Սամվել ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՏՏ մասնագետ Երեւան Իրանի Իսլամական Հանրապետությունը վերջին տարիների ընթացքում դարձավ ինչ-որ չափով նոր մեդիաների, նոր տեղեկատվական տեխնոլոգիաների զանգվածային կիրառման առաջին փորձադաշտերից մեկը: Կարելի է փաստել, որ հենց Իրանում 2009 թվականին նախագահական ընտրություններից հետո սկսեցին կիրառվել այն տեխնոլոգիաները, որոնք այսօր համարվում են հիմնական տեղեկատվական գործոններից մեկը արաբական հեղափոխությունների շարքում:
2009 թվականի ամռան ընթացքում, երբ Իրանում սկսվեցին նախագահական ընտրություններին հաջորդող խռովությունները, տեղեկատվական դաշտը անմիջապես հայտնվեց ճգնաժամային իրավիճակում, քանի որ ինչպես իշխանությունները, այնպես էլ ընդդիմությունն անցան տեղեկատվական հակամարտության` կիրառելով բոլոր հնարավոր առկա միջոցները: Ընդդիմությունը ստացավ նաեւ լայն միջազգային աջակցություն:
Նախագահական ընտրություններին հաջորդած անկարգություններին ի պատասխան իրանական իշխանությունների առաջին իսկ գործողություններից մեկը եղավ տեղեկատվական դաշտում արգելափակումների կիրառումը: Այսպես, ընտրություններն անց կացվեցին 2009 թվականի հունիսի 12-ին, իսկ արդեն հունիսի 16-ին իշխանությունների կողմից օտարեկրյա լրատվամիջոցներին արգելվեց ռեպորտաժներ վարել փողոցներից:/1/ Հաշվի առնելով, որ տեղական մամուլն այդ օրերին արդեն իսկ գտնվում էր ճնշման տակ` դա բերեց տեղեկատվական քաղցի, քանի որ հիմնականում ԶԼՄ-ներից էին ստացվում պաշտոնական տվյալներ:
Արդեն այդ պահին իրանական ընդդիմությունը սկսել էր ակտիվ կիրառել քաղաքացիական լրագրության բոլոր հնարավոր միջոցները: Իրանյան դեպքերի համար յուրահատուկ էր հետեւյալը. չնայած այն բանին, որ կիրառվում էին հայտնի միջոցներ, սակայն մեթոդների համադրումը եւ զանգվածայնությունն ինչ-որ առումով աննախադեպ էին: Բլոգերում, սոցիալական ցանցերում ընդդիմության ակտիվիստներն ամեն ժամ զանգվածայնորեն տարածում էին տեղեկատվություն կատարվող իրադարձությունների մասին: Բացի գրավոր տեղեկատվությունից մեծ դեր էր կատարում այդ պահին լուսանկարների եւ տեսանյութերի տարածումը:
Ընդդիմադիրները շատ արագ կողմնորոշվեցին, հասկանալով, որ իշխանական մամուլը չի կարողանում ապահովել պատշաճ քարոզչություն, որը համոզիչ կլիներ միջազգային հանրության համար: Այդ իսկ պատճառով համացանցը սկսեց հեղեղվել տեսանյութերով, որոնք առանձնապես որակ չունեին, պրոֆեսիոնալ չէին, սակայն ստեղծում էին տպավորություն արյունալից իրադարձությունների մասին: Ընդդիմադիրները տեղեկատվությունը լուսանկարելու եւ տեսանկարելու համար օգտվում էին հասարակ բջջային հեռախոսներից, ինչը հասկանալի պատճառով դարձրեց տեղեկատվության տարածումը զանգվածային եւ օպերատիվ, իսկ իշխանական մամուլը` անմրցունակ:
Ընդդիմությունը օգտվում էր մի քանի մեծ հարթակներից: Բլոգային տիրույթում դա հիմնականում Blogspot եւ WordPress կայքերն էին: Տեղական բլոգային հարթակները, որոնք վերահսկվում էին անվտանգության ուժերի կողմից, հասկանալի պատճառով ակտիվ չէին: Տեսանյութերի ամենաակտիվ տարածքը Youtube-ն էր: Սակայն օպերատիվ տեղեկատվության եւ լուսանկարների տարածման համար կիրառվում էր միկրոբլոգային Twitter կայքը: Facebook-ն այդ ժամանակ Իրանում շատ պասիվ էր` ուներ մոտ 150 հազար օգտատեր (որպեսզի հասկանալի լինի` Հայաստանում, 2011-ի մայիսի տվյալներով, օգտատերերի թիվը գերազանցում էր 170 հազարը) , բացի դրանից` հատուկ գործակալությունները սկսեցին այդ օրերին արգելափակել ելքը դեպի այդ սոցիալական ցանց:/2/
Մինչեւ Իրանի իրադարձություններըTwitter միկրոբլոգային հարթակն առաջին անգամ լուրջ քաղաքական ազդեցություն ունեցավ Մոլդովայի խորհրդարանական ընտրություններից հետո, երբ այն օգտագործվեց որպես ընդդիմադիր ակտիվիստների օպերատիվ հավաքագրման միջոց: Սակայն արդեն Իրանում Twitter-ը օգտագործվեց ոչ միայն որպես հավաքագրման, այլ նաեւ որպես իրազեկման, տեղեկատվական միջոց:
Ընդդիմադիրները Twitter-ում տեղադրում էին օպերատիվ տեղեկատվություն հենց փողոցներից, ուր տեղի էին ունենում ընդհարումներ ուժային կառույցների հետ: Twitter-ը թույլ էր տալիս անմիջապես ինտերնետում տեղադրել բջջային հեռախոսից ոչ միայն կարճ հաղորդագրություն, այլ նաեւ հեռախոսի խցիկով արված լուսանկարներ: Փաստացի, Իրանի խռովահույզ քաղաքների փողոցները հեղեղվեցին քաղաքացի-լրագրողներով: Մինչդեռ ավանդական մամուլը կաթվածահար վիճակում էր:
Ստեղծված իրավիճակում, երբ փաստորեն ավանդական ԶԼՄ-ները գրեթե ամբողջովին փոխարինվեցին այլընտրանքային լրագրությամբ, կարեւոր էր նաեւ միջազգային հանրության մասնակցությունը: Եթե Իրանի փողոցներից ակտիվ գրում էր մի քանի տասնյակ մարդ (տարբեր գնահատականներով, այդ օրերին իրական տեղեկատվություն անընդհատ ռեժիմով ապահովում էին 60-ից մինչեւ 100 ընդդիմադիր ակտիվիստներ), ապա այլ երկրներից իրանական ընդդիմությանը սոցիալական ցանցերում համակրողների թիվը հասնում էր տասնյակ, հարյուրավոր հազարների, եթե ոչ միլիոնների:
Յուրաքանչյուր գրառում Իրանից, որը տեղեկացնում էր տվյալ պահին կատարվող իրադարձությունների մասին, Twitter-ում վերարտադրվում եւ տարածվում էր հազարավոր անգամ մեծաթիվ համակիրների կողմից: 2009 թվականի հունիսի կեսերին Twitter-ը դարձավ տեղեկատվության միակ խոշոր աղբյուրը, որից ստիպված էին օգտվել աշխարհի ԶԼՄ-ները: Որպեսզի հասկանալի լինի, թե որքանով էր աճել այս հարթակի ազդեցությունը, նշենք, որ հունիսի 16-ին տարածվեց տեղեկատվություն, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը պաշտոնապես դիմել է Twitter-ի ղեկավարությանը` խնդրելով ապահովել դրա անխափան աշխատանքը (կայքը պետք է մի քանի ժամով անջատվեր տեխնիկական աշխատանքների պատճառով):/3/
Twitter-ի հանդեպ պետական կառույցների եւ խոշորագույն ԶԼՄ-ների կողմից նման ուշադրությունն էլ ավելի մեծացրեց հետաքրքրությունը: Բացի տեղեկատվություն տարածելու հնարավորությունից` Twitter-ը ստեղծում էր արտասահմանում գտնվող ընդդիմադիրների համակրողների մոտ հեղափոխական շարժմանը մասնակից լինելու զգացմունք: Այս ամենի պատճառով ինչ- որ պահերի Twitter-ում Իրանին վերաբերող հաղորդագրությունների թիվը հասնում էր 200 հազարի մեկ ժամվա ընթացքում: Այդ պահին իրանական իրադարձություններին վերաբերող հաղորդագրությունները հատուկ նշվում էին #IranElections, #Iran, #Tehran եւ մի շարք այլ թեգերով (tag):
Ըստ Trendrr ընկերության վիճակագրության` 2009 թվականի հունիսի 16-ին բլոգերում արվել է մոտ 2,25 միլիոն գրառում, որոնք վերաբերում էին Իրանում կատարվող իրադարձություններին: Իսկ միայն Twitter-ում հունիսին ամեն ժամ լինում էր 10-ից 50 հազար գրառում, իսկ ինչ որ պահերի այդ ցուցանիշը հասնում է մի քանի հարյուր հազարի:/4/
Այսպիսով, սոցիալական մեդիաների, քաղաքացիական լրագրության դերը Իրանում հետընտրական իրադարձությունների շուրջ դժվար է գերագնահատել: Սակայն, նույն Իրանի փորձը ցույց տվեց, որ քաղաքացիական լրագրությունն ունի նաեւ իր շատ խոցելի կողմերը: Այսպես, բլոգերի, սոցիալական ցանցերի միջոցով տարածվող տեղեկատվությունը շատ դժվար է ստուգել, ապահովել վստահելի աղբյուրների գնահատումը: Նման տեղեկատվական տարափի մեջ անմիջապես ի հայտ եկան սադրիչներ, ապատեղեկատվություն տարածողներ: Բացի դրանից, տեղեկատվության տարածման արագությունը բերում էր նրան, որ ցանցում հայտնվում էին եւ տարածվում մամուլով ակնհայտ չստուգված ասեկոսեներ: Մեկ ուրիշ խաթարող հանգամանք էր այն, որ ընդդիմության դեմ պայքարող իրանական ակտիվիստները (որոնք տեսականորեն կարող էին լինել նաեւ հատուկ ծառայությունների աշխատակիցները) շատ արագ կողմնորոշվեցին եւ սկսեցին նույն Twitter-ում տարածել ապակողմնորոշիչ տեղեկատվություն` ձեւանալով որպես ընդդիմության ներկայացուցիչներ:
Փաստորեն իրանական դեպքերն առաջին անգամ ցույց տվեցին քաղաքացիական լրագրության եւ սոցիալական մեդիաների ուժը, այն հնարավորությունները, որոնք կարողանում են շրջանցել գրաքննությունը: Մյուս կողմից, պարզ դարձավ, որ դրանք միայն գործիքներ են եւ միանշանակ վստահել այլընտրանքային մամուլին չի կարելի, քանի որ այստեղ չստուգված, կամ միտումնավոր ապատեղեկատվության տարածման հնարավարությունը նույնքան մեծ է:
/1/ Зарубежным корреспондентам запретили вести репортажи с улиц Тегерана
http://www.vesti.ru/doc.html?id=293996
/2/ Mousavi supporters rally support on Twitter http://www.reuters.com/article/2009/06/16/iran-election-twitter-idUSLG7253220090616
/3/ State Department Asks Twitter to Stay Up (and Other Notes on Digital Diplomacy) http://personaldemocracy.com/node/9015
/4/ Up To 200,000 Tweets About Iran Sent An Hour
http://news.sky.com/skynews/Home/World-News/Iran-And-Twitter-Pro-Mousavi-Supporters-Drowned-Out-By-US-And-UK-Tweets-Amid-Election-Protests/Article/200906315311513