Դուք հիմա կկարդաք երկու պարբերություն, որոնք առաջին հայացքից կարծես թե ուղիղ կապ չունեն և անգամ` նույն հոդվածի տրամաբանության մեջ այնքան էլ չեն տեղավորվում:
Եվ այսպես,առաջին պարբերություն՝
հայաստանյան հասարակությանն ու ընդհանրապես հայությանը մեծամասամբ հետաքրքիր են Թուրքիան, թուրքերը և այն, ինչ կատարվում է այդ երկրում: Մեր ընդհանրացված աշխարհաքաղաքական պատկերացումներում Արաքս ու Ախուրյան գետերի մյուս ափին Թուրքիան է և թուրքերը: Իսկ որքա՞ն հետաքրքիր են մեզ Թուրքիայի քրդերը, ի՞նչ գիտենք նրանց մասին, ինչքա՞ն ենք հետևում նրանց: Թեև Հայաստանի Հանրապետության սահմանից արևմուտք թուրքական պետությունն է, սակայն այդ հատվածի բնակիչների զգալի մասը հենց քրդերն են, ուստի ժամանակն է, որ քրդական թեման առավել մեծ տեղ ունենա մեր օրակարգում:
Երկրորդ պարբերություն՝
2019 թվականի մարտի վերջին Թուրքիայում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ էին, որոնք ուշադրության կենտրոնում էին ոչ միայն Թուրքիայի սահմաններից ներս, այլ նաև այդ սահմաններից դուրս, այդ թվում և Հայաստանում: Հայաստանյան մամուլն ու վերլուծաբանները մեծ տեղ էին հատկացնում թուրքական ՏԻՄ ընտրություններին, որոնք, ըստ ամենայնի, պետք է որ նման մեծ ուշադրության չարժանանային. երկրում ոչ խորհրդարանական, ոչ էլ նախագահական ընտրություններ էին, այլ միայն տեղական ինքնակառավարման մարմինների:
Սակայն նման մեծ ուշադրությունը պատահական չէր, ավելին՝ հիմնավոր էր. Թուրքիայում այս ՏԻՄ ընտրությունները գերկարևոր էին ու անհրաժեշտ՝ հասկանալու համար Թուրքիայի ընտրողների վերջին տրամադրություններն և երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու նրա գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության նկատմամբ վերաբերմունքը, որոնց գլխավորությամբ մեր արևմտյան հարևանը, մեղմ ասած, «հետաքրքիր» օրերի միջով է անցնում: Ընտրությունները ցուցիչ էին՝ հասկանալու, թե Թուրքիայում ներքին քաղաքական օրակարգն ինչ ուղղությամբ է զարգանում, ինչպես են դիրքավորվել Էրդողանն ու իր ընդդիմադիրները: Ընտրությունների կարևորության մասին հուշում էր նաև նախագահ Էրդողանի բուռն մասնակցությունը նախընտրական քարոզարշավին և Ստամբուլի համար չդադարող «պատերազմը»:
Իսկ հիմա վերոբերյալ այս երկու պարբերությունները փորձենք տեղավորել ընդհանուր գծի մեջ՝ անցկացնելով այն հայաստանյան հետաքրքրությունների պրիզմայով:
Թուրքիայում ՏԻՄ ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ մեզ համար քրդական թեման շարունակում է հետաքրքրանալ ու հետաքրքրանալ, ավելին՝ կարևորվել ու առաջին շարք գալ, քանի որ Հայաստանի Հանրապետությանը սահմանակից Թուրքիայի նահանգներում քրդերը քաղաքական հաղթանակ տարան:
Հայաստանի Հանրապետությանը սահմանակից է ներկայիս Թուրքիայի երեք նահանգ: Հայաստան-Թուրքիա սահմանի ծայր հյուսիսում փոքրիկ սահմանային հատված ունենք Արդահանի նահանգի հետ, իսկ դեպի հարավ ձգվում են ավելի երկար սահմանային հատվածները` ներկայիս Թուրքիայի Կարսի և Իգդիրի նահանգների հետ:
Եվ ահա, Կարս և Իգդիր նահանգներում հաղթեցին քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության ներկայացուցիչները: Ընդ որում, երկու նահանգում էլ քրդական ուժերն առաջ անցան երկրորդ տեղում հայտնված «Ազգայնական շարժում» կուսակցությունից, որին, ըստ մամուլի տեղեկությունների, աջակցում էր նաև Ադրբեջանը: Նախորդ ընտրությունների համեմատ՝ Կարսը քրդերը «գրավեցին», իսկ Իգդիրը՝ «վերագրավեցին»: Կարսում նրանք հավաքեցին նահանգի՝ ընտրությանը մասնակցած ընտրողների շուրջ 29 տոկոսի ձայները: Կարսում ընտրություններին շուրջ 53 հազար քաղաքացուց մասնակցեց շուրջ 43 հազարը: Իգդիրում քրդական ուժը հավաքեց ձայների 50 տոկոսից ավելին, իսկ ընտրությանը մասնակցեց նահանգի՝ քվեարկելու իրավունք ունեցող մոտ 56 հազար ընտրողից մոտ 46 հազարը: Արդահանում «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցությունն առաջատարների թվում չէր. այստեղ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը հաղթեց քեմալական ուղղվածության «Հանրապետական-ժողովրդական» կուսակցությունը՝ ցույց տալով նաև նահանգի ժողովրդագրական խճանկարում քրդերի համեմատաբար փոքր թիվը: Այս երեք նահանգների օրինակները ցույց են տալիս Թուրքիայի ծայր արևելքում էթնիկ գործոնի կարևորությունն ընտրությունների դեպքում, որը փոքր-ինչ այլ է երկրի արևմտյան շրջաններում, որտեղ առավել կարևոր է ընտրողների քաղաքական ուղղվածությունը, որոշակիորեն՝ նաև կրոնի դերը:
Թեև պաշտոնական և ոչ պաշտոնական ժողովրդագրական տվյալները հուշում էին, որ վերջին տարիներին Հայաստանին սահմանակից Թուրքիայի շրջաններում քրդերի տեսակարար կշիռն աճում է, սակայն ընտրությունները ցույց տվեցին ոչ միայն քուրդ բնակչության թվի բնական աճը, այլ նաև քաղաքական դիրքորոշումն արտահայտելու կամքի աճ, քանի որ, բնականաբար, հենց քրդերն էին «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության ընտրողների գերակշիռ մասը:Պետք է հավելել, որ քրդական հաջողությունը չտարածվեց ողջ Թուրքիայի վրա: Քրդաբնակ շատ շրջաններում «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցությունը հաղթանական չտարավ, թեև այս շրջաններում ևս առաջատար դիրքեր զբաղեցրեց:
Այսպիսով, տեսնում ենք, թե ինչպես է Թուրքիայում ժողովրդագրական պատկերի փոփոխությունն անդրադառնում ընտրությունների վրա, ինչը երկարաժամկետ կտրվածքում կարող է վճռորոշ դառնալ թուրք-քրդական առճակատման հարցում: Այս պահին ժամանակն ու ժողովրդագրությունն աշխատում են հօգուտ քրդերի:
Հ.Գ. Այս հոդվածը գրելու հիմնական նպատակներից մեկը հայաստանյան հասարակության ուշադրությունը ևս մեկ անգամ քրդերի կարևորագույն թեմային հրավիրելն է: Սահմանից այն կողմ աճում է ոչ միայն քրդերի թիվը՝ ի հաշիվ նաև տեղաբնակ թուրքերի և ադրբեջանցիների, այլ նաև քրդերի շրջանում նկատելի է որոշակի քաղաքական և քաղաքացիական հասունացում, որն արագորեն տեղափոխվում է թուրքական պետության քաղաքական դաշտ: Հետևաբար, և՛ պետական, և՛ հասարակական մակարդակներում մենք հիմա պետք է առաջնային քննարկենք այս կարևոր թեման, հետևենք բոլոր զարգացումներին ու իրադարձություններին, անենք հստակ եզրակացություններ: