 32 նավակառանումների շինարարություն՝ տարեկան 100 միլիոն տոննա թողունակությամբ։
Միջազգային հարաբերությունների մասնագետ, Վրաց-ամերիկյան համալսարանի դասախոս Գիորգի Գոբրոնիձեի կարծիքով՝ ամերիկյան վարչակազմը շարունակելու է ակտիվացնել հարաբերությունները Ռուսաստանի կողմից վտանգված երկրների հետ։
«Դոնալդ Թրամփի վարչակազմը վերադարձել է Ջորջ Բուշի սկսած քաղաքական ուղեգծին, և Բարաք Օբամայի վարչակազմի սոսկ խորհրդանշական աջակցությունը Վրաստանին վերստին սկսում է ձեռք բերել իրական և շոշափելի բնույթ»,- ասում է Գոբրոնիձեն։