Աննա ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ
Վերլուծաբան
Երևան
2018թ. ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած բուռն քաղաքական գործընթացների արդյունքները շատերի համար, թերևս, այսօր անտեսանելի են: Այդուհանդերձ, 2018 թվականի գարնանը տեղի ունեցած քաղաքական շարժումը, որը շատերն անվանում են «Թավշյա հեղափոխություն», ի հայտ բերեց քաղաքական մշակույթի և հանրային մտածելակերպի փոփոխություն Հայաստանում, որի դրական ազդեցությունը երկրում ժողովրդավարական արժեքների ամրապնդման վրա առավել տեսանելի կլինի մի քանի տարի անց:
Քաղաքականության անձնավորման մշակույթի նահանջ
Հայկական քաղաքական կյանքին տասնամյակներ շարունակ բնորոշ է եղել քաղաքականության անձնավորումը, այն է՝ երբ քաղաքական գաղափարները և ծրագրերը երկրորդական նշանակություն են ստանում, իսկ առաջնային է դառնում անձերի քննադատությունը՝ հիմնված մարդու անձնական կյանքի դրվագների շուրջ բամբասանքի վրա: Այսպես, օրինակ, անձերի վրա կենտրոնանալով՝ վարկաբեկման տակտիկան ապրիլի 23-ից մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում ակտիվորեն կիրառվում էր Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ պատգամավորների կողմից: Սա առավել ակնհայտ էր մայիսի 1-ի խորհրդարանական լսումների ընթացքում, երբ ՀՀԿ պատգամավորները փորձում էին վարկաբեկել Նիկոլ Փաշինյանի անձը՝ անգամ անդրադառնալով նրա սափրվել-չսափրվելուն: Բոլորովին վերջերս ևս մի օրինակ էր Սմբատ Գոգյանի՝ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ԲՈՀ) նախագահի պաշտոնին նշանակվելուց հետո նրա անձի դեմ ծավալված քննարկումներն ու քննադատությունները, որոնք բացառապես հիմնված էին նրա ֆեյսբուքյան նկարների վրա:
Ընդհանրապես, անձերի, այլ ոչ թե քաղաքական ծրագրերի շուրջ կենտրոնացած քաղաքականությունը տարիներ շարունակ եղել է հայկական ներքաղաքական կյանքի ամենաբնորոշ գիծը: Այսպես, օրինակ, 2017 թվականի ապրիլին ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻ) ընտրությունների դիտարկման առաքելության հրապարակած վերջնական զեկույցում նշվում էր, որ կուսակցությունների քարոզարշավներն ավելի կենտրոնացած էին անհատ թեկնածուների, քան կուսակցությունների ծրագրերի ու քաղաքականության վրա: Այսօր էլ որոշ փորձագետներ և հասարակական կարծիք ձևավորողներ փորձում են քաղաքական դիսկուրսը տանել դեպի անձերի անհատական հատկանիշների քննադատության ուղղությամբ, սակայն այդ փորձերը ձախողվում են, քանի որ երկրում ակտիվորեն քննարկվում են կոռուպցիայի, մարդու իրավունքների, երկրի տնտեսական զարգացման, արտաքին քաղաքականության և այլ թեմաներ: Սա ցույց է տալիս, որ Հայաստանում ձևավորվում է բովանդակային հարցերի քննարկման հանդեպ հանրային հարգանք: Պարբերաբար լայն հանրային քննարկման առարկա են դառնում կոռուպցիայի դեմ պայքարի, տնտեսական ազատականացման, հանրային ռեսուրսի վատնման և մի շարք այլ հարցեր:
Քաղաքական գաղափարների հետևողական իրականացում
Նախքան այս տարվա իշխանափոխությունը Հայաստանի ներքաղաքական կյանքում դժվար էր պատկերացնել, որ որևէ նախարար հրաժարական տար կոնկրետ քաղաքական խնդրի վերաբերյալ իր նախկին հայտարարությունների և ներկայիս արարքների միջև հակասության պատճառով, սակայն հունիսի 12-ին Մանե Թանդիլյանը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը, հրաժարական տվեց, քանի որ նրա նախկին դիրքորոշումը պարտադիր կուտակային կենսաթոշակի վերաբերյալ չէր համապատասխանում կառավարության ընդհանուր դիրքորոշմանը: Ավելին՝ նախքան նրա հրաժարականն այս անհամապատասխանության վերաբերյալ ծավալվել էր լայն հանրային քննարկում: Դժվար է պատկերացնել, որ նախկին կառավարության հայտարարությունների իրարամերժության կամ իր սկզբունքայնության պատճառով որևէ նախարար հրաժարական տար: Սա, թերևս, նշան է այն բանի, որ Հայաստանում ձևավորվում է նոր քաղաքական մշակույթ, երբ քաղաքական գործիչների հավատարմությունն իրենց իսկ գաղափարներին դառնում է բնական երևույթ, իսկ քաղաքականության մեջ խոստումներն ու հռետորաբանությունը դադարեցնում են կրել ձևական բնույթ:
Քաղաքական ապատիայի վերացում
2017 թվականին անցկացված երկու՝ խորհրդարանական և Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում քաղաքական ապատիայի աննախադեպ աճ էր գրանցվել: Այս անտարբերությունը հասել էր իր գագաթնակետին 2017 թվականի ապրիլյան՝ խորհրդարանական և մայիսյան՝ Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում: Քաղաքական ապատիայի մթնոլորտը նկատելի էր անգամ միջազգային կազմակերպությունների համար: Այսպես, օրինակ, Եվրոպայի խորհրդի զեկույցը մայիսի 14-ին անցկացված Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ այդ ընտրություններին ցածր մասնակցության հնարավոր պատճառ էր համարել քաղաքական ապատիան և քաղաքական համակարգի հանդեպ անսվտահությունը:
Շուրջ մի տարի անց՝ 2018 ապրիլ-մայիսին, սակայն, տեղի ունեցավ ներքաղաքական կյանքի հանդեպ հետաքրքրության աննախադեպ աճ: Վերջին տասնամյակի ընթացքում չի եղել նմանօրինակ հետաքրքրություն ԱԺ նիստերի, կառավարության նիստերի, պետական այլ մարմինների գործունեության և այլ քաղաքական հարցերի վերաբերյալ: Մի տարի առաջ դժվար էր պատկերացնել, որ ԱԺ նիստերը կքննարկվեն Հայաստանի բոլոր անկյուններում, սակայն այսօր ականատես ենք աննախադեպ քաղաքացիական ինքնագիտակցության և քաղաքական մասնակցության աճի, ինչը ժողովրդավարական պետության հիմնասյուներից է:
Հաշվետվողականության աճ
Մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանի և նրա ղեկավարած կառավարության անդամների կողմից քաջալերվում են հանրության առջև կառավարության կանոնավոր հաշվետվությունները: Մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանը բազմիցս ցույց է տվել, որ բաց է լրատվամիջոցների և հասարակության հարցերի համար: Նոր կառավարությունը նաև որոշեց շարունակել կառավարության նիստերի իրական ժամանակով հեռարձակումը, մինչդեռ նախկին կառավարությունը 2018 թվականի ձմռանը որոշել էր կառավարության նիստերն անցկացնել փակ դռների հետևում: Բաց նիստերը հնարավորություն են տալիս հանրությանը հետևել կառավարության նիստերի քննարկումներին և ստանալ ինֆորմացիա կառավարության կողմից քննարկվող հարցերի վերաբերյալ: Տեղեկացվածությունը կարևոր գործիք է սեփական շահերի պաշտպանության համար: Դա է նաև պատճառը, որ վարչապետը և նախարարներից շատերը կանոնավոր կերպով ինտերնետային տիրույթում հաշվետվություններ են ներկայացնում իրենց առօրյա գործողությունների և միջազգային այցերի վերաբերյալ:
Միաժամանակ՝ կառավարության կողմից քաջալերվում են օրինապահ մարմիններին կոռուպցիայի դեպքերի և այլ օրինախախտումների մասին քաղաքացիների կողմից հաղորդումները՝ այդ թվում նաև բանակում, որը տարիներ շարունակ ներկայացվել է որպես անձեռնմխելի կառույց: Այդ անձեռնմխելիությունը թույլ է տվել բանակի ներսում առկա խնդիրները, այդ թվում՝ մեծածավալ կոռուպցիան, թաքուն պահել: Սակայն, Նիկոլ Փաշինյանը մայիսի 10-ին իր ֆեյսբուքյան հեռարձակումներից մեկի ընթացքում կոչ արեց ժամկետային ծառայողների ծնողներին՝ զինվորների ապահովման պարագաների (հագուստ, կոշիկ, հիգիենայի պարագաներ, սնունդ) բացակայության դեպքում դիմել վարչապետի աշխատասենյակին կամ մամուլին՝ նշելով, թե որ զորամասի մասին է խոսքը: Սա հանրային կերպով հանեց բանակի խնդիրների մասին հանրային քննարկումների տաբուն, ինչը հաշվետվողական է դարձնում անգամ այս կառույցը:
Առավել հաշվետու է դարձել անգամ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը, որի ղեկավարությունը, երկար տարիներ իշխանամետ դիրքորոշում ունենալուց հետո, այժմ ստիպված է պատասխանել հանրության հարցերին և հաշվետու լինել իր գործողությունների համար: Նույնը տեսանելի է նաև Երևանի պետական համալսարանի դեպքում:
Կանանց մասնակցության աճի հանրային պահանջ
Եւս մի հետաքրքիր միտում է քաղաքականության մեջ կանանց մասնակցության շուրջ գոյություն ունեցող տաբուի վերացումը: Հայաստանում հիսուն տարեկանից երիտասարդ տարիքային խմբերում բարձրագույն կրթություն ունեցող կանանց թիվը գերազանցում է տղամարդկանց թվին: Այսպես, օրինակ, 2014-2015 թվականներին նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին և բարձրագույն կրթահամակարգերում սովորող իգական և արական սեռի անձանց թիվը կազմել է համապատասխանաբար 52.2% և 47.8%: Նախորդ տարիների վիճակագրությունը նույնանման ցուցանիշներ է արձանագրել: Այդուհանդերձ, չնայած որակավորված կադրերի առկայությանը, ինչպես գրեթե բոլոր ղեկավար պաշտոններում, այնպես էլ պետական կառավարման համակարգում կանանց ներկայացվածությունը բարձր պաշտոնների մակարդակով շատ ցածր է եղել Հայաստանում: Բացառություն չի կազմում նաև նոր կառավարությունը: Այդուհանդերձ, Հայաստանում առաջին անգամ տեղի է ունենում լայն հանրային քննարկում՝ կառավարության կազմում կանանց ցածր ներկայացվածության վերաբերյալ: Ավելին, կա հստակ հանրային պահանջ՝ կանանց մասնակցությունը երկրի կառավարմանը ընդլայնելու: Այս քննարկումը և հանրային պահանջը՝ ավելացնելու կանանց ներկայացվածությունը կառավարության կազմում, ցույց են տալիս, որ կա մտածելակերպի փոփոխություն: Այսպիսով՝ ձևավորվում է մտածելակերպ, համաձայն որի՝ կանանց մասնակցությունը երկրի կառավարմանը բնականոն երևույթ է և պետք է ընդլայնվի:
Այսպիսով՝ 2018 թվականի շարժումը նկատելի փոփոխություններ է բերում Հայաստանի ներքաղաքական մշակույթում: Այս արժեքային փոփոխությունը ամրապնդում է երկրում ժողովրդավարական արժեքները՝ ստեղծելով քաղաքական գործընթացների բոլորովին նոր համակարգ, որտեղ թափանցիկությունը, հաշվետվողականությունը, արված հայտարարություններին հավատարմությունը և մի շարք այլ դրական միտումներ են նկատվում: Թեև այս ամենը քաղաքացու կյանքում, թվում է, ավելի քիչ կարևոր փոփոխություններ են, քան, օրինակ, կոռուպցիայի դեմ պայքարը կամ սննդամթերքի գնի նվազումը, սակայն դրանք երկարաժամկետ կտրվածքով ավելի նշանակալից են երկրի զարգացման համար: