«Այստեղ կերպասե փափուկ անկողնու մեջ պառկած էր արքայադուստրը»
Շ. Պերրո
«Քնած գեղեցկուհին»
Հասմիկ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Մենք գնում ենք Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհով։ Բլուրների և ծառերի սովորական բնապատկերը ձախ կողմից ընդհատվում է երկնագույն մի շինությամբ։ Այն ունի սովորական օդանավակայանի շենքի տեսք։ Շինությունը վերակառուցվել և շահագործման է հանձնվել վեց տարի առաջ՝ 2011 թվականին։ Այ՚նտեղ կարելի է տեսնել թռիչքուղին, մտնել սպասասրահը և նստել բազմոցներին կամ շրջել թերմինալով։ Կան օդանավակայանի բնականոն աշխատանքն ապահովող բոլոր անհրաժեշտ սաքավորումները։ Օդանավակայանը կարող է սպասարկել ժամում100 հոգու։Իհարկե, կա մի տարբերություն, որով այս օդանավակայանը տարբերվում է աշխարհի շատ այլ օդանավակայաններից. այստեղ չկան ուղևորներ։ Այստեղ չես տեսնի մարդկանց եռուզեռ, դիմավորողների ու ճանապարհողների գրկախառնություններ, չես լսի պայուսակների անվակների չըխկչըխկոցը, փափուկ վայրէջքի կամ բարի գալստյան ողջույններ։ Այս ամենի պատճառը քաղաքացիական օդանավերը խոցելու մասին հարևան Ադրբեջանից անընդհատ հնչող սպառնալիքներն են։
Բայց մերոնք չէի՜ն կոչվի համառ ղարաբաղցի, եթե սպառնալիքների պատճառով հրաժարվեին թռչելուց։
Ղարաբաղի հայերն աչքի են ընկնում յուրահատուկ համառությամբ։ Այն այնքան բնութագրական է, որ նրանց, կներեք, ավանակի հետ են համեմատում։ Այդպես էլ ասում են՝ էշ ղարաբաղցի։ Եւ բոլորին պարզ է դառնում, որ եթե ղարաբաղցին մի բան որոշել կամ վճռել է, ապա նրան հնարավոր չէ հետ կանգնեցնել, ուստի և խանգարել չարժե։ Իսկ եթե տեսնում ես, որ խմբվել են «ղարաբաղցիորեն համառ» մի քանի հոգի, ապա ավելի լավ է սուսուփուս մի կողմ քաշվել։ Արցախ մտնելուց էլ՝ սահմանին, երևի թե արժե օտարականներին հորդորել. «Ո՜վ այստեղ մտնող, մի կողմ դի՛ր համառ ղարաբաղցուն փոխելու փորձերը»։ Դե լավ, վերադառնանք մեր օդանավակայանին։
Այսպիսով, հարգելի ընթերցող, դուք արդեն իրազեկ եք ղարաբաղցիների ազգային առանձնահատկությանը և պետք է հասկանաք, որ նրանք, ըստ իրենց բնության, հիմնովին չէին փակի օդանավակայանն ինչ-որ սպառնալիքների պատճառով։
Օդանավակայանն, իհարկե, գործում է։ Հավաքարարներն ամեն օր ջանասիրությամբ մաքրում են տարածքը, հաշվապահները հաշվետվություններ են կազմում, տեխնիկական աշխատողները ստուգում և սարքում են այն ամենը, ինչ պետք է ստուգել և սարքել, կապավորներն ու նավիգացիոն ոլորտի մյուս մասնագետները նույնպես իրենց աշխատանքն են կատարում։
Օդանավակայանն ընդունում է Ստեփանակերտ-Երևան պարբերական չվերթներ կատարող ուղղաթիռներ, իսկ անգարում կանգնած է փոքր երկտեղանող օդանավը, որով կարող է թռչել յուրաքանչյուր ցանկացող։
Այսպիսին է մեր ժողովուրդը. երբեք չի հուսահատվում և հավատում է իր ազատ ապագային։ Թերահավատներին պատմեմ մերօրյա մի նոր անեկդոտ.
Ստեփանակերտ, 1817 թվական։ Կայարանում լսվում է. «Երևան գնալու համար ձի։ Ո՞ւմ է պետք ձի՝ Երևան մեկնելու համար։ Ձի՝ մինչև Երևան։ Մոտեցե՛ք։
Ստեփանակերտ, 2017 թվական։ Տաքսի մինչև Երևան։ Ո՞ւմ է պետք տաքսի: Մոտեցե՛ք։
Ստեփանակերտ, 3017 թվական։ Ինքնաթի՛ռ՝ մինչև Երևան ։ Ո՞ւմ է հարկավոր մինչև Երևան ինքնաթիռ։ Մոտեցե՛ք իմ ինքնաթիռին։