Արմեն ԳՐԻԳՈՐՅԱՆ
“Ժողովրդավարություն հանուն զարգացման”ՀԿ նախագահ
Երեւան
Եթե Կառլ Մարքսի համար ժողովրդավարությունը ճանապարհ է դեպի սոցիալիզմ, ապա Արցախի դեպքում ժողովրդավարությունը ճանապարհ է դեպի միջազգային ճանաչում: Ցանկացած գործընթաց, որը մարտահրավեր է նետում Արցախի ժողովրդավարացման ուղուն, մարտահրավեր է հանդիսանում նաեւ Արցախի միջազգային ճանաչմանը ու լեգիտիմ անջատմանը Ադրբեջանից:
Հենց ժողովրդավարացման համեմատական բարձր մակարդակն է երկար ժամանակ եղել հաղթաթուղթ` տարբեր միջազգային ամբիոներում Արցախի անկախացման փաստարկներ ներկայացնելու համար: Միայն այն հանգամանքը, որ 2004 թվականին ստանալով 55,3 տոկոս ձայն` երկրորդ փուլով Ստեփանակերտի քաղաքապետ ընտրվեց ընդդիմադիր Էդուարդ Աղաբեկյանը, մեծ նշանակություն ուներ Արցախի համար, քանի որ միջազգային տարբեր կառույցներ այդ երեւույթը շատ դրական էին գնահատել: Ընդդիմադիր քաղաքապետի ընտրությունը չափորոշիչ դարձավ Արցախի ժողովրդավարացման գործընթացի համար:
Ընդդիմադիր քաղաքապետի ընտրվելու կարեւորությունը նաեւ շատ լավ են հասկանում այն մարդիկ, ովքեր տարբեր միջազգային համաժողովներում եւ այլ միջոցառումներում կարողանում էին օգտագործել այս փաստարկն ադրբեջանցիներին եւ հակահայկական դիրքորոշում ունեցող մարդկանց ցույց տալու Արցախի` Ադրբեջանից անկախացման մասին որոշման ճիշտ լինելու հանգամանքը:
Արցախում ընտրությունների նման արդյունքը արձագանք գտավ միջազգային տարբեր կազմակերպությունների զեկույցներում եւ հետագա ազդեցությունն ունեցավ այդ զեկույցների պատրաստման վրա:
Արցախի ժողովրդավարացման գործընթացին հետաքրքիր ձեւով հետեւում է ոչ կառավարական Freedom House կազմակերպությունը, որը զբաղվում է աշխարհում ազատության հարցերի հետազոտմամբ: Freedom House-ն իր զեկույցներում 2001 թվականից ի վեր Արցախը դիտում է որպես վիճելի տարածք եւ դասում էր ՙմասամբ ազատ՚ երկրների շարքին: Մասամբ ազատ է եղել Աբխազիան, մինչդեռ Մերձդնեստրը` «ՙոչ ազատ՚: Ի դեպ, Freedom House կազմակերպությունն իր զեկույցներում երկրները բաժանում է երեք կատեգորիաների` ՙազատ՚, ՙմասամբ ազատ՚ եւ ՙոչ ազատ՚: Հայաստանը, ինչպես եւ Արցախը, երկար ժամանակ գտնվում էին ՙմասամբ ազատ՚ երկրների շարքում, իսկ ՙոչ ազատ՚ երկրների շարքին էր դասվում Ադրբեջանը:
2007 թվականի նախագահական ընտրությունները կարող էին նոր առաջընթաց գրանցել Արցախի ժողովրդավարացման կյանքում, քանի որ ոչ միայն կառավարական թեկնածու էր առաջադրվելª ի դեմս Բակո Սահակյանի, այլ նաեւ ընդդիմադիր` ի դեմս Մասիս Մայիլյանի: Սակայն իշխանությունն օգտագործեց պետական մեքենան եւ ճնշումներ գործադրեց հասարակության վրա: Արդյունքում Բակո Սահակյանը ստացավ ձայների 85 տոկոսը, որը հատուկ է հիմնականում ավտորիտար ռեժիմներին:
Ընտրվելուց հետո իշխանությունը շարունակեց մինչ ընտրությունները սկսած ճնշումները տարբեր մակարդակներում: Սկսեցին հետապնդվել հասարակական կազմակերպության ներկայացուցիչներն ու քաղաքացիներ, ովքեր որեւիցե ձեւով փորձում էին ընդդիմանալ իշխանությանը: Արդյունքում Արցախում ազատությունները սկսեցին սահմանափակվել եւ նվազել:
Իսկ 2010 թ. Ազգային ժողովի ընտրությունների արդյունքում ընդդիմադիր ուժերը դուրս մնացին խորհրդարանից: Սա ամենամեծ հետընթացն էր Արցախի ժողովրդավարացման գործընթացում: Այս հետընթացի հիմնական պատճառ է հանդիսացել դեռեւս 2007 թվականի նախագահական ընտրություններում սկսած գործընթացը` քաղաքական ճնշումները:
Հենց այս հանգամանքն էլ պատճառ հանդիսացավ, որպեսզի Freedom House կազմակերպությունն իր 2011 թվականի զեկույցում Արցախը ՙմասամբ ազատից՚ դարձնել ՙոչ ազատ՚, եւ նորանկախ երկիրը հայտնվեց Ադրբեջանի կողքին: Freedom House կազմակերպությունն իր զեկույցում ժողովրդավարության անկման հիմնական պատճառ էր տեսնում Ազգային ժողովի ընտրությունները, որի արդյունքում քաղաքական ընդդիմությունն ամբողջովին դուրս մնաց խորհրդարանից:
Ժողովրդավարացման հետընթացն ամենամեծ վտանգն է հանդիսանում Արցախի համար, եւ այդ հետընթացի համար պատասխանատուները եւս մեծ վտանգ են ներկայացնում Արցախի համար: Գալիք նախագահական ընտրությունները հնարավորություն են հանդիսանում այդ վտանգները մեկուսացնելու համար:
Ժողովրդավարացման խնդրից բացի մեկ այլ կարեւոր խնդիր է հանդիսանում Արցախի ներկայիս տարածքների պահպանումը: Թեկնածուները պետք է օրակարգ բերեն այլընտրանքային գաղափարներ, քանի որ գործող գաղափարները եւ Արցախյան հարցի կարգավորման սկզբունքները` Մինսկի խմբի շրջանակներում, վտանգ են ներկայացնում: Մադրիդյան սկզբունքներն իրենց բնույթով հանդիսանում են Արցախի անվտանգության ամենամեծ մարտահրավերը: Ինչ-որ միջանկյալ կարգավիճակ պետք է տրվի Արցախին, տարածքային զիջումներ պետք է կատարենք, որն Արցախի անվտանգությունը հարցականի տակ է դնում: Ի դեպ, հենց այս սկզբունքների շուրջ է, որ երկար ժամանակ ընթանում են արցախյան խնդրի քաղաքական կարգավորման բանակցությունները` Մինսկի խմբի շրջանակներում, որոնց մասնակից է եղել նաեւ գործող նախագահը:
Մադրիդյան սկզբունքների շուրջ ընթացող բանակցությունների վերաբերյալ այլընտրանքային գաղափարներ առաջարկող թեկնածուները պետք է բարձրացնեն հետեւյալ հարցերը: Արդյո±ք մեզ ոչնչացնել ցանկացող թշնամու հետ բանակցելը եւ նրանց զիջումներ խոստանալը չի տանում դեպի անդառնալի կորուստներ: Ժամանակը չէ՟ հրաժարվել դիվանագիտական խաղերից եւ կոնկրետ քաղաքականություն վարել Արցախի թերբնակեցված կամ, այսպես կոչված, ազատագրված տարածքների համար:
Այդ թեկնածուները պետք է կարողանան մոբիլիզացնել հասարակության այն շերտը, որը մեծ վտանգ է տեսնում Մադրիդյան սկզբունքների ու զիջողական քաղաքականության մեջ: Շատերի համար ակնհայտ է, որ զիջումն անմիջապես վտանգ է ստեղծում հայ ժողովրդի կենսական շահերի համար: Թեկնածուները պետք է ներկայացնեն այդ տարածքների պահպանման քաղաքականության տարբերակները, որոնցից մեկը կարող է լինել նախկին ադրբեջանաբնակ հայերի իրավունքների վերականգնումը թերբնակեցված տարածքներում: Հետաքրքիր է, որ ադրբեջանաբնակ հայերն արդեն հասարակական մակարդակով նախաձեռնել են նմանատիպ գործընթաց եւ նույնիսկ Արցախում քաղաք ստեղծելու ծրագիր են մշակել, որին թեկնածուները կարող են միանալ եւ աջակցել: Թեկնածուները վերաբնակեցումը պետք է դարձնեն ներքաղաքական կարեւոր հարցերից մեկը, քանի Արցախը հնարավոր է միայն պահել, եթե մեծ թվով բնակչություն լինի այդ տարածքում:
Եվ դրա համար էլ թեկնածուները պետք է կարողանան օրակարգային դարձնել Արցախի ներկայիս տարածքի պահպանման խնդիրը եւ մշտապես հասարակության ուշադրության կենտրոնում պահեն այն:
Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը եւս հետաքրքիր ձեւով կարող է ազդել Արցախի նախագահական ընտրությունների վրա: Նախ` Հայաստանում Ազգային ժողովի ընտրությունները հետաքրքիր էին այն առումով, որ ամբողջ նախընտրական փուլում Արցախյան հարցն օրակարգային չդարձավ: Այսինքն` կուսակցություններից եւ ոչ մեկն իր նախընտրական հանդիպումներում Արցախյան հարցի վերաբերյալ համապարփակ մոտեցում չցուցաբերեց:
Մյուս հետաքրքիր գործոնն այն է, որ ներքաղաքական իրավիճակում որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել: Սույն թվականի մայիսի 24-ին ԲՀԿ-ն հայտարարություն տարածեց, որտեղ մասնավորապես նշված էր, որ կուսակցությունը նպատակահարմար չի համարում կոալիցիա կազմել Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ: Կոալիցիա չկազմելու հիմնական պատճառ էր նշված այն հանգամանքը, որ ընտրությունների արդյունքում ԲՀԿ-ն չի ստացել կառավարություն ձեւավորելու եւ իր ծրագրերն իրականացնելու սահմանադրական հնարավորություն: Այս հանգամանքը հնարավորություն է ստեղծում Արցախում նախագահի թեկնածուների համար այլընտրանքային գործընկեր ունենալ Երեւանում, քանի որ Ստեփանակերտում գործընկեր հիմնականում դիտել են իշխանությանը, որն էլ իր հերթին հիմնականում մրցակից չի ունեցել: Այժմ այդ իշխանությանը մրցակից է ստեղծվել, եւ Ստեփանակերտում կարող են օգտվել այս ստեղծված նոր իրավիճակից:
Գալիք նախագահական ընտրությունները կարող են եւս մի քայլ լինել դեպի ժողովրդավարացում ու միջազգային ճանաչում: Այն կարող է դառնալ եւս մի հաղթաթուղթ` ոչ միայն միջազգային ամբիոներում Արցախի օգտին փաստարկներ ներկայացնելու համար, այլ նաեւ` Արցախի ներքաղաքական կյանքը զարգացման նոր մակարդակի հասցնելու համար: Հնարավոր է կրկնել Էդուարդ Աղաբեկյանի օրինակը, բայց արդեն նախագահական ընտրությունների մակարդակում, ու դա ընդդիմադիր թեկնածուների հիմնական պարտականությունն է:
Նման զարգացման արդյունքում Արցախը կբարելավի իր դիրքերը ոչ միայն Freedom House-ի, այլ նաեւ տարբեր միջազգային կառույցների զեկույցներում, ինչը շատ կարեւոր է արտաքին աշխարհի հետ հարաբերություններում: Ընտրությունները նաեւ հնարավորություն են Արցախի տարածքների վերաբերյալ պահանջներն օրակարգ բերելու եւ իրականություն դարձնելու համար: Վերը նշվածները կյանքի կոչելու իրական հիմքեր կան, եւ թեկնածուները պետք է ակտիվորեն աշխատեն այդ ուղղությամբ, հակառակ դեպքում Արցախի շուրջ ստեղծված ներքաղաքական վտանգն ավելի կխորանա եւ հետագայում ավելի դժվար կլինի դուրս գալ ստեղծված իրավիճակից: