Ռիչարդ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
Տարածաշրջանային հետազոտությունների
կենտրոնի (ՏՀԿ) տնօրեն
Երեւան
Հարավային Կովկասը տարածաշրջանային տերությունների մրցակցության ասպարեզ է: Վերջին երկու հարյուրամյակների ընթացքում այն խոշոր տարածաշրջանային ուժերի` իրեն սահմանակցող եւ իշխանության ու ազդեցության համար մրցակցող Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի շահերի պատանդն էր:
Այսօր էլ նույն այդ պատմական տերություններ` Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը շարունակում են ազդել տարածաշրջանի վրա` նրանում առավել ազդեցիկ լինելու իրողության բերմամբ: Տվյալ մրցակցությունը շարունակվել է Խորհրդային Միության փլուզումից հետո եւ ավելի է սաստկացել` նոր մարտահրավերների ու վերջին շրջանում տեղի ունեցած ճգնաժամերի ի հայտ գալուն զուգահեռ: Սակայն 2011թ. մեծ մասի ընթացքում անցած պատմական իրադարձությունների եւ ժամանակակից իրողությունների եզրաձեւը տարածաշրջանային անվտանգության ոլորտում կրել է շեշտակի փոփոխություն: Այս փոփոխությունը ներառում է ոչ միայն մի շարք ընդհանուր տարրեր, ինչպիսին են Ադրբեջանի կողմից պատերազմի սպառնալիքը, Արեւմուտքի եւ Իրանի միջեւ զարգացող հակամարտությունը կամ չկարգավորված «սառեցված» հակամարտություններից բխող լարվածությունը, այլեւ Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ վերջերս խորացած տարաձայնությունները:
2011 թվականի ընթացքում անվտանգության ոլորտում ընթացող հարաճուն փոփոխությունների համապատկերին բոլոր երեք հարավկովկասյան պետությունները շարունակել են բախվել մի համակարգից մյուսին անցնելու տնտեսական եւ քաղաքական բարեփոխումների գործընթացում առաջացող եւ պետականաշինությանն ուղեկցող դժվարություններին: Տարածաշրջանում շարունակվում է անցյալի ժառանգությունը` խորհրդային իշխանության յոթ տասնամյակներից մնացած լարվածություններն ու մարտահրավերները հաղթահարելուն միտված պայքարը: Հաշվի առնելով սույն տարածաշրջանային իրողությունը` պետություններից յուրաքանչյուրն առաջնորդվում է սեփական` այլ պետություններից տարբեր ուղեգծով: Հայաստանն աջակցվում է մեծ եւ ընդարձակ սփյուռքի կողմից` միաժամանակ շարունակելով սերտորեն կապված մնալ ռուսաստանյան ուղեծրից: Ադրբեջանն օգտագործում է կասպյան էներգետիկ պաշարները եւ Թուրքիայի հետ պատմական կապերը: Վրաստանի դեպքում` 1990-ականների սկզբների քայքայիչ քաղաքացիական պատերազմի եւ Աբխազիայի ու Հարավային Օսիայի անջատողական տարածաշրջանների կորստյան հետեւանքով առաջացած անկայունությունը հարկադրել են այդ երկրին կատարել ռազմավարական կողմնորոշման փոփոխություն: Վերջինիս հիմքում ընկած է առանցքային «տարանցիկ պետության» դերի իրագործումը, սեփական տարածքի ու սեւծովյան նավահանգիստների` որպես տարածաշրջանային էներգետիկ շղթայի տրամադրումը` Սեւ ծովի եւ Թուրքիայի հետ Ադրբեջանի ռազմավարական կապն ապահովելու համար եւ Արեւմուտքի սահմանային դաշնակից լինելը:
Գնահատելով անցած 2011 թվականը` հարկ է նշել այդ շրջանում ի հայտ եկած մի քանի ուշագրավ եւ էական միտումներ, որոնք նույնպես ազդեցություն են գործել Հարավային Կովկասի վրա: 2011թ. հիշյալ միտումներից առաջինը «սառեցված» ղարաբաղյան հակամարտության` դեպի «թեժ» դիմակայություն սրընթաց զարգացման ակնհայտ վտանգն է, որն Ադրբեջանի` իրավիճակը լարելու եւ սահմանափակ զինված միջադեպերի միջոցով միջազգային հանրության վրա ճնշում գործադրելու մտադրության հետեւանքն է: Այսպիսով, Ադրբեջանը հիասթափություն էր արտահայտում խաղաղ գործընթացում որեւէ իրական առաջընթացի բացակայության եւ հայ-թուրքական դիվանագիտական գործընթացի սկզբում Թուրքիայի թվացյալ դավաճանության կապակցությամբ: Հաջորդ լուրջ մարտահրավերը տարածաշրջանում ընտրությունների եւ քաղաքական փոփոխությունների մերձեցող շղթան է. Հայաստանն ու Վրաստանը 2012 եւ 2013թթ. նախապատրաստվում են խորհրդարանական եւ նախագահական ընտրություններին: Այս քաղաքական իրադարձությունները զուգակցվում են թե՛ լեգիտիմության վաղեմի հարցերով, եւ թե՛ շարունակվող տնտեսական անկայունությամբ:
Տարածաշրջանային աշխարհաքաղաքական դասավորությունում եւս մի էական փոփոխություն կարելի է նկատել Արեւմուտքի ներգրավվածության փոփոխված բնույթի մեջ: Ավելի հստակ` թե՛ ԱՄՆ-ն, եւ թե՛ Եվրամիությունը զգալիորեն վերանայել են Հարավային Կովկասի իրենց ռազմավարական տեսլականը` տարածաշրջանում իրենց ներգրավվածության չափի եւ ծավալի համապատասխան շտկմամբ: ԱՄՆ-ի համար Հարավային Կովկասը կրկին ստանձնում է իր ավանդական ռազմավարական դերը` որպես ավելի լայն ռուս-ամերկյան հարաբերությունների բաղադրիչ: Դա տեղի է ունենում գլխավորապես երկու պատճառների բերմամբ: Նախ` Վրաստանում եղած վերջին պատերազմը եւ դրան հաջորդած լարվածությունը Վաշինգտոնի եւ Մոսկվայի հարաբերություններում համոզել են ԱՄՆ-ին, որ Հարավային Կովկասը` որպես տարածաշրջան, չի կարող դիտարկվել ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ փոխհարաբերություններից դուրս:
Սույն տեսակետի համաձայն` իջեցվում է տարածաշրջանի ռազմավարական նշանակությունը եւ ճանաչվում է առավել կարեւոր փոխզիջման հաշվարկը` հավակնոտ Ռուսաստանի հանդեպ հաշտվողական կեցվածքը` ելնելով վերջինիս հետ Աֆղանստանում եւ Իրանում համագործակցելու Միացյալ Նահանգների աշխարհաքաղաքական անհրաժեշտությունից: Վաշինգտոնի տեսանկյունից` Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունների «վերբեռնման» շրջանակներում դա նշանակում է «մերձակա արտերկրում» Ռուսաստանի շահերի քողարկված ճանաչում, որը ենթադրում է տարածաշրջանի նկատմամբ` որպես Մոսկվայի «շահերի ոլորտի» վերաբերվելը: Դա հանգեցրել է ԱՄՆ-ի մոտեցումներում Վրաստանի երկրորդ պլան մղվելուն: Ներկայումս ԱՄՆ-ն դիտարկում է Վրաստանը որպես հարց, որի շուրջ Վաշինգտոնն ու Մոսկվան «համաձայն են միմյանց հետ չհամաձայնվել»` շրջանցելով վրացական թեման` որպես խոչընդոտ փոխադարձ եւ ավելի լայն ու ռազմավարական շահերում: Հետաքրքական է նշել, որ դրա արդյունքում տեղի է ունեցել փոփոխություն նախորդ տասնամյակի համեմատ, քանի որ ԱՄՆ-ի ռազմավարական հրամայականում էներգակիր նավթամուղերի եւ գազամուղերի անվտանգության ապահովման հրամայականն իր տեղն է զիջել տարանցիկ հաղորդակցային ուղիների եւ օդային միջանցքների պահանջարկին: Ամերիկյան քաղաքականության մեջ սույն փոփոխության ընդհանուր արդյունքն առավելապես արտացոլվել է տարածաշրջանից դուրս գալու մեջ, միաժամանակ, անհամեմատ ավելի նվազ չափով շոշափելով Վաշինգտոնի առաջատար դերը, որն, ակտիվորեն ներգրավված լինելով առավել տեղայնական շահերում, կենտրոնացած է լայն ռազմավարական հրամայականների վրա:
Այն ժամանակ, երբ Միացյալ Նահանգները սույն փոփոխության ազդեցությամբ սկսել են հետ կանգնել տարածաշրջանում ուղիղ եւ ակտիվ ներգրավվածությունից, Եվրամիության առջեւ բացվել է նոր հնարավորություն եւ անմիջական անհրաժեշտություն` Հարավային Կովկասի մեջ առավել լայն եւ ուղիղ ներգրավվածություն ապահովելու առումով: Լուրջ փորձության ենթարկելով իր հնարավորությունները` հենց Եվրամիությունը` Վրաստանում ծագած պատերազմի մեջ իր ներգրավմամբ հասել է կրակի դադարեցմանը: Թեեւ դիվանագիտական նախաձեռնությունը մեծամասամբ իրականացվում էր Ֆրանսիայի եւ ոչ թե ինստիտուցիոնալ առումով ԵՄ-ի կողմից, եվրոպական արդյունավետ միջնորդության ընկալումը ողջ ԵՄ-ի համար կարեւոր թեստ է դարձել: Սակայն, տարածաշրջանի մեջ առավել լայն ներգրավման հաջողությունն ամրապնդելու համար Եվրամիությունը ստիպված կլինի հաղթահարել ԵՄ-ի ռազմավարության հակասական բնույթը, քանի որ իր առաջատար անդամներից մի քանիսը դրսեւորում են սեփական քաղաքականությանը նախապատվություն ընծայելու միտում, այն պարագայում, երբ հաճախ իրենց շահերը իրար հետ հակասության մեջ են մտնում: Սույն երեւույթն առավել բացահայտ աչքի է ընկնում Ռուսաստանի հետ հարաբերություններում եւ էներգետիկ քաղաքականության հարցերում: Միաժամանակ, ԵՄ-ն ստանում է համապատասխան առավելություն` ինչպես իր գործողությունների, այնպես էլ իր Արեւելյան գործընկերության ծրագրերից, որոնցից յուրաքանչյուրը թույլ է տալիս տարածաշրջանում կուտակել կայուն քաղաքական կապիտալ:
Այնուամենայնիվ, Եվրամիության ապագա ներգրավումը տարածաշրջանի մեջ, նախ եւ առաջ, կախված է հենց Եվրամիությունից, քանի որ վերջինս արդեն իսկ հասել է որոշակի խաչմերուկի, որում հարկավոր է ընտրություն կատարել սեփական քաղաքականությունն իրականացնող առանձին պետությունների մրցակցությանն ընդառաջելու եւ ռազմավարական ներգրավման ընդհանուր քաղաքականության ձեւավորումը պահանջող մարտահրավերի միջեւ: Դեռեւս պահպանվում է լավատեսությունը, որ ԵՄ-ն կարդարացնի տարածաշրջանի մեջ համեմատաբար խոր ներգրավման սպասումները, քանի որ «ռիսկի տարածաշրջան» դիտվող Հարավային Կովկասում առավել նշանակալից անվտանգության եւ կայունության ապահովման հարցում Եվրամիության կողմից առաջատար դեր ստանձնելու շուտափույթ անհրաժեշտության հետագա թերագնահատումն ու անտեսումն այլեւս հնարավոր չեն:
Եվ, վերջապես, 2011 թվականի «դասերին» հայացք նետելով, ամենայն պարզությամբ համոզվում ես, որ տարածաշրջանի յուրաքանչյուր պետության, այդ թվում եւ Լեռնային Ղարաբաղի ղեկավարները, արդեն իսկ ինքնուրույնաբար տիրապետում են իրենց ապագայի բանալիներին: Ու թեեւ առկա է տարածաշրջանային մեկուսացումն ակնհայտ հրամայական հանդիսացող ներգրավման միջոցով կանխելու անհրաժեշտությունը, իրական կայունությունն ու անվտանգությունը կախված են լեգիտիմությունից, ինչպես նաեւ տեղական տնտեսությունից ու քաղաքականությունից եւ, շատ ավելի նվազ չափով` մեծ աշխարհաքաղաքականությունից: