Սահակ ՇԱՀՄՈՒՐԱԴԵԱՆ
«Ալիք» թերթի թղթակից
Թեհրան
Վերջին ամիսներում, կապւած Արաբական աշխարհում արագօրէն զարգացող իրադարձութիւններին, որոշակի փոփոխութիւներ են նկատւում Միջինարեւելեան տարածաշրջանի ուղղութեամբ Արեւմուտքի եւ Արեւելքի մեծ տէրութիւնների աշխարհաքաղաքական ռազմավարութեան մէջ:
Յիրաւի, Միջին Արեւելքում տիրող իրավիճակն այնպիսի բարդ ու անկառավարելի դրութեան է հասել, որ կասկած չի յարուցում, որ տարածաշրջանի աշխարհաքաղաքական եւ անվտանգութեան պատկերը մօտ ապագայում հիմնական փոփոխութիւնների է ենթարկւելու: Դէպքերի արագընթաց զարգացումները եւ տարածաշրջանային ու վերտարածաշրջանային դերակատար ուժերի զանազան դիրքորոշումն ու յաճախակի միջամտութիւնըª Արաբական աշխարհի փոթորկալից հասարակական-քաղաքական յեղափոխութիւններին, վկայում են, որ ստեղծւած փոթորկոտ դէպքերի արդիւնքում ձեւաւորւելու է արաբական-իսլամական նոր աշխարհի դիմագիծը, իսկ միջազգային տնտեսա-քաղաքական եւ ռազմավարական յարաբերութիւնների ոլորտում տեղի է ունենալու համաշխարհային մեծ տէրութիւնների անվտանգութեան եւ տնտեսական շահերի տեղաբաշխման նոր հաշւեկշիռների կազմաւորում:
Ինքնին յայտնի է, որ այսպիսի քաղաքական կնճռոտ պայքարում, ինչպիսին է Միջին Արեւելքի որոշ երկրների հասարակութիւն-իշխանութիւն խիստ հակադիր գօտեմարտըª նախկին աւանդական կառավարական համակարգը պահելու, իսկ միւս կողմից ժողովրդի լայն զանգւածների հասարակական ազատութեան հասնելու բուռն պահանջները, որոնք բերում են այն բանի, թէ դիմակայող ուժերը չկարողանալով մրցակցին վերջնականապէս ասպարէզից դուրս մղել, դիմելու են երրորդ ուժի միջամտութեան աջակցութեանը:
Նկատի ունենալով Միջին Արեւելքի ռազմավարական, տնտեսական եւ նաւթա-գազային պաշարների կարեւորութիւնը ԱՄՆ-ի, Եւրոմիութեան, Ռուսաստանի եւ Չինաստանի համար, միանգամայն կարելի է ենթադրել, որ նշեալ տարածաշրջանում ծաւալւած տագնապը պահանջում է մեծ տէրութիւնների հետեւողական միջամտութիւնը, որով ներկայ փուլում ԱՄՆ-ի ու նրա արեւմտեան դաշնակիցների համար առաջնային տեղ է գրաւում ռազմավարական ծրագրերի իրագործումըª նախընտրելով Ռուսաստանի եւ Չինաստանի ռազմական, տնտեսական եւ քաղաքական ազդեցութիւնը թուլացնել Միջերկրական ծովի ու Պարսից ծոցի ռազմավարական նշանակութիւն ունեցող տարածաշրջաններում:
Նկատի ունենալով, որ Հիւսիսային Աֆրիկայի եւ Արաբական աշխարհում ծայր առած հասարակական յեղափոխութիւնները սկզբնական շրջանում ժողովրդավարական կարգեր հաստատելու եւ տնտեսական արդար պայմաններ ստեղծելու բնոյթ էին կրում, ԱՄՆ-ի ներկայ դեմոկրատական վարչակարգն ու Եւրամիութեան մեծ տէրութիւնները մի քանի անգամ երկկողմ ու բազմակողմ քննութեան առան արաբական աշխարհում ռազմական ու քաղաքական միջամտութեան հարցը, որին երբեմն վերապահօրէն միացան Ռուսաստանը եւ Չինաստանը, իսկ մի առ ժամանակ անց, հաշւի առնելով արեւմտեան ուժերի տարածաշրջանում ռազմական ներկայութեան աւելացման ուղղութեամբ տարւող ջանքերը, վերջին տէրութիւնները Սիրիայի եւ Իրանի հարցերով յանդիմանում են իրենց արեւմտեան գործընկերների որոշումները:
Ուշագրաւ է, որ Միջին Արեւելքի քաղաքական տագնապի զարգացման ընթացքը ոչ միայն ներգործօն ազդեցութիւն է թողնելու աշխարհի մեծ տէրութիւնների աշխարհաքաղաքական ծրագրերի ու հաշւեկշիռների ճշգրտման վրայ, այլեւ խորապէս ազդեցութիւն է ունենալու Իրան-Արեւմուտք հակամարտութեան հետագայ գործընթացների վրայ:
Անհրաժեշտ է ընդգծել, որ վերջին ամիսներում Միջին Արեւելքում զարգացող իրադարձութիւնները, յատկապէս Սիրիայում ընթացող դէպքերը, որոշակիօրէն նոր հակադարձութեան դաշտ են ստեղծել Արեւմուտքի եւ Իրանի արդէն բաւական վաղեմութիւն ունեցող ռազմավարական խնդիրները լուծելու համար:
Յատկանշական է, որ կապւած Սիրիայում եւ Լիբանանում տեղի ունեցող քաղաքական իրադարձութիւններինª ԱՄՆ-ն եւ նրա դաշնակիցները Բաշար Ասադի վարչակարգի եւ Լիբանանում նրա կողմնակից խմբաւորումների նկատմամբ զգալիօրէն թշնամական դիրք են ընդունել: Այսպիսովª Սիրիայի վարչակարգի վրայ գործադրւող քաղաքական ճնշումներին ու տնտեսական շրջափակմանը վերջերս գումարւեց նաեւ Ատոմական էներգիայի միջազգային կազմակերպութեան Վճռադատ խորհրդի բանաձեւը, որով Սիրիան համարւում է կասկածելի ատոմական գործողութեամբ զբաղւող երկիր: Սա, անշուշտ, նոյն խնդիրն է, որով ԱՄՆ-ն եւ Եւրամիութիւնը մեղադրում են Սիրիայի դաշնակից Իրանի Իսլամական Հանրապետութեանը:
Տւեալ իրավիճակում նախեւառաջ ԱՄՆ-ն եւ Եւրամիութեան գլխաւոր երկրները լուրջ մտահոգ են Իրանի ազդեցութեան խորացումից Միջին Արեւելքի երկրների հասարակայնութեան շարժումների մէջ: Այդ առումով Վաշինգտոնը եւ նրա դաշնակից մեծ տէրութիւնները ակտիւօրէն վարում են Իրանին զսպելու քաղաքականութիւնª տարածաշրջանային ներթափանցման իրականացման հարցում: Անշուշտ, Իրանը մտադիր չէ ինքն իրեն զրկել նման հնարաւորութիւնից, երբ իր միւս հարեւան երկրներ Սաուդական Արաբիան եւ Թուրքիան, ԱՄՆ-ի հաստատումով, մեծապէս ծաւալում են իրենց քաղաքական, ռազմական եւ միջնորդական դերակատարութիւնըª ժողովրդական ընդվզումներով ալեկոծւած շրջապատի երկրներում:
Այս զարգացումների համատեքստում նախեւառաջ Եգիպտոսի անցումային կառավարութիւնը վերանայելով նախկին տապալւած վարչակարգի արտաքին յարաբերութեան սպառած քաղաքականութիւնըª ցանկութիւն յայտնեց մօտ երեսուն տարւայ ընդհատումից յետոյ Կահիրէի յարաբերութիւնները Իրանի կառավարութեան հետ վերականգնել: Ինչպէս նկատւում է, իրանական կողմը հաշւի առնելով Միջին Արեւելքում եւ Պարսից ծոցի տարածաշրջաններում տիրող խիստ զգայուն իրադրութեան առկայութեան պայմաններըª մեղմ կերպով արձագանգեց Կահիրէի ցանկութեանը, սակայն հէնց այդ նախնական շփումների քայլերը նոյնիսկ խանգարւում են ԱՄՆ-ի ու Իսրայէլի նիւթած սադրանքների ու միջամտութիւնների հետեւանքով:
Միջին Արեւելքում տիրող այսօրւայ դրութեամբ Իրանի եւ Եգիպտոսի ներգործօն դերակատարութիւնը շրջանի քաղաքական գործընթացների վրայ կարող է շատ աւելի մեծ ազդեցութիւն ունենալ, քան ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի կամ ԱՄՆ-ի դաշնակից Սաուդական Արաբիայի եւ նրա հնազանդ փոքր արբանեակ պետութիւնների վերեւից պատւիրւած գործունէութիւնը:
Միջին Արեւելքում զարգացող, քաղաքական-հասարակական իրադարձութիւններին զուգահեռ Արեւմտեան պետութիւնների դաշնութիւնը, ելնելով իր ռազմավարական շահերից, փորձում է պղտորւած ջրից ձուկ որսալ, այն էª Իրանի ազդեցութիւնը թեւատել Սիրիայում, Լիբանանում եւ Պարսից ծոցի աւազանի մերձակայ երկրներում: Ակնյայտ է, որ նման մտադրութեան հեռանկարով է, որ ԱՄՆ-ն եւ եւրոպական գլխաւոր տէրութիւնները անդադար փորձում են ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի նիստում Սիրիայի դէմ կտրուկ միջոցներ գործադրելու բանաձեւ անցկացնել: Այսպիսովª Արեւմուտքին հնարաւորութիւն կը տրւի, Լիբիայի օրինակին հետեւելով, Սիրիայի իշխանութիւնը տապալելու նպատակով, ուղղակի կամ հաւատարիմ դաշնակիցների օգնութեամբ, բոլոր միջոցներով ներգրաււել Սիրիայի ներքին հարցերում: Նման գործընթացի իրականացման դէպքում, բնականաբար, կը թուլանան Իրանի եւ Լիբանանի ՙՀեզբօլլահ՚-ի ու Պաղեստինի Գազայի հատւածի ՙՀԱՄԱՍ՚ խմբակցութեան միասնական դիրքերը տարածաշրջանում:
Հարկ է նշել, որ Ռուսաստանը, իր հերթին, մեծապէս շահագրգռւած է իր դիրքերը պահպանել Միջին Արեւելքի արաբական-իսլամական աշխարհում: Ի տարբերութիւն ԱՄՆ-ի եւ Եւրահամայնքի գլխաւոր ուժերի նախանշած ծրագրերիª Մոսկւան չի ցանկանում Միջերկրական ծովի աւազանում կորցնել իր աւանդական դաշնակից Սիրիայի կառավարութեան հաւատարմութիւնն ու ռուսական զինտեխնիկայի կարեւոր շուկան, մի բան, որը կատարւեց Իրաքի պարագայում: Հէնց այս նկատառումով է, որ Մոսկւան չի բաժանում ԱՄՆ-ի ու Արեւմուտքի կողմից ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդում տարւող ջանքերըª Սիրիայի դէմ բանաձեւ ընդունելու գործում: Եթէ Լիբիայի, Լիբանանի եւ Սիրիայի հարցերում Վաշինգտոնի վարած իշխանակործանման քաղաքականութիւնը յաջողութեամբ պսակւի, ապա կարելի է կանխատեսել, որ Իրանի դիրքորոշումը եւ քաղաքական ուղղւածութիւնն աւելի կը մօտենայ Ռուսաստանին եւ Չինաստանին, սա ինքնին նշանակում է, որ Միջին Արեւելքի տագնապների հարցում նոր ճակատ կը բացւի Արեւմուտքի դէմ, որի գլխաւոր դերակատարներից է դառնալու Իրանը:
Ահաւասիկ, տարածաշրջանի իրադարձութիւնների զարգացումները ենթադրել են տալիս, որ մրցակցող կողմերի միջեւ չկայ քաղաքական տրամադրութիւնների փոփոխութեան նշան:
Ներկայ դրութեամբª համաշխարհային եւ տարածաշրջանային բազմակողմ ուժերը Միջին Արեւելքում բոցկլտացող յեղափոխութիւնների կրակի հետ են խաղում, եւ յայտնի չէ, թէ շիկացած կրակի լեզւակները որ տէրութեանն են լափելու իրենց մէջ, իսկ միւսներից որ մէկի շահերը երաշխաւորելու տարածաշրջանային եւ համաշխարհային մակարդակներում:
Iran’s Revolutionary Guards fire test missiles during the first phase of military manoeuvresin the central desert outside the holy city of Qom, 02 November 2006. AFP PHOTO/FARS NEWS