Ապրիլի 14-ին տարածվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների՝ ռուսաստանցի Պոպովի, ամերիկացի Շեֆերի և ֆրանսիացի Վիսկոնտիի հայտարարությունը, որով նրանք հայտնում էին իրենց միջնորդական ջանքը վերսկսելու պատրաստակամության մասին, կողմերին անելով երկխոսությունը, արտգործնախարարների մակարդակով հայ-ադրբեջանական շփումները վերսկսելու կոչ:
Արցախի դեմ 44-օրյա թուրք-ահաբեկչական պատերազմից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի ապագայի հարցն ամենաքննարկվողներից մեկն է: Այստեղ պետք է դիտարկել, թերևս, հարցի երկու հարթություն: Մեկը հայ-ադրբեջանականն է, այսինքն՝ հակամարտության անմիջական երեք կողմերի վերաբերմունքը, իսկ մյուսը՝ անմիջապես հենց Մինսկի խմբի համանախագահ երկրներինն ու ընդհանրապես այն ուժային կենտրոններինը, որոնք անմիջական շահագրգռություն ունեն թե՛ արցախյան, թե՛ ընդհանրապես հարավկովկասյան տարածաշրջանի ռազմաքաղաքական իրողությունների և հեռանկարների հարցում:
Առաջին հարթությունում շատ բան, թերևս, պարզ է: Մասնավորապես, պարզ է, որ Ադրբեջանը հայտնել է Մինսկի խմբի համանախագահության աշխատանքի առնչությամբ իր շահագրգռության բացակայությունը: Այդ մասին Ալիևը հայտարարեց դեռևս նախորդ տարի՝ պատերազմից հետո համանախագահների տարածաշրջանային առաջին այցի ընթացքում: Նրանց ընդունելով Բաքվում՝ Ալիևը հայտարարեց, թե չի հրավիրել նրանց, պարզապես հանդիպում է, քանի որ նրանք եկել են: Երևանն, ինչպես հայտնի է, ունի բոլորովին այլ դիրքորոշում և պարբերաբար հայտարարել է, որ ունի Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի աշխատանքը աշխուժացնելու շահագրգռություն: Հայաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ Երևանն անհրաժեշտ է համարում ուժեղ եռանախագահությունը: Բավականին հարաբերական է պաշտոնական Ստեփանակերտի մոտեցումը: Արցախի նախագահը Երևան էր ժամանել համանախագահների հետ հանդիպելու համար, բայց չհանդիպեց, ասելով, որ ձևաչափը ամբողջական չէ: Նախորդ տարի դեկտեմբերին համանախագահների հետպատերազմյան առաջին և առայժմ վերջին տարածաշրջանային այցը տեղի ունեցավ առանց ռուսաստանցի համանախագահի, որն ըստ պաշտոնական վարկածի՝ համավարակի պատճառով ձեռնպահ էր մնացել ճանապարհորդելուց:
Արցախի պարագան հարաբերական է, թերևս, նրանով, որ արցախյան իրավիճակի կառավարման հարցում չափազանց մեծ դեր է ստանձնել Ռուսաստանը: Իսկ Ռուսաստանի վերաբերմունքը համանախագահության ձևաչափի ապագայի հարցում, մեղմ ասած, միարժեք չէ: Այստեղ ահա առնչվում ենք երկրորդ՝ ուժային կենտրոնների հարթությանը, ինչն, ի դեպ, համանախագահության ձևաչափի ճակատագրի հարցում, թերևս, վճռորոշ գործոն է:
Ռուսաստանը շահագրգռված չէ Մինսկի խմբի համանախագահության աշխուժացմամբ: Միևնույն ժամանակ, Մոսկվան, թերևս, շահագրգռված է ձևաչափի պահպանմանը, բայց այնպիսի ռեժիմում, որը թույլ կտա անհրաժեշտության դեպքում այն աշխուժացնել հնարավորինս արագ: Արցախի դեմ թուրք-ահաբեկչական պատերազմն ավարտվեց Ռուսաստանի հովանու ներքո եռակողմ համաձայնությամբ, ինչը, սակայն, դե-ֆակտո համաձայնություն էր երկկողմ՝ ռուս-թուրքական ձևաչափով: Ներկայումս իրավիճակը փաստորեն երկու ձևաչափերի միջև է՝ դե-յուրե միջնորդական միակ մանդատը համանախագահությունն է, դե-ֆակտո, սակայն, իրավիճակը կառավարվում է ռուս-թուրքական մանդատով: Ռուսաստանի համար Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում ներկայությունը տարածաշրջանային բարդ խաղում Թուրքիայի հանդեպ առավելության հազվադեպ հանգամանք է, որը, սակայն, կախված չէ միայն Ռուսաստանից:
Բանն այն է, որ այդ հանգամանքը Թուրքիայի դեմ կարող է աշխատել, եթե դա ցանկանան մյուս երկու համանախագահներ ԱՄՆ ու Ֆրանսիան, հատկապես՝ ԱՄՆ-ն: Իսկ այդ ցանկությունը, թերևս, կախված է այն իրողությունից, թե Ռուսաստանն ինքը որքան ցանկություն կունենա մեծ խաղում աշխատել ԱՄՆ-ի հետ, իհարկե՝ ԱՄՆ-ի կանոններով կամ պայմաններով: Իսկ քանի դեռ Ռուսաստանը այդ հարցում գոնե առերևույթ բավականին կոշտ մերժման դիրքում է, բավականին քիչ է հավանականությունը, որ ԱՄՆ-ն կարող է օգնել Ռուսաստանին Թուրքիայի հանդեպ առավելությունն, այսպես ասած, գործի դնելու հարցում: Այլ հարց է, որ ԱՄՆ-ն ինքը փորձի աշխուժանալ տարածաշրջանում և միջամտել ռուս-թուրքական խաղին, որին փաստորեն հանձնվեց Կովկասը թրամփյան նախագահության ընթացքում, փաստացի բերելով պատերազմի, որի միջոցով Թուրքիան հաստատվեց Կովկասում: ԱՄՆ դեռևս նախագահի թեկնածու Բայդենն արցախյան պատերազմի օրերին քննադատում էր իր մրցակից Թրամփին, որ պասիվ է և չի միջամտում ԱՄՆ-ի համար կարևոր տարածաշրջանում տեղի ունեցողին: Շատերը հակված էին այդ հայտարարությունը դիտարկել հայկական համայնքի նախընտրական «սիրտը շահելու» միջոց: Բայց, ԱՄՆ նոր վարչակազմը ներկայացնող դիվանագետները վերջին շաբաթներին արել են մի շարք հայտարարություններ, որոնք վկայում են անմիջական դերակատարումը վերականգնելու ուղղությամբ Վաշինգտոնում առնվազն գործնականում դիտարկվող տրամադրության մասին:
Հնարավոր է, որ դրանով էր նաև մտահոգ Իլհամ Ալիևը, երբ օրերս դժգոհում էր Ադրբեջանի հանդեպ ԱՄՆ-ի «անտարբերությունից», այն հանգամանքից, որ նոր պետքարտուղար Բլինքենը զանգահարել է Երևան, իսկ Բաքու՝ ոչ: Բանն այն է, որ ԱՄՆ-ի աշխուժացման խողովակ կարող է դիտվել հայկական կողմի օրակարգը, որովհետև հակառակ կողմում ռուս-թուրքական ձևավորված օրակարգն է, որը և պետք է ճեղքել:
Մյուս կողմից, սակայն, Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի ճակատագիրը, թերևս, կախված չէ միայն արցախյան գոտում իրադրությունից: Այդ հարցը թերևս պետք է դիտարկել ավելի լայն օրակարգի համատեքստում՝ տարածաշրջանից դուրս: Խոսքը թե՛ ուկրաինական իրադրության մասին է, որտեղ լարվածությունը հասել է գերբարձր, նախապատերազմական աստիճանի, թե՛ իրանյան-մերձավորարևելյան ուղղության: Հատկապես, երբ նորերս այդ ուղղությամբ տեղի ունեցավ Չինաստանի հավակնության «բարձր շնորհանդես»՝ Պեկին-Թեհրան 25-ամյա ժամկետով պայմանագրի տեսքով, որով Չինաստանը, գոնե համաձայնագրի տեսքով, ստանձնում է Իրանի «խնամքը»: Դա չի կարող անտարբեր թողնել Միացյալ Նահանգներին և դարձյալ սրում է հարցը նաև Կովկասի համար՝ թողնել տարածաշրջանը և դրա հանդեպ նաև Չինաստանի ձևավորվող հավակնությունը կասեցնելու հարցը ռուս-թուրքական երկակի զսպման մեխանիզմի՞ն, թե՞ խաղալ անմիջապես և ուղիղ:
Հայաստանն ու Արցախը կանգնած են հետպատերազմական քաղաքականություն մշակելու լրջագույն խնդիրների առաջ, որտեղ օպերատիվ-կարճաժամկետ անելիքները կարող են տրամագծորեն տարբերվել միջնաժամկետ ու երկարաժամկետ պլանավորման խնդիրներից: Այսօր գերբարձր է Ռուսաստանի և Թուրքիայի դերը, ըստ այդմ՝ պահանջվում է աշխատանք այդ հարաբերակցությունից ելնելով, վաղը տարածաշրջանը կարող է գերազանցապես հայտնվել արդեն ամերիկա-չինական մրցակցության ուղիղ ազդեցության գոտում, որտեղ խոսք կգնա արդեն բոլորովին այլ ձևաչափերի մասին: Մյուս կողմից, պետք չէ բացառել և այն, որ ռազմավարական հեռանկարում Մոսկվան դիտարկի Իրանից Կովկաս թափանցելու չինական հավակնությունը ԱՄՆ-ի հետ պայմանավորվելով զսպելու տարբերակը, հատկապես, եթե թուրքերը կարողանան պայմանավորվել Չինաստանի հետ: Իսկ այդպիսի պայմանավորվածության միտումներ՝ չնայած ույգուրների խնդրի առկայությանը, դրսևորվում են արդեն մի քանի տարի, և Պեկինն աշխատում է Անկարայի հետ ընդհանուր հայտարարի ուղղությամբ:
Միանշանակ է մի բան՝ որ բարդ իրավիճակում օպերատիվ և ճկուն լինելու համար Հայաստանն ու Արցախը պետք է առավելագույնս սեղմ ժամկետում արդիականացման գործնական ճանապարհի վրա դնեն ներքին տնտեսա-քաղաքական «մրցակցության» ձևաչափերը: