Երբ հարցրին բավականին տարեց Տոնինո Գուերային, թե ինչ հեռանկարային ծրագրերով է ապրում ինքը, նա պատասխանեց, որ մտածում է արդեն իր ամենակարեւոր ու շատ մոտ հեռանկարի` ուղղահայաց ճանապարհի մասին: Հետո չարաճճի ժպիտը դեմքին, մատը դեպի վեր ուղղելով, ցույց տվեց շարժման ուղղությունը:
Ես էլ երբեմն մտածում եմ համընդհանրացնող, ունիվերսալ մի կարծիք գրել յուրաքանչյուրիս սպասվող վերընթաց այդ շարժման մասին: Եվ զարմանալի պատահականությամբ վերջերս պարզեցի ինձ համար, որ այդ խնդիրն ամենայն կատարելությամբ դրվել ու լուծվել է գեղանկարչական ճանապարհով: Ավելի ճշմարտանման օրինակ, քան Ֆրանց Կլայնի ՙՌեքվիեմ՚ կտավն է, չեմ էլ ուզում որոնել:
Վերընթաց շարժման ճանապարհի դռան շեմին է ներսի ու դրսի սահմանին կանգնած մարդը: Կա վիշտ, կա սպասում, կա կարոտ` երկար ճանապարհ ընկնելուց առաջ: Կա անիմանալիի խորքը թափանցող սեւեռուն մտորում: Հավատալ, որ այն կողմում սպասում են քեզ, նշանակում է զրկել ինքդ քեզ դեռ այս գոյության մեջ, այն կողմը գնահատելու արտոնությունից: Այս կտավը այնկողմնայինի ընդերքը թափանցելու ու գնահատելու ամենահաջողված փորձերից մեկն է, թերեւս: Եթե չի էլ պատկերված նոր իրավիճակը, ապա ամենասուր կերպով նկարագրված է ճանապարհի դժվարանցանելի ցավը: Նոր իրավիճակը ենթադրում է հնի ամբողջական կորուստ: Ֆրանց Կլայնի ՙՌեքվիեմ՚ կտավի մեջ անդարձ կորստի դառնությունը կա: Կորուստ, որը վերակերպվում է կարոտի: Ցանկացած ռեքվիեմ դա կարոտի երգ է:. . .
Կորստի դառնության ու կարոտի մասին պատմող մի օրինակ էլ Աքրամ Այլիսլիի ՙՔարե երազներ՚ վեպն է: Գուերայի կատակով մատնացույց արած շարժման ուղղահայացի մասին է գրում նա էլ: Մահվան մահճում, կոմայի մեջ ընկած մարդու վերհուշն այնկողմ տանող ճանապարհի անցման մասին է. Սադայ Սադիխլին փորձում է խուժանի հարձակումից պաշտպանել ծեր մարդուն եւ ինքն է ստանում մահացու հարված: Ու առօրյա աշխատանքին տանող ճանապարհը դառնում է վերջինն` արտիստի համար: Դեպքն այսպես է նկարագրում նրա գործընկեր ականատեսը.
Նուվարիշ Ղարաբաղլի. Մի խումբ երիտասարդներ ծեծում ու սպանում էին լողավազանի մեջ շպրտված ծերունուն: Չդիմացավ նա, սիրտը չդիմացավ, եւ վերջ: Նետվեց օգնության: Չէ որ նա արտիստ է, հումանիստ մարդ: Իսկ որտեղից իմանան այդ եկվոր շուն շանորդիք, թե ով ով է: Այդ մեծ մարդու ճակատագիրը հիմա ձեր ձեռքում է, բժիշկ:
Բժիշկ. Այդպես կվարվեր յուրաքանաչյուր մարդ, իսկ այս քաղաքի մարդիկ ասես գնալով հեռանում են մարդկայինից: Այնպիսի տպավորություն է, որ մարդ լինելը ձեռնտու էլ չէ:
Վեպի հետագա նկարագրականը կամաց – կամաց պարզում է մերօրյա Դոն Կիխոտի կերպարը: Վեպը պատում է մարդու մասին, մարդկային անձնազոհության մասին: Վեպը ձոն է ստեղծագործ մարդուն, որի համար անտանելի է տգիտությունը:
Հոգեբույժ Աբասալիեւը, որն իր օրագրով ուղղորդում է ընթերցողին մեռնողի վերհուշի ողջ ընթացքում, Այլիս քաղաքի անցյալի պատմության մի դրվագ ներկայացնում է այս կերպ.
ՙԴու գիտե՞ս, թե ում տանն է ապրում Գուլուն: Այստեղ ապրել է Մինաս անունով մի քարտաշ, նրա նախնիներն էլ հնուց եղել են քարտաշներ: Այդ Գուլուի պապ Աբդուլան նույն կարգի անբան ու անպիտանություն էր, ինչպիսին թոռն է: Շուկայում վաստակում էր բեռնակրությամբ: Երբ Ադիֆ բեյը հրամայեց ոչնչացնել հայերին Այլիսում, այդ բորենի Աբդուլան հանկարծ քաջ կտրեց. վազեց տուն, վերցրեց կացինը ու հարձակվեց Մինասի տան վրա: Այդ ստահակը կտրեց Մինասի գլուխը, հետո չխնայեց ո’չ կնոջը, ո’չ էլ երեխաներին: Հիմա ասա ինձ` կարո՞ղ է նա հանգիստ ապրել Մինասի տանը: Չի կարող, երդվում եմ Աստծով, խոշտանգված Մինասի հոգին հանգիստ չի տա նրան: Աստված այդքան մոռացկոտ չէ, որպեսզի ների նման հրեշավոր ստորությունը՚:
Ինտելեկտուալ մարդու բողոքն անպիտանությանն ու տգիտությանն է ուղղված: Թող ոչ ոք չտեսնի ազգային հակադրություն: Անազգապատկան է անբանը, անբանությունը ներազգային հատկություն չէ, որ վիրավորվի ազգը նման տողեր գրող իր վիպասանից:
Կարդանք մի այլ հատված, երբ վեպի հերոսի պատանեկան հիշողություններում վեր են հառնում հայրենի քաղաքի եկեղեցիները.
ՙՊահպանված եկեղեցիները չնայած մնացել են առանց Աստծո ու առանց խնամքի, սակայն չեն կորցրել իրենց երբեմնի վեհությունը: Ամեն մեկը կողքի սարի գույնին է, ասես դրանից պոկած ամբողջական մի կտոր հղկված ու դրված այնտեղ, որտեղ Աստծո համար կլինի հեշտ ու հարմար դրանցով զմայլվելը՚:
Ինչ կա վիրավորական եկեղեցու ճարտարապետությամբ հիանալու մեջ: Կամ ինչ ազգայնականություն ու հակազգայնականություն կարող է լինել հիացմունքի մեջ ընդհանրապես:
Կամ էլ ինչն է կեղծ կամ վիրավորական այլազգի մարդու համար ջարդից փրկված ֆրանսաբնակ հայ աղջկա արարքում, որի մասին հիշատակվում է բժիշկ Աբասալիեւի օրագրում.
ՙ1919 թվականի ջարդից փրկված մի հայ աղջիկ Ֆրանսիայում աճեցրել է նոր մի ծաղիկ, որին անվանել է Ագուլիս, այսինքն Այլիս՚:
Անկեղծ ու շատ մարդկային հուշ: Չգիտեմ, չեմ մեռել ոչ մի անգամ, չունեմ մահվան այն փորձը, որը կարող է կասկածի տակ դնել մեռնող Սադայի վերհուշի ճշմարտացիությունը: Եթե կան այդպիսիք, այնկողմից եկածներ, թող նրանք մեղադրեն վիպասանին կեղծարարության մեջ:
Ամեն ինչ կարելի է կեղծել` պատմությունը, ցանկացած եղելություն, սակայն կեղծել մեռնող մարդու ուղեղի վերարտադրած կինոխրոնիկան անհնարին է: Խրոնիկա, որն ընթանում է մահվան սպասման մեջ:
Շատ մարդկային է նկարագրված նաեւ այդ ծանր սպասման դինամիկան.
ՙԱզադա խանումը հասկացավ, թե ինչու էր Սադայ Սադիխլին գնում կայարան: Նա օրերով թափառում էր այնտեղ, որպեսզի դիմավորի ու ճանապարհի մանկությունից ծանոթ Բաքու – Երեւան գնացքը: Հայրենի Օրդուբադով անցնող այդ գնացքով նա մտովի ճանապարհորդում էր, փայփայելով զառանցագին մի միտք Էջմիածնի մասին, որտեղ նա պատրաստվում էր քրիստոնեական կրոն ընդունել՚:
Եթե մեղադրվի այս տողերի հեղինակը քարոզասացության մեջ, ապա միայն տգետի կողմից: Խնդիրը դուրս է կրոնական լուծումների տրամաբանությունից, լուծումը ոչ լոգիկ է, այն մետաֆիզիկ է, ավելի պարզ ասված` օնթոլոգիկ: Եվ դրա վառ ապացույցն է աշխարհը ոտքի տակ տված վաճառական Զաքարիայի օրագրից մեջբերումը.
ՙ1668 թվական 26 փետրվարի. այսօր Այլիսի երկնակամարում հայտնվեց գիսաստղ: Նա կանխագուշակում է դժբախտություն մեր մեղքերի համար՚:
Հանցավորներ կան, կան նաեւ դրանց ոգեւորողները: Վեպում ամեն ինչ նկարագրվում է սղագրական բծախնդրությամբ, ինչը գրվածքը դարձնում է դժվարամարս շատերի համար: Սակայն հեղինակի գերխնդիրն այլ է, նպատակը չի տեղավորվում պատմական երկար ձգվածքում պլանավորված ու գործված մեղքերի պարզ շարադրանքի շրջանակում: Խնդիրը միջէթնիկ հարաբերությունների խորքային ըմբռնումն է, դրանց հետագա հակամարդկային զարգացումները կանխելու ակնկալիքով:
Ֆրանց Կլայնն իր ՙՌեքվիեմ՚ կտավում, Աքրամ Այլիսլին իր ՙՔարե երազներ՚ վեպում պատմելով գործված մեղքերի ու մեղավորության զգացման մասին, աշխատում են հեշտացնել նրանց խնդիրը, ովքեր փորձում են ըմբռնել մարդ – նախագծի արարչագործական իդեան:
Կտավն ու վեպը միջոց են, գործիք` ստեղծագործ մարդու համար, քարտաշ մի գործիք, ինչպես գլխատված վարպետ Մինասինն է: Եկեղեցին տեղ է, շարժման ելակետ, այն վայրը, որտեղից սկիզբ է առնում ինչպես Սադայի, այնպես էլ յուրաքանչյուրիս ուղղահայացը: Սկզբնակետն օտարության մեջ մնացած, քանդված, ոչ բանուկ եկեղեցին է, որի շրջակայքում ապրողներն այն անվանում են ՙաղավնիների բազար՚: Աղավնու թռիչքը տրանսցենդենտման խորհրդանիշն է, իսկ մեռնող արտիստին ճանապարհող գնդակահարված սեւ աղվեսը նմանակն է Էքզյուպերիի ՙՓոքրիկ իշխանի՚ մեջ նկարագրված աղվեսի, որը խոսում է վեպի հեղինակի կրթվածության ու մեծ գրականության առաջ դրված խնդիրների իրազեկության մասին:
Այլիսլիի այս գործը էկզիստենցիալ կարգից է: Էկզիստենցիալիզմ, որ սկիզբ է առնում Սերվանտեսից: Դոնկիխոտյան սիստեմատիկ տագնապի մեջ են Սադայ մտավորականը, այդ վիճակում է բժիշկ Աբիսալիեւը: Տագնապ, որը ծնվում է դժաբախտության մեջ հայտնված մարդու հանդեպ պատասխանատվության զգացումից: Այդպիսին է սահմանային վիճակով ապրող մարդու ճակատագիրը` տագնապալի: Սիստեմատիկ սահմանային վիճակից բխող անտանելի տագնապն է, որ ցանկացած ստեղծագործության հաղորդում է գեղարվեստական արժեք:
Եվ հիմա էլ կոնկրետ իմ այս հոդվածում քննարկվող երկի գեղարվեստական որակները գնահատելու փոխարեն, խոսում են ազգային ոգուց, ազգային ինքնասիրությունից: Չկա նման բան: Կա մարդկային ինքնասիրություն, կա մարդկային ոգի: Գուցե ՙՔարե երազներ՚ վեպի հեղինակին հետապնդողները կհուշեն, թե լողավազանում մարդ սպանող կենդանախմբի շարժիչն այդ ո՞ր ոգին է: Եվ խոշոր հաշվով ի՞նչ նշանակություն ունի հալածվողների համար, թե ինչ ազգի է մարդահալածը:
Եթե, այնուամենայնիվ, ինչ-որ մեկն ուզում է ազգային պատկանելություն վերագրել մարդասպանին, ապա հեշտացնեմ նրանց խնդիրն ու ասեմ, որ մարդ սպանողները մի ազգից են, իսկ աղետի մեջ ընկած մարդու կողքին կանգնածներն էլ` մի այլ ազգից: Բարեկամներս, փորձանքի մեջ ընկած մարդու կողքին բոլոր կանգնածներն էլ նույն մարդազգից են` Ֆրանց Կլայնը, Աքրամ Այլիսլին ու մի քիչ էլ ես: