Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ
Քաղաքական եւ միջազգային
հետազոտությունների հայկական կենտրոն
Երեւան
Անցած 2011 թվականը փորձագետներն անվանել են «Արաբական գարնան» տարի: Սակայն ցայսօր բաց է մնում հարցը, թե արդյո՞ք այդ «գարունը» զուտ «արաբական» էր, թե՞ մենք գործ ունենք ավելի ընդհանրական մի գործընթացի հետ:
Անցած ամիսները մտորումների համար առատ նյութ են ընծայել եւ տվել են ժամանակ` գոնե նախնական բնույթի դիտարկումներ կատարելու համար:
Տասնամյակներով գոյություն ունեցած եւ «հետնորդներին» կամ «ժառանգորդներին» ձեռքից ձեռք փոխանցված Մերձավոր Արեւելքի ավտորիտար վարչակարգերը միմյանցից տարբերվում էին իրենց բնորոշ առանձնահատկություններով, որոնք պայմանավորված էին թե° տեղական պայմաններով , թե’ նախապատմությամբ, եւ թե’, այսպես ասած, «ծննդաբերական վնասվածքներով»: Այսուհանդերձ, դրանք ունեն ընդհանուր գծերի բազմություն, որոնք սխեմատիկորեն ներկայանում են որպես.
– իշխանության կորստյան անընդունելիությունը, այն պահպանելու համար ամեն տեսակ քայլի դիմելու` ընդհուպ մինչեւ զանգվածային բռնություն գործադրելու պատրաստակամությունը եւ վախը` չվերահսկվող հասարակական յուրաքանչյուր ակտիվության հանդեպ,
– կենտրոնացված կոռուպցիան ու խնամիությունը, մարդկանց «յուրայինների» եւ «օտարների» քաղաքականորեն ու տնտեսապես բաժանելու վարքագիծը, վարչական «պահպանողականությունը», կտրուկ փոփոխությունների նկատմամբ երկյուղը, «խորհրդարանի, դատարանների եւ այլ ֆորմալ պետական հաստատությունների զարգացումն ու բնականոն գործառնությունը բացառող առաջնորդի» որոշումների վրա հենվող իշխանության զորեղ եւ ոչ ֆորմալ ուղղահայացը,
– վերահսկելի ու չափավոր հակաարեւմտյան` «հակաիմպերիալիստական» բովանդակությամբ պարզունակ եւ մակերեսային գաղափարաքարոզչական կառուցվածքի առկայությունը, որն «ըստ հրամանի» կարող է սաստկացվել կամ մեղմվել` ըստ քաղաքական նպատակահարմարության եւ իշխանության գոյության դեմ ուղղված սպառնալիքի չափի, «կայունության» վրա շեշտադրումն` ի վնաս սահմանադրորեն ամրագրված իրավունքների եւ ազատությունների:
Տեղական առանձնահատկությունների տարբերվող «ուրույնությունների» դեպքում նույն առանձնահատկությունները դժվար չէ նկատել նաեւ ոչ արաբական բռնիշխանությունների մոտ: Մասնավորապես եւ առանձնահատուկ կերպով դա վերաբերում է համաշխարհային քարտեզի վրա տեղ գտած ավտորիտար վարչակարգերի ամենախոշոր տարածությանը` հետխորհրդային աշխարհի երկրներին:
Տեղեկատվական հեղափոխության դարաշրջանի վերջին տասնամյակն ավտորիտար կամ, ինչպես հիմա են ասում, «կառավարվող ժողովրդավարության» երկրներում ապրող մարդկանց տեղեկատվություն փոխանակելու հարցում օժտել է բացառիկ եւ վերիրային (վիրտուալ) հարթակներից օգտվելու հնարավորությամբ: Կայքերի, բլոգոլորտի, սոցիալական ցանցերի (Facebook, Twitter) շնորհիվ կտրուկ աճել է անձի սուբյեկտությունը հասարակական գործընթացներում: Վերջինիս գիտակցության մեջ դրանք կատարել են ու շարունակում են կատարել հիրավի հեղափոխական դեր: Կարելի է ասել, որ այսօրինակ «էլեկտրոնային» սոցիալականացման գործընթացը շարունակվում է եւ երկրաչափական առաջատվությամբ տարածվում` ներգրավելով միլիոնավոր «հպատակների» եւ նրանց շահագրգիռ քաղաքացիների վերածելով: Այսպիսով, «գարնանային ճեղքվածքներն» ընդամենը զանգվածային գիտակցության հեղափոխական վերափոխման հետեւանք են, որի ակունքում կանգնած է անձի հասարակայնորեն նշանակալից հնարավորությունների աննախադեպ ընդարձակումը: Անձն այլեւս սոսկ իրեն «հրամցված» տեղեկատվության սպառողը չէ. անձն ինքն է սկսել խոսել, հաղորդել, քննարկել, գնահատել եւ սեփական ապագայի վերաբերյալ որոշումներ կայացնել:
Կառավարիչների ջանադրորեն հորինած «հեռուստացույցի հովվերգական պատկերը» ժխտող այլընտրանքային տեղեկատվության նոր հոսքերը մերկացրել են վերջինիս համակարգային խաբեությունը, կոտրել են տեղի ունեցող երեւույթների հանդեպ ավանդական անտարբերությունը եւ կտրուկ նվազեցրել են անձնականի ու հասարակականի միջեւ եղած տարածությունը: Արաբական հեղափոխություններում չկար ղեկավար, չկային խարիզմատիկ առաջնորդներ: Առաջին անգամ հասարակական գործընթացների գլխավոր սուբյեկտը դարձել է սովորաբար երիտասարդ, իր ճշմարտացիության մեջ համոզված, կյանքը վերափոխելու մտադրության մեջ հաստատուն, վարչակարգի փտածությունից եւ իրենց հայրենիքում հաճախորդացած կամ, ասենք, Լոնդոնում «պատվավոր» վտարանդու կարգավիճակ վայելող «հաստիքավոր» ու «համակարգային» ընդդիմադիրներից խորշող սովորական արաբը:
Արդյո՞ք շատ հարցերում համանման ու նույնական չեն հետխորհրդային երկրներում առկա գործընթացները: Հետխորհրդային կարեւորագույն երկրում` Ռուսաստանում, քաղաքացիական բողոքի բարձրացած ալիքը յուրաքանչյուր խոշորածավալ ակցիայի միջոցով բարոյապես, հոգեբանորեն եւ քաղաքականապես քայքայում է պուտինյան «ուղղահայացի» հիմքերը: Տասնյակ հազարավոր ռուսաստանցիներ տասնյակ քաղաքներում կազմակերպված հանդես են գալիս համակարգային ստի դեմ եւ մարդկային արժանապատվության հաղթանակի օգտին: Եվ այստեղ նույնպես չկա «առաջնորդ», քանզի չկա վերջինիս կարիքը: Առաջին անգամ միապետական հզոր ավանդույթ ունեցող երկրում փոփոխությունների սուբյեկտը դարձել է սովորական ռուսաստանցին` իր ֆեյսբուքյան կամ բլոգային էջով, սպիտակ ժապավենը կրծքին, կրակը` սրտում եւ աչքերում: Նա ինքն է «առաջնորդն» ու «ռահվիրան», անձ, այլ ոչ թե անդեմ «ժողովուրդ»:
Դիտելով քաղաքացիական ստեղծագործման բուռն զարգացումը, ռուսաստանյան վարչակարգի առջեւ հանրային եւ անհատական երկյուղի արագընթաց վերացումը եւ իշխանությունների անկարողության եւ գործընթացների հանդեպ ոչ ադեկվատ կեցվածքին ի հակակշիռ` համոզիչ զանգվածային ակցիաներում ի հայտ եկած քաղաքացիական ինքնակազմակերպման աճը` կարելի է մեծ հավանականությամբ կարծել, որ ժողովրդական քաղաքացիական «հորիզոնականը» սկսել է փշրել ավտորիտար «ուղղահայացը»: Այս «ուղղահայացին» հասցվող յուրաքանչյուր հարված անշրջելիորեն սպառում է վերջինիս` դեռեւս մի քանի տարի առաջ անսպառ թվացած ամրության պաշարը:
Այս համապատկերին թվում է, թե միջազգային հարաբերություններում նույնպես սկսել են նկատվել նոր տարրեր: Տպավորություն է ստեղծվում, որ դրանց մեջ էապես նվազել է այն, ինչ սովոր ենք կոչել «աշխարհաքաղաքականություն»: Առաջին պլան է սկսում մղվել ներքաղաքական համատեքստը: Բավական է հետեւել, թե ինչպես են քվեարկում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ռուսաստանն ու Չինաստանը, կամ` Եվրոպայի խորհրդում ու ԵԱՀԿ-ում Ռուսաստանը: Անկախ աշխարհագրական դիրքից` բավարար է դառնալ ոչ լեգիտիմ վարչակարգ կամ ներքեւ գլորվել միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների վարկանշային սանդղակում, որպեսզի ձեռք բերես «փաստաբաններ» եւ հովանավորներ` ի դեմս Ռուսաստանի ու Չինաստանի: Ուստի, վտարակ վարչակարգերին աջակցելը Մոսկվայի եւ Պեկինի իշխանական միջանցքներում ընկալվում է որպես կարեւորագույն խնդիր` իրենց երկրների ներսում «կայունություն» պահպանելու համար:
Իհարկե, պատմությունը, այդ թվում եւ մերձավորագույն իրադարձությունները, շատերի դիպուկ գնահատմամբ ուսուցանում է միայն այն, որ այն ոչինչ չի ուսուցանում: Այնուամենայնիվ, այն հարցը, թե ի՞նչ կարող է ուսանել հայոց հասարակությունն անցած տարվա բուռն իրադարձություններից, չի կորցնում իր այժմեականությունը եւ, բնականաբար, պատասխան է պահանջում:
Համացանցի մեջ ներթափանցելու ծավալով տարածաշրջանային առաջատարի դերում հայտնված Հայաստանը դարձել է նաեւ «քաղաքացիական հորիզոնականների» ձեւավորման համապարփակ գործընթացի առաջատար: Հետեւաբար, երկրում ձեւավորված իշխանական համակարգը ժամանակի ընթացքում չի դիմանա նաեւ սեփական «ուղղահայացին» ուղղվող հարվածներին: Գլխավոր հարցն, իհարկե, անխուսափելի փոփոխությունների գնի մեջ է. մեզանից յուրաքանչյուրս ստիպված կլինի պատասխանել այս հարցին` անկախ զբաղեցրած դիրքի կամ ունեցած կողմնորոշումների հանգամանքից: Այո’, վերջին հաշվով, ավելի լավ է լինել «նարնջագույն», քան «լիբիացի»:
Երկրորդ պահն այն է, որ բազմաթիվ օրինակների մեջ դիտվող գործընթացը հատկանշական է համազգային առաջնորդի կամ առաջնորդների ոչ պարտադիր լինելու հանգամանքով: Ինչպես արդեն նշվել է, քաղաքացին, որպես հասարակական գործընթացի գլխավոր սուբյեկտ, կարիք չունի «հեղափոխության առաջնորդներ» ունենալու: Հետեւաբար, քաղաքացու հարցերին ֆորմալ ընդդիմության տված պատասխանների ադեկվատության կորուստը հանգեցնելու է այդ ընդդիմության եւ վերջինիս առաջնորդների լուսանցքայնացմանը: Եվ այդ ժամանակ պետք է սպասել ագրեսիվ զանգվածի «հատակից հառնելուն», ինչպես այն տեղի է ունեցել Եգիպտոսում եւ Լիբիայում:
Եվ երրորդ պահը. արտաքին քաղաքական հայեցակետն այն է, որ պաշտոնական Մոսկվան (բարեբախտաբար, Հայաստանի համար Պեկինն այս հարցում արդիական չէ եւ այս դեպքում նրան կարելի է «զեղջել») ըստ էության չի կարող լինել որեւէ պայքարող եւ ինքնակազմակերպվող հասարակության դաշնակից: Եթե վանդակում եւ պատգարակի վրա եգիպտական դատարանում հայտնված Մուբարաքը կամ կատաղած ամբոխի կողմից սրախողխող եղած Քադաֆին մեր քաղաքացիների մոտ խղճահարություն են առաջացնում, ապա պաշտոնական Մոսկվան, ի տարբերություն քաղաքացիների, այս ամենից մեծ սոսկում է ապրում: Պարզապես, պետք է կարողանալ զգալ եւ ընկալել այդ տարբերությունը: