Գեղամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
“Անալիտիկոն” հանդեսի գլխավոր խմբագիր
Ստեփանակերտ
ԼՂՀ-ում կայանալիք հերթական նախագահական ընտրությունները կոչված են պատասխան տալու մի շարք հարցերի, բայց դրանցից կարեւորագույնն, ըստ իս, հետեւյալն է` նորանկախ երկիրը վերագտնելո՟ւ է, արդյոք, իր քաղաքական սուբյեկտությունը, թե՟ շարունակելու է խարխափել քաղաքական անէության մեջ:
Կա այսօրվա վիճակը, երբ երկրորդ հայկական պետականությունը ոչ միայն դուրս է մնացել ղարաբաղյան հիմնախնդրի քաղաքական կարգավորման բանակցային գործընթացից ու հակամարտության սուբյեկտից վերածվել դրա օբյեկտի (ինչը շատուշատ վտանգավոր է), այլեւ սուբյեկտությունից զրկվել է նաեւ այլ հարթակներում, այդ թվումª համահայկական: Պարզ ասածª երկիրը կորցրել է իր դեմքը: Եվ դրա պատճառն այն է, որ ԼՂՀ իշխանություններն ինքնուրույն քաղաքականություն չեն վարում եւ պարզապես պատճենում են պաշտոնական Երեւանի քաղաքականությունըª իրենց ազատելով պատասխանատվությունից: Եվ, որ ամենացավալին է, նաեւ իրավունքներից: Ինչպես արցախյան խորհրդարանում են պատճենվում ՀՀ օրենքները, այնպես էլ պաշտոնական Ստեփանակերտն է պատճենում պաշտոնական Երեւանի քաղաքականությունը: Եվ դա այն դեպքում, երբ հայկական երկու ուժային կենտրոնների առկայությունը հայությանը մանրեւելու լուրջ հնարավորություն է տալիս, ինչից չենք օգտվում:
Մինչդեռ նույն ՙմեկ ազգ, երկու պետություն՚ սկզբունքով առաջնորդվող Թուրքիան եւ Ադրբեջանը միանգամայն խելամտորեն են օգտագործում այդ հնարավորությունը: Այսպես, ներկայումս թուրք-իսրայելական հարաբերությունների սրման համապատկերում ջերմանում են ադրբեջանա-իսրայելական հարաբերությունները: Եւ այս խաղը միշտ էլ պահեստային տարբերակ ունի, որն ապահովագրում է կատարյալ ձախողումից:
Իսկ մեր պարագայում բանը հասնում է զավեշտիª վրաց-օսական օգոստոսյան պատերազմի ժամանակ պաշտոնական Ստեփանակերտը մի այնպիսի հայտարաություն արեց, որն ուղղակի աբսուրդի աստիճան անատամ էրª հակամարտության կողմերին կոչ արվեց խաղաղ ճանապարհով լուծել հիմնախնդիրը: Ագրեսիայի զոհ դարձած Օսիային ու խաղաղ բնակչությանը ռմբահարող Վրաստանին այս կոչը հավասարապես էր վերաբերում: Իսկ ինչպե՟ս մենք կընդունեինք, եթե Ադրբեջանի հարձակման պարագայում այդպիսի հայտարարություն աներ Հարավային Օսիան: Պաշտոնական Ստեփանակերտը պատճենել էր պաշտոնական Երեւանի հայտարարությունը, որը Հայաստանի պարագայում եթե գոնե հասկանալի էր (Վրաստանի հետ նրբանկատ հարաբերություններ), ապա միանգամայն անհասկանալի էր չճանաչված ու չպարտավորված ԼՂՀ-ի պարագայում: Արդյունքում մեր անատամ չեզոքությամբ կորցրեցինք նաեւ մեր բախտակից Հարավային Օսիայի վստահությունը:
Սա այսօրն է, բայց վաղվա օրը կարող է այլ լինել, վաղը մենք կարող ենք վերագտնել մեր դեմքը եւ միանգամայն ինքնուրույն քաղաքականություն վարելª դառնալով տարածաշրջանային ինքնուրույն ռազմաքաղաքական գործոն: Նման գործոն դառնալուց հետո ինքնըստինքյան կլուծվեն քաղաքական մյուս խնդիրները:
Պարզաբանեմ միտքս: Այսօր ԼՂՀ-ն ուզում է բանակցային կողմ դառնալ, ինչի մասին պարբերաբար հայտարարում է պաշտոնական Ստեփանակերտը, եւ դա նպատակ են համարում մեր քաղաքական ուժերն ու գործիչները: Բայց բանակցային կողմ դառնալը չի կարող նպատակ լինել: Եթե ԼՂՀ-ն դառնա ինքնուրույն ռազմաքաղաքական գործոն, ապա ինքնաբերաբար կլուծվեն թե բանակցային կողմ դառնալու եւ թե միջազգային ճանաչման խնդիրները: Իսկ դրա համար հարկ է ինքնուրույն քաղաքականություն վարել: Այլապես բանակցային կողմ դառնալու մասին մեր հայտարարությունները կշարունակեն աղքատ ազգականի խնդրանքի նմանվել:
Ինքներդ դատեք` ինչո՟ւ պիտի մեզ ընդունեն բանակցային կողմ, երբ բոլորը գիտեն, որ մեր շահերը բանակցային գործընթացում ներկայացնում է պաշտոնական Երեւանը, որի հետ պաշտոնական Ստեփանակերտը բացարձակապես ոչ մի տարաձայնություն չունի: Միջնորդները տարիներ շարունակ փորձում են պարզել, թե արդյո՟ք ղարաբաղյան կողմն ունի պաշտոնական Երեւանի դիրքորոշումից տարբերվող որեւէ կարծիք ու գաղափար, որպեսզի հասկանան, թե որքանով է անհրաժեշտ պաշտոնական Ստեփանակերտի մասնակցությունը: Առայսօր միջնորդներին դա չի հաջողվում, հանգամանք, որն արդեն զավեշտի է վերածում ԼՂՀ ղեկավարության անդադրում հայտարարությունները բանակցային կողմ դառնալու մասին: Բնականաբար, տրամաբանական հարց է ծագումª եթե տարբերություն չկա, եւ եթե դուք ինքներդ գոհ եք պաշտոնական Երեւանի նման դերից, ապա ի՟նչ իմաստ ունի ձեզ բերել բանակցային սեղանի շուրջ:
Կամ, ասացեք խնդրեմ, ինչպե՟ս կարող են ճանաչել մի երկիր, ուր անկախության հռչակումից 20 տարի անց դեռեւս չկա քաղաքացիության մասին օրենք: Ասել կուզեմª ինքներս անելու, ինքնուրույն անելու դեռ շատ բան ունենք, բայց մենք մեզ զրկել ենք նույնիսկ ինքնուրույն մտածելու կարողությունից:
Իսկ ի՟նչ է պետք ինքնուրույն քաղաքականություն վարելու համար: Միայն մի բան` որպեսզի ԼՂՀ-ում իշխանությունը ձեւավորվի քաղաքացիների ազատ ու գիտակից կամարտահայտությամբ, ինչի արդյունքում իշխանությունը ցանկացած քայլ անելիս գլուխը կթեքի ոչ թե դեպի Երեւան կամ այլ մայրաքաղաք, այլ դեպի սեփական ժողովուրդը, որից կբխի թե պատասխանատվության ենթարկվելու վտանգը եւ թե սատարվելու հրճվանքը:
ԼՂՀ-ում իշխանությունը պիտի ձեւավորվի առանց պաշտոնական Երեւանի միջամտության, վերջինիս կարծիքը չպիտի վճռորոշ լինի, քանի որ երբ ԼՂՀ-ում իշխանությունը ձեւավորվում է պաշտոնական Երեւանի միջամտությամբ, ապա իսկույն եւեթ սպառվում են պաշտոնական Ստեփանակերտի կողմից ինքնուրույն քաղաքականություն վարելու բոլոր ռեսուրսն ու հնարավորությունները: Պետք չէ վախենալ պաշտոնական Երեւանի ու պաշտոնական Ստեփանակերտի տարաձայնություններից, որովհետեւ պաշտոնական Երեւանը այս կամ այն կերպ ստիպված է լինելու հաշվի նստել արցախցիների կամարտահայտության հետ, պարզապես չի կարող հաշվի չնստել:
Բացի դրանից, արցախցիների դաշնակիցը ոչ միայն եւ նույնիսկ ոչ այնքան ՀՀ իշխանություններն են, որքան Հայաստանի հանրությունը: Պետք չէ մեր պարագայում թերագնահատել հասարակական կարծիքի դերը Հայաստանում, որը եղել ու մնալու է արցախանպաստ: