Էդիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Արևմտյան Բալկանների հարցերով փորձագետ
Երևան
Հայտնի է, որ հետպատերազմյան գոտիներում պետությունների միջև տնտեսական, քաղաքական և անվտանգային ոլորտների համագործակցությունը նպաստում է տարածաշրջանային վերինտեգրմանն ու առանցքային նշանակություն ունենում երկարատև խաղաղության հաստատման գործում: Եվ որքան գործուն են տարածաշրջանային համագործակցության ձևաչափերը, այնքան կայուն է տարածաշրջանը նոր մարտահրավերների նկատմամբ: Սակայն շատ հաճախ նախկին հակամարտության գոտիներում տարածաշրջանային համագործակցության ձևաչափերի ներդրումը լի է օբյեկտիվ խոչընդոտներով: Նման խոչընդոտների առաջ էր կանգնած նաև Բալկանյան տարածաշրջանը նախորդ դարի վերջին տասնամյակում՝ Հարավսլավիայի Սոցիալիստական Դաշնային Հանրապետության (ՀՍԴՀ) փլուզումից հետո:
ՀՍԴՀ փլուզման արդյունքում տարածաշրջանը բախվեց անկախացող պետությունների միջև մղվող ներքոնշյալ բազմակողմ պատերազմների շարքին, որոնք հավաքական կերպով ընդունված է նաև անվանել Բալկանյան երրորդ պատերազմ.
- Սլովենիայի անկախության տասնօրյա պատերազմ՝ 1991 թ. հունիս 27-ից հուլիսի 6-ը,
- Խորվաթիայի անկախության պատերազմ՝ 1991-1995 թթ.,
- Բոսնիական պատերազմ՝ 1992-1995 թթ.,
- Կոսովոյի պատերազմ՝ 1998-1999 թթ.,
- Պրեշևյան հովտի բախումներ՝ 1999-2001 թթ.,
- Մակեդոնիայի ապստամբություն՝ 2001 թ. փետրվարից օգոստոս:
Արդյունքում՝ ՀՍԴՀ-ից անկախացան հինգ պետություններ՝ Սլովենիան, Խորվաթիան, Հարավսլավիայի Դաշնային Հանրապետությունը (2006 թ.-ից՝ Սերբիա և Մոնտենեգրո), Բոսնիա և Հերցեգովինան ու Նախկին Հարավսլավյան Հանրապետություն Մակեդոնիան (այժմ՝ Հյուսիսային Մակեդոնիա), իսկ 2008 թ.-ին Սերբիայից միակողմանի կերպով անկախություն հռչակեց Կոսովոն:
Բալկանյան երրորդ պատերազմը ժողովրդագրական, տնտեսական և ենթակառուցվածքային մեծ վնասներ հասցրեց հետհարավսլավյան բոլոր պետություններին: Բալկաններում ազգային փոքրամասնությունների նկատմամբ բռնաճնշումները, էթնիկ զտումները և նորանկախ պետությունների ղեկավարների վարած ազգայնական քաղաքականությունը խթանեցին ազգայնամոլության աննախադեպ աճ, որը տարածաշրջանի ժողովուրդների մեջ սերմանեց անհանդուրժողականություն և առավել դժվարացրեց ապագայում խաղաղ գոյակցության հնարավորությունը:
Սակայն, հետհարավսլավյան տարածությունում տարածաշրջանային համագործակցության ձևաչափերի ներդրումն անմիջապես հաջորդեց պատերազմներին: Թեև այդ պայմաններում համագործակցության ձևաչափերում ներգրավված կողմերի միջև առկա հակասությունները հաճախ անհնար էին դարձնում տարածաշրջանային նախաձեռնությունների ինստիտուցիոնալ կայացումը, դրանք վերջիվերջո կայացան՝ նպատելով տարբեր ոլորտներում համագործակցությանը:
Արևմտյան Բալկաններում տարածաշրջանային համագործակցության կայացման գործընթացը լավագույնս ըմբռնելու համար անհրաժեշտ է երկու փուլով դիտարկել ներդրված համագործակցության ձևաչափերի փոխակերպումները:
Առաջին շրջափուլը ժամանակագրորեն վերագրվում է Բոսնիական պատերազմի ավարտին (1995թ.), երբ Դեյթոնյան համաձայնագրի կնքումից հետո առաջացավ տարածաշրջանային համագործակցության և կայուն խաղաղության հաստատման անհրաժեշտություն: Կարևոր է ընդգծել, որ տվյալ ժամանակաշրջանում հետհարավսլավյան երկրների շրջանում ազգամիջյան հակասությունները շարունակում էին մնալ սրված, իսկ էթնիկ անհանդուրժողականությունը հասել էր աննախադեպ ծավալների: Այս պայմաններում ներդրվեցին համագործակցության մի քանի ձևաչափեր:
Առաջինը ԵՄ 15 անդամ-պետությունների, ՀՍԴՀ-ից անկախացած 5 պետությունների, ԱՄՆ-ի, ՌԴ-ի, ԵԽ-ի և ԵԱՀԿ-ի մասնակցությամբ Հարավարևելյան Եվրոպայում կայունության և լավ հարևանության Ռոյմոնյան գործընթացն էր: Նախաձեռնության շրջանակներում կազմակերպվել են 4 միջկառավարական և միջխորհրդարանական հանդիպումներ, որոնք թույլ են տվել իրականացնել միջպետական համագործակցության ծրագրեր քաղաքական, քաղաքացիական, մշակութային և տեղեկության փոխանակման ոլորտներում, ֆինանսավորվել են տարածաշրջանային ցանցի ստեղծմանը, անդրսահմանային համագործակցությանը և հասարակական շարունակական համագործակցությանն առնչվող հասարակական կազմակերպություների 36 ծրագրեր: Հետագայում ձախողվեցին գործընթացի ինստիտուցիոնալիզացմանը միտված ԵՄ ջանքերը, սակայն այն հող նախապատրաստեց տարածաշրջանային համագործակցության հետագա ձևաչափերի ներդրման համար:
Հաջորդ ձևաչափը ԱՄՆ նախաձեռնած Հարավարևելյան Եվրոպայի համագործակցության նախաձեռնությունն էր, որի նպատակն էր՝ տարածաշրջանում ապահովել Դեյթոնյան խաղաղության համաձայնագրի իրականացումը և որը բացառապես կենտրոնացած էր Բալկանյան տարածաշրջանում տնտեսական համագործակցության խորացման վրա: Նախաձեռնության կազմավորման գործընթացը հարթ չընթացավ, ակայն այն ավելի գործուն ազդեցություն ունեցավ հետհարավսլավյան տարածության վերինտեգրման վրա, քան Ռոյմոնյան գործընթացը, քանզի դրա ֆինանսավորմամբ իրականացվեցին տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման, առևտրի, տրանսպորտի, էներգետիկայի, շրջակա միջավայրի և մասնավոր հատվածի զարգացմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր: Ի տարբերություն Ռոյմոնյան գործընթացի, այն ավելի երկար պահեց իր կենսունակությունը, նպաստեց հետագա ինտեգրացիոն մարմնի՝ Տարածաշրջանային համագործակցության խորհրդի ստեղծմանը:
Զուգահեռաբար, կրկին ԱՄՆ նախաձեռնությամբ, Տիրանայում կազմավորվեց Հարավարևելյան Եվրոպայի պաշտպանության նախարարների խորհուրդը, որն անդամ-պետություններից մեկի նախագահության ներքո, պաշտպանության նախարարների և փոխնախարարների մակարդակով շարունակական հանդիպումների շարք է: Կոսովոյում ճգնաժամի ակտիվացման արդյունքում անդամ-պետությունների միջև մի շարք հակասություններ առաջացան, սակայն նախաձեռնությունը չլուծարվեց և գործում է մինչ օրս:
Արտաքին ուժերի կողմից նախաձեռնվող տարածաշրջանային համագործակցության ձևաչափերից զատ Բալկաններում առաջացավ ներքին նախաձեռնությամբ ձևաչափ ևս՝ Հարավարևելյան Եվրոպայի համագործակցության գործընթացը: Գործընթացը կրկին ենթադրում էր անդամ-պետությունների միջև շարունակական միջկառավարական հանդիպումների միջոցով համագործակցության հաստատում անվտանգային, արդարադատության, տնտեսական, հումանիտար և սոցիալ-մշակութային ոլորտներում:
Այս ձևաչափերի կիրառման փորձը ցույց տվեց, որ թե՛ ներտարածաշրջանային, թե՛ արտաքին դերակատարների կողմից ներդրված համագործակցային մեխանիզմները ունակ չեն տարածաշրջանի երկրների միջև փոխըմբռնում և բարիդրացիություն հաստատել, քանի դեռ ազգայնական կառավարությունների կողմից վարվում է էթնիկ անհանդուրժողականության քաղաքականություն: Արդյունքում, Կոսովոյում նոր պատերազմն ու ՆԱՏՕ-ի ռազմական ներխուժումը հետընթաց եղան տարածաշրջանային համագործակցության տեսանկյունից:
Այնուամենայնիվ, պետք չէ թերագնահատել առաջին շրջափուլում ներդրված համագործակցային ձևաչափերի նշանակությունը, քանի որ դրանք ծայրահեղ մասնատված տարածաշրջանում առնվազն երկխոսության հարթակներ ձևավորեցին ազգայնական կառավարությունների միջև, նպաստեցին տարածաշրջանային կայուն համագործակցության կարևորության գիտակցմանը և ակտիվացրին միջհանրային շփումները:
Երկրորդ շրջափուլին կարելի է վերագրել Կոսովոյի պատերազմից հետո (1999թ.) առաջացած համագործակցության ձևաչափերը, որոնք ի հայտ եկան տարածաշրջանային առավել խորը համագործակցության անհրաժեշտության պայմաններում, քանզի նախորդողները մասամբ կամ ամբողջովին չէին կարողացել իրականացնել իրենց նպատակները:
Այսպես, ԵՄ խորհուրդը գործարկեց «Հարավարևելյան Եվրոպայի կայունության պակտը», որի առաջնահերթությունների իրականացումը պաշտոնապես տրվեց ԵԱՀԿ-ին: Պակտը նպատակային առաջնահերթություններ էր սահմանում Բալկաններում շարունակական անկայունության ու տեղային հակամարտությունների հաղթահարումը, տարածաշրջանային համագործակցության ուժեղացումը և եվրատլանտյան կազմակերպություններին տարածաշրջանի պետությունների ինտեգրումը: Պակտն առաջինն էր, որ ՀԱԵ-ում տարածաշրջանային համագործակցության կայացումը պաշտոնապես դիտարկում էր տարածաշրջանի պետությունների ժողովրդավարացման և եվրատլանտյան կազմակերպություններին ինտեգրման համատեքստում: Յոթամյա գործունեությունից հետո՝ Կայունության պակտի եզրափակիչ զեկույցով կազմավորվեց Տարածաշրջանային համագործակցության խորհուրդը (ՏՀԽ), որի գլխավոր նպատակը ևս դեռևս եվրատլանտյան կազմակերություններին չանդամակցած պետությունների ինտեգրումն էր:
Երկրորդ շրջափուլում ՏՀԽ հետ սերտ համագործակցությամբ՝ որպես տարածաշրջանային համագործակցության առանձին ձևաչափ ներդրվեց Բեռլինյան գործընթացը կամ Արևմտյան Բալկանների գագաթնաժողովը: Բեռլինյան գործընթացի սկիզբը դրվեց Գերմանայի կանցլեր Անգելա Մերկելի նախաձեռնությամբ 2014 թ. Բեռլինում անցկացված համաժողովով, որին մասնակցում էին Արևմտյան Բալկանների 7 պետությունների (Սլովենիա, Խորվաթիա, Բոսնիա և Հերցեգովինա, Սերբիա, ՆՀՀ Մակեդոնիա, Չեռնոգորիա, Ալբանիա), Կոսովոյի, Գերմանիայի և Ավստրիայի կառավարությունների ղեկավարներն ու ԵՄ ներկայացուցչությունը: Արդյունքում, որոշում կայացվեց սկիզբ դնել Արևմտյան Բալկաններ 6 (ԱԲ6) ձևաչափին: Բեռլինյան գործընթացը ևս ԵՄ-ին ինտեգրումը և տարածաշրջանային համագործակցությունը դիտարկում էր որպես միասնական անբաժան գործընթաց, սակայն, ի տարբերություն նախորդած ձևաչափերի, կենտրոնանում էր հենց Արևմտյան Բալկանների վրա: 2014 թ.-ին հաջորդող ամենամյա միջկառավարական հանդիպումներին հաճախ տրվում են ԱԲ6+1 և ԱԲ6+1+1 ձևակերպումները, նկարագրելու համար արդեն ԵՄ-ին անդամակցած հետհարավսլավյան պետությունների՝ Սլովենիայի և Խորվաթիայի մասնակցությունը ևս: Բեռլինյան գործընթացի նպատակներն իրականացվում են ոչ միայն ամենամյա միջկառավարական գագաթնաժողովներով, այլ նաև քաղաքացիական հասարակության, երիտասարդական և ամենամյա բիզնես ֆորումների ձևաչափերով:
Համեմատելով համագործակցային ձևաչափերի երկու շրջափուլերը՝ կարող ենք փաստել, որ երկրորդ շրջափուլը կարողացավ առավել արդյունավետորեն պահպանել տարածաշրջանային կայունությունը, քանզի երկրորդ շրջափուլում, չնայած առկա միջպետական լուրջ հակասություններին, հետհարավսլավյան տարածությունը կարողացավ դիմակայել երեք անվտանգային և տնտեսական մարտահրավերների՝ 2008 թ. Կոսովոյի կողմից միակողմանի անկախության հռչակմանը, դրան հաջորդող տնտեսական և 2015 թ.-ի փախստականների ճգնաժամերին:
Հատկանշական է, որ Տարածաշրջանային համագործակցության առաջին շրջափուլին բնորոշ էին ոլորտայնությունը և չհամակարգվածությունը, երկրորդին՝ ընդհանրական եվրատլանտյան ինտեգրման մոտեցումը և համակարգվածությունը: Առաջին շրջափուլում առկա էին բազմազան և իրարից անկախ նախաձեռնություններ կամ համագործակցային ձևաչափեր, որոնք առանձին-առանձին թիրախավորում էին քաղաքական, ռազմական, տնտեսական ոլորտները, իսկ երկրորդ շրջափուլում ԵՄ-ն հանդես եկավ որպես նորմատիվ ուժ, և թե՛ ՏՀԽ-ն, թե՛ վերջինիս զուգահեռ գործող Բեռլինյան գործընթացը սկսեցին տարածաշրջանային համագործակցությունը և ԵՄ-ին ինտեգրումը դիտարկել որպես փոխկապակցված կամ նույնական գործընթացներ:
Այսպես, հետհարավսլավյան պետությունները Արևմտյան Բալկաններում ներտարածաշրջանային համագործակցային ձևաչափերը զարգացնելու փոխարեն բռնեցին արդեն իսկ գործող եվրատլանտյան ինտեգրացիոն կառույցներում ներգրավվելու ճանապարհը: