Լուսինե ԱՎԱՆԵՍՅԱՆ
Արցախի հանրային հեռուստատեսության խմբագիր
Խորհրդային պլանային տնտեսակարգի բարեփոխման գործընթացը սկսվել էր դեռ խորհրդային տարիներին: Այնպես որ, երբ հռչակվում էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը` նոր պետության հիմնադիրները համոզված էին, որ տնտեսությունն Արցախում պիտի ազատ լինի:
1992 թվականի անկախության հռչակագրում նաեւ տնտեսական hարաբերությունների ապագայի մասին էր խոսվում. ՙԼՂՀ տնտեսությունը հիմնվում է սեփականության բոլոր ձեւերի իրավահավասարության եւ Լեռնային Ղաաբաղի Հանրապետության բոլոր քաղաքացիներին տնտեսական կյանքին լիարժեք եւ ազատ մասնակցելու հնարավորություններ տրամադրելու սկզբունքի վրա՚: Իսկ 10 տարի հետո ընդունված Սահմանադրության 9-րդ հոդվածը երաշխավորում էր տնտեսական գործունեության ազատությունը եւ տնտեսական մրցակցությունը, սեփականության բոլոր ձեւերի ազատ զարգացումը եւ հավասար իրավական պաշտպանությունը:
1991 թվականից անմիջապես սկսել տնտեսական բարեփոխումները հնարավոր չէր: Ադրբեջանի հետ արդեն սկսված հակամարտությունն այդ մտադրության կենսագործումը ձգձգեց ավելի քան վեց տարով:
Ի՞նչ ուներ Լեռնային Ղարաբաղի Հանապետությունը հռչակման պահին: Տարածքը 4,4 հազար քառակուսի կմ էր, բնակչությունը` 1989 թվականի մարդահամարի տվյալներով` 189 հազար մարդ: Մոտ քսան հազար մարդ ապրում էր Շահումյանի շրջանում, որի տարածքը 600 քառակուսի կմ էր:
Լեռնային Ղարաբաղի տնտեսությունը մասն էր խորհրդային մեծ տնտեսության, ամեն ինչ պլանավորվում էր վերեւում, մարզի պարագայում նաեւ սրբագրվում Բաքվում: Հենց այդ քաղաքականության շնորհիվ էր, որ երբ սկսվեց Հայաստանի հետ վերամիավորման շարժումը, Մոսկվայից գործուղված հանձնաժողովները մեկը մյուսի ետեւից տնտեսական զարգացման համեմատաբար ցածր մակարդակ էին արձանագրում Լեռնային Ղարաբաղում: Լեռնային Ղարաբաղի բնակչությունը հիմնականում զբաղված էր գյուղատնտեսությունում: Կար 77 կոլտնտեսություն:
Արդյունաբերությունը գլխավորապես հիմնված էր տեղական հումքի վերամշակման վրա` գործում էին 14 գինեգործարաններ, մսի եւ կաթի կոմբինատներ:
Տեղական հումքի վրա էր աշխատում նաեւ ՙՂարմետաքսկոմբինատը՚, որի արտադրանքը, Ադրբեջանի վարած քաղաքականության պատճառով, շուկայում հայտնի չէր որպես արցախյան արտադրանք: Ըստ Վահան Հարությունյանի գրքում բերված տվյալների, որոնք արձանագրել են նաեւ ակադեմիկոս Խաչատուրովի գլխավորած հանձնաժողովի անդամները, Լեռնային Ղարաբաղում տարեցտարի կրճատվում էին ցորենի եւ ծխախոտի մշակման տարածքները: ԽՍՀՄ-ում հայտարարաված հակաալկոհոլային պայքարի քողի տակ կոլեկտիվ տնտեսությունները զրկվեցին եկամտի կարեւոր աղբյուրներից մեկից` խաղողայգիներից: Դրանց հատման հետեւանքով էր, որ 84-86 թվականներին բուսաբուծությունը Լեռնային Ղարաբաղում ակնում ապրեց մոտ 43 տոկոսով:
Ըստ նշյալ հանձնաժողովի` անասնապահության զարգացմանը խոչընդոտում էր կերի կոմբինատի բացակայությունը: Լեռնային Ղարաբաղի Հատուկ կառավարման կոմիտեի ղեկավար Արկադի Վոլսկին վերոհիշյալ հարցազրույցում նշում է խոշոր մեծածախ առեւտրային բազայի, պահեստների ու սառնարանների բացակայությունը: Այս ամենի բացակայությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ավելի սուր զգացնել տվեց տարիներ հետո:
1991 թվականին, երբ հռչակվում էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, արդեն իսկ ակնհայտ էր, որ երկրին խաղաղ ճանապահ չի սպասվում: Խորհրդային խշխանության վերջին տարում Արցախն իրապես շրջափակման մեջ էր եւ զգում էր տնտեսական աքցանի դաժանությունը: Շուտով դրան գումարվեց նաեւ էներգետիկ շրջափակումը:
Լարված իրավիճակը մեծ վնաս էր հասցնում գյուղատնտեսությանը: Զինված հարձակումները, որպես կանոն, բնակավայրերից որոշակի հեռավորության վրա կառուցված կաթնապրանքային ֆերմանների վրա, գողությունները, ամռանը ցորենի ու կերային կուլտուրանների դաշտերի, ձմռանը կուտակված չոր կերի դեզերի հրկիզումները դարձել էին հաճախակի:
Այս իրավիճակի հետեւանքով է, որ գյուղատնտեսությունում ցուցանիշները 1988-1991 թվականներին կրճատվեցին, մասնավորապես` անասնապահությունում, որի զարգացումը համեմատաբար կայուն էր Խորհրդային Ղարաբաղում: 1988 թվականի տվյալների համաձայն` մարզում կար 67600 խոշոր եղջերավոր անասուն, 1991 թվականին մնացել էր 60 400-ը, խոզերի քանակը նույնպես կրճատվել էր` 71 442-ից հասնելով 61 100-ի: Մոտ չորս անգամ կրճատվել էր թռչունների քանակը /1988-1989 թվականի տվյալները տես ` ՙԽորհրդային Ղարաբաղ՚, 10 օգոստոսի, 1989թ, իսկ 1991 թվականի տվյալները` ԼՂՀ վիճակագրության ազգային ծառայության հաղորդագրությունում/:
Անկասկած` գլխաքանակի փոփոխության վրա ավազակային հարձակումները մեծ ազդեցություն էին թողել: Ու այս ամենը խորհրդային բանակի զինվորների ներկայությամբ էր տեղի ունենում: Պատահական չէ, որ գյուղերում առաջին ժողովրդական պահակակետերը դրվեցին հենց կաթնապրանքային ֆերմաների (ԿԱՖ-երի) եւ կոլտնտեսությունների տեխնիկական պարկերի հարեւանությամբ, առաջին ջոկատները դրանք պաշտպանելու նպատակով ստեղծվեցին:
Պատերազմի թեժանալուց ու շրջափակման ուժեղացումից հետո ավազակային հարձակումներից փրկված ապրանքանյութական արժեքներն ու կաթնապրանքային ֆերմաները, կոլտնտեսությունների հարստությունը պահեցին բնակչությանն ու նոր ձեւավորվող բանակին:
Պատերազմը մարդկային անգնահատելի կորուստներ խլեց Լեռնային Ղարաբաղից: Տնտեսական հետեւանքները Լեռնային Ղարաբաղի տնտեսությունը զգում է առայսօր:
Զինադադարը հնարավորություն տվեց սկսել տնտեսության ապապետականացման գործընթացը: Սակայն նախ եւ առաջ սկսվեցին ռազմական գործողությունների հետեւանքների վերացման միջոցառումները: Ըստ www.shoushi.nk.am կայքում տեղադրված տվյալների` տնտեսությանը հասցված ընդհանուր վնասը գնահատվել էր հինգ միլիարդ ամերիկյան դոլար, դրանից երկու միլիարդ դոլարը գյուղատնտեսությանը հասցված վնասն էր:
Լեռնային Ղարաբաղի հարթավայրային գոտու բնակավայրերը շարունակվում են օկուպացված մնալ, մոտ 10 հազար հեկտար ոռոգովի տարածք հակառակորդի վերահսկողության տակ է, ութ հազար հեկտարը` ականապատված: Երկու հազար հեկտար այգի եւ տաս հազար հեկտար խաղողայգիներ ամբողջությամբ հրդեհված էին:
Այո, Լեռնային Ղարաբաղի տարածքը համարյա եռապատկվել էր, սակայն խախուտ ռազմաքաղաքական իրավիճակն անհնար էր դարձնում ազատագրված տարածքների տնտեսական պոտենցիալի օգտագործումը:
1995 թվականը բնութագրվում է որպես տնտեսական բարեփոխումների մեկնարկի շրջան:
Առաջին քայլը, որ կատարվեց, գների ազատականացումն էր, ինչի հետեւանքով շուկայում ապրանքների առատություն զգացվեց, սակայն դեռեւս բավականին ցածր էր բնակչության գնողունակությունը, տնտեսությունում զբաղվածների միջին ամսական աշխատավարձը 1995 թ. կազմում էր 4126 դրամ: Այս ժամանակաշրջանում սկսվեց դրամի արժեզրկման գործընթացը: Չնայած դրան` հայտնվեցին նաեւ առաջին անհատ ձեռնարկատերերը: Սկսվեց քաղաքական ու տնտեսական կարգի բարեփոխման համար օրենսդրական բազայի ստեղծումը: Չնայած պետականորեն կիրառվող քաղաքակիրթ մեթոդներին` խաղաղության առաջին տարիները բնակչության շերտավորման սկիզբը դրեցին: Պետական հիմնարկներում աշխատողների ցածր եկամուտը, արդյունաբերական ձեռնարկությունների հարկադիր պարապուրդը կամ արտադրության կրճատումը, գյուղատնտեսությունում` իրականում չվերահսկվող վիճակը, սուբյետիվ մի շարք գործոններ նախկին պետական հարստության ոչ հավասարաչափ բախշման հանգեցրին:
Պետական ձեռնարկությունները վերակազմավորվեցին փակ բաժնետիրական ընկերությունների: Սակայն պատերազմից հետո եւ շրջափակման պայմաններում արցախյան արդյունաբերական ձեռնարկությունների մեծ մասը կորցրեց իր գործընկերներին եւ իրացման շուկան: Մի կողմից` դա, մյուս կողմից` ոչ գրագետ մարկետինգի վարումը /տարբեր տարիների անցկացրած մեր հարցումները պարզել են, որ նախկին պետական ձեռնարկությունների ղեկավարությունը մեծ դեր էր վերապահում պետական պատվերին, որը տարեցտարի կրճատվում էր, ու ինքնաբերաբար ձեռնարկությունը մատնվում էր պարապուրդի/, ապա նաեւ շուկայի պահանջներին համապատասխան ներքին բարեփոխումներ չկատարելը, տեխվերազինման բացակայությունը հանգեցրին այդ ձեռնարկությունների անգործությանը: Այսպես, 1995-1999թթ., չորս տարվա ընթացքում, էլեկտրատեխնիկական արդյունաբերության արտադրանքը` լուսատուների քանակը 18300-ից նվազել է մինչեւ 4400 հատի (տես` ԼՂՀ վիճակագրական տեղեկագիրք, 1995-1999թթ): Եթե ԼՂ արդյունաբերական հսկան` Ղարմետաքսկոմբինատը, 1995թ. արտադրել է մոտ 130,9 հազար գծամետր անմշակ կտոր, ապա 1999թ. արտադրվել է ընդամենը 24,8 հազար գծամետր կտոր: Կոնդենսատորների գործարանը, որի արտադրանքի քանակը խորհրդային տարիներին 100 միլիոն հատով էր հաշվում, հրադադարի տարում արտադրել է 5 272300 հատ, այսօր գործարանում մնացել է միայն մեխանիկական ցեխը, որն արտադրում է տարեկան 20-25 հազար հատ կոնդենսատոր:
Հրադադարից մինչեւ 2000թ. ընկած ժամանակաշրջանում առաջին քայլերը կատարվեցին պատերազմի ընթացքում ավերված ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ: Շինարարության ծավալը, սակայն, դեռեւս բավականին ցածր էր:
1999 թ. սկսվեց պետական գույքի մասնավորեցման գործընթացը: Եթե հողի եւ գյուղում գտնվող այլ սեփականության անհատույց սեփականաշնորհման գործընթացի արդյունքում գյուղաբնակը որոշակի արտադրամիջոցների տեր դարձավ, ապա քաղաքաբնակների բացարձակ մեծամասնությունը զրկվեց այդ հնարավորությունից: Պետական գույքի մասնավորեցման գործընթացին հետպատերազմական տարիներին մասնակցելու հնարավորություն ունեին քիչ թվով մարդիկ: Խոշոր ձեռնարկություններն այդպես էլ ամբողջական տեսքով ներդրողներին չգրավեցին, ու դրանց օտարումը սկսվեց առանձնացված գույքի տեսքով:
Ուշագրավ է, որ դրանց հիման վրա ստեղծված նոր արտադրամասերից շատերը մինչ այժմ էլ կասկածելի արդյունավետություն ունեն, ասել է թե` դժվար է նաեւ գնահատել այդ պրակտիկայի արդյունավետությունը: Ստեղծված ձեռնարկություններից եւ ոչ մեկն առայժմ մեծ ազդեցություն չի թողնում ապրանքների ներմուծման կրճատման վրա, որոշները նույնիսկ աշխատում են ներմուծվող հումքի հիման վրա:
Եվս մեկ ուշագրավ վիճակագրական տվյալ. 1995-1999 թվականներին արդյունաբերական ձեռնարկությունների թիվը 23-ից հասավ 105-ի, բայց արդյունաբերական արտադրանքի ծավալը համարյա չփոխվեց, իսկ այդ ճյուղում զբաղվածների թիվը 2773-ից նվազեց մինչեւ 2438 մարդ:
Այնուամենայնիվ, այլ էր պատկերն, օրինակ, այն ձեռնարկություններում, որոնք օտարվեցին կամ սեփականաշնորհվեցին առանց բաժան-բաժան արվելու, կամ պահպանեցին պետական հովանավորությունը: Օրինակ` Ստեփանակերտի կարի եւ կոշկի միավորված ֆաբրիկան պետական պատվերի շնորհիվ կարողացավ գոյատեւել ու այսօր էլ աշխատում է:
Այսքանով հանդերձ, համախառն ներքին արդյունքում 2000 թվականին արդյունաբերության մասնաբաժինն ընդամենը 7,2 տոկոս էր:
Ընդ որում, համարյա բոլոր ճյուղերում ցուցանիշների նվազում էր արձանագրվել, բացի այն արտադրաճյուղերից, որոնք տեղական հումքի վերամշակմամբ էին զբաղվում: Խոսքն այս փուլում փայտամշակման ու սննդի արդյունաբերության մասին է:
Արդյունաբերության ցուցանիշների աճ տեղի ունեցավ 2000-2006 թվականներին: Այդ շրջանը Լեռնային Ղարաբաղում նոր ձեռնարկությունների ստեծման, նաեւ նոր արտադրաճյուղերի հիմնադրման ժամանակաշրջան էր:
Արդեն 2006-ին համախառն ներքին արդյունքի կազմում արդյունաբերության ծավալը 18,4 տոկոս էր: Մեծանում էր շինարարության ծավալը: Պատերերազմի հետեւանքների վերացմանն ուղղված քայլերը հանգեցրին նրան, որ սկսեցին զարգանալ այնպիսի ճյուղեր, ինպիսին են էներգետիկան, տրանսպորտը, կապը:
Փոխվեց նաեւ ըստ սեփականության ձեւի ձեռնարկությունների դերն արդյունաբերության ծավալում: Եթե 2000 թվականին մասնավոր հատվածն արտադրում էր արդյունաբերական արտադրանքի 25 տոկոսը, ապա 2005 թվականին արդեն 80 տոկոսը: Պետությունը սկսեց ներդումներ կատարել տնտեսությունում` վարկավորելով փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացումը, 2003-2006 թվականներին ներդրումները կազմել են մոտ երկու միլիարդ դրամ:
Դրմբոնի հանքը շահագործող նորաստեղծ ՙԲեյզ Մեթըլս՚ ընկերությունը 2004 թվականից սկսեց ավելի մեծ դերակատարում ունենալ արդյունաբերության ծավալում, ապա եւ ՀՆԱ-ի կառուցվածքի վրա: Հանքարդյունաբերությունը վերջին տարիներին ինքնըստինքյան ամենաառաջատար ճյուղերից մեկն է: ՙԲրիջ-2010՚ տնտեսական ֆորումի ժամանակ ՙՀայկական պղինձ ծրագրեր՚ ընկերության նախագահ Վալերի Մեջլումյանը հայտարարեց, որ ընկերությունը Մարտակերտի շրջանում ավարտում է Ծաղկաշենի հանքադաշտի հետազոտությունը, որը 500 միլիոն դոլարի ներդրում է պահանջում, ներդրումների վերադարձ երաշխավորվում 4-5 տարում:
Հեռահաղորդակցությունների ոլորտում առաջատար է հանդիսանում ՙՂարաբաղ Տելեկոմ՚ ընկերությունը, որը ստեղծվել է արտասահմանյան խոշոր ներդրումների հաշվին: 2010 թվականին այս ընկերության կողմից ԼՂՀ բյուջե է մտցվել 1 միլիարդ 336 միլիոն դրամ, կամ` բյուջեի մոտ 10 տոկոսը: Բացի դրանից, ընկերությունը տարեկան 500-600 միլիոն դրամ է ծախսում բարեգործական ծրագրերի համար, հիմնականում` առողջապահության ոլորտում: Ընկերությունը ներդրումների նոր փուլ է սկսել ինտերնետ ցանցի զարգացման նպատակով: 2011 թվականին նախատեսվում է ԼՂՀ ողջ տարածքում գործարկել 3G համակարգը:
Էներգետիկան հեռանկարային այն ճյուղն է, որի զարգացմամբ ԼՂՀ-ն հնարավորություն ունի տարածաշրջանային խաղացողի կարգավիճակին հավակնել: ԼՂՀ Ջրային պաշարների օգտագործման մասին իշխանությունները սկսել են խոսել դեռ տաս տարի առաջ, սակայն շոշափելի արդյունք այդ հարցում արձանագրվել է վերջին երեք տարվա ընթացքում, ոռոգովի տարածքները համարյա եռապատկվել են, կառուցվել են երկու փոքր ՀԷկ-եր, երեքն էլ կշահագործվեն 2011-ին: 30 մեգավատ ընդհանուր հզորությամբ փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման արդյունքում 350 մլն. կ/վ ժամ էլեկտրաէներգիա կարտադրվի, որի մի մասը կարտահանվի: Արտաքին աշխարհի իրադարձությունները նույնպես իրենց ազդեցությունն են թողնում: Էներգակիրների թանկացումը հրատապ է դարձնում էներգետիկ նախագծերն ու տնտեսական ինքնաբավության ապահովմանն ուղղված միջոցները:
Բնակչությանը պետական սեփականության բաժնետեր դառնալու հնարավորություն տվող առաջին քայլը կատարվեց: Ստեղծվեց ՙԱրցախհէկ՚ ԲԲԸ, որի բաժնետերերի թիվն այսօր 1200 է:
Բուսաբուծությունում, մասնավորապես հացագործությունում որոշակի աճ գրանցվեց ի հաշիվ էքստենսիվ հողագործության. ցանքատարածությունների մակերեսը հինգ տարում 31 780 հեկտարից հասավ 59 584 հազար հեկտարի, հնձված ցորենի քանակը` 36 585 տոննայից 2003-2004 թվականներին հասավ մինչեւ 87 հազար տոննայի, 2006-ին Լեռնային Ղարաբաղում ստացան 64 442 հազար տոննա բերք: Իսկ ահա բուսաբուծության մյուս ճյուղերում ցուցանիշներն անկում ապրեցին: Շնորհիվ խաղողագործությունում կատարված ներդրումների` 2000 թվականի համեմատ կրկնապատկվեց մթերվող խաղողի քանակը, սակայն 6 286,7 տոննա բերքը մոտ հինգ անգամ քիչ է 1995 թվականին մթերված խաղողի քանակից` 32650,2 տ:
Այս ցուցանիշն էլ իր ազդեցությունը թողեց սննդի արդյունաբերությունում զգալի տեսակարար կշիռ ունեցող ալկահոլային խմիչքների արտադրության ոլորտի վրա, մասնավորապես` գինու եւ կոնյակի արտադրությունը կրճատվեց: Սննդի արդյունաբերությունում ցուցանիշները համեմատաբար բարձր էին 2003-2004թթ.:
Անասնապահությունում գլխաքանակի որոշակի աճ կար, բայց հետզհետե կրճատվում էր առեւտրային տնտեսություններում պահվող անասնագլխաքանակը: Հացագործությունում, ընդհակառակը, առեւտրային տնտեսությունները շարունակում էին ավելի ու ավելի շատ արտադրանք տալ:
Սպառողական պահանջարկի պահպանման եւ բնակչության եկամուտների աճի գործում դեր ունեն նաեւ մասնավոր տրանսֆերները: Արտերկրում ապրող ծագումով ղարաբաղցիների մեծ մասը շարունակում են կապ պահել իրենց հայրենիքի հետ: Բյուջետային սղաճը փակվում է Հայաստանի կառավարության կողմից տրամադրվող միջպետական վարկերի հաշվին:
Արդեն 10 տարուց ավելի է, ինչ ԱՄՆ կոնգրեսի որոշմամբ ԼՂՀ-ին անմիջական օգնություն է տրամադրվում, որը հիմնականում ուղղվում է պատերազմի հետեւանքների վերացմանը, հանրապետության հումանիտար կարիքների բավարարմանը:
Լեռնային Ղարաբաղի տնտեսական կյանքում նոր շրջան սկսվեց 2007 թվականին: Տնտեսական առաջնահերթությունները չփոխվեցին, բայց ահա փոխվեցին մոտեցումները:
2007 թվականն անցած ճանապարհի վերագնահատման տարի էր: Գյուղատնտեսություն, էներգետիկա , զբոսաշրջություն, լեռնահանքային արդյունաբերություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ` այս ուղղությունները հայտարարվեցին որպես առաջնահերթություններ, իսկ գյուղատնտեսությունը սկսեց դիտարկվել որպես այն ճյուղը, որի զարգացումն իր ետեւից պիտի տանի ողջ տնտեսությունը:
Որոշակիորեն հաշվի առնվեցին անցած տարիների բացթողումները: Արդեն 2008 թվականից Գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի խողովակներով դեպի գյուղացին ուղղվեցին պետական միջոցները: Առայսօր վարուցանք կատարելու համար չորս միլիարդ ութհարյուր յոթանասուն միլիոն դրամի գումար է ստացել գյուղացին: Դրանից չորս միլիարդ յոթանասուն միլիոնը փոխառնության տեսքով: Սկսվեց գյուղատնտեսական տեխնիկայի նորացման գործընթացը:
Սրա արդյունքում ակնկալվում էր ավելացնել գյուղատնտեսական արտադրանքի ծավալը, նաեւ շուրջ տասնութ հազար մանր գյուղացիական տնտեսությունների վիճակը բարելավել: Սակայն մի կողմից բնակլիմայական պայմանները, մյուս կողմից դեռեւս ագրոմիջոցառումների ոչ պատշաճ կիրառումն այդպես էլ ցուցանիշների աճ չարձանագրեցին, ընդհակառակը, անկախության առաջին տարվա հնձված 52610,2 տոննա հացահատիկի փոխարեն 2010-ին ստացանք 57420 տոննա բերք: Խաղողագործության ծավալը կրճատվել է մոտ 12 անգամ: Անասունների գլխաքանակի աճ է գրանցվել, սակայն 2010-ի ցուցանիշները 1991 թվականի հետ համեմատած բավականին ցածր են: Հավանաբար, գալիք տարիներին տնտեսական բարեփոխումների նոր փուլ կսկսվի, կառավարական մակարդակով քարոզվում է գյուղացիական մանր տնտեսությունների կոոպերացիաների ստեղծման գաղափարը: Խոշոր եղջերավորների քանակը կրճատվել է տասնհինգ հազարով, խոզերինը` համարյա կրկնակի անգամ, թռչուններինը` երեք անգամ: Գործող կառավարության ծրագրերի համաձայն` անասնապահության զարգացման համար սկիզբ է դրվել տոհմային գործին: Սակայն դրանց ազդեցությունն անասնապահության ողջ բնագավառի զարգացման վրա դեռեւս ակնառու չէ: Պետական ագրոտեխնիկական ծառայությունների ստեղծումը մի կողմից պետք է լրացնի գյուղատնտեսական տեխնիկայի պակասը, մյուս կողմից` դրանց միջոցով վարձակալված տարածքների մշակումը, ըստ նախաձեռնողների, պետք է հանգեցնի գյուղատնտեսական արտադրանքի ծավալի մեծացման, ինչը պետք է հետագայում գների զսպման գործիք դառա:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը շարունակում է գյուղատնտեսական արտադրանք եւ դրա վերամշակման արդյունք հանդիսացող մթերքներ ներկրող երկիր լինել, տարեկան դրա վրա ծախսելով 25-30 միլիարդ դրամ: Փոխել այս ցուցանիշը` թերեւս սա է Լեռնային Ղարաբաղի գյուղատնտեսության ոլորտի նպատակը: Մասնագետների կարծիքով` Լեռնային Ղարաբաղն իր գյուղատնտեսության զարգացման ներուժով կարող է կերակրել ոչ միայն ԼՂՀ, այլեւ Հայաստանի Հանրապետության բնակչությանը: Այսօր Լեռնային Ղարաբաղում մեկ շնչի հաշվով գյուղատնտեսական հողերի մակերեսը մեծ է, քան այլ տեղերում, իսկ մեկ մարդուն բաժին է ընկնում մոտ կես հեկտար մշակովի հողահանդակ: Այլ հարց է, որ հիմնական արտադրաճյուղը մնում է հացահատիկի արտադրությունը, չնայած պետական միջնորդությամբ այլ կուլտուրաններ մշակելու փորձերին: ՌԴ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Աբել Աղանբեկյանի կարծիքով` Արցախի տնտեսության առաջատարը կարող է լինել անասնապահությունը, որը եւ իր ետեւից կտանի ողջ տնտեսությունը: Ակադեմիկոսի գլխավորած խմբի զեկույցը 2011 թվականի փետրվարին հանձնվել է ԼՂՀ կառավարությանը:
Վերջին տարիներին առաջին քայլերը կատարվեցին գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման համար: ՙԱրցախկաթ՚ ընկերությունը փորձում է նոր հարաբերություններ հաստատել կաթ արտադրողների հետ: Պետական հովանավորությամբ ստեղծվեց ՙԱրցախֆրուտ՚ ընկերությունը, որը հաջողությամբ ներկայացավ արտասահմանյան շուկայում: Ըստ ակադեմիկոս Աղանբեկյանի զեկույցի` շուկայում արտադրանքի պահանջարկն ավելի մեծ է, քան կարող է արտադրել ձեռնարկությունը: Այսօր Արցախում մեծ ուշադրություն է դարձվում ոռոգովի տարածքների ավելացմանը, սակայն, ըստ մշակված պլանի, նույնիսկ 2013-ին հայտարարված 15 հազար հեկտար ոռոգովի տարածքն այն մակերեսը չէ, որ առկա էր խորհրդային տարիներին: Լիովին չի օգտագործվում հանրապետության ողջ տարածքի ներուժը:
Տնտեսության զարգացումը, բնակականաբար, ինքնանպատակ չէ: Բնակչության կենսամակարդակի բարձրացումն այն կարեւոր ու Լեռնային Ղարաբաղի համար կենսական գործոնն է, որը պիտի ապահովի այդ զարգացումը: Քսան տարվա ընթացքում, անկախ տնտեսական բարեփոխումների ընթացքից, բնակչության եկամուտների աճ գրանցվել է, սակայն հասարակության շերտավորումը, սոցիալապես անապահով խավի գոյությունը պետության առջեւ նոր խնդիրներ են դրել: Լեռնային Ղարաբաղի պետական բյուջեի ծախսային մասում ամենամեծ չափաբաժինը շարունակում է ունենալ սոցիալական ոլորտը: Գերխնդիր է սեփական եկամուտների ծավալի ավելացումը եւ արտաքին վարկի չափի հարաբերական կրճատումը, որը հնարավորություն կտա ավելի անկախ սոցիալական քաղաքականություն վարել, հատկապես գնաճի դեմ պայքարում: Միջին խավի ձեւավորման գործընթացը դանդաղում է, իսկ գյուղացիական կոոպերացիաների ստեղծման գաղափարը հղի է հոգեբանական ստորջրյա խութերով:
Իհարկե , Լեռային Ղարաբաղն ունի արտաքին տնտեսական շահեր, սակայն դրանց իրագործման ամենամեծ խոչընդոտը մնում է չկարգավորված հակամարտությունը: Թուրքիան եւ Ադրբեջանի Հանրապետությունը շարունակում են Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի տնտեսական շրջափակումը: Ադրբեջանը խոչընդոտներ է հարուցում արցախյան ապրանքների արտահանման համար եւ ներդրումների առաջն առնելու փորձեր կատարում: Միջազգային կառույցների լռելյայն համաձայնությունն այս իրավիճակին կարելի է գնահատել որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը տնտեսապես թուլացնելու եւ խաղաղ բնակչությանն իր բնօրրանից դուրս մղմանն ուղղված ադրբեջանական ագրեսիվ քաղաքականության պաշտպանություն, ինչն ինքնին նվազեցնում է տարածաշրջանային որեւէ համատեղ տնտեսական նախագծում Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի մասնակցությունը:
Ինչպիսին կարող է լինել Լեռնային Ղարաբաղի տնտեսությունը եւս տասը տարի հետո: Մասնագետների գնահատմամբ` Արցախում հնարավոր կլինի մեկուկես անգամ մեծացնել բուսաբուծության, երեք անգամ անասնապահական արտադրանքի ծավալը: Միանգամայն իրական է ընդհանուր գյուղատնտեսության ծավալի ներկայիս ցուցանիշի կրկնապատկումը, պարենային ապրանքների ներմուծման կրճատումը: Էներգետիկ ծրագրերի կենսագործման արդյունքում այլեւս էլեկտրականություն չի ներմուծվի: Բիովառելիքի հիման վրա նոր արտադրաճյուղի զարգացումը կհանգեցնի կենցաղավարման մեջ գազի եւ էլեկտրականության սպառման ծավալների կրճատման, եւ արտահանման նոր արտադրանք կունենա երկիրը: Հանքաարդյունաբերության զարգացմանը զուգահեռ կկենսագործվեն զբոսաշրջային գոտիների կահավորման ծրագրերը եւ այդ ճյուղը կսկսի լուրջ դերակատարություն ունենալ ԼՂՀ տնտեսության զարգացման գործում:
Պլանային տնտեսության բարեփոխված տարբերակի տեղայնացված կիրառումը` արտադրական լրիվ շղթայի ապահովմամբ, կարող է հանգեցնել հանրապետության շրջանների եւ առանձին վերցրած` գյուղացիական տնտեսությունների նպատակային զարգացմանը: Ազատագրված տարածքները վերջնականապես կինտեգրվեն ԼՂՀ տնտեսությունում:
Այնուամենայնիվ, հնարավո՞ր է, արդյոք, որ տնտեսական հարաբերություններն ազդեն հակամարտությունների կարգավորման վրա: Ինչպիսի՞ քայլեր կարող են նպաստել դրան.
1. թշնամու կերպար ձեւավորելու քայլերի բացառումը
2. սահմանամերձ գոտիներում հրադադարի ուժեղացված ռեժիմի ապահովումը բերքահավաքի եւ գյուղատնտեսական մյուս աշխատանքների ժամանակ
3. համագործակցությունը բնական ու տեխնածին աղետների ժամանակ, այդ թեմայով սադրիչ քարոզչության բացառումը
4. սահմանային գոտում ջրային ռեսուսների համատեղ օգտագործումը
5. տնտեսական ապաշրջափակումը
6. արտաքին շուկայում մեկը մյուսի ապրանքների հակաքարոզչության բացառումը
Այս ամենն ապահովելու համար ազգային կառավարություններից բարի կամք եւ քաղաքական համարձակություն է պահանջվում: Տարածաշրջանային էլիտան եւ միջազգային դերակատարները կարող են, հենվելով քաղաքական իշխանությունների` հակամարտությունը խաղաղ կարգավորելու հանձնառության վրա, նախապատրաստել վերոհիշյալ կետերի շուրջ համատեղ գործողությունների պլանի մշակումը կամ համաձայնագրի ստորագրումը` մինչեւ խաղաղության համապարփակ պայմանագրի ստորագրումը, եւ վերահսկել դրա կատարումը: Տնտեսական համագործակցության, ավելի ճիշտ` ՙՏնտեսական դաշտում խաղաղության մասին՚ համաձայնագիրը հետագայում` վերջնական պայմանագրի ստորագրումից հետո, կարող է թարմացվել համագործակցության մասին կետերով:
Հղումներ
ДЕКЛАРАЦИЯ о провозглашении Нагорно-Карабахской Республики, http://www.president.nkr.am/ru/nkr/nkr1
ДЕКЛАРАЦИЯ О ГОСУДАРСТВЕННОЙ НЕЗАВИСИМОСТИ НАГОРНО-КАРАБАХСКОЙ РЕСПУБЛИКИ, http://www.president.nkr.am/ru/nkr/nkr2
Конституция Нагорно-Карабахской Республики, http://www.president.nkr.am/ru/constitution/
В. Арутюнян, События в Нагорном Карабахе, Ч 1, ст. 47-51, Ереван 1990/ Интервью с
А. Вольским, газета “Социалистическая индустрия”, 30 апреля, 1989г.
Г. Арустамян, “Честь моя, боль моя Каршелккомбинат”, Степанакерт, 2010, с. 25
Левон Мелик-Шахназарян, Военные преступления Азербайджана против мирного неселения Нагорно-Карабахской республики, глава 11-17, http://armenianhouse.org/mshakhnazaryan/docs-ru/crime/chapter11_17.html
Данные предоставлены Национальной статистической службой НКР
Левон Мелик-Шахназарян, Военные преступления Азербайджана против мирного неселения Нагорно-Карабахской республики, глава 11-17 http://armenianhouse.org/mshakhnazaryan/docs-ru/crime/chapter11_17.html.
Статистический справочник НКР 1995-1999.
Статистический справочник НКР, 2007
Правительство НКР и “Карабах Телеком” подписали меморандум о сотрудничестве, http://www.panorama.am/ru/health/2008/04/26/xt/
Интервью премьер-министра НКР Ара Арутюняна журналу Аналитикон, N 3 (15) / 2010 г, http://analyticon.org/2010/N4/3_archive.pdf
«Принцип «мир в обмен на территории» неприемлем», – интервью президента Нагорного Карабаха, http://news.am/rus/news/63210.html