Վերջին հինգ տարում Հայաստանի տնտեսապես ակտիվ բնակչությունը կրճատվել է մոտ 200 հազար մարդով։ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2012 թվականին երկրի տնտեսապես ակտիվ բնակչությունը կազմել է 1 միլիոն 418 հազար մարդ, 2016 թվականին՝ 1 միլիոն 226 հազար մարդ։
Եթե ստացած թիվը բաժանենք տարիների քանակի, ապա կստացվի, որ անցած հինգ տարում Հայաստանի տնտեսապես ակտիվ բնակչությունն ամեն տարի կրճատվել է մոտավորապես 40 հազար մարդով։Տնտեսագետները նշված տվյալները աղետ են որակում երկրի տնտեսության համար, մինչդեռ կառավարուոթյունում լավատեսորեն են տրամադրված։ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը խորհուրդ տվեց առավելս կենտրոնանալ ՀՆԱ-ի, արդյունաբերության և արտահանման աճի վրա։
“Սխալ եմ համարում ներկայումս մեկնաբանել, թե որքանով է կրճատվել 2012-2016 թվականներին…Մենք քանիցս հայտարարել ենք, որ նոր աշխատատեղեր են ստեղծվում, և եթե մենք ուզում ենք խոսել տնտեսության զարգացման ուղիների մասին, ապա պետք է դիտարկենք այն մակրոտնտեսական ցուցանիշները, որոնք վերաբերում են երկրի տնտեսական զարգացմանը։ Դա առաջին հերթին համախառն ներքին արտադրանքի աճն է, արտահանման աճը, արդյունաբերության աճը և այլ ցուցանիշներ”,- ասել է Կարայանը։
Հայաստանը նախորդ տարին եզրափակել է ընդամենը 0,5 տոկոս տնտեսական աճով, ինչն ամենացածր ցուցանիշն է 2009 թվականի տնտեսական անկումից ի վեր։
Ազգային վիճակագրական ծառայության և ֆինանսների նախարարության տվյալներով՝ եթե 2008 թվականին՝ տնտեսական ճգնաժամին նախորդած տարում, երկրի ՀՆԱ-ն կազմում էր 11,9 միլիարդ դոլար, իսկ պետական պարտքը՝ 1,9 միլիարդ դոլար, ապա 2016 թվականին ՀՆԱ-ն կազմել է 10,5 միլիարդ դոլար, իսկ պետական պարտքն աճել է ավելի քան երեք անգամ և կազմել 5 միլիարդ 942 միլիոն դոլար։
Փաստորեն, իշխանություններին հաջողվել է մի քանի անգամ մեծացնել պետական պարտքը, սակայն չի հաջողվել վերականգնել գրեթե տասնամյա վաղեմության տնտեսական մակարդակը։
Այս տարվա ընթացքում պետական պարտքը շարունակում է աճել։ Ֆինանսների նախարարության տվյալներով՝ 2017 թվականի առաջին յոթ ամիսներին պետական պարտքն ավելացել է 259 միլիոն դոլարով և հուլիսի 1-ի դրությամբ կազմել 6 միլիարդ 201 միլիոն դոլար։
Հայաստանի Կենտրոնական բանկը 1994-98 թվականներին գլխավորած Բագրատ Ասատրյանի խոսքերով՝ տնտեսապես ակտիվ բնակչության թվի այսքան աղետալի կրճատումը, ինչպես նաև ՀՆԱ-ի և պետական պարտքի մակարդակները վկայում են տնտեսության վատ վիճակի մասին։ «Զբաղված կամ տնտեսապես ակտիվ մարդիկ հեռանում են Հայաստանից։ 16 տարեկանից մինչև թոշակային տարիքի մարդիկ լքում են երկիրը։ Սա գործոններից մեկն է։ Մյուս գործոնն, իհարկե, ժողովրդագրական կառուցվածքն է։ Մեր երկրի ժողովրդագրական կառուցվածքում, ինչպես նաև աշխատանքային ռեսուրսներում կամ չաշխատողների թվի համեմատ աշխատողների հարաբերակցությունում տեղի են ունենում մի քանի բացասական տեղաշարժեր»,- ասում է Ասատրյանը։
Ըստ նրա, բնակչության մշտական կորուստ ունենալով՝ Հայաստանը տարեցտարի նվազեցնում է տնտեսական զարգացմամն անցնելու իր ներուժը։ «Էկոնոմիկան նշանակում է մի քանի տեսակ ռեսուրսներ։ Դրանցից կարևորագույնը կամ էլ ոչ պակաս կարևոր ռեսուրսը աշխատանքային ռեսուրսն է։ Սա էկոնոմիկայի այբուբենն է, և դա լուրջ, շատ լուրջ խնդիր է, բայց այն այդպես էլ համարժեք վերաբերմունքի չի արժանանում իշխանությունների կողմից»,- հավելում է Կենտրոնական բանկի նախկին ղեկավարը։