Ազեր ԱԼԱՀՎԵՐԱՆՈՎ
Բաքու
Ներածություն
Լեռնային Ղարաբաղի շուրջ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման բանակցությունները շարունակվում են արդեն 16 տարի: Չնայած երկու երկրների քաղաքական ղեկավարության, ԵԱՀԿ Մինսկի խմբի, ինչպես նաեւ զանազան միջազգային կազմակերպությունների ջանքերին` հիմնախնդիրն առաջվա պես շարունակում է փակուղում մնալ:
Միեւնույն ժամանակ` կան դրական փոփոխությունների որոշ նշաններ, որոնք առաջին հերթին առնչվում են կարեւորագույն հարցերի մի շարք հայեցակետերի համաձայնեցմանը, ինչն արտացոլվում է բանակցային գործընթացին մասնակից երկրների առաջնորդների ամենատարբեր հռչակագրերում[1] եւ համատեղ հայտարարություններում:[2]
Բանակցային գործընթացին ուշադիր հետեւում են ադրբեջանական հանրության առանց բացառության[3] բոլոր շերտերը, էլ չենք խոսում փախստականների ու հարկադիր տեղաշարժվածների մասին: Բոլորն էլ անհամբերությամբ սպասում են, որ հակամարտության կողմերը վերջապես կոնսենսուս ձեռք կբերեն կարեւորագույն հարցերի շուրջ եւ կստորագրեն խաղաղ պայմանագիր, որը կգործարկի փախստականների ու ներքին տեղաշարժված անձանց (ՆՏԱ) վերադարձի գործընթացը:
Ելնելով «մի վնասիր» սկզբունքից` սույն աշխատության հեղինակը որոշել է չխորանալ ղարաբաղյան հակամարտության պատմության մեջ: Դրա փոխարեն նա փորձել է վերլուծել ադրբեջանական հասարակայնության տեսանկյունները ղարաբաղյան հակամարտության ապագա հնարավոր խաղաղ կարգավորումից հետո փախստականների ու ՆՏԱ-ների` նախկին կեցավայրերը վերադառնալու մասին եւ հետազոտել այդ սցենարի սոցիալական եւ հոգեբանական հայեցակետեր:
1. Փախստականների ու ՆՏԱ-ների նկատմամբ ներկայիս քաղաքականությունը
1.1. Փախստականների ու ՆՏԱ-ների հետ կապված ընդհանուր իրավիճակն Ադրբեջանում
Գաղտնիք չէ, որ փախստականներն ու ՆՏԱ-ները Ադրբեջանի բնակչության ամենախոցելի հատվածն են: Այսպես, Բաքվում, Սումգայիթում, Գյանջայում եւ այլ խոշոր քաղաքներում ՆՏԱ-ները տեղաբաշխվել են պետական շենքերում, դպրոցներում, մանկապարտեզներում, ուսանողական հանրակացարաններում: Զարգացման ասիական բանկի տվյալներով` փախստականներն ու ՆՏԱ-ները շարունակում են մնալ Ադրբեջանի ամենաչքավոր խմբերը եւ լինելով այդպիսին` նրանք դիտարկվում են որպես առաջնային խումբ, որն առանձնակի ուշադրության կարիք ունի աղքատության կրճատման ծրագրում: Ներկայումս փախստականներն ու ՆՏԱ-ները շարունակում են տառապել ջրամատակարարման եւ կոյուղու բացակայությունից, ինչպես նաեւ համարժեք բուժսպասարկում եւ կրթություն չստանալուց: ՄԱԿ գլխավոր քարտուղարի` մարդու իրավունքների գծով հատուկ ներկայացուցիչ Ուոլտեր Քելինն ուշադրություն է դարձրել այս ոլորտում առկա խնդիրների ծավալին Բաքու կատարած իր այցի ժամանակ` 2010 թվականի մայիսին. «…տասնյակ հազարավոր ադրբեջանցի ՆՏԱ-ները շարունակում են ապրել անտերունչ, ծայրահեղ նեղ եւ առավելագույնս հակասանիտարական կոլեկտիվ կեցավայրերում»:[4]
Լայն տարածում ստացած թերսնումը, մանկական մահացությունը գտնվում են 26 տոկոսի սահմաններում (համեմատության համար` հանրապետությունում միջին մակարդակը 10 տոկոս է):
Այս իրավիճակը շտկելու եւ ՆՏԱ-ների կենսապայմանները բարելավելու համար կառավարությունը միջոցներ է ձեռնարկում կանոնավոր օգնության ապահովման եւ ՆՏԱ-ների համար նոր բնակավայրերի շինարարության համար: Փախստականների ու ՆՏԱ-ների սոցիալական եւ տնտեսական պայմանների բարելավման կառավարական ծրագիրը սկսել է պտուղներ տալ վերջին տարիներին: Վերջին չորս տարում ՆՏԱ-ների շրջանում աղքատության մակարդակը 75 տոկոսից ընկել է մինչեւ 25 տոկոս:
1.2. Փախստականների ու ՆՏԱ-ների մասին վիճակագրական տվյալներ
Հանրությանը հայտնի տարբեր փաստաթղթերում ու զեկույցներում հսկայական տարակարծություն կա փախստականների ու ՆՏԱ-ների իրական թվաքանակի վերաբերյալ: Սա ծնում է կասկածներ եւ փաստերը խեղաթյուրելու հիմնավորված մեղադրանքներ:[5] Սույն ուսումնասիրության կարեւորությունը ուշադրության առնելով` մենք օգտագործել ենք պաշտոնական աղբյուրներից ստացված տվյալներ:[6]
Ըստ պաշտոնական տեղեկատվության` 2010 թվականի հունվարին առկա էին 248 հազար փախստական Հայաստանից (ինչը կազմում է փախստակաների ու ՆՏԱ-ների ընդհանուր թվի 29.7 տոկոսը) եւ 586 հազար ՆՏԱ (որը կազմում է 70.3 տոկոսը): Այդ թվից 242 հազար ՆՏԱ-ներ (41.3 տոկոս) ապրում էին Բաքվում եւ Սումգայիթում, իսկ 344 հազար ՆՏԱ-ներ երկրի այլ մասերում (58.7 տոկոս):[7] 138 հազար փախստականներ (55.6 տոկոս) ապրում են քաղաքներում, 111 հազար փախստականներ (44.4 տոկոս)` գյուղական վայրերում:
Հարկ է նշել, որ փախստականների ու ՆՏԱ-ների քանակի մասին ընդհանուր թվերն Ադրբեջանում չեն ներառում վիճակագրական տվյալներ Հայաստանի հետ սահմանին գտնվող 21 ադրբեջանական գյուղերի բնակիչների մասին: ԼՂԻՄ սահմաններից դուրս ու նրա շուրջ գտնվող գյուղերը եւ յոթ շրջանները հայկական ուժերի կողմից զավթվել են պատերազմի ընթացքում:[8] Ադրբեջանական Հանրապետության նախագահի վարչակազմի տվյալներով` այդ ժամանակ այնտեղ ապրում էր 128 հազար մարդ:[9] Զավթումից հետո այդ գյուղերի բնակիչները չեն լքել իրենց շրջանները, այլ բնակություն են հաստատել հարեւան գյուղերում ու քաղաքներում: Եթե մենք այդ թվաքանակը գումարենք ՆՏԱ-ների ընդհանուր թվին, ապա կարելի կլինի ասել, որ բնակչության այս հատվածը կազմում է 700 հազար մարդ:
1.3.Կառավարության կողմից օգնություն փախստականներին ու ՆՏԱ-ներին
2001 թվականից` Ադրբեջանում նավթից ստացվող եկամուտների զգալի ավելացմանը զուգընթաց, հանրապետությունը զգալի հնարավորություններ ունի ՆՏԱ-ների համար նոր կեցավայրերի շինարարության եւ նրանց վերաբնակեցման համար: 2001 թվականից մինչեւ 2010 թվականի հոկտեմբերը Ադրբեջանի պետական նավթային ֆոնդը (ՊՆՖ) 692,900,000 մանաթ է (շուրջ 866,100,100 ԱՄՆ դոլար) հատկացրել նոր կեցավայրերի շինարարության համար: Այս փողերն օգտագործվել են երկրի տարբեր մասերում կեցավայրերի ստեղծման նպատակով` էլեկտրաէներգիայի, ջրի, գազի եւ սոցիալական ու տեխնոլոգիական այլ ենթակառուցվածքների ապահովմամբ: Ընդհանուր առմամբ` պետական միջոցներով եւ Փախստականների ու ՆՏԱ-ների պետական կոմիտեի, ՆՏԱ-ների սոցիալական զարգացման հիմնադրամի եւ Տարածքների վերականգնման ու վերակառուցման ադրբեջանական գործակալության ակտիվ մասնակցությամբ կառուցվել են 57 նոր կեցավայրեր: Կառուցված եւ ՆՏԱ-ներին տրամադրված նոր տների ընդհանուր թիվը կազմում է 16,677` լրացուցիչ 287 համապիտանի վարչական շենքերով:[10] Ըստ պաշտոնական տվյալների` շուրջ 100 հազար փախստականներ եւ ՆՏԱ-ներ արդեն տեղափոխվել են նոր կեցավայրեր, այդ թվում` 11 հազար փախստական եւ 89 հազար ՆՏԱ: Հանրակացարաններում ապրող փախստականների ու ՆՏԱ-ների տեղաբաշխման գործընթացը կսկսվի 2011 թվականին:[11]
Հարկ է ընդգծել, որ գյուղերում վերաբնակիչներին հատկացված նոր տները նրանց չեն պատկանում, նրանք տուն են ստացել փախստականների ու ՆՏԱ-ների եւ նրանց գործերով զբաղվող պետական կոմիտեի միջեւ կնքված պայմանագրով: Երբ զավթված տարածքները Հայաստանի վերահսկողությունից կանցնեն Ադրբեջանին, եւ ՆՏԱ-ները կվերադառնան իրենց տները` նրանց այլեւս պետք չեն լինի իրենց հատկացված տները, որոնք արդեն այլ նպատակների կծառայեն: Ադրբեջանում չկա ինտեգրացման գիտակցված ռազմավարություն:
1.4. «Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» ստատուս-քվոյի ազդեցությունը իրենց վերադարձին փախստականների ու ՆՏԱ-ների վերաբերմունքի վրա
Առկա «Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակը պարունակում է նոր լարվածության վտանգ: Հակամարտության երկու կողմերի ԶԼՄ-ներում առկա ռազմատենչ հռետորությունը, փակուղում գտնվող բանակցությունները, «շփման գծում» պարբերաբար բազմապատկվող զոհերը հանգեցրել են, մի կողմից, խաղաղ նախաձեռնությունների խափանմանը եւ, մյուս կողմից, ռազմական գործողությունների հրահրմանը: Սակայն հակամարտության ռազմական լուծումը կհանգեցնի հակամարտության երկու կողմերում էլ զանգվածային զոհերի եւ ազգային ողբերգության կվերածվի երկու ժողովուրդների համար: Ահա թե ինչու ադրբեջանական հանրապետությունը փորձում է ազատագրել զավթված տարածքները եւ լուծել ղարաբաղյան հակամարտությունը բացառապես խաղաղ միջոցներով:
Ինչպիսին էլ լինի սցենարը (ռազմական գործողություններ կամ խաղաղ բանակցություններ), խաղաղության պայմանագիր ստորագրվելու է կողմերի միջեւ, ինչն էլ հանգեցնելու է զավթված տարածքների ազատագրմանը ինչպես բուն Լեռնային Ղարաբաղում, այնպես էլ նրա շուրջ, եւ վերջնարդյունքում` ՆՏԱ-ների վերադարձին նախկին տները: Սա դյուրին գործընթաց չէ, այն մի կողմից պահանջում է զգալի ռեսուրսներ ազատագրված տարածքների[12] ենթակառուցվածքների վերականգնման համար, իսկ մյուս կողմից էլ` վերադարձի ողջ գործընթացը կազմակերպելու համար: Տարածքների ականազերծումը, պատերազմի ժամանակ ավերված ենթակառուցվածքների վերականգնումը, Լեռնային Ղարաբաղի սոցիալ-տնտեսական զարգացումն ընդհանուր առմամբ պահանջելու են ոչ միայն հսկայական ֆինանսական ներդրումներ, այլեւ զգալի ջանքեր: Համանման ջանքեր են անհրաժեշտ նաեւ այդ գործընթացում ներգրավվելու պատրաստ ՆՏԱ-ների կամավոր վերադարձը կազմակերպելու համար: Վերադարձի գործընթացն ուժեղացնելու ունակ սոցիալ-քաղաքական եւ տնտեսական գործոնները սոցիալ-հոգեբանական գործոնների հետ միասին կհանդիսանան այդ գործընթացի կարեւոր բաղկացուցիչները: Այս տեսանկյունով իրավիճակը վերլուծելու եւ վերադարձի գործընթացի` փախստականների ու ՆՏԱ-ների համար առանձնակի հետաքրքրություն ներկայացնող տարրերը վերհանելու համար սույն հոդվածի պատրաստման ընթացքում` 2010 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, հանդիպումներ ու բաց քննարկումներ են անցկացվել առավել հրատապ հարցերով:
2. Փախստակաների ու ՆՏԱ-ների ինտեգրման աստիճանը. ինչպե՞ս է այն անդրադառնում վերադարձի գործընթացի վրա
Փախստակաների ու ՆՏԱ-ների ինտեգրման աստիճանն անմիջականորեն կախված է կամավոր վերադարձի նկատմամբ նրանց վերաբերմունքից: Բոլոր ՆՏԱ-ների (անգամ, հավանաբար, փախստականների) վերադարձի հնարավոր սցենարի լրիվ պատկերի կառուցման համար հարկ է հստակ վերհանել նրանց ինտեգրման մակարդակում առկա տարբերությունները:
2.1. Հայաստանից փախստականների խմբերի տարրաբաժանումը
Կարելի է առանձնացնել Հայաստանից եկած փախստականների չորս հիմնական խմբեր. ուծացված, ինտեգրված, մեկուսացված եւ մարգինալացված փախստականներ:
Ուծացված փախստականների խմբում են նրանք, ովքեր մասամբ կորցրել են իրենց նախկին նույնականությունը (օրինակ` հալավարների, լյամբիյալցիների, նյուվադիցիների նույնականությունը եւ այլն)[13], նաեւ նրանք, ովքեր Ադրբեջանի տարբեր տեղաշրջաններում իրենց ներկայիս բնակության վայրերում փորձել են ձուլվել տեղի համայնքներին: Օգտագործելով ընտանեկան եւ այլ կապեր` նրանք ինտեգրվել են տեղական համայնքներին եւ փորձել են նորովի ընկալել իրենց նույնականությունը` կապելով այն իրենց բնակության նոր վայրի հետ` չցանկանալով վերադառնալ Հայաստան: Դժվար է որոշել նման ուծացված փախստականների թիվը, սակայն հարցումներում նրանք պատասխանում են, որ անգամ եթե լինի դեպի Հայաստան կազմակերպված վերադարձ, ապա նրանց 90 տոկոսը չի վերադառնա այնտեղ, ինչն էլ արտահայտում է փախստականների շրջանում գերակայող կարծիքը:
Ինտեգրված փախստականները, ում հաջողվել է պահպանել իրենց մշակութային նույնականությունը, նման են ուծացվածներին: Այս հարցի քննարկման ժամանակ փախստականների ինտեգրումը հաճախ հասկացվում է որպես ադրբեջանական հանրության հետ այս խմբի պարզունակ միաձուլում: Իրականում` մշակութային նույնականության տեսանկյունից դիտարկելու դեպքում դա ինտեգրում չէ, այլ ուծացում: Մյուս կողմից էլ` ինտեգրված փախստականները զուգակցում են Հայաստանում երբեմնի ադրբեջանական մշակույթի հետ կապված նախկին նույնականությունը Բաքվի, Գյանջայի եւ այլ վայրերի բնակիչների նոր ձեռքբերած նույնականության հետ: Ոչ ուծացվածները, ոչ էլ ինտեգրվածները Հայաստան վերադառնալու մտադրություն չունեն, եւ նրանց շրջանում այդպիսի վերադարձ չի քննարկվում:
Մեկուսացված փախստականները նրանք են, ովքեր ապրում են փախստականների հոծ կեցավայրերում: Նրանք միմյանց թեւութիկունք են, սովորաբար միասնական համայնք են ստեղծում եւ շարունակում են իրենց զգալ որպես Հայաստանից սերածներ: Նրանք չեն ժխտում իրենց հին նույնականությունը, ընդհակառակը` ամրապնդում եւ խորացնում են այն: Նրանք իրենց «խորշն» ունեն զբաղվածության շուկայում` դա կոլեկտիվ փոքր բիզնեսն է եւ առեւտուրը: Այս փախստականները որոշակի սոցիալ-հոգեբանական դիստանցիա են պահում մնացյալ տեղական բնակչությունից, ամուսնանում են իրենց` փախստականների համայնքի անդամների հետ միայն: Ձգտում են չուծացվել տեղական համայնքներում:
Մարգինալացված փախստականները նոյւնպես չեն ուծացվել, բայց նրանք կորցրել են կապի զգացումը նախկին նույնականության հետ: Նրանք լիակատար օտարության բարդույթ են ապրում` ինչպես տեղացիների նկատմամբ, այնպես էլ նրանց հանդեպ, ովքեր ծնվել են Հայաստանում: Պաշտոնապես նրանք շարունակում են ընդունվել որպես փախստականներ, սակայն նրանք իրենց չեն նույնականացնում որեւէ այլ փախստականի հետ:
Եթե ուծացված փախստականները տեղական համայնքը համարում են իրենց ռեֆերենտ խումբը, իսկ մեկուսացված փախստականների համար փախստականների համայնքն ինքն է իրենից նման ռեֆերենտային խումբ ներկայացնում, ապա մեկուսացված փախստականները զրկված են թե տեղական համայնքի եւ թե փախստականների համայնքի աջակցությունից: Նման օտարացվածությունը եւ ինքնօտարումը խորանում են նրանց ցածր սոցիալական կարգավիճակի եւ ցածր եկամուտների պատճառով: Մեկուսացված եւ մարգինալացված փախստականները կազմում են փախստականների ամենափոքր մասը եւ ամենապասիվ խումբը բնակչության այս հատվածում, նրանք լիովին կախված են արտաքին օգնությունից` կառավարության, հանրության, ազգականների:
2.2. ՆՏԱ-ների խմբերի տարրաբաժանումը
Ի տարբերություն փախստականների` Լեռնային Ղարաբաղից եւ նրան հարակից յոթ շրջաններից ՆՏԱ-ները հիմնականում բնակություն են հաստատել Ադրբեջանի այլ շրջանններում` տեղաբաշխման սկզբունքի համաձայն, որը համապատասխանում է այն շրջանի կառավարական ենթակառուցվածքին, որտեղ նրանք գրանցված են (օրինակ` եթե Շուշիի շրջանից ՆՏԱ-ն ներկայումս ապրում է Բաքվում, ապա նա շարունակում է մնալ Շուշիի շրջանի բնակիչ եւ գրանցված է Շուշիի` արտաքսման մեջ գտնվող տեղական իշխանության գործադիր մարմնում):
Ինտեգրացված ՆՏԱ-ները նրանք են, ում հաջողվել է նստակյաց կյանք վարելու վայր գտնել, գլխավորապես Բաքվում եւ Ադրբեջանի այլ խոշոր քաղաքներում (Սումգայիթ, Գյանջա եւ Մինգեչաուր) եւ փոքրիշատե ինտեգրվել տեղական համայնքներում. նրանք կազմում են բոլոր ՆՏԱ-ների մեծամասնությունը: Ըստ պաշտոնական տվյալների` 278 հազար ՆՏԱ-ների (դա կազմում է 47,4 տոկոսը) հաջողվել է հիմնավորվել վերոնշյալ քաղաքներում: ՆՏԱ-ների սույն քաղաքային հատվածն ակտիվորեն մասնակցում է երկրի հասարակական եւ քաղաքական կյանքին: Նրանք հիմնականում սերում են Զանգելանի, Ղուբաթլուի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի եւ Աղդամի շրջաններից:
Ուծացված ՆՏԱ-ները նրանք են, ովքեր հանպատրաստից տեղափոխվել են երկրի տարբեր մասեր, որոշակի հեռավորության վրա այն վայրերից, որոնք սահմանակից են շփման գծին: Տեղական շրջանային ենթակառուցվածքը, տեղական բնակչության հետ սերտ կապերը, տեղական բնակիչների հետ ամուսնությունները նպաստել են ուծացման միտումների ուժեղացմանը, հատկապես այն տեղերում, որտեղ նրանք բնակություն են հաստատել փոքր խմբերով, ինչն էլ ի վերջո հանգեցրել է տեղական բնակիչների եւ ՆՏԱ-ների միջեւ տեսանելի տարբերությունների անհետացմանը: Ըստ մոտավոր հաշվումների` ուծացված ՆՏԱ-ների թիվը հասնում է 115 հազարի, ինչը կազմում է ՆՏԱ-ների ընդհանուր թվի 19,6 տոկոսը:
Մեկուսացված ՆՏԱ-ները կազմում են համեմատաբար փոքր թափառական խումբ: Հակամարտության ժամանակ ՆՏԱ-ների մեծ մասը շտապել է լքել ռազմական գործողությունների թատերաբեմը եւ բնակություն է հաստատել Լեռնային Ղարաբաղին առավելս մոտ վայրերում: Դեպի Լեռնային Ղարաբաղ տանող գլխավոր ճանապարհների երկայնքով հապշտապ կառուցվել են փախստականների վրանաճամբարներ, ֆիննական բարաքներ եւ ապաստարաններ, որոնք հետագայում հոծ կեցավայրեր են դարձել ՆՏԱ-ների համար` հարաբերականորեն մեկուսացված արտաքին աշխարհից: Այդ մեկուսացման պատճառով նրանց հաջողվել է պահպանել ավանդույթները, սովորույթները, կենսակերպը եւ հմտությունները: Վերջին վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ նրանց թիվը կրճատվել-կիսվել է վերջին տարիներին` մինչեւ 74 հազար մարդու կամ ՆՏԱ-ների ընդհանուր թվի 12,7 տոկոսի:
Եւ, վերջապես, ազգային մասշտաբով ՆՏԱ-ների մեր դասակարգման վերջին խումբը` ՆՏԱ-ներ, ովքեր ապրում են նոր կեցավայրերում, որոնք կառուցվել են Տերտերի, Ֆիզուլիի եւ Աղդամի շրջաններում: Սույն այսպես կոչված «հայրենադարձները» ինտեգրված չեն իրենց հարաբերական մեկուսացվածության պատճառով` ընդհուպ մինչեւ նոր կեցավայրերում իրենց ոչ վաղեմի բնակեցումը: Նոր կեցավայրերում հայրենադարձման գործընթացը` լինելով ապագայի հայրենադարձման փորձնական մոդել, պիտի մեկնարկի հիմա` հայրենադարձման գլխավոր գործընթացի նախապատրաստման համար այն բանից հետո, երբ կազատագրվեն զավթված տարածքները: Ներկայումս նրանց թիվը կազմում է մոտ 118 հազար, իմա` ՆՏԱ-ների ընդհանուր թվի 20,3 տոկոսը:
2.3. Ինչ ընդհանրություն կա ՆՏԱ-ների ու փախստականների ինտեգրման մակարդակների միջեւ եւ ինչպիսին են նրանց վերադարձի կազմակերպման հեռանկարները
Մեր կողմից որպես ուծացված եւ ինտեգրված բնորոշված ու Բաքվում եւ այլ խոշոր քաղաքներում ապրող փախստականներին ու ՆՏԱ-ներին դժվար թե կարելի լինի համարել կորսված տարածքների ապագա վերադարձողներ: Խաղաղ գործընթացի անորոշ ձգձգումն ավելի է ուժեղացում հանրության մեջ ինտեգրման գործընթացները եւ նպաստում ղարաբաղյան հողին պատկանելության զգացման արագ կորստին: Արդեն կան որոշակի քանակությամբ ինտեգրված եւ ուծացված փախստականներ ու ՆՏԱ-ներ, ովքեր չեն ցանկանում ոչ մի պարագայում վերադառնալ Ղարաբաղ: Թեեւ սույն հոդվածի վրա աշխատելու ընթացքում մեզ հանդիպած ՆՏԱ-ների մեծ մասն անընդհատ ընդգծում էին Ղարաբաղ վերադառնալու իրենց պատրաստակամությունը (որքան էլ որ լքված ու ավերված լինեն իրենց բնակավայրերը), բայց կային նաեւ այնպիսիք, ովքեր նման պատրաստակամություն չէին դրսեւորում: Ֆոկուսային խմբերից մեկի անդամներից մեկն այսպիսի հայտարարություն արեց. «Ես ցանկություն չունեմ երբեւէ նորից կրելու ՆՏԱ-ի տառապանքներն ու տանջանքները»: Հայաստանից մի փախստական կին շարունակեց նույն ոգով. «իմ նախապապը Հայաստանից բռնատեղահանվել է 1918-20 թվականներին, հայրս` 1948-49 թվականներին, եւ վերադարձել է 1950 թվականին, հետո եկավ իմ հերթը 1988 թվականին, երբ ի վերջո բռնատեղահանվեց իմ ամբողջ ընտանիքը»: Նա ցանկություն չունի վերադառնալու, քանի որ «մտահոգված է, որ իր երեխաներն էլ ստիպված կլինեն բռնատեղահանման ու արտաքսման փորձության միջով անցնել»: Միեւնույն ժամանակ, փախստական կնոջ եղբայրը, ով նույնպես մասնակցում էր այդ ֆոկուս խմբի քննարկմանը, հայտարարեց, որ պատրաստ է վերադառնալ Հայաստան եւ նոր կյանք սկսել այնտեղ:
Մեկուսացված փախստականներն ու ՆՏԱ-ները լիակատար մեկուսացվածություն են զգում առօրյա կյանքից, չիմանալով, թե ինչ ճակատագիր է իրենց սպասում: Փախստականների ու ՆՏԱ-ների այս կատեգորիային հատուկ են անկազմակերպվածությունը, անվճռականությունը, կասկածամտությունը, ներքին լարվածությունն ու հուսահատությունը: Այս բարդույթները պիտի նկատի առնվեն ապագայում նրանց վերադարձի իրականացման ծրագրերում: Հարկ է համալիր աշխատանքներ սկսել այս մարդկանց հետ` նրանց այս կատեգորիայից «արտամղելու» համար` նրանց ինտեգրման համար բարենպաստ պայմանների ստեղծման ճանապարհով, ներառյալ նոր կեցավայրերում արագացված բնակեցումը եւ տարբեր շրջաններում կառուցված ժամանակավոր կեցավայրերում տեղաբաշխումը` նախկին սոցիալական ու մշակութային նույնականության վերածնունդը խթանող նախաձեռնությունների միջոցով: Հինգհարկանի մի քանի շենքեր արդեն իսկ պատրաստ են բնակեցման համար Գաբալայում, Գերանբոյում եւ Եվլախում:[14]
3. Ազատագրված տարածքներ ՆՏԱ-ների վերադարձի հնարավոր սցենարներ
Վերադարձի հնարավոր սցենարներն ի մի բերելու համար մենք պիտի որոշենք ենթադրվող վերականգնողական աշխատանքների ծավալն ազատագրված տարածքներում, ներառյալ` ականազերծումը:
3.1. Վերականգնողական-ռեաբիլիտացիոն աշխատանքների ծավալը
Որպեսզի ազատագրված տարածքներ վերադարձը իրականություն դառնա` Ղարաբաղյան հակամարտության վնասների գնահատման պետական կոմիտեի հաշվումներով, այդ տարածքներում անհրաժեշտ է 900 նոր քաղաքների ու գյուղերի համար ենթակառուցվածք, 131 հազար միավոր բնակարան, նոր ճանապարհներ, էլեկտրացանցեր ու հեռախոսագծեր: Նկատի ունենալով, որ 500 ընտանիքի համար նախատեսված ավանի շինարարությունը չորս ամիս է տեւում, 131 հազար միավոր բնակարանի համար անհրաժեշտ կլինի ավելի քան հինգ տարի:
Հակամարտության վնասը գնահատվում է 60 միլիարդ ԱՄՆ դոլարի կարգի:[15] Փախստականների ու ՆՏԱ-ների պետական կոմիտեի նախագահն ավելի ուշ կայացած ճեպազրույցներից մեկի ժամանակ հայտարարել է, որ վերակառուցման եւ հայրենադարձման ծրագրերի («Մեծ վերադարձ») կատարման համար անհրաժեշտ է 62 միլիարդ դոլար, թեեւ այս թիվն էլ վերանայման կարիք ունի: Սակայն արդեն այսօր պարզ է, որ գումարը 70 միլիարդից շատ կլինի:
Վերականգնողական ծրագրերի կարեւոր բաղկացուցիչն է ազատագրված տարածքների ականազերծումը եւ չպայթած զինամթերքի վնասազերծումը: 1988 թվականին ստեղծվել է Ականազերծման ադրբեջանական ազգային գործակալությունը: Իր գոյության մոտ 20 տարիների ընթացքում այս գործակալությունը (2010 թվականի դեկտեմբերի դրությամբ 547 հաստիք ունեցող) արհեստավարժ սակրավորների, զինամթերքի ու սարքավորումների գծով մասնագետների, արագ արձագանքման ուժերի եւ 32 որոնողական շների օգնությամբ վնասազերծել եւ ոչնչացրել է 621,964 ական եւ չպայթած արկ 138 միլիոն քառակուսի մետր տարածքի վրա` Ֆիզուլիի, Աղդամի, Գերանբոյի եւ Լեռնային Ղարաբաղին հարակից[16] մյուս շրջանների հետ շփման գծի ադրբեջանական կողմում: Տարածքների ընդհանուր քանակը, որ նշյալ գործակալությունը սահմանել է որպես ականներից մաքրման ենթակա տարածք, 280 միլիոն քառակուսի մետր է: Գերատեսչությունը ծրագրում է տարեկան մաքրել 22-27 միլիոն քառակուսի մետր, ինչը վատ ցուցանիշ չէ նույնիսկ միջազգային չափանիշներով:
Ականազերծման ազգային գործակալության տվյալներով` ականազերծան են ենթարկվել այն տարածքները միայն, որտեղ մարտական գործողություններ են տեղի ունեցել: Զավթված բոլոր տարածքների ազատագրումից հետո ականազերծման կարիք կունենա 350-ից մինչեւ 830 միլիոն քառակուսի մետր, որտեղ կա 50-100 հազար ական:[17] Դա կազմում է զավթված բոլոր տարածքների 4 տոկոսը: Գործակալության հաշվումներով` մանրակրկիտ ականազերծման համար կպահանջվի 8-14 տարի:[18] Թե որքան գումար անհրաժեշտ կլինի դրա համար` հայտնի չէ: ՄԱԿ-ի հակականային գործողության ծառայության տվյալներով` աշխարհի ավելի քան 90 երկրներում, որտեղ ականազերծում է իրականացվում, ոչ կառավարական եւ առեւտրային հումանիտար կազմակերպությունները կատարում են ականներից մաքրման աշխատանքների մինչեւ 95-98 տոկոսը:[19] Այդ աշխատանքների ֆինանսավորումը կատարվում է համապատասխան պետությունների կողմից, ինչպես նաեւ Համաշխարհային բանկից ստացվող վարկերի միջոցով:
3.2. Հնարավոր վերադարձի հիպոթետիկ սցենարներ
Վերադարձի, հայրենադարձման եւ ռեստիտուցիայի մասին փախստականների ու ՆՏԱ-ների կարծիքների ուսումնասիրման նպատակով, ինչպես նաեւ այդ հարցերի շուրջ նրանց առաջարկները հավաքելու եւ վերլուծելու նպատակով անցկացված հանդիպումների ժամանակ մենք հանգեցինք զարմանալի ու բավականին բազմազան արդյունքների: ՆՏԱ-ները տարբեր կարծիքներ ունեն վերադառնալու-չվերաչառնալու վերաբերյալ: Բեւեռային կարծիքների միջեւ կա դիրքորոշումների ու մոտեցումների մի ամբողջ ներկապնակ. ոմանք ձգտում են անվերապահ վերադարձի, ոմանք էլ ուզում են վերադառնալ, բայց որոշակի պայմանների առկայության պարագայում, երրորդներն ընդհանրապես չեն ուզում վերադառնալ` ոչ մի պարագայում: Վերջին կատեգորիայի մեջ են մտնում ուծացված եւ ինտեգրված ՆՏԱ-ները, ում հաջողվել է բավականին լավ կենսապայմաններ իրենց համար ապահովել բնակության նոր վայրերում, բացի դրանից նրանք վախենում են իրենց երեխաների ապագայի համար:
Ուշադրության առնելով այն փաստը, որ հայրենի հողից նրանց արտաքսումից անցել է 16 տարի, իսկ տների վերականգնման եւ ռեաբիլիտացման համար կպահանջվեն տասնամյակներ, ինտեգրված ՆՏԱ-ների վերադարձը միանգամայն խնդրահարույց է պատկերանում: Վերադառնալ կցանկանան առաջին հերթին այն ՆՏԱ-ները, ում ժամանակավոր բնակեցրել են նոր ավաններում, ինչպես նաեւ մեկուսացված ՆՏԱ-ները, ովքեր ապրում են ֆիննական տներում եւ հանրակացարաններում: Ընդհանուր առմամբ, համապատասխան գործադիր մարմինները կարող էին տեղավորել ՆՏԱ-ների համար հատուկ ավաններում ապրող մարդկանց, քանի որ նրանք դրական փորձ ունեն այդ առումով: Սակայն խոշոր քաղաքներում տնավորվածներին (ովքեր ապրում են պետական շենքերում, ազգականների մոտ, մասնավոր բնակարաններում եւ այլուր) տեղավորելու համար հարկ կլինեն շատ տարիներ: Ամենայն հավանականությամբ, կառավարությունը կդիմի եւ խթանման, եւ հարկադրման, ներառյալ, օրինակ, գրանցման կոշտ պրակտիկան: Այսպես, մեծ քաղաքները կարող են փակվել գրանցման համար, մինչդեռ աշխատանքի տեղավորման համար նման գրանցումն ուղղակի անհրաժեշտ կլինի. նման հարկադիր մեթոդները կարող են կիրառվել ՆՏԱ-ների համար նախատեսված արտոնությունները վերացնելու հետ միասին: Այդուհանդերձ, վերադարձի գործընթացը կտեւի հինգ կամ ավելի տարիներ:
Համենայն դեպս, կարեւոր է որոշել, թե ինչ են իրենցից ներկայացնում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավոր սցենարները եւ դրանք համադրել ՆՏԱ-ների վերադարձի կազմակերպման հիպոթետիկ ծրագրերի հետ: ՆՏԱ-ների վերադարձի հնարավոր ծրագրերի կանխատեսումներ անելու համար մենք կօգտվենք ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման սցենարների այն օրինակներից, որոնք ներկայացրել է ադրբեջանցի քաղաքագետ Շահին Աբասովը,[20] ով գտնում է, որ կա երեք հնարավոր սցենար` «լավատեսական», «ռուսաստանամետ» եւ «քաղաքական լայն կոնսենսուսի վրա խարսխված» սցենար:[21]
Լավատեսական սցենարի համաձայն` հաշտեցումը կայանալու է մադրիդյան սկզբունքների շուրջ (հինգ շրջանների վերադարձ, Լաչին եւ Քելբաջար վերադարձի համար հատուկ պայմաններ եւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետաձգված հանրաքվե): Ըստ այդ սցենարի` առաջին փուլում տեղի կունենա չինտեգրված ՆՏԱ-ների, մասնավորապես` մեկուսացված ՆՏԱ-ների տեղափոխում եւ բնավորում, ովքեր աստիճանաբար կտեղափոխվեն Աղդամի, Ֆիզուլիի, Զանգելանի, Ջեբրաիլի եւ Ղուբաթլուի շրջաններ: Հաջորդ փուլում Լաչինից ու Քելբաջարից ՆՏԱ-ները, ովքեր ներկայումս ապրում են պետական շենքերում, Բաքվի եւ այլ խոշոր քաղաքների առողջարաններում ու սանատորիաներում, կարող են տեղափոխվել նոր ավաններում ազատված բնակարաններ: Իրադարձությունների բարենպաստ զարգացման պարագայում այդ գործընթացը կարող է ավարտվել յոթ կամ ութ տարում: Այս դեպքում կմնան Շուշի եւ Լեռնային Ղարաբաղի այլ բնակավայրեր ՆՏԱ-ների վերադարձի հարցերը, որոնք էլ իրենց լուծումը կարող են ստանալ կարգավիճակի որոշման նպատակով անցկացվելիք հանրաքվեից հետո: Բոլոր դեպքերում էլ լավատեսական սցենարով Լեռնային Ղարաբաղի ՆՏԱ-ները կտեղափոխվեն Ղարաբաղ, հավանաբար` Շուշի եւ հարեւան ադրբեջանական գյուղեր, որպեսզի սկսեն խաղաղ ապագայի կառուցման գործընթացը:
Շահին Աբասովի դիտարկած ռուսաստանամետ սցենարում մենք տեսանք, որ իրադարձությունները կարող են զարգանալ համանման կերպ, Ադրբեջանի, ինչպես նաեւ Հայաստանի ու ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացի վրա ռուսաստանյան ազդեցության ուժեղացման ուղղությամբ ավելի զորեղ վեկտորով: Աբասովն այս ամենում նկատում է տեսանելի ապագայում հակամարտության փաստացի սառեցում, քանի որ այս կամ այն կողմի օգտին հակամարտության լուծումը կհանգեցնի ռուսաստանյան ազդեցությունից կողմերից մեկի երկարատեւ դուրսգալուն: Այս սցենարում մենք կարող ենք տեսնել ՆՏԱ-ների վերադարձի առաջին սցենարի կրկնություն, երբ սկզբում նրանք վերադառնում են ազատագրված հինգ շրջաններ այն հեռանկարով, որ նրանք Լաչինի ու Քելբաջարի շրջաններում կհայտնվեն ավելի հեռավոր ապագայում` առանց արձանագրված որեւէ ժամկետի: Բուն Լեռնային Ղարաբաղ ՆՏԱ-ների վերադարձը բաց ու անորոշ հարց է մնում: Իրականում այս սցենարն ընդունելի չէ ադրբեջանցի ՆՏԱ-ների համար:
Աշխարհաքաղաքական լայն կոնսենսուսային սցենարը, որը ենթադրում է զավթումից վեց շրջանների (Լաչինից բացի) ազատագրում, հայկական զորքերի հետքաշում նախկին ԼՂԻՄ սահմաններին, ադրբեջանական ոստիկանական ուժերի եւ սահմանապահների մուտք, հայ-ադրբեջանական սահմանի համաձայնեցված հատվածում խաղաղապահ ուժերի տեղաբաշխում, կարգավիճակի հարցի լուծումից հետո Շուշիի ու Լաչինի հանձնում Ադրբեջանին, նույնպես պարունակում է վերադարձի գործընթացի բոլոր տարրերը, որոնք կիրառելի են քաղաքական կարգավորման լավագույն սցենարի պարագայում: Սակայն այս սցենարով վերադարձի ողջ գործընթացը կտեւի 10-12 տարի, քանի որ կընդգրկի երկրի սոցիալական եւ քաղաքական կյանքում Լեռնային Ղարաբաղի բնակչության (ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական) ակտիվ ներգրավման համար հայեցակարգային շրջանակների մշակումը:
Վերադառնալու ենթակա ադրբեջանցիների ու Լեռնային Ղարաբաղի հայ ազգաբնակչության հարաբերությունները մեկ այլ ադրբեջանցի մասնագետի` Թաբիբ Հուսեյնովի լուրջ վերլուծության առարկա են դարձել:[22] Հուսեյնովը գտնում է, որ Լաչինի ու Քելբաջարի շրջանների բնակեցումը հայերով «լարվածության առավել հավանական աղբյուրն է», ինչն էլ հանդիսանում է «խոչընդոտ խաղաղ գործընթացի համար, հատկապես` նախնական փուլում»:[23] Վերադարձի գործընթացին խանգարող մեկ այլ կարեւորագույն գործոն են արհեստական խոչընդոտները, որոնք, հավանական է, ստեղծելու է Լեռնային Ղարաբաղի տեղական կառավարությունը:[24] Գլխավոր խնդիրը շարունակում է մնալ ժողովրդագրությունը: Լեռնային Ղարաբաղի հայկական համայնքը մտահոգված է ղարաբաղյան ադրբեջանցիների թվի ամենամյա աճով եւ այդ գործոնի ազդեցությամբ Ղարաբաղի կարգավիճակի հարցով հանրաքվեի վրա, որը կարող է կայանալ ապագայում ինչ-որ ժամանակ: Միեւնույն ժամանակ` ադրբեջանական համայնքը մտահոգված է Լեռնային Ղարաբաղի եւ հարակից շրջանների հայաբնակեցմամբ, ինչը, անկասկած, ուղղված է ադրբեջանական կողմի նկատմամբ առավելություն ձեռք բերելուն: Համայնքներից յուրաքանչյուրը փորձում է ժողովրդագրական գործոնն օգտագործել թվային գերակշռության ամրապնդման համար: Եթե հնարավոր լիներ արդյունավետ մեխանիզմ մշակել վերադարձի ողջ գործընթացի վրա ժողովրդագրական գործոնի ազդեցության նվազեցման համար, ապա այն կարող է դրական արդյունքների հանգեցնել ինչպես ազգամիջյան հարաբերություններում, այնպես էլ քաղաքական ոլորտում, իսկ դա էլ կլիներ ապագա կայունության բանալին:
3.3. Առանցքային գործոններ, որոնք անհրաժեշտ է քննարկել վերադարձի կազմակերպման պարագայում
Ի հավելումն քաղաքական եւ ժողովրդագրական գործոնների` ՆՏԱ-ների վերադարձի ցանկացած գործընթացի ժամանակ հարկ է հաշվի առնել նաեւ այլ գործոններ, այնպիսին, ինչպիսին են հենց իրենց` ՆՏԱ-ների տրամադրությունը, ակնկալիքները եւ օրակարգը: Այս գործոնների վերլուծությունն ու դիտարկումը կօգնեն որոշակի ճշգրտությամբ մոդելավորել հավանական հայրենադարձների հնարավոր արձագանքներն ազատագրված շրջաններ վերադարձի ամենատարբեր սցենարներին: Կարելի է առանձնացնել ՆՏԱ-ների համար սոցիալական հարցերի չորս կատեգորիա. ամենօրյա խնդիրներ, հարմարվելու հարցեր եւ դրանց հետ կապված սթրեսներ, անորոշության պատճառով սթրես եւ սեփական կյանքը պլանավորելու անհրաժեշտություն, հետտրավմատիկ սթրես եւ դրա հետեւանքների հաղթահարման խնդիր:
ՆՏԱ-ներն ունեն նաեւ որոշակի ընդհանուր խնդիրներ: Դժվար կենսապայմանները, տնտեսական եւ սոցիալական ճգնաժամը, հարաճուն գները, գործազրկությունը եւ աղքատության նշաձողից ցածր մակարդակում ամենօրյա գոյապայքարը բնորոշ են ադրբեջանցի ՆՏԱ-ների մեծամասնությանը` անկախ նրանց բնակության վայրից: Այն դեպքում, երբ ինտեգրված եւ ուծացված փախստականներն ու ՆՏԱ-ները, իրենց բոլոր հույսերը եւ ապագայի պլանները կապում են իրենց բնակության ներկայիս միջավայրի հետ, մեկուսացված ՆՏԱ-ները հույս ունեն եւ իրենց պլանները կապում են Լեռնային Ղարաբաղ հնարավորինս շուտ վերադարձի հետ: Նրանցից շատերը կարծում են, որ վերադարձի ժամանակ ինչ դժվարությունների էլ հանդիպեն` իրենք Լեռնային Ղարաբաղում դրանք կլուծեն ավելի արագ եւ ավելի արդյունավետ: Այս ենթատեքստում լուրջ ու մանրակրկիտ ջանքեր պահանջող կարեւոր տարր է հանդիսանում ադրբեջանցի ՆՏԱ-ների հետ նախապատրաստական հատուկ աշխատանքը` ամեն ինչից զատ ուղղված հանդուրժողականության, դիմացկունության ու կառուցողականության զարգացմանն ու արմատակալմանը:
Արտաքսման մեջ նոր կենսապայմաններին, կարգավիճակային ու դերային նոր խնդիրներին հարմարվելու գործընթացը (կապված այն հանգամանքի հետ, որ այս մարդիկ փախստականներ ու ՆՏԱ-ներ են) պահանջելու է նույնականության փոփոխություն: Նրանցից շատերը հրաշալի կյանք են ունեցել Լեռնային Ղարաբաղում, բավականին հաջողակ էին եւ այժմ, այսքան զրկանքներ կրելուց հետո, նրանք դարձել են արտաքսվածներ իրենց հայրենի հողում, մնացել են առանց տանիքի, նրանց ապաստան են տվել օտար մարդիկ, եւ իրենք գլորվել են տնտեսական անվտանգության ամենացածր աստիճան: Իրենց սոցիալ-տնտեսական կարգավիճակի այսքան ահավոր փոփոխությունը կապված է եղել նաեւ այն բանի հետ, որ «փախստականի» կամ «ՆՏԱ-ի» պիտակը նրանց համար խայտառակ բիծ էր: Նրանք հավատում են, որ Լեռնային Ղարաբաղը միակ տեղն է, որտեղ իրենց զգում են ինչպես «տանը» եւ որտեղ նրանք չեն զգալու իրենց որպես ոչ յուրային: Բացի դրանից, փախստականներն ու ՆՏԱ-ները տառապում են նաեւ անորոշության բարդույթով: Նրանց կյանքի պլանավորման անորոշությունն ու դժվարությունները կանհետանան Լեռնային Ղարաբաղ վերադառնալուց հետո միայն:
Սույն վերլուծությունը մեզ բերել է այն եզրահանգնման, որ Լեռնային Ղարաբաղ վերադարձի ծրագիրը կամ նշված սցենարներն առավել արդյունավետ իրականացնելու համար կարեւոր է այդ հիմնական խնդիրների լուծումը` սոցիալ-հոգեբանական եւ ու անվտանգության շրջանակներում: Դրա համար անհարժեշտ են լինելու ՆՏԱ-ների հետ աշխատանքի կառավարական համալիր միջոցներ` սոցիալական խոր սթրեսային փորձի հետեւանքների հաղթահարման նպատակով` սոցիալական մակարդակում: «Խափանարարների» ոչ մեծաթիվ խմբերը կարող են մեծ վնաս հասցնել` փորփրելով անցյալի վերքերը:
4. Խաղաղ համաձայնագրի ստորագրումից հետո խաղաղ գոյակցության հեռանկարները
4.1. Խաղաղ գոյակցության նկատմամբ մոտեցումների տարբերությունը
Խաղաղության մասին համաձայնագրի ստորագրումից հետո խաղաղ գոյակցության հեռանկարը մի թեմա է, որի շուրջ թեժ քննարկումներ են տեղի ունենում հայկական եւ ադրբեջանական հանրություններում: Այս երկու հանրությունում պարբերաբար անցկացվող հարցումների եւ ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տալիս, որ կա այս հարցի երկու տեսանկյուն:
Առաջինի` հայկական պաշտոնական տեսակետի էությունը հայերի ու ադրբեջանցիների հնարավոր գոյակցության լիակատար ժխտումն է. այն ամրապնդվում է հայկական քաղաքական էլիտայի, ներառյալ` Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ հայկական խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանի քաղաքական հայտարարություններով` ադրբեջանցիների ու հայերի գենետիկ անհամատեղելիության մասին:[25] Որոշ շարքային հայեր համաձայն չեն Ռ. Քոչարյանի եւ այլ քաղաքական գործիչների հետ:[26] Ադրբեջանական մամուլում տպագրվում են հոդվածներ, որոնցում հղումներ կան հասարակ հայերի վրա, ովքեր ուզում են վերադառնալ Ադրբեջան եւ ում անկեղծությանը կասկածելու հիմքեր չունենք:[27]
Ադրբեջանական պաշտոնական դիրքորոշումը կապված է այն փաստի հետ, որ Ադրբեջանի հանրությունը Լեռնային Ղարաբաղի ապագան դիտարկում է որպես հանրապետության առավել դինամիկ զարգացող շրջան, որում երկու համայնքներն ապրելու են կողք կողքի: «Լեռնային Ղարաբաղում այսօր ապրող հայերը եւ այնտեղ վերադառնալիք ադրբեջանցիներն այնտեղ ապրելու են ինքնավարության բարձր կարգավիճակի շրջանակներում»,- նշել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն իր պաշտոնական ճառերից մեկում:[28] Մենք կարող ենք նաեւ հիշատակել Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլ Բյուլ օղլու հայտնի արտահայտությունը Ղարաբաղ կատարած նրա այցի ժամանակ.[29] «Այդ ինչպե՞ս է պատահում, որ ադրբեջանցիներն ու հայերը կարող են միասին ապրել եւ զբաղվել բիզնեսով Մոսկվայում, բայց այս փոքրիկ տարածքում` ոչ. . . Տիեզերք չեն թռչելու ոչ հայերը, ոչ էլ ադրբեջանցիները. . . Ես համոզված եմ, որ հետագա տարիներին ամեն ինչ ինքնաբերաբար կկարգավորվի, ամեն ինչ լավ կլինի, եւ մենք կապրենք միասին, կողք կողքի»: Այսպիսի լավատեսական կանխատեսում է նա արել Լեռնային Ղարաբաղի հայկական համայնքի հետ հանդիպման ժամանակ: Սակայն պաշտոնական տեսակետը կայանում է նրանում, որ դա կարող է տեղի ունենալ հայկական զորքերի դուրսբերումից եւ տեղաշարժված ադրբեջանցիների վերադարձից հետո միայն:[30]
Ադրբեջանցիների մեծամասնության կարծիքը նույնպես համընկնում է պաշտոնականի հետ: «Եթե հայերը դադարեն առանց որեւէ պատճառի մեզ ատել եւ վերադարձնեն այն, ինչ վերցրել են մեզնից, այդ ժամանակ մենք կկարողանանք նրանց հետ խաղաղ ապրել». այսպիսին են մայրաքաղաքի փողոցներում ՍալամՆյուզ գործակալության կողմից մշտապես անցկացվող հարցումներին մասնակցած բաքվեցի կնոջ դատողությունները: Ընդհանուր առմամբ հարկ է նշել, որ հարցմանը մասնակիցների մեծամասնությունը դրական է արտահայտվել հայերի ու ադրբեջանցիների կողք կողքի ապրելու հեռանկարին այն բանից հետո, երբ կողմերը կկնքեն խաղաղության մասին համաձայնագիր: Նրանք, սակայն, նշել են, որ հենց հայերը պիտի կատարեն առաջին քայլը:[31]
4.2. Խաղաղ գոյակցության հնարավորություններն ու դրական փորձը. կողմ եւ դեմ
Հայերի ու ադրբեջանցիների խաղաղ գոյակցության հնարավորությունները գտնվում են ոչ միայն երկու երկրների քաղաքական շրջանակների ու ՀԿ-ների, այլեւ բանակցային գործընթացում ներգրավված միջազգային միջնորդների ուշադրության կենտրոնում: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Կանադայում արված հայտարարությունը եւ մասնավորապես` նախկին բնակության վայրեր բոլոր փախստականների ու ՆՏԱ-ների վերադարձի մասին կետն ակտիվություն են հրահրել` հատկապես Ադրբեջանից հայ փախստականների շրջանում: Հայաստանի միգրացիայի պետական ծառայության ղեկավար Գ. Եգանյանը հայտարարել է, որ «շատ փախստականներ դիմել են տարբեր հաստատություններ, այդ թվում միգրացիայի ծառայություն, որպեսզի պարզեն այդ որոշման մանրամասները եւ ժամկետները»:[32] Նաեւ հարկ է նշել, որ «Ադրբեջանից հայ փախստականներն այս հարցը համարում են իրական ու լուծելի»:[33] Այսպիսի հայտարարություններն, անշուշտ, քաղաքական դրդապատճառներ ունեն:
Լեռնային Ղարաբաղ ադրբեջանցի ՆՏԱ-ների եւ, հնարավոր է, ադրբեջանցի փախստականների Հայաստան վերադարձը շարունակում է չլուծված հարց մնալ այդ հանրապետության դիրքորոշման մեջ: Այդուամենայնիվ` հայտնի է, որ ղարաբաղյան հայերը քանիցս հայտարարել են այն մասին, որ իրենք դեմ են Ադրբեջանում փոքրամասնություն դառնալու հեռանկարներին, ելնելով ադրբեջանական ղեկավարության եւ Լեռնային Ղարաբաղի հայկական վարչակազմի միջեւ հարաբերությունների հիերարխիկ բնույթից:[34]
Առանց խորանալու հայկական կողմի սույն հայտարարությունների մանրամասներում, մենք կուզեինք ուշադրությունը սեւեռել ադրբեջանական հանրության տրամադրություկնների վրա, առանձնացնելով երկու թեմա. Լեռնային Ղարաբաղում խաղաղ գոյակցություն եւ հայերի վերադարձի հնարավորություն Ադրբեջան:
Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղում երկու համայնքների խաղաղ գոյակցությանը, ապա այդ հարցում Ադրբեջանի դիրքորոշումը պարզից էլ պարզ է. Լեռնային Ղարաբաղում ապրող հայերը եղել են ու մնում են Ադրբեջանի քաղաքացիներ: Կառավարությունը միշտ էլ ականջալուր է լինելու երկու համայնքների անդամ իր քաղաքացիներին, համայնքներ, որոնք կոչված են ապագայում ապրելու Լեռնային Ղարաբաղում: Նրանք օգտվելու են այն նույն իրավունքներից ու ազատություններից, ինչ ադրբեջանցիները` Ադրբեջանի սահմանադրության շրջանակներում: Ինքնին պարզ է, որ ղարաբաղյան ադրբեջանցիները չեն ուզում հակամարտության այնպիսի կարգավորում, որը նրանց կվերածեր «նոր փոքրամասնության Լեռնային Ղարաբաղում»` հայերի քաղաքական ղեկավարության տակ: Այս ենթատեքստում կարեւոր է, որ երկու համայնքները բանակցությունների որոշակի փուլում քննարկեն իրենց ապագա գոյակցության հարցը: Այսօր կարելի է եզրահանգել, որ ղարաբաղյան շատ ադրբեջանցիներ, որոնց թիվը, Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավար Բ. Սաֆարովի տվյալներով, կազմում է 75 հազար[35], պատրաստ են վերադառնալ Լեռնային Ղարաբաղ, եթե իրենց համար ապահովվեն անվտանգության երաշխիքներ եւ ղարաբաղցի հայերին հավասարազոր ինքնավարության աստիճան:
Նեկայումս ակտիվորեն առաջ է քաշվում այն կարծիքը (ընդ որում` հակամարտության երկու կողմերից էլ), որ այն ամենից հետո, ինչ կատարվել է, ադրբեջանցիները չեն կարող խաղաղ ապրել հայերի հետ: Սաֆարովը համոզված է, որ նման մոտեցումը բացարձակապես սխալական է, եւ որ «ադրբեջանցիները որեւէ խնդիր չունեն եւ չեն ունենալու խաղաղ հայերի հետ, ովքեր հարգում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Մենք կարող ենք խաղաղ գոյակցել հայերի հետ: Որպեսզի դա հնարավոր լինի` հայկական ղեկավարությունը նախ պիտի դուրս բերի իր զորքերը, որպեսզի մենք կարողանանք վերադառնալ մեր հայրենիքը եւ սկսել համատեղ բարեկարգել այդ հողը»:[36]
Հարկ է նշել, որ ադրբեջանցիների ու հայերի գոյակցության մասին Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի պաշտոնական ներկայացուցիչների նման հայտարարություններն իրական հենք ունեն: Հանրահայտ է այն փաստը, որ մեծ քանակությամբ էթնիկ հայեր խաղաղ կյանքով ապրում են Բաքվում` ներգրավված լինելով տնտեսության տարբեր հատվածներում: Պետական վիճակագրական կոմիտեի նախագահ Ա.Վելիեւի[37] ու նախագահի աշխատակազմի ղեկավար Ռ. Մեհտիեւի[38] ներկայացրած տվյալների համաձայն` Ադրբեջանում մի քանի տարի առաջ ապրում էր 20 հազար էթնիկ հայ: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Է. Պոլուխովից ստացված վերանայված թվերի համաձայն` ներկայումս Ադրբեջանում ապրում է 30 հազար հայ:[39] Այս տվյալները չեն ներառում այն հայերին, ովքեր ներկայումս ապրում են Լեռնային Ղարաբաղում: 1999 թվականի մարդահամարի տվյալներով այդ ժամանակ Ադրբեջանում ապրում էր 120,700 հայ:[40]
Ադրբեջանոմ, մասնավորապես Բաքվում ապրող հայերն օգտվում են Ադրբեջանի քաղաքացիներին Սահմանադրությամբ տրվող բոլոր իրավունքներից:
Բաքվի բնակիչ էթնիկ հայերը գլխավորապես ապրում են քաղաքի այն վայրերում, որտեղ ժամանակին կային հայկական հոծ համայնքներ` Արմենիքենդում ու Պապանինում (Նասիմիի շրջան), Խուտորում (Բինագադինի շրջան), Մոնտինայում եւ Զավոկզալնայա թաղամասում (Նարիմանովի շրջան):
Էթնիկ հայերի մեծ մասը էթնիկ ադրբեջանցիների կանայք են եւ խառը ամուսնություներից ծնված երեխաներ, ովքեր առանց խնդիրների լիովին ներգրավված են էկոնոմիկայի տարբեր հատվածներում: Ադրբեջանի միգրացիոն կենտրոնի տնօրեն Ա. Ալիեւի տրամադրած տեղեկատվության համաձայն` 30 եւ բարձր տարիքի էթնիկ հայերը (նրանցից ոմանք ադրբեջանական ազգանուններ են կրում) նույնիսկ բարձր պաշտոններ են զբաղեցնում, նրանց թվում կան նաեւ խոշոր ձեռնարկությունների ղեկավարներ: Առ այսօր չեն արձանագրվել ազգամիջյան լարվածության լուրջ միջադեպեր այդ հատվածներում:[41] Բաքվի հայազգի բնակիչների հետ հարաբերությունների հենց այս դրական հանգամանքներն էլ լավ ազդեցություն են թողնում հայերի ու ադրբեջանցիների կողք կողքի գոյակցության թեմայով սոցիոլոգիական տարբեր հարցումների արդյունքների վրա: Չնայած այն հանգամանքին, որ այդ հարցումների մասնակիցների 52,7 տոկոսը բացասական է պատասխանել, մեկ երրորդը, իմա` 37,36 տոկոսը դրական է արձագանքել, եւս 9,89 տոկոսը դժվարացել է պատասխանել (կարծիք չունեին այս առնչությամբ),[42] ինչն էլ վկայում է, որ եթե նրանք, ովքեր դեռեւս չեն կողմնորոշվել, դրական պատասխանեին հայերի ու ադրբեջանցիների գոյակցության մասին, ապա սույն հարցը դրական տեսանկյունից դիտարկողների թիվը կկազմեր հարցվածների գրեթե կեսը (47,25 տոկոս):
Չնայած դրան, հանրությունում Ադրբեջան վերադառնալ ցանկացող հայերի նկատմամբ ընդհանուր վերաբերմունքն առավելս բացասական է: 73,44 տոկոսը բացասական է պատասխանել «հայերին պե՞տք է թույլատրել վերադառնալու Ադրբեջան» հարցին, մասնակիցների 88,28 տոկոսը կարծում է, որ ադրբեջանական հանրությունը պատրաստ չէ նման սցենարի: Նաեւ` 75 տոկոսը չի հավատում, որ նման վերադարձը կօգնի լուծելու ղարաբաղյան հիմնախնդիրը:[43]
5. Եզրահանգումներ
Ղարաբաղյան հակամարտության շուրջ իրավիճակի զարգացման հնարավոր ամենատարբեր սցենարները կարող են հաջողություն ունենալ, եւ կարող են կառուցողական արդյունքներ ձեռք բերվել միայն այն դեպքում, եթե իրականացվի այդ երկու համայնքների (ներառյալ փախստակակնների ու ՆՏԱ-ների տարբեր խմբերի) էթնիկական հանդուրժողականության արմատավորման ուղղությամբ նպատակասլաց ու խելամիտ աշխատանք: Դա թույլ կտա բնակության նախկին վայրեր վերադարձի գործընթացն ավելի կազմակերպված գործարկել, անցյալի վերքերի ու զոհի բարդույթի հետեւանքների հաղթահարման նպատակով ապագա հայրենադարձների ընտրության հստակ մեխանիզմ մշակել:
Վերադարձի գործընթացի նախապատրաստումը եւ ազատագրված տարածքներ բուն վերադարձը դատապարտված են դժվարությունների, եւ գլխավոր դժվարությունն էլ վերադարձի հոգեբանական խնդիրներն են լինելու:[44] Հույսի, վստահության եւ պարզորոշության բացակայություն. ահա ՆՏԱ-ների վերադարձի գործընթացը խոչընդոտող հիմնական խնդիրները: Այսօր ադրբեջանցի ՆՏԱ-ները պատրատ են վերադառնալ իրենց տները: Այս տրամադրությունները կաճեն, եթե ապահովվեն նրանց իրավունքներն ու ազատությունները, եւ երաշխավորված լինի նրանց անվտանգությունը: Դրան հասնելու համար նրանք պիտի մանրամասն տեղեկություններ ստանան նյութական ապահովության, իրավական միջոցների, կրթության, առողջապահության եւ հանրային կյանքի մյուս հայեցակետերի մասին այն վայրերում, որտեղ պիտի վերադառնան: Իսկ դա պահանջում է տնտեսական, սոցիալական եւ իրավական ավելի գայթակղիչ ու կայուն պայմաններ:
Իրենց տները ՆՏԱ-ների վերադարձի կարեւոր պայման է այն հողատարածքների ռեստիտուցիայի գործընթացը, որոնք իրենք լքել են, ինչպես նաեւ նրանց ունեցած գույքի հարցը, իմա` ռեստիտուցիոն քաղաքականության արդյունավետ վարում: Ցավոք, ռեստիտուցիայի հարցը չի քննարկվում հանրապետությունում, թեեւ այդ քաղաքականության որոշ հայեցակետեր, ներառյալ հակամարտությունից կրած ֆինանսական վնասների չափը, ինչպես նաեւ վերականգնման համար ծախսերի մոտավոր գնահատումը, արդեն իսկ ուսումնասիրվում եւ գնահատվում են: Ադրբեջանցի փախստականների վերադարձը Հայաստան եւ հայ փախստականների վերադարձն Ադրբեջան չի քննարկվում, թեեւ այդ թեմայով պարբերաբար անցկացվող սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ դրա նկատմամբ վերաբերմունքը հանրությունում ծայրահեղ բացասական է:
1. Տես, օրինակ. Майндорфское соглашение по Карабаху, подписанное 2 ноября 2008 года.
2. Տես, օրինակ. политические заявления, сделанные 27 октября 2010 года в Астрахани, 10 июля 2009 года в Аквиле, 26 июня 2010 года в Мускоке и 1 декабря 2010 года в Астане.
3. Ամենատարբեր հասարակական կազամակերպությունների (օրինակ` Բաքվի մամուլի ակումբի) անցկացրած բազմաթիվ սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքները ցույց են տալիսյ որ Լեռնային Ղարաբաղը թիվ մեկ խնդիրն է հանդիսանում, զգալիորեն առաջ անցնելով այնպիսի հարցերից, ինչպիսին են ժողովրդավարական բարեփոխումները, մարդու իրավունքները, կոռուպցիան եւ այլն:
4. ООН обещает предоставить дальнейшую помощь ВПЛ Азербайджана (на азерб. яз) Տես: http://www.milli.az/news/politics/11710.html
5. Տես`. А. Юнусов, Миграционные процессы в Азербайджане (Баку, 2009), сс. 28-31; International Organization for Migration, Population migration in the CIS countries: 1997-1998 (Geneva, 1999) (Международная организация миграции, Миграция населения в странах СНГ) (Женева), сс.24-25
6. Փախստականների ու ՆՏԱ-ների ընդհանուր թվի հիմքում ընկած են այն վիճակագրական տվյալները, որոնք նշված են ՄԱԿ-ի փախստականների կոմիտեի Բաքվի գրասենյակին Փախստականների ու ՆՏԱ-ների պետական կոմիտեի հղած նամակում առ 22.01.2010.
7. Ibid.
8. Լեռնային Ղարաբաղի շուրջ պատերազմի ընթացքում Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության մի գյուղ, Տերտերի շրջանի 30 գյուղ եւ Ղազախի շրջանի 7 գյուղ զավթվել են: Սկզբնաղբյուր Ադրբեջանի Փախստականների ու ՆՏԱ-ների պետական կոմիտե. Տես` http://www.refugees-idps-committee.gov.az/az/pages/29.html
9. Հայ-ադրբեջանական ղարաբաղյան հակամարտություն (ադրբեջաներեն). www.elibrary.az/docs/azerbaijan/gl8.pdf
10. Սկզբնաղբյուր` Ադրբեջանի պետական նավթային ֆոնդ. http://www.oilfund.az/az/content/10/87
11. Նոր ավաններում ՆՏԱ-ների տեղավորման գործընթացը կշարունակվի Ադրբեջանում. http://news.day.az/society/240054.html
12. «Ազատագրված տարածքներ» եզրույթն Ադրբեջանում շրջանառության մեջ է դրվել նախորդ դարի 90-ական թվականներից եւ ենթադրում է Լեռնային Ղարաբաղի եւ նրա շուրջ յոթ շրջանների ազատագրում:
13. Հալավարներ. Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության (Հայկական ԽՍՀ) Գուգարքի շրջանի ադրբեջանաբնակ Հալավ վայրից ադրբեջանցի փախստականներ:
Լյամբիյալներ. Հայկական ԽՍՀ Ալավերդու շրջանի Լյամբիյալի ադրբեջանական գյուղից: Նյուավդեցիներ` Հայկական ԽՍՀ Մեղրիի շրջանի Նյուվադի գյուղից:
14. “В Азербайджане будет продолжено переселение беженцев в новые поселки” – Տես` http://news.day.az/society/240054.html
15. Հայ-ադրբեջանական ղարաբաղյան հակամարտություն (ադրբեջաներեն). www.elibrary.az/docs/azerbaijan/gl8.pdf
16. “Моя мечта – увидеть все 600 млн кв. м. заминированной поверхности полностью свободными от мин.” Газета Эхо, 25 сентября 2010г. «Էխո» թերթ. 25 սեպտեմբերի 2010թ. – http://www.echo-az.com/archive/2010_09/2376/obshestvo03.shtml
17. http://www.anama.gov.az/index_az.htm
18. “Моя мечта – увидеть все 600 млн. кв. метров “, 2010.
19. “Действия Украины по разминированию. Организационные проблемы”; http://www.defense-ua.com/rus/hotnews/?id=18045
20. Տես` Shain Abbasov, “Karabakh 2014: No war but a difficult journey to peace” (Шахин Аббасов. «Карабах 2014: без войны, трудный путь к миру), в Karabakh 2014
Six analysts on the future of the Nagorny Karabakh peace process (Карабах 2014: шесть аналитиков о будущем мирного Нагорно-Карабахского процесса) (London: Conciliation Resources, 2009, сс.13-20)
21. ՆՏԱ-ների վերադարձի հնարավոր սցենարների մեր դատողություններում մենք չենք դիտարկում նույնպես Աբասովի ներկայացրած «Առանց փոփոխությունների» վերջին սցենարը, քանի որ նշված տարբերակի պարագայում վերադարձ չի կայանալու:
22. Tabib Huseynov, “Karabakh 2014: The day after tomorrow – an agreement reached on the Basic Principles, what next?” (Табиб Гусейнов, “Карабах 2014: Послезавтрашний день: Достигнуто соглашение по базовым принципам: что дальше”) в Карабах 2014, 2009, сс.28-34.
23. Ibid.
24. Ibid.
25. Глава армянской парламентской комиссии по внешним сношениям: «Армяне и азербайджанцы генетически несовместимы».
Տես` http://www.rol.ru/news/misc/newssng/04/02/28_013.htm
26. Վերջին տարիներին հեղինակը մասնակցել է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը նվիրված շատ համաժողովների: Նա հանդիպել է հայ մասնակիցների, ովքեր ընկալումով են վերաբերվել հայերի ու ադրբեջանցիների գոյակցության մասին հայտարարություններին եւ նույնիսկ քննարկել են փորձնական գյուղերի գաղափարը, գյուղեր, որտեղ երկու համայնքների ներկայացուցիչները կարող են ապրել կողք կողքի:
27. “Бакинские армяне хотят вернуться в Баку ”
Տես` http://news.day.az/armenia/29922.html
28. “Territorial integrity of Azerbaijan never was and never will be subject to discussion ” («Территориальная целостность Азербайджана никогда не была и не будет предметом обсуждения»),
Տես` http://news.day.az/politics/205769.html
29. «Почему армяне и азербайджанцы в Москве могут жить вместе, а на этом пятачке нет» http://novostink.ru/sng/300-pochemu-armyane-i-azerbajdzhancy-v-moskve-mogut.html
30. “Армяне хотят вернуться? “, see http://www.echo-az.com/archive/2010_07/2332/politica05.shtml
31. “Do Azeris want to live in peace with Armenians after the resolution of the Nagorno-Karabakh conflict? («Хотят ли азербайджанцы жить в мире с армянами после разрешения Нагорно-Карабахского конфликта?»), см.:http://www.salamnews.org/ru/news/read/17510/opros-salamnews-xotyat-li-jit-azerbaydanci-v-mire-s-armyanami-posle-resheniya-karabaxskogo-konflikta-video/
Տես` http://www.salamnews.org/ru/news/read/17510/opros-salamnews-xotyat-li-jit-azerbaydanci-v-mire-s-armyanami-posle-resheniya-karabaxskogo-konflikta-video/
http://www.salamnews.org/ru/news/read/17510/opros-salamnews-xotyat-li-jit-azerbaydanci-v-mire-s-armyanami-posle-resheniya-karabaxskogo-konflikta-video/
32. “Armenian refugees from Azerbaijan want to go back to their homes”, see
http://www.regnum.ru/news/polit/1307259.html
33. “Azerbaijan must pay Armenian refugees the sum of $100 bln.” («Азербайджан должен заплатить армянским беженцам 100 млрд. долларов»), См.:http://armtoday.info/default.asp?Lang=_Ru&NewsID=29104&SectionID=0&RegionID=0&Date=07/22/2010&PagePosition=1
Տես` http://armtoday.info/default.asp?Lang=_Ru&NewsID=
29104&SectionID=0&RegionID=0&Date=07/22/2010&PagePosition=1
34. Tabib Huseynov, “A Karabakh Azeri perspective” (Табиб Гусейнов. «Точка зрения карабахского азербайджанца»), Accord: Elites and Societies in the Nagorny Karabakh Peace Process (London: Conciliation Resources, 2005); see http://www.c-r.org/our-work/accord/nagorny-karabakh/russian/russian6.php
35. Տես`: http://xronika.az/azerbaijan-news/10166-armyanskaya-obshhina-karabaxa-xochet-zhit-v.html
36. «Мы могли бы мирно сосуществовать с армянами»; См.: http://interfax.ru/txt.asp?sec=1483&id=147704
37. «В Азербайджане проживают около 20,000 армян»; seehttp://www.regnum.ru/allnews/308707.html
38. http://azerbaijanfoundation.az/az/2010/01/22/da287l305q-qaraba287305-231305xmaqla.html
39. “В Азербайджане живут 30,000 армян” (на азерб. Яз.); seehttp://faktxeber.com/21700_az399rbaycanda-30-m304n-erm399n304-ya350ayir.html
40. http://www.azstat.org/statinfo/demoqraphic/az/1_4.shtml
41. http://www.bizimyol.az/index.php?mod=news&act=view&nid=33661
42. http://www2.600min.az/index.php?s=
e7b12b2052bcdbd1449e39ca850592a1&showtopic =206012&pid=7296680&st=0&#entry7296680
43. http://www4.disput.az/index.php?showtopic=133843&st=0
44. This fact is the focus of PACE’s attention at the moment – http://azerbaijanfoundation.az/az/migdestiny/410-avropada-601n-231ox-qa231q305n-v601.html