Խորեն ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ազգագրագետ
Երևան
Նախաբան
Ըստ Վ. Շնիրելմանի՝ հայկական տարբեր խմբերի մոտ ինքնության փնտրտուքները տանում են դեպի հինավուրց հայկական թագավորություններ¹։ Մեր հետազոտության դեպքը, թերևս, պայմանավորված է հենց այդ գործոնով. իրենց ծագման վերաբերյալ մուսալեռցիների մոտ առաջացած մի շարք առասպելներ աղերսներ ունեն Տիգրան Մեծի թագավորության հետ՝ հիմնականում փորձ է արվում այդ թագավորության հետ կապել հայերի հաստատվելը Միջերկրական ծովի ափերին գտնվող Անտիոքում, Ալեքսանդրետի սանջակում (1939-ից հետո տարածքը թուրքերն անվանեցին Հաթայ՝ կապելով հեթիթների հետ, որոնք, ըստ Մ. Քեմալի, 4000 տարի առաջ եղել են թուրքերի նախնիները) ու շրջակա հայկական շրջաններում և հատկապես Սվեդիա-Սամանդաղում (1920-39 թթ՝ Մուսալեռ-Մուսա դաղ)։
Մյուս առասպել-պատումը, որի զարգացումն էլ սույն հոդվածում կներկայացնենք, կապված է մուսալեռցիների Սյունիք-արցախյան ծագման հետ։ Չնայած այն հանգամանքին, որ մուսալեռցիների ծագման՝ մեզ հայտնի աղբյուրներում փնտրտուքների սկիզբը համարվում է 1915թ., իսկ արդեն 1960-ականներից էլ հենց առաջ քաշվեց Սյունիք-Արցախյան ծագման առասպել-պատումը (վերապատվելի Տիգրան Անդրեասյանը Սվեդիայի հայերի բարբառին անդրադառնալիս է նշել Սյունիք-արցախյան ծագման մասին), որն անընդհատ մշակվել և զարգացվել է թե՛ Հայաստանի և թե՛ Լիբանանի մուսալեռցիների գրավոր տեքստերում։
Քաղաքական, տնտեսական, ժողովրդագրական և այլ գործընթացները, որոնք ավելի լայն սոցիալ-քաղաքական տարածություն են ընդգրկում, ուղղակի կամ անուղղակի ազդեցություն են թողնում տվյալ խմբի ինքնաարտահայտման և պատկերացումների վրա, աշխարհաճանաչողության վրա։ Դրանից ելնելով էլ՝ եթե մեր փոխհարաբերություններն անցյալի հետ նույնիսկ առանձնանում են որոշակի անաչառությամբ, ապա դրանք գտնվում են անընդհատ փոփոխվող գործունեության մեջ՝ հաճախ ստիպելով մեզ սրբագրել անցյալում տեղի ունեցածի գնահատումը, նույնիսկ այն էականորեն փոփոխել²։
Այս վարկածը իր զարգացման գագաթնակետին հասավ հենց ղարաբաղյան շարժման տարիներին և ցայսօր էլ քննարկման նյութ է համարվում թե՛ Լիբանանում և թե՛ Արցախում:
Մուսալեռցիների ծագման արցախյան վարկածի զարգացումը գրավոր աղբյուրներում
Չնայած այն հանգամանքին, որ հստակ պատմական դրվագ կար արցախցի կիլիկեցիների վերաբերյալ, սակայն մեզ հայտնի գրավոր աղբյուրներից միայն մեկն է հատուկ անդրադարձ կատարում Գանձակի Օշին իշխանին՝ Անտիոք-Ալեքսանդրետի կիլիկեցման կամ հայկականացման-մուսալեռցիացման ճանապարհին։
Դա Վ. Մ. Քյուրքճյանն է, ով իր «Հայկական Կիլիկիա» աշխատության մեջ փորձ կատարեց Ալեքսանդրետը՝ մասնավորապես և Անտիոքն՝ ընդհանրապես, վաղ շրջանից հայկական և հատկապես կիլիկյան հայկական տարածք ներկայացնել՝ խնդիր ունենալով «խոչընդոտել» օտարների հակահայկական քարոզին։
Այսպես, անդրադառնալով սույն շրջանում հայկական հետքին՝ հեղինակը հստակ մատնանշում է Օշինի՝ այս տարածքներում հայտնվելու մասինգ «Տասնըմէկերորդ դարուն գրեթէ ամբողջ գաւառը (Անտիոք.- Խ.Գ.) կը կառավարուէր հայ պաշտօնակալներու կամ աւատական պարոններու ձեռքով, զորօրինակ Խաչատուր Զօրավար՝ Իսաւրիան Անտիոքի մէջ, Օշին ի Լամբրոն…»։³
Մեկ այլ ուշագրավ և մեզ համար նոր վարկած է առաջ քաշում Աղասին (Կարապետ Թուր-Սարգսյան), ով կիլիկեցիների և մասնավորապես զեյթունցիների ծագման մասին մտորելիս ակնարկում է. «Զէյթունի բերդը միայն հնութեան բաւական նշմար մը ունիգ շինուած է գիւղաքաղաքի արեւմտեան կողմը, բարձր քարաժայռի մը վրայ, որուն մշտակայ տէրերն եղած են Սուրէնեանց իշխանները։ Այս գերդաստանը երկու անուն ունի, որ փոխն ի փոխ կը յիշուի Վէնեան եւ Վասիլոսեան։ Անժխտելիօրէն Գող Վասիլ իշխանին շառաւիղ կը սերին Սիւնեաց աշխարհի Սուրէնեանց պատմական գերդաստանէն։⁴ Մյուս մեզ հայտնի հեղինակները, շարադրելով մուսալեռցիների ծագման մասին իրենց տեսակետները, հղում են արել հիմնականում բարբառագիտական և լեզվաբանական աղբյուրների վրա, իսկ Սյունիք-Արցախին անդրադարձն էլ հենց կապել են բարբառային նմանությունների հետ։
Նշենք, որ Հրաչյա Աճառյանը նախ 1911թ,⁵ ապա 1954 թ⁶ հատուկ անդրադարձ է կատարել սվեդիահայերի բարբառին՝ համեմատական եզրեր գծելով, օրինակ՝ Մարաղայի բարբառի հետ, որոնցից էլ Սվեդիո կամ Մուսալեռան բարբառը Զանգեզուր-ղարաբաղյան բարբառին կապել ցանկացող յուրաքանչյուր հետազոտող հարկ էր համարում հղում անել։ Նշենք նաև, որ անգամ Սիոն հանդեսի 8-րդ համարում⁷ Հր. Աճառյանի բարբառագիտության վերաբերյալ մի աշխատանքի վրա հղում կատարող հեղինակները մեկը մյուսից արտագրել են հղումը, քանի որ այդ հոդվածում մեկ բառ անգամ չկա Սվեդիայի կամ հարևան Արամոյի, Բեյլանի բարբառների մասին⁸։ Այդ հոդվածում Աճառյանը որոշակի նմանության եզրեր է գտել Զմյուռնիայի և Ղարաբաղի բարբառների միջև⁹։
Ինչպես վերևում նշեցինք՝ Վեր. Տիգրան Անդրեասյանը 1967 թվականին հրապարակված «Սվեդիո բարբառը» խորագրով աշխատության մեջ առաջին անգամ ծավալուն անդրադարձ կատարեց մուսալեռցիներ-սվեդիացիների ղարաբաղյան ծագմանը՝ հղում անելով բարբառային քննության վրա10։ Հեղինակը, նախապես նշելով, որ ղարաբաղյան-զանգեզուրյան բարբառի մասին ընդարձակ տեղեկատվություն չունի, անդրադառնում է Նիկոլ Աղբալյանի այն բանավոր զրույցին, ըստ որի՝ ղարաբաղյան և սվեդիա-քեսաբի բարբառները շատ մոտիկ են իրար։11 Նա իր ունեցած ռեսուրսներով փորձել է բարբառային քննություն անել երկու բարբառների նմանությունները՝ անդրադառնալով նաև պատմական կապերին։ Սրանից զատ հեղինակը փորձում է նաև Հայաստանի հարևան պետությունների լեզուների և հատկապես պարսկերենի համեմատականներով տեսությունը զարգացնել նաև թաթ խմբի անվանման հետ կապված։ Սույն լեզվաբանական-բարբառագիտական քննության տեսական հանգուցալուծման մեջ Վեր. Տիգրան Անդրեասյանը նշում է. «…Այս բոլորը, որպես հավաքական և պարագայական (circum-stantial) ապացույց՝ կհաստատեն այն տեսությունը, որ Սվեդիա-Քեսաբի հայությունը Հայաստանեն գաղթած է և հավանաբար, հարավային Հայաստանեն՝ Պարսկաստանի սահմանակից
Զանգեզուր-Ղարաբաղեն գաղթած են անոնք։ Ատիկա կհաստատեն վերև հիշված վերջին երեք կետերը.
ա) Զանգեզուր-Ղարաբաղի բարբառներուն հետ Քիսթինըկի նմանությունը, բ) Քիսթինըկի մեջ գործածվող մասնահատուկ պարսկերեն բառերը, գ) «թաթ» անվան թելադրությունը։ «Թաթերը» ճանչնալու դյուրությունը պիտի ունենային Պարսկաստանի և Ադրբեջանի սահմանակից հայկական գավառներու մեջ բնակվողներ, որպիսիք են Զանգեզուր և Ղարաբաղ»12։
Վարկածի այս տեսաբանումը հետագայում բոլոր հեղինակների դիսկուրսի նյութն է եղել, ովքեր հաճախ նույնիսկ չհղվելով Վեր. Տիգրան Անդրեասյանի սույն աշխատության վրա՝ նույն կերպ են ներկայացրել մուսալեռցիների ղարաբաղյան ծագման վարկածը։Փաստորեն, սույն աշխատությունը մուսալեռցիների ղարաբաղյան ծագման վարկածի հիմնանյութն է, որից ելնելով էլ հետագայում այս վարկածը սկսեցին ակտիվացնել և զարգացնել։
1970 թվականին լույս տեսած «Մուսա լեռան յուշամատեան»-ը երկրորդ ընդարձակ աշխատությունն էր, որտեղ ևս առաջ քաշվեց մուսալեռցիների Սյունիք-արցախյան ծագման վարկածը՝ հիմնվելով պատմական դեպքերի քննության և նաև բարբառային համեմատականի վրա.
«Ահա դէպի հայկական Տաւրոս եւ Կիլիկիա դիմող սոյն հայերէն որոշ մաս մըն ալ (մասնաւորապես լեռնային շրջաններէ եկած՝ ինչպես օրինակ Սիւնեաց Զանգեզուրի շրջանէն) կշանցնին հայկական Տաւրոսը ու Ամանոսեան լեռներուն վրայ եւ Անտիոք կը հաստատուին։ …Խիստ հաւանական է որ այս շրջանին՝ եկուոր հայերէն մաս մըն ալ հաստատուած է Ճէպէլ Մուսայի փէշերուն վրայ… Այս վարկածը ուժ կստանայ մանաւանդ այն իրողութեամբ որ Ճէպէլ Մուսայի բարբառը նմանութեան շատ մը կէտեր կը բացայայտէ Սիւնեաց շրջանէն Զանգեզուրի բարբառին»13։
«Հուշամատյանի» հեղինակ Մ. Գուշագչյանը այս տեսության զարգացումն արդեն շարունակեց իր թեկնածուական ատենախոսության մեջ, որը լույս տեսավ «Մուսա լերան հայկական գաղթօճախը» խորագրով 1988թ. 14։
Անդրադառնալով մուսալեռցիների ծագման վարկածներին՝ հեղինակը պատմական կարճ ակնարկով, ապա բարբառագիտական աղբյուրներով հիմնավորումներ է փնտրում մուսալեռցիների ղարաբաղյան-զանգեզուրյան ծագման վերաբերյալ. «Մուսա լերան գաղթօճախի ձեւավորման մէջ աւելի հիմնական դեր խաղացած է ԺԱ դարուն Արեւելեան Հայաստանէն մեծ տեղաշարժը դէպի Կիլիկիա եւ աւելի հարաւ։ Հաւանական կը նկատուի, որ այդ գաղթականութեան շրջանին յատկապէս Ղարաբաղի եւ Զանգեզուրի-Սիւնեաց աշխարհ-հայերէն հատուած մը յառաջանալով դէպի հարաւ, հաստատուած է Ամանոս-Սեւ լեռներու հարաւային լանջերուն վրայ-Մուսա լերան շրջան։ Այս պարագան կարելի է հաստատել պատմական եւ յատկապես լեզուական տուեալներով»։15 Սույն դիտարկումներն այս շրջանում արդեն օրինաչափ էին տվյալ վարկածին անդրադարձողների կողմից, և ստացվում էր այնպես, որ սրանից հետո հրապարակված աշխատանքներում էլ հեղինակները դադարել են խոր վերլուծություններ կատարել՝ բավարարվելով միայն նախորդ հետազոտողներից սույն դրվագը վերցնելով։
Վերոնշյալ աղբյուրները հիմնականում մուսալեռցի հեղինակների մտավոր պրպտումների արգասիքներ են, որոնք, իհարկե, հետագա տարիներին որևէ կերպ անդրադարձ չեն ունեցել։ Այս մտորումներն արդեն հանրային մեծ տարածում էին գտել և հաճախ նաև ավանդազրույցի ընկալում են թողնում, քանի որ նմանատիպ պատմությունները հիմնականում պատմվում են խնջույքների, առիթների ժամանակ և բանավոր խոսք ու զրույցի արդյունքում են տարածվում, հասարակական արձագանք ստանում։ Ահա նման արձագանքի վառ օրինակ է 2010 թվականին պաշտոնական այցով Այնճարում գտնվող ԼՂՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, պ.գ.թ Դ. Բաբայանի հատուկ անդրադարձը։
«Նորավանք» հանդեսում հրապարակված «Այնճար. Մերօրյա Մուսա լեռն ու Արցախի հնօրյա բեկորը Մերձավոր Արևելքում» հոդվածում հեղինակը ներկայացրել է Այնճարում գտնված օրերի առօրյան, ապա առավել ծավալուն անդրադարձել մուսալեռցիների ղարաբաղյան ծագմանը. «…Սակայն այն, ինչ Այնճարում իմացանք Մուսա լեռան անցյալի վերաբերյալ, տպավորիչ էր, իսկ Արցախի ներկայացուցիչների համար՝ հաճելիորեն զարմանալի։ Շատ այնճարցիներից իմացանք, որ մուսալեռցիները եկել են Ղարաբաղից, մասնավորապես՝ Արցախից և Զանգեզուրից։ Սկզբում չհավատացինք՝ կարծելով, թե ասվածը հաճոյախոսություն է՝ հիմնված այն առանձնահատուկ վերաբերմունքի վրա, որն ունեն սփյուռքահայերը Ղարաբաղի հանդեպ։ Սակայն աստիճանաբար ընդլայնելով շփման շրջանակը՝ հասկացանք, որ իրականում այդ ավանդությունը փոխանցվում է սերնդեսերունդ, և Այնճարում դա ամենևին էլ գաղտնիք չէ։ Ի դեպ, ավանդությունները պատմական գլխավոր աղբյուրներից են համարվում։ Հետաքրքիր է, որ Այնճարում բնակչության մեծամասնությունը գիտե պատմության և իր նախնիների ծագման նույնիսկ ամենաաննշան մանրամասները»16։
Այս դրվագը հետաքրքիր ձևով ներկայացնում է, թե առաջին անգամ մուսալեռցիներով բնակեցված Այնճարում հայտնված մարդու վրա ինչպիսի տպավորություն է թողնում ղարաբաղյան ծագման վարկածը՝ հասցնելով այն ավանդազրույցի ընկալման։ Անձնական դիտարկումներից ելնելով նշենք, որ սույն վարկածի ներկայացման գաղափարն ի հայտ է եկել նմանատիպ արձագանքի բախվելու հետևանքով։ Նմանատիպ մի օրինակ է 2018 թվականին «Առավոտ» օրաթերթի կայքէջում մայիսի 30-ի հարապարակված նյութը, որի հեղինակը այցելել էր Այնճար ու տեղի հայկականության մասին տպավորություններով կիսվել ՝ թողնելով հետևյալ հետգրությունը. «Հ.Գ. Տեղաբնակների հետ զրույցների և քաղաքում շրջելու ընթացքում Այնճարը նմանեցրի Արցախին: Մուսուլմանական միջավայրում պայմանականորեն շրջափակված փոքր տարածքներ, որոնք օր օրի զարգանում և բարգավաճում են այդ հողի վրա ապրող և ստեղծագործող հայերի շնորհիվ: Բեյրութ վերադառնալուց առաջ՝ Այնճարի քաղաքապետ Վարդգես Խոշյանին հրաժեշտ տալու ժամանակ, նա ասաց, որ իր որդու անունն Արցախ է: Հայերի պատմական ճակատագրի անխուսափելի և հարկադրված հետևանքների արդյունքում այսօր Արցախը ծառայում է Լիբանանի բանակում»17։
Վերջաբան
Ներկայացնելով մուսալեռցիների ծագման վարկած-առասպելներից ղարաբաղյան-զանգեզուրյանը՝ փորձեցինք դեպքի օրինակով ցույց տալ, թե ինչպես է ժամանակի մեջ գրավոր աղբյուրներից որոշակի հետազոտությունը հասարակական լայն արձագանք ստանում որպես եղելություն։ Տվյալ դեպքում գործնականացվել է Արցախի հանդեպ մուսալեռցիների «ինքնապատասխանատվությունը»:
Սույն հոդվածի նպատակը ոչ թե մուսալեռցիների` արցախցի լինելու հանգամանքը ապացուցված համարելը կամ մերժելն է, այլ ցույց տալը, թե ժամանակի մեջ քաղաքական իրավիճակը ինչպես կարող է ազդել ինքնության փնտրտուքների վրա:
___________
- Шнирельман В.А.Войны памяти: мифы, идентичность и политика в Закавказье. ISBN 5-94628-118-6— М.: ИКЦ Академкнига, 2003, էջ 33:
- Шнирельман В.А. Войны памяти, 6:
- «Կոչնակ» հրատ., Նիւ Եորք 1919թ., էջ 9-10։
- Աղասի, էջ 30
- Աճառեան Հ. Էմինեան Հանդէս, Հատոր Ը Հայ Բարբառագիտութիւն.—Ուրուագիծ Եւ Դասաւորութիւն Հայ Բարբառների Բարբառագիտական Քարտէսով), Մոսկուա – Նոր-Նախիջեւան 1911թգ, էջ 200։
- Աճառյան Հ., Լիակատար քերականություն հայոց լեզվի, Հ II Հայկական ՍՍՌ ԳԱԱ հրատարակչություն, Երևան 1954թ., էջ
- Հ. Աճառյան, Հայէրենի բարբառները, Սիոն ամսագիր, պաշտօնական հրատարակութիւն Երուսաղէմի հայ պատրիարքութեան, ԻԳ. տարի, -Նոր շրջան 1949 օգոստոս թիւ 8։
- Օրինակ՝ Գուշագճեան Մ., Մուսա լերան հայկական գաղթօճախը, տպ. Կ. Տօնիկեան եւ որդիք, Պէյրութ 1988թ., էջ 43
- Հ. Աճառյան, Սիոն ամսագիր, էջ 222։
- Անդրեասյան Տ., Սվեդիայի բարբառը, էջ 329
- Նույն տեղում։
- Անդրեասյան Տ., Սվեդիայի բարբառը, էջ 337
- Յուշամատեան Մուսա լերան, տպ Ատլաս, Բեյրութ 1970թգ էջ 40։
- Գուշագճեան Մ., Մուսա լերան հայկական գաղթօճախը, Պէյրութ 1988թ.։
- Գուշագճեան Մ., Մուա լերան հայկական գաղթօճախը, էջ 43։
- Բաբայան Դ., Այնճար. Մերօրյա Մուսա լեռն ու Արցախի հնօրյա բեկորը Մերձավոր Արևելքում, Նորավանք հանդես,
- 26.11.2010, http://www.noravank.am/arm/issues/detail.php?ELEMENT_ID=5157#7_b 28/08/201
- Մկրտչյան Մ., Լիբանանի սրտում ծաղկող փոքրիկ Հայաստանը, Առավոտ, 30.05.2018թ, https://www.aravot.am/2018/05/31/960498/?utm_source=dlvr.it&utm_medium=facebook 27.08.2018թ.