Այս փաստը ևս ցույց է տալիս բևեռվածության մակարդակն ու մյուս ուժերի «կտրվածությունը» ընդհանուր պայքարից
2020-ի նոյեմբերի 10-ից Հայաստանում հաստատված ներքաղաքական ճգնաժամը հանգուցալուծվելու շեմին է։ Հունիսի 20-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրություններում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր»-ը ստացավ ձայների մոտ 54 տոկոսը, որը թույլ կտա այդ ուժին միանձնյա ձևավորել կառավարություն։ Խորհրդարանական երկրորդ ուժը լինելու է Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը, իսկ անցողիկի համար անհրաժեշտ շեմը չհաղթահարած «Պատիվ ունեմ» դաշինքը օրենքի ուժով անցավ խորհրդարան որպես երրորդ ուժ (դաշինքը անցողիկ 7-ի փոխարեն հավաքել էր 5 տոկոս)։
Նախընտրական ծայրահեղ լարված ընթացքն ու կողմերի փոխադարձ կիսահայհոյախառն մեղադրանքներն ու հայտարարությունները հավանական էին դարձրել հետընտրական ցնցումները։ Հիմնական ուժերի հռետորաբանությունն ու գործողությունների տրամաբանությունը հուշում էին, որ հետընտրական զարգացումները չափազանց ռեալ են, իսկ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը գրեթե ուղիղ զգուշացնում էր քաղաքացիական բախումների վտանգի մասին՝ հիմք ընդունելով այն, որ թե՛ «Քաղաքացիական պայմանագիր»-ը և թե՛ «Հայաստան» դաշինքն ունեին մարդկային, վարչական, ֆինանսական ու կազմակերպչական մեծ ռեսուրսներ։ Այս հեռանկարից խուսափելու տարբերակներից մեկն այն էր, որ ազատ ու արդար ընտրություններում կողմերից մեկը հաղթեր ձայների այնպիսի առավելությամբ, որը թույլ չէր տա մյուս կողմին նման գործընթացներ սկսել առանց էական հիմքերի։ Քվեարկության օրվա զարգացումները հենց այդպես էլ ընթացան՝ թեև որոշ տեղամասերում առաջին հայացքից խախտումների ու տեխնիկական խնդիրների առկայությանը, տեղամասերի մեծ մասում ընտրության ելքի վրա խախտումներ չարձանագրվեցին՝ չնայած որ «Հայաստան» դաշինքն ահազանգում էր Սյունիքում զինվորների կողմից ուղղորդված քվեարկության դեպքերի մասին։
Նախընտրական շրջանում պարզ էր, որ Փաշինյանի գլխավորած ուժը մեծամասնություն է կազմելու խորհրդարանում, սակայն կար նաև հնարավորություն, որ կառավարությունը կձևավորվեր կոալիցիոն սկզբունքով, ինչը էական զսպող հանգամանք կդառնար իշխանության համար, սրանից զատ պատերազմից դեռ լիարժեք 8 ամիս էլ չէր անցել, և պատերազմի նվաստացուցիչ արդյունքները չէին կարող չազդել կառավարության հեղինակության վրա։ Կոպիտ հաշվարկներով՝ իշխանության ձայները կարող էին սկսվել ու տատանվել 37-45 տոկոսի շրջանակում։ Բևեռվածությունը առավելապես երկու ուժերի միջև գնալով մեծացավ և հունիսի 17-18-ը էական դերակատարում ունեցավ երկու ճամբարների ձայների քանակի վրա։ Հանրության մի ստվար զանգված, որ չէր հաշտվում Փաշինյանի քաղաքականության հետ և բացառում էր նախկին իշխանությունների վերադարձը, «թեքվել» էր դեպի երրորդ ուժերի միջև ընտրություն կատարելու ուղղությամբ։ Հունիսի 17-ին Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքը, դրան մարդաշատությամբ գերազանցող հունիսի 18-ի Ռոբերտ Քոչարյանի հանրահավաքը, Քոչարյանի կողմից որոշ հայտարարություններ նպաստեցին երրորդ ուժերի կողմից «հավաքվելիք» ձայների ոչնչացմանն ու դեպի Նիկոլ Փաշինյանի ընտրազանգված ուղղորդմանը։
Այդ օրերին սոցիոլոգիական հարցում հրապարակեց նաև «Էմ փի ջի» ընկերությունը, որից պարզ էր դառնում, որ Ռոբերտ Քոչարյանը ընտրություններում հաղթող է։ Այս տվյալների հրապարակումը ևս երրորդ ուժերին նախընտրող ընտրազանգվածին ուղղորդեց դեպի Փաշինյանը՝ ի վերջո մոտ 54 տոկոս ձայն ապահովելով վերջինիս համար։ Սա իր հերթին բերեց նրան, որ զանգվածային խախտումների բացակայության պայմաններում «Հայաստան»-ի ու «Քաղաքացիական պայմանագրի» միջև ձայների տարբերությունը կազմեց մոտ 33 տոկոս, և այս հարաբերակցությունը, ընտրությունների վրա ազդող խախտումների փաստական բացակայությունն ըստ էության վճռորոշ գործոններից մեկը դարձավ «Հայաստան»-ի կողմից հետընտրական փողոցային շարժում չսկսելու հարցում։ Ի դեպ, այդ երկու ուժերը միասին հավաքել են քվեների մոտ 75 տոկոսը։ Այս փաստը ևս ցույց է տալիս բևեռվածության մակարդակն ու մյուս ուժերի «կտրվածությունը» ընդհանուր պայքարից։
Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» քվեների բաշխվածությունն ու կառուցվածքը ևս հետաքրքիր պատկեր են արտացոլում։ Գործող իշխանության վարկանիշն ու ձայները անհամեմատ մեծ են Երևանից դուրս, և առանձին հիշատակման է արժանի Սյունիքը. այստեղ ապրիլի 21-ին Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ խոշոր միջադեպ տեղի ուենցավ՝ նրան Սյունիքում դիմավորեցին հայհոյանքներով ու մեծ դժգոհությամբ։ «Հայաստան» դաշինքը, որ Սյունիքում հաղթանակը ամրագրածի վստահությամբ քարոզարշավ իրականացրեց, արդյունքում պարտվեց այս մարզում՝ ներառյալ մարզի բոլոր խոշոր քաղաքներում ու գյուղերում՝ Կապանում, Գորիսում, Մեղրիում, Սիսիանում։ «Քաղաքացիական պայմանագիրը» մեծ առավելությամբ հաղթել է նաև Գեղարքունիքում, Արագածոտնում, Շիրակում, Կոտայքում, Տավուշում, Վայոց ձորում, Լոռիում, Արարատում ու Արմավիրում։ Փաշինյանի դիրքերը համեմատաբար թույլ են եղել Երևանում, որտեղ մի շարք տեղամասերում «Հայաստան» դաշինքը հաղթել է, սակայն ընդհանուր առմամբ Երևանում ևս իշխող ուժը հաղթել է «Հայաստան» դաշինքին։
Մարզերում իշխանության հաղթանակը պայմանավորված է մի շարք գործոններով, որոնցից ամենաէականը, թերևս, մայրաքաղաքի համեմատ կենսամակարդակի ահռելի տարբերությունն է։ Վերջին պատերազմում պարտությունից հետո մի քանի առիթներով Նիկոլ Փաշինյանն ընդդիմության գործողությունները գնահատել էր որպես էլիտաների ըմբոստություն իր և ժողովրդի դեմ։ Հաջորդող ամիսներին հայաստանյան ընդդիմությունը ոչ թե փորձեց Փաշինյանի այս թեզը իմաստազրկել, այլ հետևողական գործողություններով ավելի ու ավելի զատվեց հանրության այն հատվածից, որ համակրանք ուներ Փաշինյանի նկատմամբ, ապրել է մարզերում և չունի բարձր կենսամակարդակ, շատ դեպքերում նաև քաղաքական-հասարակական զարգացումներից բավարար տեղեկացվածություն։ Եթե սրան գումարենք վերը նշված հանրային հատվածի նկատմամբ տարբեր քարոզչամիջոցներով ու հարթակներով ընդդիմադիր գործիչների անվայել խոսքերն ու քննադատությունը, որոնք, ի դեպ, մինչ այժմ էլ ավելի ահագնացած տեմպերով շարունակվում են, ապա պատկերը կամբողջանա։ Մարզերում Փաշինյանի վարկանիշի բարձր լինելու վրա ազդող հանգամանքներից են նաև 2018-2020 թվականներին մարզերում իրականացված ենթակառուցվածքային ծրագրերը՝ ճանապարհաշինությունից մինչև դպրոցաշինություն և այլն։
Կուսակցության հիմնադրումից ի վեր առաջին անգամ խորհրդարանում ներկայացված չի լինելու Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան»-ը։ Կուսակցությունը չկարողացավ հասնել անցողիկ 5 տոկոսի շեմին (ԲՀԿ-ն հավաքել է 3.96 տոկոս)։ ԲՀԿ-ի կողմից քարոզարշավի ընթացքն ու բովանդակությունը բավական կասկածելի էին, և հավանական է, որ այդ ուժի առաջնորդն այլևս ցանկություն չունի քաղաքականությամբ զբաղվելու։ Ֆինանսական ահռելի միջոցների տիրապետող Ծառուկյանի ձայնը քարոզարշավում լսելի չէր, տպավորություն էր, որ նա ընդհանրապես ընտրական պրոցեսի գործոններից չէ։ Իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած ԲՀԿ-ի քարոզարշավի ծախսերը 2018-ի արտահերթ ընտրությունների հետ համեմատելիս պարզ է դառնում, որ քարոզչության բյուջեն գրեթե կիսով չափ կրճատվել էր։ Թերևս սա պայմանավորված է այն պարզ հաշվարկով, որ նոր ձևավորվելիք խորհրդարանում «Քաղաքացիական պայմանագրի» և «Հայաստան» դաշինքի միջև ընթանալիք «ճակատամարտերում» ԲՀԿ-ի պատգամավորների ձայնը վճռորոշ է լինելու, ուստի այս հեռանկարից, բարդ ընտրություններից և ավելորդ ռիսկերից ապահովագրվելու համար էլ ԲՀԿ-ն առանձնապես ջանքեր չէր գործադրել խորհրդարան մուտք գործելու։
3 տոկոսից մի փոքր ավել ձայն է հավաքել Արամ Սարգսյանի «Հանրապետություն»-ը, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի «Հայ Ազգային Կոնգրես»-ը, չնայած Երևանում գրանցած լավ արդյունքներին, ընդհանուր առմամբ հավաքել է 1.92 տոկոս ձայն։ Հանրության մի հատվածի կողմից արցախյան խնդրի վերաբերյալ Տեր-Պետրոսյանի դիրքորոշումների նկատմամբ վերջին շրջանում ցուցաբերած համաձայնությունը, ներքաղաքական հակամարտությունը լուծելու վերջինիս բանաձևերը հետաքրքրություն էին առաջացրել ՀԱԿ-ի նկատմամբ։ Առաջին հայացքից, սակայն, կուսակցության խնդիրը նյութական ու կազմակերպչական ռեսուրսների բացակայությունն էր։
Հաջորդ խորհրդարանում ներկայացված չի լինելու նաև Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան»-ը, որը հավաքել է ձայների 1 տոկոսը։ Գրեթե նույնքան ձայն են հավաքել Արցախի Պաշտպանության բանակի նախին հրամանատար Սամվել Բաբայանի գլխավորած Ազատական կուսակցությունն ու «Բաբաջանյան-Շիրինյան» ժողովրդավարների դաշինքը։