Հարցազրույց «Կովկասյան տուն» մշակութային փոխհարաբերությունների կենտրոնի գործադիր տնօրեն Գիորգի ԿԱՆԱՇՎԻԼՈՒ հետ
– 2012թ. հոկտեմբերից մինչև 2013թ. հոկտեմբերը Վրաստանն ապրում էր խորհրդարանական, ապա նաև նախագահական ընտրությունների ռեժիմով: Ի՞նչ են տվել այս ընտրությունները և ի՞նչ կարող են դրանք տալ ապագայում: Ի՞նչ են ուսուցանել դրանք վրաց հասարակությանը:
– Իհարկե, անհրաժեշտ է նշել, որ 2012թ. խորհրդարանական ընտրությունները բեկումնային էին, իսկ նախագահական ընտրությունները նման քաղաքական տարողություն չունեին: Ըստ սահմանադրական փոփոխությունների՝ նախագահի լիազորությունները սահմանափակվել են, եւ այդ պաշտոնն ավելի խորհրդանշական է դարձել: Կառավարության լիազորություններն, ընդհակառակը, ընդլայնվել են: Այնուամենայնիվ, երկրորդ ընտրությունները դարձել են պետության կողմից բարեհաջող հանձնված հերթական քննությունը:
Առաջին ընտրությունները խորհրդանշել են Միխեիլ Սաակաշվիլու ժամանակաշրջանի մայրամուտը: Բավական ինտենսիվ փոփոխությունների եւ բարեփոխումների ինը տարիները մոտեցել են իրենց ավարտին: Բիձինա Իվանիշվիլին իր կապիտալի շնորհիվ կարողացել է բավականաչափ ուժեղ խթանել միավորման գործընթացներ քաղաքական ընդդիմության եւ, ընդհանուր առմամբ, վրաց հասարակության ներսում: Ինձ թվում է, որ Իվանիշվիլին անձամբ, այդ թվում եւ իր ֆինանսական պաշարների շնորհիվ, կարողացել է միավորել ընդդիմությանը եւ ի մի բերել հասարակության ներսում կուտակված ողջ դժգոհությունը: Մինչ այդ իշխանափոխությունը տեղի չէր ունենում հենց պաշարների բացակայության եւ ընդդիմության միավորման բացակայության պատճառով: Իվանիշվիլու «Վրացական երազանք» դաշինքի իշխանության գալուց հետո Վրաստանում շատ բան է փոխվել. մասնավորապես, արժե ընդգծել հասարակությունում վախի գործոնի եւ պետական կառույցների կողմից բռնաճնշման վերացումը:
Միաժամանակ, կարելի է ասել, որ Իվանիշվիլու կառավարությունից հասարակությունն ուներ չափազանցված ակնկալիքներ: Վերջին տարվա ընթացքում հասարակությունում դիտվում է որոշակի հիասթափություն իշխանության նկատմամբ, որը, մասնավորապես, խորանում է այն պատճառով, որ չի արձանագրվել տնտեսության խոստացված աճը: Ընդհակառակը, առկա է որոշակի հետընթաց. տնտեսության լճացումը հանգեցրել է բյուջեի 800 միլիոն լարի (կես միլիարդ ԱՄՆ դոլար) չափով սղաճին: Այս ամենն, իհարկե, ազդել եւ ազդում է Վրաստանի քաղաքական կյանքի, այդ թվում՝ իշխող դաշինքի եւ ընդդիմադիր Միացյալ ազգային շարժման բավականին բարդ համակեցության գործընթացի վրա:
2012թ. խորհրդարանական ընտրություններից հետո Վրաստանում տեղի ունեցած բոլոր գործընթացները կանխորոշել են 2013թ. նախագահական ընտրությունների արդյունքները: Ոմանք խոսում են նախագահական ընտրություններում Միացյալ ազգային շարժման (ՄԱԱ) ձախողման մասին, քանի որ մեկ տարի առաջ այն ստացել էր երկրի բնակչության 44%-ի աջակցությունը, իսկ 2013թ. հոկտեմբերին ՄԱԱ-ի թեկնածու Դավիթ Բաքրաձեն հավաքել է ընդամենը ձայների 22%-ը: Մյուս կողմից, Միացյալ ազգային շարժման ներկայացուցիչներն առավել քան գոհ էին ստացված արդյունքներով, հիմնավորելով, թե ի հեճուկս նրանց նկատմամբ իշխանությունների գործադրած ճնշումների ու վախի մթնոլորտի՝ ընտրությունների արդյունքներով նրանց հաջողվել է դուրս գալ երկրորդ տեղ: Ինքս կարծում եմ, որ Վրաստանի նախագահի ընտրությունները դարձել են հետաքրքիր ցուցիչ, թե ինչպես իշխանափոխությունից հետո պարտված քաղաքական ուժը չի տրոհվել եւ դարձել է երկրի թիվ 2 եւ ընդդիմության թիվ 1 կուսակցություն: Իհարկե, հաշվի առնելով այն, որ յուրաքանչյուր իշխանություն, այդ թվում եւ ներկայիս իշխող դաշինքը, անխուսափելի սխալներ է գործում, «Վրացական երազանքի» վարկանիշը միջնաժամկետ հեռանկարում ընկնելու է, իսկ վերջինիս հանդեպ հիասթափությունն աճելու է: Հետեւաբար, այս համապատկերում Միացյալ ազգային շարժումն ունի իր վարկանիշը մեծացնելու ներուժ:
Նախագահի ընտրություններն աչքի են ընկել ժողովրդավարության բարձր մակարդակով. ինքս, օրինակ, վաղուց չէի հիշում այսքան հանդարտ ընտրություններ եւ դրանց նախորդած ընտրարշավներ, որոնք չէին ուղեկցվում զանգվածային կեղծիքներով, մարդու իրավունքների խախտումներով եւ այլն: Բոլոր չափանիշների համաձայն այս ընտրություններն ամենահաջողվածը, թափանցիկն ու ազատն էին Վրաստանի անկախության թերեւս ողջ շրջանում: Դրանք ցույց են տվել, որ կառավարության, ընդդիմության եւ, ընդհանուր առմամբ, ողջ հասարակության մակարդակում առկա է լայն համաձայնություն առ այն, որ երկրում ընթացող բոլոր փոփոխությունները պետք է տեղի ունենան արդար ընտրությունների եւ Կենտրոնական ու Արեւելյան Եվրոպայի պետությունների անցած ճանապարհի օրինակով: Կարծում եմ, որ Վրաստանում այդ գործընթացն այլեւս անշրջելի է: Համոզմունքս հաստատվում է նաեւ Վրաստանի ընտրած արտաքին-քաղաքական ուղենիշներով, որոնք հերթական անգամ արձանագրվել են ԵՄ Արեւելյան գործընկերության վիլնյուսյան գագաթաժողովի ժամանակ:
– Եթե հեռանանք ընտրությունների թեմայից, ապա ի՞նչ այլ կարեւոր իրադարձություններ են տեղի ունեցել Վրաստանում այս տարվա ընթացքում:
– Հասարակության համար ԶԼՄ-ների ակտիվությամբ ակներեւաբար հաստատվող ամենակարեւոր իրադարձությունը Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումն էր: Սպասվում է, որ 2014թ. Վրաստանն ու Մոլդովան այն արդեն կստորագրեն: Կարող եմ ասել, որ Վրաստանում բավական ցավոտ է ընդունվել Հայաստանի եւ Ուկրաինայի՝ ԵՄ հետ ասոցացումից փաստացիորեն հրաժարվելու մասին նորությունը: Հասկանալի է, որ Վրաստանը, Հայաստանը եւ Ուկրաինան ավելի մեծ օգուտներ կստանային միասնաբար եվրոպական ակումբում հայտնվելուց դեպքում: Միաժամանակ, եղածը լավագույնս ցուցադրում է հետխորհրդային մեծ տարածությունում քաղաքական հարաբերակցության իրական պատկերը: Բայց, ի հեճուկս այս ամենի, Վրաստանը մտադիր է անշեղորեն ընթանալ ընտրված ուղղությամբ:
– Վրաստանն ընտրել է Եվրոպայի, Հայաստանը` Մաքսային միության, իսկ Ադրբեջանը` ինչ-որ «միջին» ուղի: Արդյո՞ք դա հետագայում չի հանդիսանա մեր երկրների միջեւ որոշակի օտարացման գործոն:
– Երկարաժամկետ հեռանկարում այդպիսի վտանգ, իհարկե, կարող է ծագել: Մյուս կողմից, բոլոր երեք երկրներն, ի հեճուկս տարբեր արտաքին-քաղաքական դիրքորոշումների, մեծապես փոխկապակցված են: Եթե խոսենք Ադրբեջանի մասին, ապա նա Թուրքիայի եւ Վրաստանի հետ կապված է բազում տնտեսական նախագծերով: Դրա համար էլ վրաց-ադրբեջանական հարաբերությունները, անգամ չընդլայնվելու պարագայում, հաստատ չեն նվազի: Վրաստանն ու Ադրբեջանն իրականացնում են էներգակիրների տարանցիկ փոխադրման համատեղ նախագծեր, գործարկված է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագիծը, ադրբեջանական ձեռնարկատիրությունը լայնորեն ներկայացված է Վրաստանում:
Հայաստանի եւ Վրաստանի միջեւ գոյություն ունեն բաց եւ բարեկամական հարաբերություններ: Հայաստանի համար Վրաստանը համարյա միակ երկիրն է, որի տարածքով անցնում են իր առեւտրահաղորդակցային ուղիները: Ցավոք, Ադրբեջանի եւ Հայաստանի հարաբերությունները կարգավորված չեն. երկու երկրները որոշ իմաստով ղարաբաղյան հակամարտության պատանդ են, եւ քանի դեռ այն չի կարգավորվել՝ հնարավոր չէ իրականացնել լիարժեք ինտեգրացիոն նախագծեր, որոնցում իրավահավասար հիմունքներով կմասնակցեին Հարավային Կովկասի բոլոր երեք երկրները:
– Վրաստանի նոր կառավարությունը հռչակագրել է Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու ցանկությունը եւ այդ ուղղությամբ արդեն դիմել է որոշ գործնական քայլերի: Միաժամանակ, Ռուսաստանի կողմից նախաձեռնվել է Հարավային Օսիայի հետ վարչական սահմանի զատման գործընթացը: Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք վրաց-ռուսական հարաբերությունների կարգավորման պաշարներն այլեւս սպառված չեն: Կա՞ն, արդյոք, բուն կարգավորման գործընթացին սպառնացող վտանգներ:
– Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ առեւտրատնտեսական եւ մարդասիրական ոլորտներում արդեն իսկ հաստատվում են որոշակի հարաբերություններ: Ընդ որում, վրացական կողմը երբեւէ չի ունեցել տնտեսական հարաբերությունները որեւէ կերպ սահմանափակելու ցանկություն: Ներկայումս լուրջ բեկումն առկա է միայն տնտեսական հարաբերությունների բնագավառում: Իմ կարծիքով, գոյություն ունի նաեւ համագործակցության որոշակի մակարդակ՝ 2014թ. Սոչիում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի անվտանգության ապահովման համատեքստում: Վրաստանի կառավարությունը մի քանի անգամ հայտարարել է օլիմպիադայի անվտանգ անցկացմանն աջակցելու պատրաստակամության մասին, ու թեեւ ռուսական կողմից չի եղել պաշտոնական արձագանք, իմ կարծիքով՝ այդ համագործակցությունը սկսվել է առանց հրապարակային դրսեւորումների: Կարելի է հիշել Բաթումիում տեղի ունեցած միջադեպը, երբ ձերբակալվել է ռուսական կողմից Սուխումիում դիվանագետ Դմիտրի Վիշերնեւի սպանության մեջ մեղադրվող Յուսուպ Լակաեւը: Կարծում եմ, որ վերջինիս ձերբակալությունը պատահական չի եղել եւ հնարավոր է դարձել ռուսաստանյան ու վրացական հատուկ ծառայությունների համագործակցության եւ տրամադրված օպերատիվ տեղեկատվության շնորհիվ:
Հավանաբար, մեր երկրների միջեւ որոշակի հարաբերություններ գոյություն ունեն նաեւ այս ոլորտում:
Ցավոք, այս ֆոնին շարունակվում է հարավօսական վարչական սահմանի զատումը: Ռուս սահմանապահների իրականացվող, այսպես կոչված, սահմանազատումը Հարավային Օսիայի հետ բաժանարար գծի երկայնքով անցնում է տներով, գերեզմանոցներով, արոտավայրերով, տնամերձներով եւ Վրաստանում շատ ցավալիորեն է ընդունվում: Այս աշխատանքները պարբերաբար կանգնեցվում եւ վերսկսվում են, իսկ վրաց հասարակության մեջ գնալով ավելի հաճախ է հնչում Օլիմպիադայում Վրաստանի մասնակցության նպատակահարմարության հարցը: Սահմանազատման գործընթացն անընդհատ նպաստում է վրաց-ռուսական հարաբերություններում բարձր ջերմաստիճանի պահպանմանը: Թբիլիսիում լավ են հասկանում, որ այդ գործոնը Ռուսաստանի համար անկարեւոր է. հասկանում են, որ ռուսաստանյան շատ վերլուծական կենտրոններում լավ չեն ըմբռնում, թե ինչո՞ւ է այդ հարցը վրաց հասարակության համար այդքան ցավոտ: Բայց չէ՞ որ այդ փշալարն անցնում է Թբիլիսիից ընդամենը 40 կմ հեռու եւ առնչվում է շատ քաղաքացիների անհատական ճակատագրերի հետ՝ ստեղծելով մարդասիրական խնդիրների մի ողջ փունջ:
Ցավոք, «բնականոնացում» եզրույթը բավականին ուժեղ բառ է՝ վրաց-ռուսական հարաբերությունների արդի մակարդակը բնութագրելու համար: Բնականոնացում որոշ ուղղություններով նկատելի է, բայց աբխազական եւ հարավօսական ուղղություններով ոչ մի առաջընթաց չկա: Դժվար է ասել, թե ինչու է սահմանազատման գործընթացն աշխուժացվել հենց հիմա՝ Վրաստանում իշխանափոխությունից հետո մեր հարաբերությունները կարգավորելու ձգտման ֆոնին: Սահմանազատումը վտանգում է վրաց-ռուսական հարաբերությունների ամբողջությունը:
– Մենք խոսում էինք Վրաստանի նոր իշխանությունների ձեռքբերումների մասին, իսկ ինչպիսի՞ սխալներ են նրանք գործել անցնող տարվա ընթացքում:
– Սխալների մասին խոսելիս հարկ է անդրադառնալ կոնկրետ ոլորտներին, որոնցում հասարակության մոտ տպավորություն է ստեղծվել, թե կառավարությունն ի վիճակի չէ կատարել իր պարտականությունները: Առաջին հերթին խոսքը սեռական եւ կրոնական փոքրամասնությունների հետ կապված միջադեպերի մասին է: Այսպես, սույն թվականի մայիսի 17-ին քաղաքացիների մի խումբ որոշել է նշել հոմոֆոբիայի դեմ միջազգային օրը, բայց բռնության է ենթարկվել ու ցրվել հարձակողաբար տրամադրված ամբոխի կողմից: Թբիլիսիի կենտրոնական պողոտայում եւ հրապարակում բռնության տարափը հարուցել է բոլոր քաղաքացիների իրավունքները պաշտպանելու կոչված ոստիկանության օրինավոր բռնության պակասի զգացում: Այդ օրը զգացվում էր նաեւ կառավարության պակասը:
Նույնը կարելի է ասել երկրի տարբեր տեղաշրջաններում մահմեդական բնակչության կրած դժվարությունների մասին, որոնց խոչընդոտում էին կատարել ուրբաթ օրվա աղոթքը, կառուցել մզկիթներ եւ այլն: Տպավորություն է ստեղծվել, թե կառավարությունն ի վիճակի չէ երաշխավորել քաղաքացիների՝ երկրի սահմանադրության մեջ արձանագրված իրավունքները: Դա կարելի է սխալ համարել կամ բացատրել ճգնաժամային պահերին անփորձության կամ քաղաքական կամքի անհրաժեշտ մակարդակի բացակայության դրսեւորումներով: Երեւույթը որոշ չափով պայմանավորված է կառավարության դաշինքային կազմով, երբ իշխող դաշինքում առկա բազմաձայնությունն արգելակում է անմիջական լուծումներ պահանջող սոցիալական հարցերին անհրաժեշտ արձագանքը:
Կարելի է հիշատակել նաեւ մի քանի նախարարների անիրատեսական խոստումներով պայմանավորված՝ հասարակության չափազանցված սպասելիքները տնտեսական կացության բարելավման հարցում: Այդ նախարարների կանխատեսումներով՝ տնտեսական աճը պետք է կազմեր 5%, իսկ իրականում մենք ստացել ենք լճացում: Իհարկե, այս ամենի հիմքում ընկած են ոչ միայն սուբյեկտիվ, այլեւ օբյեկտիվ պատճառներ: Խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին կառավարությանն ուղղել է միանգամայն հիմնավոր հարց, թե ինչո՞ւ վերջինս չի կարողացել հաշվարկել բոլոր հնարավոր ռիսկերը՝ 5%-ով տնտեսության աճը պաշտոնապես կանխատեսելուց առաջ: Փաստորեն, այդ թիվն օգտագործվել է կա՝մ քարոզչական նկատառումներով, կա՝մ էլ այն վկայում է պետական պաշտոնյաների արհեստավարժական անհամապատասխանության մասին:
– Հաշվի առնելով անցնող 2013թ. փորձն ու դասերը՝ կկարողանա՞ն արդյոք Վրաստանի իշխանություններն ընդունել ավելի ճիշտ որոշումներ:
– Կանխատեսումներ միշտ էլ դժվար է անել… Կառավարության կազմը քիչ է փոխվել: Վարչապետ է դարձել համեմատաբար նոր դեմք՝ Իրակլի Ղարիբաշվիլին: Նա, իհարկե, իրեն լավ է դրսեւորել, թեեւ քաղաքական փորձառությունը նրան հաստատ կպակասի: Ներքին գործերի նախարարի պաշտոնում նա չի գործել մեծ սխալներ, իսկ ՆԳՆ համակարգը մյուս կառույցների համեմատ ամենակարգավորվածն էր: Համակարգը շատ քաղաքականացված էր, եւ նրան հաջողվել է ապաքաղաքականացնել այն, թեեւ, ըստ իս, միայն այս փաստի հիման վրա դժվար է դատել նրա կառավարչական հմտությունների ու որակների մասին: Շատ բան կախված կլինի այն բանից, թե որքանո՞վ նա կկարողանա դիմագրավել առկա մարտահրավերներին, հատկապես՝ տնտեսական ոլորտում:
2014 թվականից որակական փոփոխություններ եւ առանձնակի արդյունքներ չէի ակնկալի: Ինձ թվում է, որ քաղաքականությունից Բիձինա Իվանիշվիլու հեռանալուց հետո այս տարին կարող է դառնալ նաեւ իր ստվերի հեռանալու տարին: Բայց դա տեղի կունենա միայն նոր կառավարության հաջողակ լինելու դեպքում, այլապես նա ստիպված կլինի վերադառնալ քաղաքականություն: Կարելի է ասել, որ այս տարին դառնալու է Իվանիշվիլու խորհրդանշական հեռանալու եւ նոր կառավարության գալստի տարին: Միաժամանակ, 2014 թվականը կլինի նոր կառավարության փոխադարձ ընտելացման եւ ներքին համախմբման տարի:
2014 թվականին տեղի են ունենալու նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: Տարին լինելու է քաղաքականապես դինամիկ, իսկ 2015 թվականից Վրաստանում քաղաքական գործընթացներն, ի վերջո, կարգավորվելու են, ինչին, ամենայն հավանականությամբ, հաջորդելու է տնտեսական աճը:
Հարցազրույցը վարեց Իրակլի Չիխլաձեն