Սարգիս ԳՐԻԳՈՐՅԱՆ
Արևելագետ, պ. գ. թ., դոցենտ
Երևան
Սիրիական հակամարտության ընթացքում քրդական ռազմական կառույցներից իր ակտիվությամբ աչքի ընկավ «Ժողովրդական պաշտպանության միավորներ» (ԺՊՄ-YPG) կառույցը: ԺՊՄ-ն իր որդեգրած ռազմավարական-մարտավարական և հակամարտության ընկալման առանձնահատուկ մոտեցումներով ազդեցություն է ունեցել ոչ միայն ներքրդական իրողությունների, այլ նաև սիրիական հակամարտության և տարածաշրջանային զարգացումների վրա: ԺՊՄ-ի հետ են կապվում քրդերի ռազմական հաջողությունները Սիրիայում, որոնք գրանցվեցին հատկապես 2015 թ. սկզբից Քոբանիի ռազմական գործողություններից հետո: ԺՊՄ-ի ակտիվությունը պատճառ հանդիսացավ, որ Թուրքիան գնա ռազմական լուծման և մի քանի ռազմական գործողություններ նախաձեռնի Սիրիայի հյուսիսային քրդաբնակ հատվածներում՝ հիմնական թիրախում ունենալով քրդական այդ կառույցին:
2011 թ. սկսված սիրիական հակամարտությունն իր ազդեցությունն ունեցավ նաև քրդերի վրա, որոնք ստանալով որոշ արտոնություններ սիրիական իշխանություններից, փորձեցին ակտիվություն դրսևորել Սիրիայում: Երկրի հյուսիսային Աֆրին, Քոբանի և ալ-Ջազիրա շրջաններում ազդեցիկ քրդական կառույցներից «Քրդական դեմոկրատական միությունը» (ԴՄԿ) ինքնավարություն հիմնելու հայտարարություններով հանդես եկավ, ինչը միանշանակ չընդունվեց ինչպես տարածաշրջանում (Սիրիա, Թուրքիա և այլն), այնպես էլ` քրդերի շրջանում:
Սիրիական հակամարտության մեջ ներքաշված ընդդիմադիր ուժերի, այդ թվում իսլամական ծայրահեղական կառույցների վտանգը ստիպեց քրդերին համախմբվելու և սեփական ուժերով կազմակերպելու հիշյալ խմբավորումների դեմ պայքարը: 2012 թ. վերջից, և հատկապես 2013 թ. սկզբից կատաղի մարտեր գրանցվեցին ԴՄԿ-ի ռազմական թևի` «Ժողովրդական պաշտպանության միավորների» (ԺՊՄ) և ընդդիմադիր ուժերի միջև: Հատկապես 2014 թ. ընթացքում չդադարեցին բախումները ԻՇԻՊ-ի դեմ Սիրիայի քրդաբնակ Քոբանիի տարածքում, որտեղ քրդերը փորձում էին կանխել իսլամականների առաջխաղացումը դեպի իրենց բնակավայրեր, իսկ իսլամականները ձգտում էին ընդլայնել Թուրքիայի հետ իրենց սահմանային շփման գիծը` պայքարելով նրանց առջև կանգնած քրդերի դեմ: Հատկանշական է, որ թերևս այդ փուլում էր, երբ ԱՄՆ-ն սիրիական հակամարտությունում իր համար կանխատեսելի գործընկեր ընտրեց քրդական ԴՄԿ-ն՝ օժանդակելով և աջակցություն տրամադրելով վերջինին ու դրա ռազմական թևին՝ ԺՊՄ-ին:
2014 թ. դեկտեմբերից ԺՊՄ-ն, իրաքյան Քուրդիստանի փեշմերգայի, այլ երկրներից հավաքված քրդերի, օտարերկրացիների և սիրիական ընդդիմադիր այլ զինված խմբերի օժանդակությամբ հաղթանակներ արձանագրեց իսլամականների նկատմամբ Քոբանիում, որը դարձավ հսկայածավալ տարածքներ վերահսկող «Իսլամական պետության» անկման սկիզբը:
Քոբանիի ազատագրումից հետո 2015 թ. սկզբին քրդական ռազմական ստորաբաժանումները անցան հակահարվածի և մի քանի ուղղություններով հաղթանակներ ունեցան ԻՊ-ի զինյալների նկատմամբ` ազատագրելով Քոբանիին հարակից մի շարք բնակավայրեր: Հունիսի 15-ին քրդական և սիրիական ընդդիմադիր այլ խմբավորումները ԻՊ-ից գրավեցին Թալ Աբյադ բնակավայրը` փաստացիորեն միավորելով սիրիական երեք՝ միմյանց հետ սահման չունեցող քրդաբնակ հատվածներից երկուսը` Քոբանին և ալ-Հասաքան: 2015 թ. հոկտեմբերի 21-ին քրդերը Թալ Աբյադը հռչակեցին «Սիրիական Քուրդիստանի» բաղկացուցիչ մաս, ինչը տարածաշրջանային մի շարք երկրների կողմից Սիրիայի քրդերին ուղղված քննադատությունների պատճառ դարձավ:
Սիրիայի քրդերի հեռահար նպատակն էր միացնել Աֆրինը մյուս երկու արդեն միավորված քրդական տարածքներին՝ Քոբանիին և ալ-Հասաքային: Պարզ էր, որ թուրքական իշխանությունների համար անցանկալի էր միավորված «Սիրիական Քուրդիստանի» (Ռոժավա) գոյությունն իրենց սահմանակից սիրիական տարածքներում և, ինչպես բազմիցս հայտարարվել էր պաշտոնական Անկարայի կողմից, Թուրքիան չէր հանդուրժելու Սիրիայի այս հատվածում քրդական ինքնապաշտպանական ուժերի ռազմական ակտիվությունը: Չմոռանանք նաև, որ իրաքյան Քուրդիստանի և Թուրքիայի միջև բավական սերտ քաղաքական և տնտեսական հարաբերություններ էին հաստատվել, ինչը չէր կարող իր ազդեցությունը չունենալ մերձավորարևելյան տարածաշրջանում ընթացող գործընթացների վրա: Հիշյալ հայտարարությունները նաև պետք էր դիտարկել Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններում այդ ժամանակ նկատվող հակասությունների համատեքստում:
Սիրիայի քրդաբնակ շրջաններում և դրանցից դուրս նկատվող ԴՄԿ-ի և դրա ռազմական թևի՝ ԺՊՄ-ի ակտիվությունն ու իսլամական ծայրահեղական կառույցների դեմ քրդերի արդյունավետ պայքարը դրդեցին որոշ միջազգային խաղացողներին առանձին հանդիպումներ նախաձեռնել ԴՄԿ-ի ներկայացուցիչների հետ: Ավելին, ԴՄԿ-ին հնարավորություն տրվեց բացել գրասենյակներ տարբեր երկրներում: Այս իրողությունը ևս բացատրվում էր սիրիական հակամարտության մեջ ԴՄԿ-ի ակտիվությամբ և արտասիրիական ուժային կենտրոնների հետ կապեր ստեղծելու և փոխառնչվելու գիտակցումով:
ԱՄՆ աջակցությամբ քրդական ուժերը շարունակեցին առաջ շարժվել ԻՊ-ի կենտրոն համարվող ալ-Ռակկա քաղաքի ուղղությամբ, որը հնարավոր եղավ վերցնել 2017 թ. հոկտեմբերին և շարժվել էլ ավելի հարավ ու հարավ-արևելք` Եփրատ գետի ափով դեպի Իրաքի սահման:
2018 թ. հունվարի 20-ին թուրքական զինուժը Սիրիայի քրդաբնակ Աֆրին բնակավայրի ուղղությամբ սկսեց «Ձիթենու ճյուղ» ռազմգործողությունը, որի նպատակ հայտարարվեց ահաբեկչական կառույցների` քրդական ԺՊՄ-ի և ԻՊ-ի զինյալների ոչնչացումը: Չնայած քրդական կողմի հայտարարություններին, որ իրենք վճռական են տրամադրված Աֆրինում թուրքական առաջխաղացումը կասեցնելու հարցում, այնուամենայնիվ՝ քրդերը չկարողացան դիմակայել թուրքական բանակի և վերջինիս հովանավորությամբ գործող ընդդիմադիր կառույցների գրոհներին, և ռազմական գործողությունների մեկնարկից գրեթե երկու ամիս անց Աֆրինն ամբողջությամբ հանձնվեց Թուրքիային:
2019 թ. հոկտեմբերի 9-ին թուրքական զինուժը սկսեց իր հերթական ռազմական գործողությունը («Խաղաղության ակունք») Սիրիայի հյուսիսում՝ Եփրատ գետից արևելք ընկած քրդաբնակ հատվածներում: Թուրքական զինուժն ու թուրքամետ խմբավորումները Թուրքիայի տարածքից հարձակվեցին Թալ Աբյադ և Ռաս ալ-Այն սիրիական քաղաքների ուղղությամբ՝ ընդլայնելով թուրքական վերահսկողության հատվածները Սիրիայում: 2020 թ. հունվարի դրությամբ Սիրիայի այս հատվածում թուրքական ուժերի և քրդական ԺՊՄ-ի միջև որոշ բախումներ դեռ արձանագրվում էին: Այնուամենայնիվ, Թուրքիային հաջողվեց ճնշել քրդական ԺՊՄ-ին Թալ Աբյադ-Ռաս ալ-Այն գծից դեպի հարավ: Արդյունքում 2020 թ. հունվարին թուրքական զինուժի և թուրքամետ խմբավորումների վերահսկողության տակ անցավ 100 կմ երկարությամբ և մոտ 30 կմ խորությամբ հատված, որտեղից քրդական ԺՊՄ-ն հեռացվեց:
Չնայած այդ պարտությանը, 2020 թ. փետրվարի դրությամբ քրդերի կողմից դեռևս վերահսկվում էին Սիրիայի տարածքի մոտ մեկ-երրորդը՝ Եփրատից արևելք ընկած սիրիական տարածքները (բացառությամբ թուրքական վերահսկողության տակ անցած Թալ Աբյադից Ռաս ալ-Այն հատվածը)։
ԺՊՄ-ն սիրիական հակամարտության ընթացքում ապացուցեց, որ հանդիսանում է ամենամարտունակ ու մարտադաշտում գործող ամենաարդյունավետ ուժերից մեկը։ Դա առաջին հերթին պայմանավորված էր այն հանգամանքով, որ կառույցի կազմում մեծ էր ռազմական փորձ ունեցող ու ՔԱԿ-ի ռազմական ճամբարներն անցած քրդերի թվաքանակը։ Բացի այդ, սիրիական հակամարտության ընթացքում ԺՊՄ-ն ստացավ ամերիկյան ռազմական ու լոգիստիկ-հետախուզական աջակցություն, ինչը էլ ավելի բարձրացրեց այս կառույցի մարտունակությունը ռազմի դաշտում։
ԺՊՄ-ն աչքի էր ընկնում ասիմետրիկ պատերազմ վարելու և պարտիզանական մարտավարությամբ: Ռազմական գործողությունների ժամանակ քրդական ԺՊՄ-ի զինյալները հաճախակի էին իրականացնում հանկարծակի հարձակումներ, տարբերվելով մյուս խմբավորումներից նրանով, որ մարտեր էին վարում հիմնականում քրդաբնակ հատվածներում, ծանոթ էին տեղանքներին, հմտորեն ադապտացվում էին ռազմաճակատի պայմաններին՝ արագորեն մոբիլիզացնելով իրենց ուժերը:
Սիրիական պատերազմի ընթացքում նկատվել են ՔԱԿ-ի և ԺՊՄ-ի ռազմավարական-մարտավարական ընդհանրություններ՝ հատկապես պարտիզանական կռիվների և հակառակորդի դեմ իրականացվող գործողությունների ու հարձակումների ասիմետրիկ մարտավարության ընդհանուր գծեր։ Սակայն պետք է նաև փաստել, որ հիշյալ հաղթանակը քրդերին տրվել է ԱՄՆ օդային աջակցության, ամերիկյան սպառազինության ու ցամաքում քրդերին օգնող ամերիկացի զինծառայողների, ռազմական փորձագետների ու հրահանգիչների շնորհիվ։ Սիրիական հակամարտությունը ցույց տվեց, որ Սիրիայում գտնվող կանոնավոր բանակների դեմ քրդական ԺՊՄ-ի գործողությունները տարբերվում էին այլ խմբավորումների դեմ վարվող պայքարից։ Մասնավորապես, ԺՊՄ-ն իրեն լավագույն կողմերով չցուցաբերեց թուրքական զինուժի դեմ կռիվներում, հատկապես «Ձիթենու ճյուղ» և «Խաղաղության ակունք» ռազմական գործողություններում, ինչը չի կարելի ասել ԻՊ-ի դեմ տեղի ունեցած կռիվների մասին։ Հիշյալը թույլ է տալիս ենթադրել, որ չնայած մեծամասամբ քրդաբնակ շրջաններում ծավալվող գործողություններին, տեղանքին ծանոթ լինելուն, ռազմական փորձի ու սպառազինության առկայությանը, քրդական ԺՊՄ-ն ի զորու չի եղել արդյունավետ կռվել կանոնավոր բանակների և ուժերի դեմ։
ԺՊՄ-ն սիրիական հակամարտության ընթացքում կարողացավ իր պատրաստվածության, ղեկավար շրջանակի փորձառության, կառուցվածքային արդյունավետ կառավարման շնորհիվ վերածվել Սիրիայում կռվող քրդական ամենաազդեցիկ ռազմական կառույցի, որի օգնությամբ քրդերը 2020 թ. սկզբում դեռևս կարողանում են վերահսկել Սիրիայի զգալի հատվածը։