Հրաչյա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Քաղաքագետ
Ստեփանակերտ
Հենրի Քիսինջերի տեղն ու դերն ամերիկյան եւ համաշխարհային քաղաքականության մեջ բացառիկ են: Դրա հետ համաձայն են եւ՛ նրա կողմնակիցները, եւ՛ հակառակորդները: Խորը ինտելեկտի, գրագիտության եւ փորձառու պետական գործունեության համաձուլումը համաշխարհային քաղաքականության պատմության մեջ հազվագյուտ երեւույթ է: Հենրի Քիսինջերի վերջին` «Աշխարհակարգ» գիրքն աշխույժ բանավեճ առաջացնող մեծ իրադարձություն է: Գրքի հանդեպ այսպիսի արձագանքը բացատրվում է նաեւ 91-ամյա հեղինակի` գիտնական, քաղաքական գործիչ եւ պետական այր լինելու հանգամանքով:
Քիսինջերը փորձ է անում ցույց տալ աշխարհակարգի հայեցակարգի պատմությունն ու զարգացումը, որը ներկայացվում է հարցերի տեսքով: Նա ասում է, որ աշխարհակարգն ամբողջական իրավաբանական համակարգ եւ մեծ տերությունների շինարարության ու կամքի արգասիքը չէ, այլ` որոշ մարդկանց բնույթով եւ փորձառությամբ ձեւավորված մշակութային եւ պատմական արտեֆակտ:
Գրքի հիմնական ուղերձն այն միտքն է, որ մենք ապրում ենք անկարգության եւ քաոսի մեջ: «Թեեւ «միջազգային հանրությունն» այսօր վկայակոչվում է թերեւս ավելի համառորեն, քան որեւէ այլ ժամանակաշրջանում, այն չունի նպատակների, մեթոդների կամ սահմանափակումների հստակ կամ համաձայնեցված համակարգ: «Քաոսն աննախադեպ փոխկախվածությամբ մեր կողքին է` որպես սպառնալիք»: Որպես հետեւանք` կարգուկանոն կառուցելու պահանջը կարող է հավասարակշռել ժողովուրդների մրցակցող ցանկությունները:
Ըստ Քիսինջերի` այդպիսի շինարարության ելակետն ուժերի հավասարակշռման վեստֆալյան համակարգն է, որը ծնունդ էր առել Եվրոպայում: Քիսինջերի կարծիքով` վեստֆալյան համակարգի պատմությունը սկսվում է Ֆրանսիայի կարդինալ Ռիշելյեից (1585-1642), որը ձեւակերպել էր մի հայեցակարգ, ըստ որի՝ «պետությունը` իր սեփական իրավունքի մեջ գոյություն ունեցող վերացական եւ մշտական իրողություն է», որը պաշտպանում է իրեն բնորոշ շահեր` պետական նկատառումներ (raison d’Etat):
Վեստֆալյան աշխարհի` «Որոյ իշխանութիւն` նորա կրօն» (Cuius regio, eius religio) հիմնարար պայմանագիրն ասում էր, որ իշխաններն իրենց երկրում կարող էին հաստատել իրենց կամեցած կրոնը, բայց նրանք չպետք է ձգտեին ուրիշներին պարտադրել իրենց կրոնական նախապատվությունները: Պայմանագիրը տարանջատում էր պետության արտաքին եւ ներքին քաղաքականությունը. եվրոպական կարգի ստանդարտ բլոկերի վերածվող պետություններն այլեւս չէին խառնվում մյուսների ներքին գործերին: «Վեստֆալյան հայեցակարգը բազմազանությունը որպես ելակետ էր ընդունում»,- գրում է Քիսինջերը, նշելով, որ այն «տարատեսակ հասարակություններին ներգրավում էր «կարգուկանոնի համընդհանուր որոնման մեջ»: Ծայրաստիճան կարեւոր է, որ «վեստֆալյան աշխարհն արտացոլում էր քաղաքական հարմարումն իրականությանը եւ ոչ թե բացառիկ բարոյական մտահղացմանը»:
Կայսերական Չինաստանի կամ վաղ իսլամի պես մեկ համապարփակ համակարգ որոնելու փոխարեն Եվրոպան զարգացնում էր միմյանց հետ մրցակցող տարակարծիք պետությունների համակարգը, որում նրանք կարող էին փորձարկել իրենց հնարավորությունները «ուժերի ընդհանուր հավասարակշռության միջոցով»: Հավասարակշռությունն անընդհատ խախտվում էր, ուստի անխուսափելիորեն ծագում էր հզորացող տերությանը զսպելու կամ ողջ Եվրոպային «ազատություն, հավասարություն եւ եղբայրություն» շնորհել կամեցող ֆրանսիական հեղափոխության պես իռացիոնալ ալիքները մարելու խնդիր: Վատեռլոյից հետո եվրոպական մայրցամաքում հավասարակշռություն պահպանելու գործառույթը ստանձնել էր Մեծ Բրիտանիան, որը գերակայող տերության կարգավիճակով ապահովում էր հավասարակշռությունը` մերթընդմերթ սատարելով այս կամ այն տերությանը կամ դաշինքին:
Քիսինջերը պնդում է, որ համաշխարհային քաղաքական համակարգը գտնվում է պատմական շրջադարձային փուլում, որը կախված է մի շարք այնպիսի հակասություններից, որոնք «պատմության ավարտի» սցենարը պատրանքային են դարձնում:
Նախ` համաշխարհային քաղաքական համակարգի հիմնարար տարր հանդիսացող պետության բնույթն այսօր բազմակողմանի ճնշման է ենթարկվում: Եվրոպան, առաջադրելով ԵՄ նախագիծը, մտադիր է առկա մարտահրավերներին արձագանք ձեւավորել վերպետական մակարդակում արտաքին քաղաքականության մշակման միջոցով` նախեւառաջ փափուկ ուժի եւ միջազգային բյուրոկրատիայի հիման վրա: Սակայն, բավականին տարակուսելի է, որ տվյալ նախաձեռնությունը հաջողությամբ պսակվի, եթե այն չաջակցվի համապատասխան այնպիսի ռազմավարությամբ, որը նրան թույլ կտա դառնալ նոր աշխարհակարգի հիմք: Միասնական Եվրոպան դեռ չի ձեւավորել պետականության բոլոր անհրաժեշտ հատկանիշները եւ ԵՄ ներսում զգացվում է իշխանության վակուում` ստեղծելով եվրոպական սահմաններին ուժերի հավասարակշռության կորստի սպառնալիք:
Ասիայում ի հայտ եկող սպառնալիքները հակադիր են եվրոպականներին: Այստեղ գերակայում է ուժերի հավասարակշռության այլ սկզբունք, որը չի համապատասխանում օրինականության համաձայնեցված հասկացությանը (այն գերիշխանության հեռանկարի հին սպառնալիքն է), որը հանգեցնում է տարակարծությունների, սպառազինությունների մրցավազքի, իսկ երբեմն էլ` բաց դիմակայության ու պատերազմի շեմին հասնող ճգնաժամերի: Մերձավոր Արեւելքում եւ Աֆրիկայում հակամարտությունները հաճախ հանգեցնում են պետության տրոհման աղանդավորական եւ էթնիկական տարրերի: Կրոնական ապստամբներն ու շարժումները տարածաշրջանում գործում են առանց հարգելու դասական ինքնիշխան պետությունների սահմանները` առաջացնելով իրենց սեփական տարածքը չկառավարող գահավիժող պետությունների երեւույթ: Քիսինջերը նշում է, թե «Ոչ մի տեղ միջազգային կարգի դեմ մարտահրավերն այնքան վտանգավոր չէ, որքան տարածաշրջանային կարգուկանոնի կազմակերպման եւ այդ կարգուկանոնն աշխարհի մնացած մասում խաղաղության եւ կայունության հետ համատեղելի դարձնելու հարցում»:
Ձեւավորվող աշխարհակարգի մեկ այլ լուրջ խնդիր է համաշխարհային տնտեսության եւ ազգային պետության վրա հիմնված, ներկայումս էլ անհրաժեշտ ավանդական քաղաքական կառույցների միջեւ առկա բախումը: Համաշխարհայնացման գործընթացներն անտեսում են արտաքին քաղաքականությամբ հաստատվող ազգային սահմանները` ձգտելով խաղաղեցնել միմյանց հակասող ազգային նպատակներն ու համաշխարհային կարգի իդեալները: Խոսքը համակարգային ճգնաժամի մասին է, եւ եթե առաջատար տերություններն ունեն ամրության որոշակի պաշար եւ ընդունակ են դրան դիմագրավելու, ապա հետխորհրդային տարածությունում եւ ԵՄ հարավային սահմաններին գտնվող ու կառուցվածքային բարեփոխումների մեջ ներքաշված պետություններն ընդունում են համաշխարհային տնտեսական համակարգի գործունեությունը դժվարացնող որոշումներ: Այսպիսով, միջազգային նոր կարգը պարադոքսի առաջ է հայտնվում, քանի որ նրա կայացումը կախված է համաշխարհայնացման գործընթացների հաջողությունից, որոնք, իրենց հերթին, առաջացնում են նրա նպատակներին հակասող քաղաքական արձագանք:
Գոյություն ունեցող աշխարհակարգի երրորդ լուրջ խնդիրն այնպիսի արդյունավետ մեխանիզմի բացակայությունն է, որի միջոցով գերտերությունները կկարողանային խորհրդակցել ու, թերեւս, համագործակցել անուղղակի խնդիրների լայն շրջանակում: Միջազգային բազմաթիվ համաժողովների համապատկերում այսպիսի եզրակացությունը կարող է ոչ կոռեկտ թվալ, բայց, այնուամենայնիվ, այդ հանդիպումների բնույթն ու հաճախականությունը թույլ չեն տալիս խոսելու երկարաժամկետ ռազմավարության մշակման հնարավորության մասին: Գոյություն ունեցող ձեւաչափերը լավագույն դեպքում ենթադրում են մարտավարական խնդիրների քննարկում, իսկ վատթարագույն դեպքում` ներկայանում որպես բարձրագույն մակարդակով «սոցիալական մեդիաների» իրադարձությունների նոր ձեւ: Միջազգային օրենքների ժամանակակից կառուցվածքը, եթե իհարկե այն կայանա, չի կարող հիմնվել միայն համատեղ հռչակագրերի վրա, բայց այն պետք է դառնա ընդհանրական համոզմունքների արդյունք:
Պատմության կրկնությունից խուսափելու միակ միջոցը գերտերությունների միջեւ վեստֆալյան համակարգի եւ ուժերի հավասարակշռության հիման վրա հարաբերությունների նոր տեսակի հաստատումն է, որն այսուհետ պետք է ունենա ոչ թե տարածաշրջանային, այլ համաշխարհային կիրառելիություն: Քիսինջերի կարծիքով` վետսֆալյան համակարգը մնում է միջազգային կարգի գերադասելի կամ միակ մոդելը, որի շրջանակներում 21-րդ դարի գերտերությունները կարող են համաձայնեցնել իրենց շահերը եւ կարգավորել հակասություններն` առանց պատերազմի դիմելու: Աշխարհը կարիք ունի առաջատար գերտերությունների ղեկավարող կոմիտեի (կազմկոմիտե), որը կնմանվի 19-րդ դարի Եվրոպայի գերտերությունների համերգին:
Սակայն այսպիսի համակարգում ապրելու փորձ ունեցող միակ տարածաշրջանը Եվրոպան է: 21-րդ դարի մյուս մեծ եւ հզորացող տերությունները հարում են ունիվերսալիստական գաղափարախոսություններին, որոնք իրենց հիմքում վեստֆալյան չեն: Բացի դրանից, Միացյալ Նահանգները ոչ այնքան կամուրջ, որքան խոչընդոտ են վեստֆալյան սկզբունքների հիման վրա նոր աշխարհակարգի ստեղծման համար` մարդու իրավունքների եւ մարդասիրական միջամտության (ներխուժման) սկզբունքներին հավատարիմ լինելու պատճառով: Քիսինջերի կարծիքով` նոր աշխարհակարգը չի հաստատվի այնքան ժամանակ, քանի դեռ ամերիկացիները կառչում են այդ սկզբունքներից, չլինելով բավականաչափ ուժեղ` դրանք պարտադրելու համար, բայց եւ չկամենալով հրաժարվել դրանցից: Քիսինջերը հասկանում է, որ «Ամերիկան իրեն իսկ հավատարիմ չէր մնա, եթե հրաժարվեր այդ էական իդեալիզմից: …Բայց արդյունավետ լինելու համար քաղաքականության այս հավակնոտ հայեցակետերը պետք է միահյուսվեն հիմնական գործոնների ոչ զգացմունքային քննության հետ` ներառյալ այլ տարածաշրջանների մշակութային եւ աշխարհաքաղաքական եզրաձեւերը, ինչպես նաեւ` հակառակորդների անձնուրացությունն ու հնարամտությունը…»:
Այսօր իր պատմության մեջ առաջին անգամ Միացյալ Նահանգներին դիմակայում է ոչ թե քրիստոնյա եվրոպական գերտերությունը, այլ ինքնավստահ ու հետեւողական կոնֆուցիական Չինաստանը, որը քաջատեղյակ է իր Միջնաշխարհի երկնաճեմ թագավորություն լինելուն: Քիսինջերը մեջբերում է Հարվարդի ուսումնասիրությունը, ըստ որի՝ 15-ից 10 դեպքերում գերիշխող համաշխարհային տերության փոփոխությունը տեղի էր ունենում պատերազմի միջոցով: Իր գրքի լույս տեսնելուն նվիրված հարցազրույցներից մեկում Քիսինջերին հարցրել են, թե որքանո՞վ է հնարավոր Չինաստանի ու ԱՄՆ-ի միջեւ հակամարտությունը, եւ թե ի՞նչ կարելի է անել իրադարձությունների այդպիսի զարգացումից խուսափելու համար: Պատասխանելով` նա վերաշարադրել է Գյոթեի խոսքերը. «Երբ ես հարկադրված էի ընտրություն կատարել արդարության ու անկարգության եւ անարդարության ու կարգի միջեւ, ես միշտ ընտրում էի վերջինը»:
Մի շարք հեղինակավոր հետազոտողների կարծիքով` քաղաքականության պատրիարք Հենրի Քիսինջերի` իր առջեւ դրած խնդիրներից մեկն ամերիկյան վերնախավերին` ամերիկյան եւ չինական աշխարհահայացքների հաշտեցման անհրաժեշտության մասին համոզելն է: Գործընթացը պետք է ընթանա վեստֆալյան համակարգի եւ «ին-յան» հնչող հին իմաստության հիման վրա, որին նա գրքի վերջում հղում է կատարում. «Իրերի միասնությունը գտնվում է մակերեսի տակ. այն կախված է հակասությունների միջեւ առկա հավասարակշռված արձագանքից»:
Քիսինջերը հասկանում է, որ պատմությունը երբեք չի ավարտվում եւ որ վերոնշյալ համաձայնության հիման վրա կառուցվելիք նոր աշխարհակարգը հավերժական չի լինելու: Սակայն, այն, համենայն դեպս, կարողանալու է ապահովել խաղաղության մեկ սերունդը, ինչն ինքնին հարկ է որպես հաջողություն դիտել: Բազմակողմանի դիվանագիտության այս տեսակը հաճախ դանդաղ է եւ իր կարողությունների հանդեպ թերահավատություն ներշնչող, բայց այն կարող է միլիոնավոր մարդկանց շահերին առնչվող իրական արդյունքներ տալ: Արտաքին քաղաքականությունը «սկիզբ ու վերջ ունեցող պատմությունը չէ», այլ` «մշտնջենավորապես վերադարձող մարտահրավերների կառավարման եւ մեղմացման գործընթաց»: Դա «ընդհանուր կանոններ եւ նորմեր պահպանող, ազատական տնտեսական համակարգեր որդեգրող, տարածքային նվաճումներից հրաժարվող, ազգային ինքնիշխանությունը հարգող եւ համատեղ ժողովրդավարական կառավարում իրականացնող` անընդհատ ընդլայնվող պետությունների կորպորատիվ շարքն է»: Սա մի համակարգ է, որը կայունություն է ապահովում անընդհատ կարգավորող եւ հավասարակշռող գործառույթի շնորհիվ: Սա առավելագույնն է, ինչ կարելի է հուսալ:
Տարբեր քաղաքակրթական արժեքների հիման վրա տարածաշրջանային եւ միջազգային կարգի հաստատման այս մոտեցումը պահանջում է համաշխարհային քաղաքական համակարգի լուրջ վերակազմակերպում եւ ոչ բացահայտ զիջում է հանդիսանում Չինաստանին, Հնդկաստանին եւ չափավոր Իսլամին: Ռուսաստանն ու Ճապոնիան նույնպես օժտված են լեգիտիմության ինքնուրույն պատմական հասկացություններով:
Քիսինջերը չի կարծում, որ նոր համակարգի կայացումը պետք է տեղի ունենա իր գերակա դիրքերից ԱՄՆ-ի միակողմանի հրաժարման ճանապարհով: Ընդհակառակը, նա հիմնավորում է ամերիկյան գերիշխանության օգտավետությունը գալիք ավելի փոխշաղկապված աշխարհում: Ոչ մի երկիր այդքան մեծ դեր չի ունեցել ժամանակակից աշխարհակարգի ձեւավորման մեջ, որքան Միացյալ Նահանգները, որոնք միաժամանակ համաշխարհային իրադարձություններին մասնակցելու նկատմամբ երկակի վերաբերմունք էին դրսեւորում` երբեմն ձգտելով մեկուսացվածության: Նոր համակարգում ԱՄՆ-ն Հնդկական օվկիանոսում, Խաղաղ օվկիանոսի արեւմտյան մասում եւ այլ տարածաշրջաններում պետք է ունենա օֆշորային կայունացնողի դեր, որը նման է Մեծ Բրիտանիայի Եվրոպայում երբեմնի ունեցած դերին:
Միացյալ Նահանգներից կպահանջվի հավասարակշռություն գտնել երկու հակադիր բեւեռների միջեւ, երբ համընդհանուր սկզբունքների հաղթանակը զուգորդվում է տարածաշրջանային պատմության, մշակույթների եւ անվտանգության մասին պատկերացումների հետ: Քիսինջերը հասկանում է, որ դա բավական բարդ կլինի, եւ որ արեւմտյան աշխարհահայացքով ու այլ քաղաքակրթությունների ծնած կոգնիտիվ արգելապատնեշն իրողություն է, որը հարկ է հաղթահարել: Եվ եթե Արեւմուտքը պատրաստ է գնալ այդ ուղղությամբ եւ արդեն իսկ որոշակի քայլեր է կատարել, ապա պարզ չէ, թե արդյո՞ք մյուսներն իրենց հերթին կկամենան նույնպես վարվել: Ամեն դեպքում, դժվար է պատկերացնել նոր աշխարհակարգի ձեւավորումն առանց միջազգային որոշակի փոխմերձեցման:
Քիսինջերը նշում է, որ համապարփակ աշխարհաքաղաքական ռազմավարության բացակայության դեպքում նոր աշխարհակարգի ստեղծման գործում հնարավոր չէ հասնել այդպիսի հավասարակշռության ու հաջողության: Իր իսկ գրքի սեփական գրախոսականում նա գրում է. «Աշխարհակարգի ժամանակակից որոնումները պահանջում են համարժեք ռազմավարություն` տարբեր տարածաշրջաններում կարգուկանոնի հայեցակարգ հաստատելու եւ տարածաշրջանային կարգուկանոնները միմյանց շաղկապելու համար: Այս նպատակները պարտադիր չէ, որ ինքնակարգավորվող լինեն: Արմատական շարժման հաղթանակը կարող է կարգուկանոն հաստատել առանձին վերցված մեկ տարածաշրջանում` միաժամանակ հող նախապատրաստելով բոլոր մնացած տարածաշրջանների ապակայունացման համար: Տարածաշրջանում մեկ երկրի ռազմական գերակայությունը, որոշակի կարգուկանոնի հաստատմանը նպաստելով հանդերձ, աշխարհի մնացած մասերում կարող է ճգնաժամի հանգեցնել:
Իր գրախոսականում Հենրի Քիսինջերն ասում է, որ 21-րդ դարի աշխարհակարգի զարգացման մեջ յուրային դեր ունենալու համար ԱՄՆ-ն պետք է պատասխանի մի շարք հարցերի. «Ի՞նչն ենք ձգտում կանխել, անկախ դրանից, թե ինչպես է այն պատահել եւ արդյո՞ք անհրաժեշտության դեպքում մենք պատրաստ ենք այն միայնակ կանխել: Ինչի՞ն ենք ձգտում հասնել, անգամ եթե դրա համար չունենք բազմակողմանի աջակցություն: Ինչի՞ն ենք ձգտում հասնել կամ ի՞նչը կանխել` միայն ինչ-որ դաշինքի աջակցություն ունենալու պարագայում: Ինչի՞ մեջ մենք չպետք է ներքաշվենք, անգամ եթե մեզնից այն բազմակողմ խումբ կամ դաշինք է ակնկալում: Ո՞րն է բնույթն այն արժեքների, որոնք մենք կամենում ենք առաջ մղել: Որքանո՞վ է այդ արժեքների կիրառումը կախված այլեւայլ հանգամանքներից»:
Մի շարք գրախոսների կարծիքով` Քիսինջերը գերազանց է ներկայացնում իր կարծիքը եւ ձգտում փոխել պատմության ընթացքը: Սակայն 18-19-րդ դարերի վեստֆալյան համակարգի հիման վրա կառուցված աշխարհակարգը 21-րդ դարի համար կիրառապես տարակուսելի է, քանի որ դրանում գործում են ազդեցիկ ոչ պետական ակտորներ, իսկ արտաքին ու ներքին քաղաքականությունների միջեւ սահմանն օրըստօրե ավելի թափանցիկ է դառնում: Ավելի հավանական է նոր սկզբունքների վրա նոր աշխարհակարգի ձեւավորումը, քան վեստֆալյան համակարգին վերադարձը:
* Հենրի Քիսինջերի «Աշխարհակարգ» գրքի համառոտ գրախոսական (Kissinger, Henry. World Order. New York: Penguin, 2014, 432 pp.)