Թե ինչպես երկիրը հայտնվեց «խաղից դուրս» վիճակում
Աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի հաջողություններն անսպասելի էին։ 3 խաղում տանելով 3 հաղթանակ՝ մեր հավաքականը գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Այս հաղթանակները որքան էլ անակնկալ են, սակայն դրանց «առաջացման» հարցում առաջին «մեղավորը» հավաքականի իսպանացի մարզիչ Խոակին Կապարոսն է, որը, կարելի է ասել, նոր թիմ ու մթնոլորտ է ձևավորել հավաքականի շուրջ։
Ֆուտբոլի հավաքականի կամ ակումբի հաջողությունն առաջին հերթին կապված է կառավարման հետ, ինչպես մնացած բոլոր ոլորտների դեպքում, ու այս իմաստով ֆուտբոլը շատ հեշտ է երևակել տարբեր բնագավառների, նույնիսկ քաղաքականության հետ։ Հայաստանի հավաքականի հաջողություններն, ինչպես արդեն նշեցինք, կապված են նոր մարզչի, նրա փիլիսոփայության ու կառավարման որակների հետ, սա էլ, թերևս, հարցի պատասխանն է, թե ինչու է հնարավոր փոքր մակարդակում ունենալ հաջողություն (Կապարոսի դեպքում), իսկ ավելի մեծ մակարդակում, պայմանական՝ պետության կառավարման դեպքում, ձախողվել (վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեպքում):
Կապարոսը հետխաղյա և նախախաղային իր ասուլիսներում և առհասարակ հարցազրույցներում չափազանց զուսպ է։ Երբեք չի խոստացել Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության ուղեգիր, ավելին՝ քննադատել է ցանկացած ոգևորվածություն կամ դեպի Քաթար ուղեգիր նվաճելու հարցում անհոգ վերաբերմունք։ Որևէ հաղթանակից չբթանալու՝ Կապարոսի այս սկզբունքը փոխանցվել է ֆուտբոլիստներին, որոնք նույն լրջությամբ են մոտեցել և՛ Ռումինիայի, և՛ Լիխտենշտեյնի դեմ խաղերին, անկախ այդ երկրների հավաքականների խաղամակարդակների հսկայական տարբերությունից՝ մեր հավաքականն այդ մրցակիցներին ո՛ չ թերագնահատել է, ո՛ չ էլ գերանգնահատել, հավաքականն ուղղակի կատարել է մարզչի հրահանգներն ու խաղային կարգապահություն ցուցաբերել։
Այս իմաստով հետաքրքիր է համեմատությունը Նիկոլ Փաշինյանի հետ. հեղափոխությունից հետո վերջինս հանրության շրջանում մեծ սպասելիքներ գեներացրեց, մինչդեռ, ինչպես ժամանակը ցույց տվեց, այդ սպասելիքների իրականացման ճանապարհին խոչընդոտները կամ խոչընդոտների թերագնահատումն ավելի զորեղ գտնվեցին։ Տևական ժամանակ և, հավանաբար, մինչ այժմ էլ Փաշինյանն ու նրա որոշ թիմակիցներ իրերին, իրադարձություններին նայում են 2018-ի ապրիլ-մայիս ամիսների աչքով, հաջողության գերագնահատումը թույլ չի տալիս հաջորդ «խաղին» պատրաստվել։
Կապարոսը երբեք չի տրտնջացել իրեն թողած ժառանգությունից։ Անգամ այն դեպքում, երբ վերջին երեք խաղերին չի մասնակցել հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը, վերջինիս նկատմամբ հարգանք տածելուց զատ Կապարոսն իր խաղային սխեման կառուցել է առանց Մխիթարյանի՝ նրա փոխարեն այլ ֆուտբոլիստների հնարավորություն տալով։ Կադրային հարցերում Կապարոսը չափազանց զգույշ ու միևնույն ժամանակ հաշվարկված է գործում։ Ռումինիայի հավաքականի դեմ խաղի երկրորդ խաղակեսում Կապարոսը խաղադաշտ դուրս բերեց երկու երիտասարդների՝ Էդուարդ Սպերցյանին ու Ժիրայր Շաղոյանին։ Առաջին հայացքից՝ այս տարօրինակ ու ռիսկային փոփոխություններն արդարացրին իրենց ու խաղի հաղթական ելքի վրա մեծ դեր ունեցան հենց վերը թվարկած երկու ֆուտբոլիստները։ Կապարոսը չի խորշում հավաքական հրավիրել նոր, երիտասարդ ֆուտբոլիստների ու անգամ վերջիններիս խաղաժամանակ տալ Ռումինիայի նման թիմերի դեմ խաղում։
Կադրային հարցերում Նիկոլ Փաշինյանը շատ ավելի պահպանողական գտնվեց «մի շարք կարևոր խաղային դիրքերում» հեղափոխությունից հետո չկատարելով փոփոխություններ, իսկ սելեկցիայի կամ համախոհության արդյունքում հեղափոխությունից հետո մի քանի կարևոր կադրեր նշանակվելուց հետո, չկարողանալով ընդհանուր համակարգի տրամաբանության մեջ մնալ, ուղղակի լքեցին թիմը։ Կապարոսն, ի տարբերություն իրեն նախորդած շատ մարզիչների, նախընտրում է չխոսել իրեն խանգարող հանգամանքների մասին, այլ եղած ռեսուրսներից փորձում է «քամել» առավելագույնը։ Նիկոլ Փաշինյանը նոր ռեսուրսներ որոնելու, թիմային աշխատանքը վերակազմակերպելու փոխարեն նախընտրեց շեշտը դնել իր նախորդների թողած ժառանգության մասին խոսակցությունների վրա՝ նույնիսկ ամենապարզ ձախողումները կապելով նախկին իշխանությունների հետ։
Ռումինիայի դեմ խաղում նույնիսկ պարտվելիս՝ Հայաստանի հավաքականը շարունակում էր մնալ հավասարակշռված ու խաղի թելն այդպես էլ բաց չթողեց։ Պարտվելիս խաղի թելը չկորցնելու հատկությունը չափազանց կարևոր ու դժվար գործոն է ֆուտբոլում, իսկ պետական կառավարման հարցերում «բաց թողած մեկ գոլից» հետո չվերադասավորվելն ու նոր խաղ չկառուցելը հղի են մեծ վտանգներով։
Կապարոսն իր ունեցած հաջողություններով հանդերձ մնում է շատ քչախոս ու զուսպ, նրա հարցազրույցները պարբերական չեն, իսկ եղած հրապարակային խոսքում էլ հավաքականի մարզիչը «չի բացվում», միայն նայում է առաջ։ Կապարոսի պրոֆեսիոնալ ուղին հիմնականում անցել է Իսպանիայում՝ մարզել է «Դեպորտիվո», «Ատլետիկ», «Մալյորկա», «Սևիլյա» ակումբները և Հայաստանի հավաքականի ղեկը ստանձնելով՝ արդեն իր հետևում ուներ մեծ հեղինակություն ու փորձ, ինչը դրսևորվում է իսպանական ֆուտբոլային լրատվամիջոցների էջերում Հայաստանի հավաքականի նկատմամբ մեծ հետաքրքրությամբ։ Նիկոլ Փաշինյանի՝ հեղափոխությունից հետո երկրի ներսում ունեցած մեծ հեղինակությունն ու վստահությունը արտերկրում այդպես էլ չկապիտալիզացվեց՝ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով, իսկ ավելի ուշ այդ լայն վստահությունն ու հեղինակությունն ուղղակի փոշիացվեցին։ Սա չի կարող իր հետևանքը չունենալ ողջ «թիմի» կողմից նրա նկատմամբ վերաբերմունքի վրա՝ դեպի բացասականը դառնալու իմաստով։ Ֆուտբոլում ոսկե կանոն է մարզչի որոշումները չքննարկելը, անվերապահորեն դրանք կատարելն ու անմնացորդ կարգապահությունը, իսկ երբ հանդերձարանում այս կանոնները խախտվում են ու մարզչի հեղինակությունը սասանվում է, ապա կարգապահության բացակայությունն ուղղակի ազդում է խաղի արդյունքի վրա։
Հավաքականի մարզչի ու Նիկոլ Փաշինյանի՝ որպես մեծ խաղի կազմակերպիչների միջև նմանություններից է նաև միանձնյա որոշումներ ընդունելու հնարավորությունը։ Ու թեև և՛ Կապարոսը, և՛ Փաշինյանն ունեն սպասարկող անձինք, ում հետ քննարկումներ են անում կարևոր որոշումներից առաջ, միևնույն է՝ վերջնական արդյունքի պատասխանատուն մնում են նրանք՝ անկախ այն բանից, թե թիմի որ անդամն ինչպես է իրեն դրսևորել «դաշտում»։
Հայաստանն անցած աշնանը, ֆուտբոլային լեզվով ասած, խոշոր, ջախջախիչ հաշվով պարտություն է կրել (արցախյան ճակատում), ընդհանրապես դուրս մղվելով կարևոր «մրցաշարից»։ Չնայած դրան՝ «թիմի գլխավոր մարզիչը» շարունակում է մարզել թիմը, փոփոխություններ ու փորձարկումներ է կատարում թիմի կազմում, բայց չի ընդլայնում որոնման շրջանակները, միևնույն ժամանակ առարկայական պատասխանատվություն չի կրելու ամոթալի արդյունքների համար, պատճառ բերելով գրեթե ամեն ինչ՝ «վատ մարզադաշտի վիճակը», «ֆուտբոլիստներին»։ Իսկ թիմի «երկրպագուների» մի մեծ հատվածը շարունակում է վստահել «մարզչին», քանի որ նրա գլխավորությամբ տարիներ առաջ կարողացել է մի այլ «մրցաշարում հաջողության հասնել։
Արդյունքում բոլորս հայտնվում ենք «խաղից դուրս» վիճակում։