Կարեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Օրակարգ» թերթի գլխավոր խմբագիր
Երևան
«Կողմնորոշման տարի». «Սիվիլիթաս» հիմնադրամն այսպես է վերնագրել 2013 թվականի իր տարեկան զեկույցը: Առանց որեւէ բովանդակային փոփոխության` զեկույցը միանգամայն կարելի է վերնագրել նաեւ «Ապակողմնորոշման տարի՚:
Սեպտեմբերի 3-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում անսպասելիորեն հայտարարեց, որ Հայաստանը որոշել է միանալ Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի Մաքսային միությանը: Սա փաստացի նշանակում էր, որ Հայաստանը հրաժարվում է Եվրոպական Միության հետ Ասոցացման համաձայնագրից եւ դրա շրջանակում Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու պայմանագրից, որի համար բանակցել էր շուրջ չորս տարի:
Դրանից երկու ամիս առաջ՝ հունիսի 25-ին, Լեհաստան կատարած այցի ընթացքում Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանն իր գործունեությունը կառուցում է ոչ թե «կամ-կամ», այլ «եւ-եւ» սկզբունքի վրա, այսինքն՝ պատրաստ է եւ՛ Եվրոպական Միության հետ ստորագրել Ասոցացման համաձայնագիրը, եւ՛ ներգրավվել Ռուսաստանի կողմից ղեկավարվող ինտեգրացիոն գործընթացներում: Ակնհայտ էր, սակայն, որ Հայաստանը չի կարող միաժամանակ լինել Մաքսային միության կազմում եւ Եվրոպական Միության հետ ստորագրել ազատ առեւտրի պայմանագիր:
Եվրոպական Միության հետ նախորդ մի քանի տարիների բանակցությունների ընթացքում, անգամ սեպտեմբերի 3-ի նախօրեին Հայաստանի ամենաբարձրաստիճան պաշտոնյաները հայտարարում էին, որ անդամակցությունը Մաքսային միությանը նպատակահարմար չէ՝ ընդհանուր սահմանի եւ մի շարք այլ գործոնների պատճառով: Սեպտեմբերի 3-ի հայտարարությունը սառը ցնցուղ էր թե՛ նրանց, թե՛ Եվրոպայի, եւ թե՛ հատկապես Հայաստանի հանրության համար: Այն նշանակում էր, որ Հայաստանը ոչ թե պարզապես շեղվել է իր արտաքին քաղաքական ուղեծրից, այլ ամբողջովին ապակողմնորոշվել է:
Դա նշանակում էր նաեւ Հայաստանի տարիներ շարունակ վարած կոմպլեմենտար արտաքին քաղաքականության ավարտը, երբ Ռուսաստանի հետ ռազմավարական եւ տնտեսական հարաբերությունները խորացնելու պայմաններում հնարավոր էր եղել սերտ համագործակցություն ունենալ արեւմտյան կառույցների, այդ թվում՝ Հյուսիսատլանտյան դաշինքի հետ, որի հետ գործակցությունը գտնվում էր անդամությունից ցածր հնարավոր ամենաբարձր հարթությունում:
Հայաստանը Եվրոպայի հետ երկարատեւ ինտեգրացիոն գործընթացներ սկսելու պատրաստակամություն հայտնել էր դեռ 1993 թվականին, երբ հայտ էր ներկայացրել Եվրոպայի խորհրդին անդամակցելու համար: Իհարկե, կարելի է մի շարք փաստեր ու փաստարկներ բերել, որ անցած քսան տարիների ընթացքում Հայաստանն էական շեղումներ է թույլ տվել եվրոպական ուղղությունից ու արժեքներից, սակայն իր արտաքին քաղաքականությունում նման նեղ շրջանակի մեջ նա երբեք չէր հայտնվել:
Սեպտեմբերի 3-ի որոշումը երկու տեսակի՝ պրագմատիկ-տնտեսական ու քաղաքական-քաղաքակրթական հարցեր է առաջացնում:
Պրագմատիկ հարցեր
Թեեւ Եվրոպական Միության հետ Հայաստանի բանակցած Ասոցացման համաձայնագրի 1000-էջանոց տեքստը մինչ այժմ չի հրապարակվել, սակայն հայտնի է, որ այդ համաձայնագիրը եւ դրա շրջանակում ազատ առեւտրի պայմանագիրը նոր հնարավորություններ էին բացելու աշխարհի ամենամեծ սպառողական շուկա հայկական ապրանքների ու ծառայությունների արտահանման համար: Եվրոպական շուկան նաեւ ամենախստապահանջ ու մրցակցային շուկաներից մեկն է, որի պահանջները բավարարելը Հայաստանի համար կնշանակեր առհասարակ ավելի մրցունակ դառնալ միջազգային ասպարեզում:
Հայաստանի նման բարդ աշխարհագրություն եւ հարեւանություն ունեցող երկրի համար արտաքին տնտեսական հնարավորությունների սահմանափակումը չափազանց խոցելի է դարձնում նրան դրսի շոկերի նկատմամբ, նվազեցնում արտահանման եւ տեղական ընկերությունների զարգացման հնարավորությունները: Մեծ բնակչություն ունեցող երկրները ներքին շուկայի մասշտաբների հաշվին կարողանում են խթանել տեղական արտադրությունները եւ նվազեցնել կախումը դրսի շուկաներից:
Հայաստանի պարագայում խնդիր կա կախումը դիվերսիֆիկացնել եւ մեղմել՝ նկատի ունենալով, մանավանդ, որ հայկական ապրանքների ավանդական շուկաներում, առաջին հերթին՝ Ռուսաստանում, կարող են խիստ կամայական որոշումներ ընդունվել այս կամ այն ապրանքատեսակի մուտքն արգելելու համար՝ ծագման երկրում դրանից բխող ավերիչ հետեւանքներով: Դրա վառ օրինակը վրացական եւ մոլդովական գինիներն արգելելու որոշումներն են:
Ամենակարեւորը, երբ որեւէ երկիր արտաքին տնտեսական անկախ քաղաքականություն վարելու իր իրավունքը փաստացի զիջում է մեկ ուրիշ պետության եւ ոչ անգամ պետությունների որեւէ կոլեգիալ մարմնի (ինչպիսին Եվրոպական Միության մարմիններն են), նա կորցնում է իր փաստացի անկախության զգալի մասը:
Չի կարելի, իհարկե, թերագնահատել Ռուսաստանի տնտեսական նշանակությունը Հայաստանի համար՝ թե՛ որպես ապրանքների եւ աշխատուժի արտահանման շուկա, թե՛ որպես դրամական փոխանցումների կենսական աղբյուր, եւ թե՛ որպես խոշորագույն ներդրող: Սակայն խնդիրն այն է, որ Հայաստանը Ռուսաստանի հետ արդեն իսկ ուներ ազատ առեւտրի համաձայնագիր: Ճիշտ քաղաքականություն վարելու պարագայում հարկ չէր լինի երկու ուղղություններն իրար հակադրել եւ որոշումներն ընդունել ոչ թե տնտեսական, քաղաքական, այլ անվտանգության անհրաժեշտությունից ելնելով: Կամ, առնվազն, հնարավոր կլիներ խուսափել այն անհեթեթ իրավիճակից, երբ չորս տարի եվրոպացիների հետ բանակցելուց հետո հանկարծ որոշում կայացվեց հրաժարվել արդեն նախաստորագրման պատրաստ փաստաթղթից:
Զուտ պրագմատիկ-տնտեսական հարթությունում Հայաստանն իսկապես ապակողմնորոշվել է՝ ձեռքից բաց թողնելով Եվրոպայի հետ ազատ առեւտրի հնարավորությունը, որը կնպաստեր տնտեսության արդիականացմանը, մրցունակության բարձրացմանը եւ ներդրումների խթանմանը:
Քաղաքակրթական հարցեր
Հայաստանի եվրոպական կողմնորոշում ասելով պարտադիր չէ հասկանալ միայն պայմանագրային առչնություններն ու հանձնառությունները Եվրոպայի հետ: Եվրոպական կողմնորոշումը նախեւառաջ այն ընտրությունն է, որ երկիրը կատարում է ինքն իր համար: Դա աշխարհագրական ընտրություն չէ, այլ քաղաքական-քաղաքակրթական ընտրություն է: Դա ժողովրդավարությունն է, քաղաքական ինստիտուտների անխափան գործունեությունն է, օրենքի առջեւ բոլորի հավասարությունն է, մարդու իրավունքների, այդ թվում եւ հատկապես ընտրելու իրավունքի անվերապահ իրացումն է: Սրանք ինքնանպատակ չեն: Սրանք պարտադիր պայման են քաղաքացու նյութական եւ բարոյական արժանապատիվ կյանքն ապահովելու համար:
Մաքսային միությունը պետությունների մի միավորում է, որը չունի քաղաքակրթական հենք: Այն միություն է, որտեղ չկա անդամների իրավահավասարություն եւ չկան որոշումների ընդունման արդյունավետ գործող կոլեգիալ մարմիններ: «Կոլեգիալ որոշումների» քողի տակ չափազանց մեծ է ռիսկը, որ Հայաստանն արտաքին տնտեսական քաղաքականություն վարելու իր իրավունքը զիջի հզոր գործընկերոջը՝ Ռուսաստանին:
Մաքսային միության երկու երկրներում փաստացի չի գործում ժողովրդավարության ամենակարեւոր ինստիտուտը՝ ընտրությունների ինստիտուտը, իսկ առաջատար երկրում՝ Ռուսաստանում, դա գործում է թերարժեք: Իշխանությունն անընդմեջ վերարտադրվելու անսահմանափակ հնարավորություն ունի: Քաղաքական համակարգի այս թերություններն արտահայտվում են անարդյունավետ տնտեսությամբ, բնական ռեսուրսների առատության պայմաններում ցածր կենսամակարդակով, թույլ զարգացած ենթակառուցվածքներով եւ եկամուտների խիստ անհավասար բաշխվածությամբ:
Ընտրելով Մաքսային միությունը եւ ցանկություն հայտնելով մասնակցել Եվրասիական միության ձեւավորմանը՝ Հայաստանն իր համար չափազանց անբերրի հող է ստեղծում եվրոպական արժեքային համակարգի արմատավորման համար: Այս ընտրությունը նշանակում է, որ Հայաստանի ժողովրդավարացման գործընթացներն այսուհետ ավելի շատ պետք է պայմանավորված լինեն Ռուսաստանում կայացվող որոշումներով եւ այնտեղ տեղի ունեցող գործընթացներով:
Տնտեսագետները եւ քաղաքական գործիչները կարող են բազմաթիվ փաստարկներ բերել հօգուտ կամ ընդդեմ Մաքսային միության կամ Եվրոպական Միության հետ Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի պայմանագրի: Դրանց կարելի է համաձայնել կամ չհամաձայնել: Սակայն փաստն այն է, որ Հայաստանը կատարել է քաղաքական ընտրություն՝ ըստ էության վտանգելով իր՝ առանց այն էլ ոչ արդյունավետ ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը:
Քաղաքական եւ տնտեսական այն բարեփոխումները, որոնք նախատեսվում էին Եվրոպական Միության հետ սերտ համագործակցության պարագայում, այժմ կարող են մատնվել ինքնահոսի եւ, կախված Հայաստանի իշխանությունների կամքից [կամ դրա բացակայությունից] ու մի շարք այլ գործոններից, մնալ հայտարարությունների մակարդակում: