Քրիստ ՊՈՂՈՍՅԱՆ
Վերլուծաբան
Երևան
Արդեն 70 տարի է՝ Հնդկաստանը և Պակիստանը չեն կարողանում համաձայնության գալ Քաշմիրի շրջանի նկատմամբ վերահսկողություն հաստատելու հարցում: Հակամարտությունը բարդ է հատկապես այն առումով, որ երկու պետություններն էլ ունեն միջուկային զենք և հավանական պատերազմի դեպքում այն կարող է վերաճել միջուկային պատերազմի: Այսօր այն համարվում է աշխարհի ամենառազմականացված շրջաններից մեկը:
Հակամարտող կողմերից մասնավորապես Պակիստանը վարում է այնպիսի քաղաքականություն, որն ուղղված է տարածաշրջանում ահաբեկչական գործողությունների ծավալմանն ու ակտիվացմանը և ապակայունացնող իրավիճակ ստեղծելուն: Պակիստանի իշխանություններն իրենց պետության սահմաններում տարածք են տրամադրում ահաբեկչական խմբավորումներ նախապատրաստելու և հնդկական հենակետերի վրա հարձակումներ իրականացնելու համար: Բացի այդ, պակիստանյան իշխանությունները Քաշմիրյան բնակչության շրջանում (այստեղ մեծամասամբ բնակվում են մահմեդականներ) հովանավորում են հնդկական իշխանությունների դեմ ուղղված ցույցերը:Այն, որ Իսլամաբադը հովանավորում է ահաբեկչությունը, ապացուցվեց 2016թ. սեպտեմբերի 18-ին, երբ Պակիստանի տարածքից ահաբեկչական հարձակումներ կատարվեցին հնդկական հենակետերի վրա, ինչի արդյունքում զոհվեց 18 զինծառայող:
Բացի այդ, 2017թ. հուլիսի 17-ին պակիստանյան ուժերը սկսել են անկանոն հրետակոծել հնդկական դիրքերը, ինչի արդյունքում զոհվել է մեկ զինծառայող, որին ի պատասխան հնդկական ուժերը կրակ են բացել՝ վիրավորելով երկու զինծառայողի: Պակիստանյան ուժերի կողմից բացված կրակից մահացել է նաև 8-ամյա մի աղջնակ, իսկ նրա մայրը վիրավորվել է: Հնդկաստանի զինված ուժերը օգոստոսի 7-ին կարողացել են չեզոքացնել հինգ գրոհայինների, որոնք փորձում էին հատել հնդկա-պակիստանյան սահմանը և ներթափանցել Քաշմիր:
Քաշմիրը շարունակում է մնալ «հանգած հրաբուխ», որը ցանկացած պահի կարող է ժայթքել: Ցանկացած տեսակի ահաբեկչություն հնդկական Քաշմիրի տարածքում սրում է իրադրությունը: Չլուծված տարածքային հակամարտությունը պարբերաբար իրեն հիշեցնել է տալիս փոխադարձ հրաձգություններով, որոնց արդյունքում զոհվում են հակամարտող կողմերի զինծառայողները:
Քաշմիրյան հակամարտության բարդությունը պայմանավորվում է նաև Չինաստանի գործոնով: Եթե Պակիստանը համարում է, որ Հնդկաստանը «թալանել» է իրեն, անօրինական ձևով զբաղեցնելով Քաշմիրի մեծ մասը 1947 թվականին, ապա Չինաստանի հավակնությունները Քաշմիրյան հողերի նկատմամբ արմատներով գնում են խորը պատմության մեջ: Ներկայումս մեծ լեռնային սառցադաշտ Ակսայ Չինը Չինաստանի վերահսկողության տակ է գտնվում 1962թ. չին-հնդկական պատերազմի արդյունքում, իսկ 1963թ. Իսլամաբադը կնքեց պայմանագիր, որով այդ տարածքները ճանաչում էր չինական: Այդպիսով, Իսլամաբադը դարձրեց քաշմիրյան հակամարտությունը ավելի անորոշ և բարդ:
Քննարկվում են հակամարտության խաղաղ կարգավորման մի քանի տարբերակներ` ՄԱԿ-ի կողմից առաջարկված հանրաքվե, սահմանների դեմարկացիայի անցկացում, Ազադ Քաշմիրի ճանաչում որպես Պակիստանի տարածք և Ջամու-Քաշմիրի ճանաչում որպես Հնդկաստանի տարածք: Քննարկվում է նաև տարբերակ, որով քաշմիրյան տարածքները կստանան լայն ինքնավարություն Պակիստանի և Հնդկաստանի կազմում, ընդ որում կվերացվեն մարդկանց, ապրանքների, ծառայությունների և ներդրումների տեղափոխման վրա արգելքները Քաշմիրի ողջ տարածքում: Սակայն կողմերից ոչ մեկը չի ընդունում այս տարբերակները:
Տարբեր ժամանակներում միջազգային կազմակերպությունները և պետությունները, այդ թվում՝ ԱՄՆ-ն, առաջարկում էին իրենց միջնորդությունը: Սակայն հնդկական կառավարությունը կտրականապես մերժում էր այդ առաջարկությունները, քանի որ ըստ հնդկական կողմի՝ Պակիստանի և Չինաստանի վերահսկողության տակ գտնվող տարածքները պետք է պատկանեն իրեն, առանց որևէ քննարկման:
ԱՄՆ-ում նոր նախագահի իշխանության գալով քաշմիրյան հակամարտության կարգավորման հարցում նկատվել է էական փոփոխություն, քանի որ Սպիտակ տունն իր ամբողջական պատրաստակամություն է արտահայտել աջակցելու Հնդկաստանին: Այդ մասին հայտնի է դարձել 2017թ. մայիսին հնդիկ և ամերիկացի ներկայացուցիչների միջև ծովային անվտանգության հարցերի քննարկման ժամանակ:
Ստանալով ԱՄՆ-ի աջակցությունը՝ Հնդկաստանը կարող է Պակիստանին և Չինաստանին հասցնել հարված, որից նրանք ի վիճակի չեն լինի վերականգվել: Երկու պետությունները ոչ միայն կզրկվեն տարածքներից, այլև կկրեն մեծ ֆինանսական վնաս: Չինաստանը, որն ավանդաբար աջակցում է Պակիստանին և հրաժարվում է ճանաչել Հնդկաստանի իրավունքները Ակսայ Չինի և այլ տարածքների նկատմամբ, ավել քան 62 միլիարդ դոլլար է ներդրել չին-պակիստանյան տնտեսական միջանցք (ՉՊՏՄ) ծրագրի մեջ, որը կոչված է աջակցելու և խթանելու պակիստանյան տնտեսությունը, զարգացնելու տրանսպորտային ենթակառուցվածքները, էներգետիկական նախագծերը և այլն:
ՉՊՏՄ-ն մասամբ աշխատել է միայն 2016թ. նոյեմբերին, երբ չինական բեռը Վադար նավահանգստից փոխադրվեց դեպի Աֆրիկա և Արևմտյան Ասիա: Հաշվի առնելով չինական ներդրումները և ծրագրի դանդաղ զարգացումը, թերևս տևական ժամանակ է պետք, որպեսզի ՉՊՏՄ-ն արդարացնի իրեն: Ընդ որում, այս նավահանգիստը 40 տարի վարձակալական իրավունքով հանձնվել է Չինաստանին:
Այդ տարածքների նկատմամբ վերահսկողություն հաստատելու՝ Պակիստանի ձգտումները պայմանավորված են նաև այն գործոնով, որ Հիմալայներից Պակիստան հոսող գետերը անցնում են այս շրջանով: Այս ջրային ռեսուրսներն էլ կյանք են տալիս երկրին և մեծ նշանակություն ունեն երկրի գյուղատնտեսության զարգացման համար: Հնդկաստանը փորձում է ջրամբարներ կառուցել այդ գետերի վրա, որպեսզի դադարեցնի նրանց հոսքը պակիստանյան տարածքներ: Սակայն պակիստանյան իշխանությունների բողոքները խանգարեցին այդ ծրագրերին: Այդ պատճառով էլ քաշմիրյան հակամարտությունը կարող է վերաճել «ջրի համար պատերազմի»:
Քաշմիրյան հակամարտությունից փորձում է անմասն չմնալ մեր հարևանից Թուրքիան: Վերջինիս խորհրդարանի փոխնախագահ Ահմեթ Ադինը դեկտեմբերի 11-ին Քաշմիրի հարցում աջակցությունն է հայտնել Պակիստանին: