Թամար ՓԱՓԱՎԱՁԵ
Վրաստան
Տարածաշրջանային անվտանգության ընթացիկ դրությունը բնութագրվում է որոշ տարածաշրջանային երկրների շահերի բախմամբ, հարևան պետությունների ներքին և արտաքին մարտահրավերներով և Մերձավոր Արևելքում ընթացող իրադարձություններով։ Այս հոդվածի շրջանակում մենք կփորձենք կապակցել վերոնշյալ իրադարձություններն ու տարածաշրջանային հակամարտությունները։Ուժերի տարածաշրջանային դասավորության մեջ ահռելի դեր ունի երկու տարածաշրջանային տերությունների՝ Ռուսաստանի և Թուրքիայի պայքարը։ Այս դիմակայությունը վերջ է դրել Ռուսաստանի և Թուրքիայի միջև աշխարհաքաղաքական «մեղրամսին», երբ Անկարան բազմաթիվ նախազգուշացումներից հետո կործանել է ռուսական Սու-24 ռմբակոծիչը։1 Ի հեճուկս հարաբերությունների լարվածության՝ այնուամենայնիվ, հնարավոր չէր կանխատեսել իրադարձությունների այդպիսի ելք։ Պատահածը տարածաշրջանում միանշանակ շոկ է առաջացրել, թեպետև անակնկալ չէր։ Չնայած այդ երկրների միջև ահռելի ապրանքաշրջանառությանը, սերտ տնտեսական հարաբերությունների առկայությանն ու զբոսաշրջիկների հոսքին՝ երկու երկրներն էլ մշտապես հստակորեն մատնանշում էին տարածաշրջանում իրենց ունեցած շահերը։ Արժե հիշել, որ ուկրաինական ճգնաժամի ժամանակ Թուրքիայի դերը շատ վիճելի և տարակուսելի էր՝ հաշվի առնելով Սև ծովում Անկարայի ունեցած հավակնությունները, Մոնթրեի կոնվենցիան և Ղրիմի թաթարների հանդեպ համերաշխությունը։
Անկասկած, այս դիմակայությունը տարածաշրջանի համար ճակատագրական կարող է լինել, քանի որ այն տարածաշրջանային հակամարտությունների վրա «սպին-օվերի» ազդեցություն է ունենալու։ Երկու երկրներն էլ Հարավային Կովկասը դիտում են իրենց շահերի գոտի։ Ավելին՝ Ռուսաստանը համարում է, որ տարածաշրջանն իր արտոնյալ շահերի գոտին է2 և ուժի երևակման հենակետ. այս մասնավոր համատեքստում նաև՝ Թուրքիայի վրա ճնշման լծակ՝ հաշվի առնելով Հայաստանի տարածքում գործող ռուսական ռազմակայանը։ Մյուս կողմից՝ Թուրքիան նույնպես, ամենայն հավանականությամբ, փորձելու է դաշնակիցներ որոնել՝ աչքի առաջ ունենալով Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան եռանկյունը։ Կարճ ասած՝ տվյալ դիմակայությունը խորացնում է տարածաշրջանում արդեն իսկ գոյություն ունեցող տարաձայնություններն ու բաժանարար գծերը։
Մյուս կողմից՝ հիշյալ ճգնաժամը լիովին փոխում է Թուրքիայ մոտեցումները։ Վերջին շրջանում Անկարան ակտիվորեն հանդես է գալիս Վրաստանի՝ ՆԱՏՕ-ում ընդգրկելու օգտին 3,4։ 1952 թվականից ի վեր դաշինքի անդամ լինելով՝ Թուրքիան Վրաստանի անդամակցության հարցը Բրյուսելում առանձնապես առաջ չէր մղում։ Վրաստանի անդամակցության օգտին ավելի շատ գործում էին Բալթյան և Արևելյան Եվրոպայի երկրները։
Ավելին՝ վերջերս Թուրքիայի նախագահը, պարսավելով Ռուսաստանին Սիրիայում ռազմական միջամտության համար, քննադատել է Մոսկվային նաև Վրաստանի և Ուկրաինայի հարցում։ «Ի՞նչ է անում Ռուսաստանը Վրաստանում և Ուկրաինայում»։5 «Ռուսաստանն ասում է, որ իրեն Սիրիա է հրավիրել սիրիական կառավարությունը»։ Բայց չէ՞ որ Սիրիայի ներկայիս կառավարությունն օրինավոր չէ։ Նրանք ասում են՝ «ՄԱԿ-ը մեզ օրինավոր է համարում»։ Թերևս համարում էլ է, բայց դուք պարտավոր չեք ժամանել ամեն տեղ, ուր ձեզ հրավիրում են։ Ինչո՞ւ եք ներխուժել Վրաստան։ Դուք Ուկրաինա եք ներխուժել, որովհետև ձեզ կանչե՞լ են»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը։6
Ավելի վաղ Անկարան իրեն բավականին զուսպ էր պահում, օրինակ՝ 2008թ. պատերազմի ժամանակ։ Ձևականորեն սատարելով Վրաստանի տարածքային ամբողջականությանը՝7 Թուրքիան չէր կամենում զոհաբերել Կրեմլի հետ ունեցած երկկողմ օրակարգը։ Իսկ ահա ներկայիս իրադարձություններն օգնել են Թուրքիային ամեն ինչ նորովի վերաիմաստավորել։
Այս դիմակայությունը փոփոխության է ենթարկել Թուրքիայի դերը տարածաշրջանային հակամարտություններում, մասնավորապես՝ Աբխազիայում։ Մինչև վերջերս Թուրքիայի դերը բավական կասկածելի էր։ Ռուսաստանից հետո Թուրքիան Աբխազիայի երկրորդ առևտրային գործընկերն է։ Ապրանքաշրջանառությունը գերազանցում է տարեկան 2.6 միլիարդ ռուբլին։ Թուրքիային բաժնին է ընկնում Աբխազիայի արտաքին առևտրի 18 տոկոսը (ներկրում՝ 7,6 %, արտահանում՝10,4 %)։8 Տվյալ տնտեսական կախվածությունն Աբխազիայի համար լուրջ երկընտրանք է ստեղծում՝ հաշվի առնելով մի կողմից՝ Թուրքիայում աբխազական սփյուռքի առկայությունը, իսկ մյուս կողմից էլ՝ Ռուսաստանի հետ Աբխազիայի ունեցած հարաբերությունները։ Այս համապատկերում 2015թ. դեկտեմբերի 29-ին Վլադիսլավ Սուրկովի Սուխում կատարած այցը բոլորովին էլ պատահական չէր։
Այցի պաշտոնական առիթը Ինտեգրման խորացման մասին պայմանագրի իրականացման և գալիք տարվա համագործակցության ծրագրերի շուրջ քննարկումների անցկացման անհրաժեշտությունն էր։ Այցի նախօրեին Աբխազիան վավերացրել է կարևորագույն ռազմավարական փաստաթուղթ՝ երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև Համաձայնագիրը։9 Ի պատասխան՝ Ռուսաստանը վավերացրել է Աբխազիայի թոշակառուների թոշակների բարձրացման մասին համաձայնագիրը։ Հիշյալ համաձայնագրով նախատեսվում է Ռուսաստանի կողմից հավելյալ ֆինանսական միջոցների տրամադրում. 2015թ.՝ 230 միլիոն և 2016թ.՝ 288 միլիոն ռուբլու չափով, որը թույլ կտա Աբխազիայի բնակիչների թոշակի չափը բարձրացնել 2015թ.՝ 20 տոկոսի, իսկ 2016թ.՝ 40 տոկոսի չափով։10 Բնական է, որ ոչ պաշտոնապես Սուրկովի այցը ծառայում էր Աբխազիայում Թուրքիայի քաղաքական և տնտեսական ներկայության սահմանափակմանը։ Դրանից որոշ ժամանակ հետո, հետևելով Ռուսաստանի օրինակին, Աբխազիան ևս Թուրքիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ սահմանեց։11
Տարածաշրջանային անվտանգությանը սպառնացող մարտահրավերներից հսկայական նշանակություն ունի Մերձավոր Արևելքը և Սիրիայում սկսված ռազմական գործողությունը, որը մերձավոր արտասահմանից դուրս Ռուսաստանի ձեռնարկած առաջին խոշորածավալ ռազմարշավն է։ Մերձավոր Արևելքում ռուսական շահերի հստակեցումը և այսպես կոչված «Իսլամական պետության» դեմ պայքարը կարելի է Իրաքի, Կոսովոյի և այլ տարաձայնությունների դիմաց ԱՄՆ-ից Կրեմլի ռևանշի փորձ համարել։ Տվյալ ճգնաժամի վերջնական արդյունքները վկայելու են, թե որքանով է այն նպաստել հետխորհրդային հակամարտություններից Ռուսաստանի ուշադրության շեղմանը, քանի որ, հաշվի առնելով ԵՄ պատժամիջոցները և նավթի գների անկումը, հազիվ թե ռուսական տնտեսությունն ի վիճակի լինի պահել ևս մի ճակատ։ Սակայն, Ռուսաստանի Դաշնության Ազգային անվտանգության ռազմավարությունը հակառակն է պնդում. այն ընդունվել է դեկտեմբերի 31-ին և դիրքավորում է երկիրը որպես առանցքային տերություն, որն ակտիվ դերակատարում ունի աշխարհակարգի ձևավորման մեջ։12
Իսլամական պետությունը մեր տարածաշրջանի համար ևս լուրջ մարտահրավեր է՝ հաշվի առնելով Պանկիսիի կիրճի գոյությունը։ Մինչ վերջերս վրացական իշխանություններն ահաբեկչությունը չէին դիտում երկրի համար ուղղակի սպառնալիքի համապատկերում։
Ցավոք, տեղի ունեցող իրադարձությունները ցույց են տվել այդ հարցն ուսումնասիրելու անհրաժեշտությունը, քանի որ Վրաստանի քաղաքացիները նույնպես հայտնվել են Իսլամական պետության գրոհայինների թվում։ Այս կապակցությամբ պետք է նշել մի շարք կարևոր խնդիրներ.
- Ազգային անվտանգության ռազմավարության անհամապատասխանությունն ընթացիկ մարտահրավերներին, • Մարդկանց զինվորագրման եղանակը. Վրաստանից շուրջ 100 հոգի ներկայումս գտնվում են Իսլամական պետության և Ալ-Նուսրայի շարքերում։ Խնդիրը բարդանում է վերադառնալուց հետո նրանց ազդեցության գործակալ դառնալու հավանականությամբ, • Պանկիսիի կիրճում տիրող ընդհանուր իրավիճակը, որը ներկայանում է որպես գործազրկության, երիտասարդության որակյալ կրթություն ստանալու հեռանկարների սակավության և սոցիալ-տնտեսական այլ խնդիրների համալիր։ Որպես հետևանք՝ տեղի երիտասարդությունը մեծամասամբ մեկնում է Սաուդյան Արաբիա՝ կրոնական կրթություն ստանալու համար։15 Այստեղ հարկ է հիշատակել նաև Իսլամական պետության բարձրագույն հարմանատարությունից Թարխան Բատիրաշվիլուն (հայտնի է որպես Աբու-Օմար ալ-Շիշան. շիշան, այսինքն՝ չեչեն)16 կամ Ալ-Նուսրայում հեղինակություն վայելող Մուսլիմ Մարգոշվիլու անձնական գործոնը որպես վարքագծային մոդել՝ այլ մոդելների բացակայության կամ նվազ գրավիչ լինելու պատճառով, • Վրաստանի սահմանների անբավարար պաշտպանվածությունը, հատկապես՝ վիզաների ազատականացման նախօրեին։17
Պետք է նշել և այն, որ ինքնահռչակ Հարավային Օսիայի Հանրապետության նախագահ Լեոնիդ Տիբիլովի հայտարարության համաձայն՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը Հարավային Օսիայի համար սպառնալիք է հանդիսանում, քանի որ վերջինիս տարածքում ծրագրում է ահաբեկչական ակտեր իրականացնել,18 թեև Իսլամական պետության կողմից բխող անմիջական ակներև վտանգը կամ ահաբեկչությունների սպառնալիք դեռ չի նշմարվում։ Այսուհանդերձ, խալիֆաթի վարչատարածքային միավոր հռչակված Կովկասյան վիլայեթը ներկայումս տարածաշրջանի համար ամենալուրջ մարտահրավերն է։19 2015թ. նոյեմբերին ցանցում հայտնվել է սպառնալիքներով հանդես եկող երեք երիտասարդների մասնակցությամբ տեսահոլովակը, որում նրանք ներկայացել են որպես Իսլամական պետության ներկայացուցիչներ և սպառնում էին Ալլահի անունով արդարադատություն հաստատել։20 Նրանց ինքնությունը պարզվել է, իսկ համապատասխան մարմինները հետաքննություն են սկսել։ Հավանական է նաև, որ իրեն որպես գերտերություն դիրքավորող Ռուսաստանն Իսլամական պետության դեմ պայքարելու պատրվակով օգտագործելու է Պանկիսիի կիրճի հանգամանքը՝ որպես Վրաստանի վրա ճնշում գործադրելու միջոց կամ կընթանա 90-ական թվականների սցենարով՝ մեղադրելով Վրաստանին չեչեն ահաբեկիչներին և գրոհայիններին իբր ապաստան տրամադրելու մեջ։21
Ահա թե ինչու Պանկիսիի կիրճը կարևորագույն մարտահրավեր է, որի վերաբերյալ հարկ է մշակել հստակ ձևակերպված ռազմավարություն՝ կառավարության և քաղաքացիական հասարակության, գիտական շրջանակների և երիտասարդական կազմակերպությունների համակարգված արձագանքման մեխանիզմների ու սոցիալ-տնտեսական լծակների օգտագործմամբ։
Զեկույցը ներկայացվել է «Հարավային Կովկաս. խաղաղության և անվտանգության տարածաշրջանային ճարտարապետությունը» տարածաշրջանային հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել 2016թ. հունվարի 8-11-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում։ Այդ հանդիպումը կազմակերպվել է «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի», «Կովկասյան տան» և «Ազգայնականության և հակամարտությունների ուսումնասիրության ինստիտուտի» նախաձեռնությամբ և Միացյալ Թագավորության Հակամարտությունների, անվտանգության և կայունության հիմնադրամի աջակցությամբ։ Զեկույցում արտացոլված տեսակետներն ու կարծիքները արտացոլում են հեղինակի դիրքորոշումը և կարող են չհամընկնել Բրիտանական կառավարության և հանդիպման կազմակերպիչների տեսակետի հետ:
_____________
1 Турецкие ВВС сбили российский Су-24, Путин заявил об “ударе в спину”.24.11.2015 РИАНовости
2 Федор Лукьянов. Картаминногополя. http://www.gazeta.ru/column/lukyanov/2836086.shtml
3 Turkey’s Foreign Minister: NATO Summit in Warsaw should focus on expansion. 15 May 2015 http://agenda.ge/news/35323/eng
4 Sergey Markedonov, Natalya Ulchenko. Turkey and Russia: An Evolving Relationship. Carnegie Europe. August 19, 2011.
5 http://www.apsny.ge/2016/pol/1452312870.php
6 тж.
7 http://www.jpost.com/International/Turkey-urges-cease-fire-in-South-Ossetia
8 http://sukhum-moscow.ru/index.php/novosti/item/3290-surkov-planiruet-obsudit-v-abkhazii-ogranicheniyaprotiv-turtsii
9 http://sukhum-moscow.ru/index.php/novosti/item/3289-surkov-posetit-abkhaziyu-dlya-konsultatsij-poplanam-sotrudnichestva
10 http://sukhum-moscow.ru/index.php/novosti/item/3289-surkov-posetit-abkhaziyu-dlya-konsultatsij-po-planamsotrudnichestva
11 http://www.vesti.ru/doc.html?id=2706917
12 http://www.rg.ru/2015/12/31/nac-bezopasnost-site-dok.html
13 Daesh and Challenges Facing Georgia. Policy Document. Georgia’s Reforms Associates. November 2015. Tbilisi
14 Аль Каида в Сирии.
15 Daesh and Challenges Facing Georgia. Policy Document. Georgia’s Reforms Associates. November 2015. Tbilisi
16 Бывшийгрузинский спецназовец, тренирован американцами, возглавил северный Фронт ИГИЛ. Соединённые Штаты предлагают 5 миллионов долларов за его местонахождение.
17 Были случаи, когда несовершеннолетние молодые люди покинули страну, пересекли грузино-турецкую границуhttp://www.apsny.ge/2015/mil/1428368342.php
18 http://rus.ozodlik.org/content/news/27285872.html
19 Daesh and Challenges Facing Georgia. Policy Document. Georgia’s Reforms Associates. November 2015. Tbilisi
20 http://www.apsny.ge/2015/mil/1448337598.php
21 26 января глава МИД РФ Сергей Лавров заяви, что ИГИЛ использует Панкисское ущелье в Грузии в качестве базы для подготовки боевиков.http://interfax.az/view/663352
http://isnc.ge/GE/newspaper/169-