Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լրագրող
Ստեփանակերտ
Հունիսին հայկական եւ ադրբեջանական լրատվամիջոցների թոփ թեման Բաքվում անցկացված եվրոպական խաղերն էին, որոնց մասնակցեցին նաեւ հայ մարզիկները:
Այս խաղերի ողջ ընթացքում հայկական եւ ադրբեջանական լրատվամիջոցները կարծես թե ատելության մի նոր ալիք բարձրացրեցին միմյանց նկատմամբ՝ մի կողմից հայ մարզիկների մասնակցությանն էին դեմ, չնայած հայկական կողմում էլ նման կարծիքները քիչ չէին, իսկ մյուս կողմում մտահոգվում էին հայ մարզիկների անվտանգությամբ ու մրցավարական կողմնակալությամբ: Եւ այս ամենն ուղեկցվում էր միմյանց հասցեին հայհոյանքներով ու իրար պախարակմամբ:
Արցախից հայտարարությամբ հանդես եկան ղարաբաղյան շարժման մի խումբ վետերաններ, ովքեր հորդորեցին հայ մարզիկներին եւ սպորտի ոլորտի պաշտոնյաներին չմասնակցել Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերին, քանի որ, ըստ իրենց, դրանք քաղաքականացվելու են եւ վեր են ածվելու Էրդողանի Գալիոպոլյան ցինիզմի յուրօրինակ շարունակության:
«Քանի որ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում 1990թ. հունվարին հայերին ցեղասպանել են եւ 300 000 հայի դեպորտացիայի են ենթարկել, որտեղ հերոսացվում է Ռամիլ Սաֆարովը եւ որտեղից ամենօրյա կոչեր են հնչում` ոչնչացնելու «ապերախտ» հայերին եւ քանի որ առ այսօր թուրքերը մեղքերի թողություն չեն հայցել հայ ազգին շարունակական ցեղասպանելու համար եւ չեն ապաշխարել, գտնում ենք, որ կայանալիք Եվրոպական խաղերին հայ մարզիկների մասնակցությունն անթույլատրելի է: Միք պղծի հոգով հզոր եւ արժանապատիվ հայորդիների արյամբ վաստակած հայոց դրոշը, որի ներքո կամենում եք մրցել մարդակերպ գազանի հետ: Հայի պատիվը անհամեմատելի է Բաքվում ձեռք բերվելիք որեւիցե ոսկուց եւ պարգեւից»,- նշված էր հայտարարության մեջ:
Սա, իհարկե, չկանգնեցրեց հայ մարզիկներին (այդ թվում՝ արցախցի) ու ոլորտի պաշտոնյաներին՝ իրականացնելու իրենց որոշումը, որից հետո էլ սկիզբ դրվեց մեկ այլ աղմուկի: Իսկ նոր աղմուկն սկսվեց այն բանից հետո, երբ ԼՂՀ կառավարությանն առընթեր սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռազմիկ Հովսեփյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարեց, որ Բաքվի եվրոպական խաղերին մասնակցում են նաեւ արցախցի սամբիստներ Աշոտ Դանիելյանն ու Սոսե Բալասանյանը: Սա բողոքի եւս մեկ ալիք բարձրացրեց ադրբեջանական կողմում, ինչին հաջորդեց ստի շոուն, որը չգիտես ում համար էր բեմականացված՝ «միամիտ» միջազգային հանրությա՞ն, ադրբեջանցիների՞, թե՞ մեկ այլ լսարանի համար:
Այն բանից հետո, երբ Ադրբեջանում աղմուկ բարձրացավ եւ նույնիսկ խոսում էին հայերի մուտքը հրապարակավ արգելելու կամ նրանց նկատմամբ հաշվեհարդար տեսնելու մասին, Karabakh-life-ի հետ զրույցում սպորտկոմիտեի նախագահը հայտարարեց, որ Բաքու են մեկնում ոչ թե Արցախի քաղաքացիներ, այլ ծագումով արցախցիներ:
«Մարզիկները, ովքեր պետք է մասնակցեն Բաքվում ընթացող եվրոպական խաղերին, ծագումով են արցախցի, սակայն, նրանք Հայաստանի քաղաքացիներ են, ապրում են Երեւանում: Հանդես են գալիս Հայաստանի թիմում, բազմիցս են մասնակցել միջազգային տարբեր մրցաշարերի»,- ճշգրտել է Ռ. Հովսեփյանը:
Այս սուտն ավելի մարսելի կլիներ, համենայն դեպս՝ գոնե դրսում, եթե չլիներ ընդամենը մի քանի ամիս առաջ, ավելի կոնկրետ՝ մարտ ամսին, Մոսկվայում անցկացված սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության մրցանակաբաշխության ժամանակ ադրբեջանցի մարզիկ Բախտիյար Աբասովի հետ կապված միջադեպը. արցախցի մարզիկ Աշոտ Դանիելյանի առաջին տեղ զբաղեցնելու պատվին Հայաստանի օրհներգի հնչեցման ժամանակ ադրբեջանցի մարզիկը կքանստել էր, ինչը եւս մեծ աղմուկ բարձրացրեց միջազգային մամուլում:
Հետաքրքրական է, որ այդ ժամանակ ոչ ոք չէր մոռացել, որ չեմպիոնական պատվանդանի ամենավերեւում հենց արցախցի մարզիկն էր. ոչ թե ծագումով, այլ հենց Արցախում բնակվող: Բայց արի ու տես, որ մի քանի ամիս անց ի լուր աշխարհի հայտարարվում է նրա՝ ոչ արցախցի լինելու մասին: Նույնն արվում է մյուս մարզիկի՝ Սոսե Բալասանյանի դեպքում, երբ նրա՝ տարբեր միջազգային մրցաշարերում մրցանակներ շահելու ժամանակ թմբկահարվում է արցախցի լինելու մասին: Բայց նա եւս դարձավ «ծագումով արցախցի»:
Հարց է ծագում՝ ո՞ւմ ենք խաբում, ո՞ւմ աչքերին ենք թոզ փչում, այն էլ տեղեկատվական հոսքերի այս դարում, երբ ինտերնետում մի քլիքն էլ բավական է ուզածդ տեղեկությունն ստանալու համար:
Վերոնշյալը վկայում է մի բանի մասին՝ իրավիճակն է փոխվում, իսկ կարծրատիպերը մնում են նույնը: Փոխվում է իրավիճակը, բայց ոչ մենք: Մենք շարունակում ենք մնալ մեր կարծրատիպերի հետ: Ցանկացած նոր իրավիճակում: