Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

15 տարվա մեջ երրորդ Սահմանադրությունը. ի՞նչ փոփոխություններ են ուզում Արցախում

hayk
February 2022
15 տարվա մեջ երրորդ Սահմանադրությունը. ի՞նչ փոփոխություններ են ուզում Արցախում

Ի՞նչ խնդիրների է բախվում Արցախը, որ մայր օրենքի շրջանակներում հնարավոր չէ լուծել, և Սահմանադրությունը փոխելու որոշում է կայացվել։ Արդյո՞ք այդ խնդիրներն իրավական են, թե՞ քաղաքական։

Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով հունվարի 31-ին ստեղծվել է սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով, որը եռամսյա ժամկետում պետք է ներկայացնի բարեփոխումների հայեցակարգը։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ «իշխանության ճյուղերի լիազորությունների հավասարակշռումը կատարելագործելու, հանրային կառավարման արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտության» նպատակով։

Հանձնաժողովի անհատական կազմը դեռևս չի հրապարակվել։ Միայն հայտնի է, որ այն գլխավորում է նախագահի աշխատակազմի՝ կառավարության գործերի կառավարչության պետ Արայիկ Լազարյանը, և ներկայացված են խորհրդարանական բոլոր հինգ քաղաքական ուժերը։ Փետրվարի 3-ին տեղի է ունեցել հանձնաժողովի առաջին նիստը, որի մասին, սակայն, պաշտոնական հաղորդագրություն չկա։ «Քննարկվել են կազմակերպչական հարցեր, պայմանավորվել ժամկետների առումով», «Անալիտիկոն»-ի հետ զրույցում նշեց Ազգային ժողովի «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը։

«Գլխավոր առաջնահերթությունը միաժամանակյա ընտրություններից հրաժարվելն է։ Իշխանության երկու մարմինների՝ մեկ օրում ընտրությունների անցկացումը խնդրահարույց է և հավանական սահմանադրական խնդիրներ է ստեղծում երկրի կառավարման համար»,- համոզմունք հայտնեց Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը։

Համաձայն գործող Սահմանադրության՝ հանրապետության նախագահի հրաժարականի, մահվան, լիազորությունների դադարեցման կամ նրան անվստահություն հայտնելու, պաշտոնանկ անելու, ինչպես նաև Ազգային ժողովը արձակվելու դեպքերում նշանակվում են հանրապետության նախագահի և Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ:

Այս համատեքստում ուշագրավ է, որ Արցախում սահմանադրական վերջին բարեփոխումների հայեցակարգում նախագահի ու խորհրդարանի միաժամանակյա ընտրությունների անցկացումը ներկայացվում էր որպես առավելություն, որ այն վերացնում կամ նվազագույնը՝ էականորեն մեղմում է  նախագահական և կիսանախագահական համակարգին բնորոշ «հաղթողը ստանում է ամեն ինչ» սկզբունքը՝ ենթադրելով, որ նախագահական ընտրություններում երկրորդ տեղ զբաղեցրած թեկնածուն, որպես կանոն, երկրորդ ուժը կլինի նաև պառլամենտում:

Իշխանության ճյուղերի լիազորությունների հավասարակշռման բանաձևը, որը, կարծես, «գտել էին» նախորդ անգամ սահմանադրական փոփոխություններ անելիս, ի դեմս՝ նախագահի և խորհրդարանի միաժամանակյա ընտրությունների անցկացման և նրանցից մեկի լիազորությունների դադարեցմամբ մյուսի համար նույն ելքի՝ արտահերթ ընտրությունների առաջարկման, այսօր խնդիր է համարվում խորհրդարանական իշխանության և ընդդիմության համար։

Ազգային ժողովի ամենամեծ՝ «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցության անդամ Արամ Հարությունյանի խոսքերով իշխանության երկու մարմինների՝ նույն օրում ընտրությունների կարգն իր մեջ ռիսկեր է պարունակում, հաշվի առնելով նաև անվտանգային միջավայրը. «Փաստացի՝ մեկ օրում այս երկու ինստիտուտները կարող են դադարեցնել իրենց լիազորությունները։ Կարծում եմ, հիմնականում այս ընտրությունները միմյանցից տարանջատելու ուղղությամբ է աշխատանք տարվելու»։

Միաժամանակյա ընտրությունների անցկացումն ընդունելի չէ նաև «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության համար։  «Շատ սխալ է։ Անցյալ անգամ դա գլխավոր պատճառներից մեկն էր, որ Դաշնակցությունը դեմ քվեարկեց Սահմանադրությանը։ Պատերազմում գտնվող երկրի համար անիշխանություն կարող է ստեղծվել դրանցից մեկի՝ նախագահի կամ խորհրդարանի, լիազորությունների դադարեցմամբ», ընդգծեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը։

Նույնպիսի կարծիք հայտնեց նաև «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության անդամ Գեղամ Ստեփանյանը. «Նախկինում գուցե կարելի էր թույլ տալ նման լուծում, բայց ներկա իրավիճակում՝ ռազմական ու անվտանգային նոր իրադրության պարագայում, այն արդարացված չէ»։

Հատկանշական է, որ իր գոյության այս ողջ ընթացքում Արցախի Հանրապետությունում 1991 թվականից ի վեր փորձարկվել են կառավարման բոլոր համակարգերը՝ խորհրդարանականից մինչև «սուպեր» նախագահական, ինչպես երբեմն բնութագրվում է գործող մոդելը։ Առաջին Սահմանադրությամբ, որն ընդունվել է 2006 թվականի դեկտեմբերի 10-ին, ամրագրվեց կառավարման կիսանախագահական համակարգը՝ որպես առավելություն 90-ականներին գործող խորհրդարանական կառավարման՝ հաշվի առնելով չլուծված հակամարտության պայմաններում գտնվող երկրի պահանջները։ 2015 թվականին, երբ սահմանադրական փոփոխությունների արդյունքում Հայաստանի Հանրապետությունն անցում կատարեց խորհրդարանական կառավարման, Արցախում նույնպես սկսեցին խոսել խորհրդարանական համակարգին վերադառնալու մասին, սակայն 2016 թվականի Ապրիլյան պատերազմը «շտկումներ» արեց հօգուտ նախագահի ուժեղ ինստիտուտի, և 2017 թվականի Սահմանադրությամբ Արցախում ամրագրվեց կառավարման նախագահական համակարգը։

Այսօր՝ սահմանադրական նոր փոփոխությունների շեմին, ևս քննարկվում է կառավարման համակարգի փոփոխության հարցը, այս անգամ՝ հօգուտ կիսանախագահականի։

Արցախի պետնախարարի կարծիքով, այդքան էական չէ՝ կլինի նախագահական, թե կիսանախագահական. «Ուղղակի նախագահական կառավարման դեպքում նախագահը միաժամանակ և’ պետության գլուխն է, և’ գործադիր իշխանության՝ կառավարության ղեկավարը, ինչը ծանրաբեռնվածություն է ստեղծում»։

«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը նշեց, որ թեև իրենց քաղաքական ուժը միշտ հանդես է եկել կառավարման խորհրդարանական համակարգի օգտին, սակայն, հաշվի առնելով պատերազմական իրավիճակը, մասնակցելու են կառավարման այլ մոդելների քննարկումներին։ «Նախընտրելի է, որ ներդաշնակություն լինի Արցախի ու Հայաստանի կառավարման համակարգերի միջև, հաշվի առնելով հայկական երկու պետությունների ընդհանուր դաշտը՝ անվտանգային, տնտեսական, օրենսդրական և այլն, ինչպես նաև  ընդհանուր մարտահրավերները»։

«Սահմանադրական փոփոխությունները պետք է արտահայտեն ժողովրդի շահերը, այլ ոչ թե առանձին քաղաքական խմբերի ցանկություններ ու պատկերացումներ պարունակեն։ Այս առումով կարևոր եմ համարում այն փաստը, որ հանձնաժողովում ներկայացված են խորհրդարանական բոլոր քաղաքական ուժերը, որոնք ընդհանուր եզրահանգման կգան կառավարման համակարգի ընտրության հարցում»,- համոզմունք հայտնեց «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավորը։

Սահմանադրությունը փոխելիս անցյալ անգամ ևս առաջ էր քաշվում իշխանությունների լիազորությունների  հավասարակշռությունն ապահովելու թեզը, մասնավորապես, որ կիսանախագահական կառավարման մոդելի դեպքում Ազգային ժողովը չի կարող իրական հակակշիռ լինել Հանրապետության նախագահին, քանի որ նախագահին հակադրվելու պարագայում այն կարող է արձակվել վարչապետի պաշտոնանկության և նոր կառավարության ձևավորման ընթացակարգի արդյունքում:

«Խնդիրը Սահմանադրության մեջ չէ, այլ Սահմանադրության իրավական-կազմակերպական իրացման մեջ», – նշեց խորհրդարանի «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության անդամ Գեղամ Ստեփանյանը՝ ընդգծելով քաղաքական ուժերի կամքի կարևորությունը և հավելելով. «Ազգային ժողովը գործող Սահմանադրությամբ օժտված է բավարար լիազորություններով՝ վերահսկողություն իրականացնելու համար, իսկ օրենսդիր-գործադիր զսպումների մեխանիզմները մայր օրենքում հստակ են։ Ամեն դեպքում, մեր քաղաքական ուժը բավարար ժամանակ ունի իր մոտեցումները ներկայացնելու հանձնաժողովին»։

Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտություն և հանրային պահանջ այս պահին չեն տեսնում հանրության շրջանակներում։ «Չկա որևէ առանցքային խնդիր, որ մայր օրենքը չի կարող լուծել»,- համոզված է փաստաբան Դավիթ Հովհաննիսյանը, ում կարծիքով սահմանադրական փոփոխությունները և կառավարման կիսանախագահական համակարգի ընտրությունը պայմանավորված են նաև այն հանգամանքով, որ Երևանի կողմից հնարավոր ճնշումների դեպքում նախագահի ինստիտուտը միայնակ չկրի պատասխանատվության ողջ բեռը և այն կիսի խորհրդարանի հետ։ «Որպեսզի երկրի ճակատագրի համար առանցքային որոշումները նախագահը միայնակ չընդունի, դա արվի Ազգային ժողովի միջոցով»,- ընդգծում է փաստաբանը, հավանական փոփոխությունների շարքում դիտարկելով նաև ռուսերենին պետական լեզվի կարգավիճակ տալու հարցը՝ հաշվի առնելով ՌԴ խաղաղապահ ուժերի ներկայությամբ պայմանավորված իրողությունները։

Սահմանադրական բարեփոխումներից հետո արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն։  Պետնախարարի խոսքերով՝ ժամկետների առումով այս պահին հստակ դժվար է որևէ բան ասել, քանի որ դա քաղաքական ուժերի պայմանավորվելու հարց է։

Հանրային այն մտահոգություններին, թե հնարավո՞ր չէ, որ Ադրբեջանը խոչընդոտներ ստեղծի հանրաքվեի և Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների անցկացման համար, խորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների արձագանքն այն էր, որ Ադրբեջանն այս բոլոր տարիներին միշտ էլ փորձել է խոչընդոտել Արցախում անկացվող ընտրություններին, որը, սակայն, չի խանգարել դրանք ըստ պատշաճի անցկացնել։ «Տարբերությունն այն է, որ Ադրբեջանն այժմ ֆիզիկապես ավելի մոտ է»,  նշեց պատգամավոր Գեղամ Ստեփանյանը։ «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցության անդամ Արամ Հարությունյանը նույնպես չբացառեց ադրբեջանական կողմի հնարավոր գործողությունները Արցախում նման գործընթացներ թույլ չտալու ուղղությամբ. «Հարցի երկրորդ մասն այն է, թե ինչքանով նրանց կհաջողվի այդ ճնշումներն առարկայացնել»։

Արդյո՞ք նոր Սահմանադրությամբ ամրագրվելու է բռնազավթված տարածքների կարգավիճակը, լինելու՞ են այլ փոփոխություններ. խորհրդարանական քաղաքական ուժերն այս փուլում, բացի նախագահի և Ազգային ժողովի միաժամանակյա ընտրությունները միմյանցից անջատելու և կառավարման համակարգը փոխելու հարցերից, այլ մանրամասներ չեն ներկայացնում։


Անուշ ՂԱՎԱԼՅԱՆ
Լրագրող
Ստեփանակերտ

 

Թեգեր ՀոդվածներՇաբաթական թողարկում փետրվար 7-13

Նմանատիպ  նյութեր

Առանց «արտաքին թշնամո՞ւ»․ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքները

Առանց «արտաքին թշնամո՞ւ»․ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքները

February 2023

Հայկ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ 2023 թ․ փետրվարի 6-ին ժամը 04.17-ին և 13․24-ին 7․7 և 7․6 մագնիտուդ ուժգնության երկու երկրաշարժ է գրանցվել ժամանակակից...

Կարդալ ավելին

Քաղաքացիական հասարակությունն ընդդեմ մշակութային ցեղասպանության

February 2022

Սուսինա ԽԱՉԱՏՐՅԱՆ Լրագրող, «Հոդված 3» ակումբի մեդիածրագրերի համակարգող Երևան   Քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպություններ և հասարակական գործիչներ փետրվարի 16-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց...

Կարդալ ավելին
Արցախի մշակութային արժեքների պաշտպանության հարցը միջազգային կազմակերպությունների տիրույթում է

Արցախի մշակութային արժեքների պաշտպանության հարցը միջազգային կազմակերպությունների տիրույթում է

February 2022

Մարինա ՍԻՄՈՆՅԱՆ ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտի կրթական, վերլուծական, մշտադիտարկման և հետազոտական բաժնի պետ Ստեփանակերտ 2020 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի...

Կարդալ ավելին

«Անալիտիկոն»-ի խմբագրության կողմից

February 2022

Ռուս-ուկրաինական սահմանին եվրոպական մասշտաբի ռազմաքաղաքական ճգնաժամը դարձել է համաշխարհային քաղաքականության ու դիվանագիտության էպիկենտրոնը, իսկ լրահոսը լեցուն է պետությունների առաջնորդների այցելությունների...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian

© All rights reserved 2022 | The Analyticon.