Հայկ ԿՈՆՋՈՐՅԱՆ
Հրապարակախոս
Երևան
Պատմությունը ժամանակների վկայությունն է, ճշմարտության լույսը, հիշողության կյանքը, կյանքի ուսուցիչը, անցյալի սուրհանդակը:
Historia vero testis temporum,
luxveritatis, vita memoriae, magistra vitae, nuntiavetustatis.
Կիկերոն
«Պատմության գլխավոր դասն այն է, որ նրանից ոչ ոք դաս չի քաղում», սիրում էր կրկնել հայտնի ասույթը համալսարանի դասախոսներիցս մեկը: Եթե սա մեկտեղենք Կիկերոնի խոսքերի հետ, կստացվի՝ պատմությունը լավ ուսուցիչ է, մենք ենք ծույլ աշակերտներ: Բայց ինչպես ցանկացած գիտելիք, այնպես էլ պատմության դասը տարբեր մարդիկ կարող են կիրառել տարակերպ, կամ նույն ճշմարտությունից կատարել տարբերվող հետևություններ: Երբ Ադոլֆ Հիտլերն ասում էր՝ ով է այժմ հիշում հայերի ջարդերը, սա նշանակում էր, որ նա չի՞ սովորել պատմության այն դասը, որն ասում է՝ չի կարելի բնաջնջել մեկ այլ ժողովրդի, թե՞ ընդհակառակը՝ սովորել էր մյուս դասը, որ կարելի է բնաջնջել և մնալ անպատիժ: Ուրեմն՝ պատմության դասը պարտադիր չէ, որ լինի բարոյախրատական և ոչ էլ օգտակար՝ հանուն հասարակական բարեկեցության: Հակառակը, կարող է բերել նոր արհավիրքների, եթե, օրինակ, իշխանությունն ու հանրությունը նույն դասից կատարեն տարբեր հետևություններ՝ ամենքինը միտված սեփական շահերի սպասարկմանը: Մեծագույն դժբախտություն է, երբ իշխանության և հանրության շահերը տարբեր են, իսկ երբեմն՝ հակադիր:2016 թվականը Հայաստանում նշանավորվեց վստահության ճգնաժամի պիկով, որի երկու գագաթներն էին ապրիլյան պատերազմը և հուլիսին ՊՊԾ գնդի գրավումը: Այս իրադարձությունները հասարակական գիտակցության մեջ ակտիվացրին համատարած անարդարության, անարդյունավետ կառավարման, սոցիալական բևեռվածության, իշխանության և ժողովրդի ծայրահեղ օտարվածության գաղափարները: Կային իշխանության կողմից խնամքով կառուցված «ճշմարտություններ», որոնք փլուզվեցին:
Մեծագույն հուսալքությունը կապված էր բանակի հետ: Հայտնի է, որ բանակը Հայաստանի ամենակայացած ինստիտուտներից մեկն է, որը վայելում է հասարակական վստահություն և հոգածություն: Ինչ-որ իմաստով, բանակը սակրալ կառույց է, որին չի կարելի դիպչել, քննադատել: Այս իռացիոնալ վերաբերմունքը մեծապես պայմանավորված է մեր հասարակության վախերով: Մենք վախենում ենք վտանգից, բայց վախը բերում է նոր վտանգների: Վախի այս չափաբաժինն էլ հեշտացնում է հասարակական գիտակցության մանիպուլացիան, որը Հայաստանի իշխանությունները տասնամյակներ շարունակ կատարել են՝ կամա, թե ակամա: Մարդկանց շարունակ մատուցվել էր այն միտքը, որ գուցե մենք ունենք թույլ սոցիալական ծառայություններ, կաղում ենք առողջապահության ոլորտում, չունենք արդար դատարաններ և ունենք բարձր գործազրկության մակարդակ, բայց կառուցել ենք տարածաշրջանի ամենամարտունակ և հզոր բանակը: Մենք ձեզ քիչ ենք փող տալիս, որ զենք գնենք: Ասել է թե՝ մեր իշխանության ներքո դուք բարեկեցիկ չեք, բայց անվտանգ եք:
Այս միտքը ցեղասպանություն վերապրած և վերջին 20-ամյակում պատերազմ տեսած ժողովրդի համար կարող է երկաթյա ճշմարտություն թվալ: Նույնիսկ այս գաղափարի ներքո Հայաստանը բռնակցվեց ԵՏՄ-ին: Հանուն անվտանգության մենք զոհեցինք մեր բարեկեցությունը: Կարծես նախապես սահմանված հիմնարար ճշմարտություն կա, որ այդ երկուսը չեն կարող լինել միաժամանակ, և մեկին պետք է հասնել՝ պարտադիր մյուսը զոհաբերելով: Ազատությունն ու բարեկեցությունը հակադրելով անվտանգությանը՝ իշխանությունները մշտապես վերահսկում են հասարակության ձգտումներն ու ցանկությունները՝ նրան դարձնելով առավել կառավարելի: Ազատ ու բարեկեցիկ մարդը փամփուշտ է՝ կրակված ավտորիտար ռեժիմի ճակատին:
Բայց ապրիլյան պատերազմը կոտրեց կարծրատիպը և քողազերծեց բանակում առկա այն խնդիրները, որոնք խնամքով թաքցվել էին տարիներ շարունակ: Հայկական բանակի նկատմամբ հակառակորդի տեխնոլոգիական գերազանցությունը, 80-ականների զենքերով կռվելու մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունը, հայկական հետախուզության թույլ տված բացթողումները, բազմաթիվ զոհերն ու վերջապես 800 հեկտար հողերի կորուստը հանրության մոտ փոխեցին բանակի նկատմամբ եղած նախկին անվերապահ վստահությունը և խորացրին վստահության ճգնաժամը իշխանությունների նկատմամբ: «Դուք աղքատ եք, բայց անվտանգ» առասպելը փլուզվեց: Չնայած որ բանակը նախկինի պես շարունակում է վայելել քաղաքացիների հոգածությունը, բանակի կառավարման օղակների հանդեպ անվստահությունն այսօր գտնվում է չափազանց բարձր մակարդակի վրա:
2016 թվականի հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խումբը գրավեց Երևանի ՊՊԾ գունդը և հայտարարեց զինված ապստամբություն սկսելու մասին: Խմբի հիմնական պահանջներից էին Սերժ Սարգսյանի հրաժարականը և Արցախի ամբողջականության պահպանումը՝ բացառելով հողերի հանձնման որևէ հնարավորություն: «Եկել է ազատության, արժանապատվության, արդարության և իրավունքի ժամանակը», ասվում էր խմբի տարածած հայտարարության մեջ: ՊՊԾ գունդը գրավված մնաց 14 օր, զոհվեց երկու ոստիկան, կողմերը տվեցին վիրավորներ, Սարի Թաղում և Խորենացի փողոցում ընթացող ցույցերի ժամանակ ոստիկանությունը կիրառեց աննախադեպ բռնություններ, որոնց արդյունքում վիրավորվեցին բազմաթիվ քաղաքացիներ, լրագրողներ:
Հուլիսյան դեպքերը սոսկ օրվա բռնկված պոռթկումներ չէին և պայմանավորված չէին միայն մեկ հանգամանքով: Դրանք տարիներ շարունակ կուտակված անվստահության, սոցիալական անարդարության և բևեռվածության դրսևորումներն էին: Բազմաթիվ սովորած կամ չսովորած դասերի արդյունքներն էին, որոնք իրենց հերթին տվեցին նորանոր դասեր:
Վերադառնալով սկզբին
Պատմության դասերը պարտադիր չէ, որ բերեն առաջընթացի և զարգացման: Ընդհակառակը՝ կարող են խորացնել ճգնաժամն ու հանգեցնել լճացման: Եկեք պատկերացնենք երկու տարբեր իրականություններ. առաջինում իշխանությունները 2016-ի դասերից կատարել են սխալ հետևանքներ, երկրորդում՝ ճիշտ հետևանքներ: Նույն դասը՝ տարբեր արդյունքներով:
Իրականություն N 1
Դաս I Ապրիլյան դեպքերն ի ցույց դրեցին բանակի բազմաթիվ խնդիրներ, որոնք հետևանքն էին մեր (իշխանության) գործողությունների՝ կոռուպցիա, անարդյունավետ կառավարում, պետական միջոցների մսխում և այլն: Չնայած այս հանգամանքին, պատերազմի օրերին հասարակությունը աննախադեպ կերպով համախմբվեց բանակի շուրջը՝ սեփական ուժերով և միջոցներով աջակցելով բանակին, հաճախ կատարելով այն, ինչ պետք է անեինք մենք: Հասարակությունն ավելի կազմակերպված էր, քան պետությունը. դա լավ է: Ուստի, հարկավոր է շարունակել նույն կերպ, սակայն մշակել առավել հմուտ և խորամանկ ռազմավարություն, որպեսզի հասարակությունը չհայտնաբերի մեր բացթողումները և շարունակի նույն հոգածությունը ցուցաբերել բանակին՝ փոխհատուցելով մեր բացթողումները:
Իրականություն N 2
Դաս I Ապրիլյան դեպքերը ի ցույց դրեցին բանակի բազմաթիվ խնդիրներ, որոնք հետևանքն էին մեր (իշխանության) գործողությունների՝ կոռուպցիա, անարդյունավետ կառավարում, պետական միջոցների մսխում և այլն: Չնայած այս հանգամանքին, պատերազմի օրերին հասարակությունը աննախադեպ կերպով համախմբվեց բանակի շուրջը՝ սեփական ուժերով և միջոցներով աջակցելով բանակին, հաճախ կատարելով այն, ինչ պետք է անեինք մենք: Հասարակությունն ավելի կազմակերպված էր, քան պետությունը. դա վատ է: Ուստի, հարկավոր է վերջ տալ այս քաղաքականությանը, մշակել առավել հեռահար և պետականամետ ռազմավարություն, որպեսզի հասարակությունը վերջնականապես չհիասթափվի բանակից և շարունակի նույն հոգածությունը ցուցաբերել վերջինիս նկատմամբ՝ լրացնելով մեր ջանքերը:
Իրականություն N 1
Դաս II Հուլիսին ՊՊԾ գնդի գրավումը լրջագույն մարտահրավեր էր մեր իշխանության համար: Մենք պետք է գիտակցենք, որ եթե կեղծում ենք ընտրությունները, խորացնում ենք աղքատությունը, մեծացնում ենք անարդարությունը, ուրեմն հարկավոր է միաժամանակ ամրապնդել հասարակությանը վերահսկելու մեխանիզմները, որպեսզի կանխարգելենք նման հետևանքները: Հարկավոր է սահմանափակել մամուլի և խոսքի ազատությունը, որպեսզի մեր իշխանության համար վտանգավոր գաղափարները դադարեն շրջանառվել: Հարկավոր է կատարել իմիտացիոն բարեփոխումներ, մի քանի պաշտոնյաների ժամանակավորապես հեռացնել աշխատանքից, ստեղծել փոփոխությունների պատրանք՝ հասարակության մոտ առաջացնելով դրական սպասումներ ընտրություններին ընդառաջ: Ընտրակեղծիքները պետք է դարձնել առավելս խորամանկ՝ բացառելու համար քաղաքացիների իրական կամաարտահայտությունը: Մեր իշխանությունը թանկ է ամեն ինչից:
Իրականությյուն N 2
Դաս II Հուլիսին ՊՊԾ գնդի գրավումը լրջագույն մարտահրավեր էր մեր պետության համար: Մենք պիտի գիտակցենք, որ եթե կեղծում ենք ընտրությունները, խորացնում ենք աղքատությունը, մեծացնում ենք անարդարությունը, հնարավոր չէ երկարժամանակ վերահսկել կուտակվող հասարակական դժգոհությունները, որոնք ի վերջո հանգեցնում են նման հետևանքների: Հարկավոր է ապահովել մամուլի և խոսքի ազատությունը, որպեսզի մեր պետության համար օգտակար գաղափարները ակտիվորեն շրջանառվեն և զարգանան: Հարկավոր է վերջ տալ իմիտացիոն բարեփոխումներին, մեղավոր պաշտոնյաներին հեռացնել աշխատանքից և ենթարկել պատասխանատվության, կատարել իրական փոփոխություններ՝ հասարակության մոտ առաջացնելով դրական սպասումներ ընտրությունների հանդեպ: Ընտրությունները պետք է դարձնել առավելս արդար՝ ապահովելու համար քաղաքացիների իրական կամաարտահայտությունը: Մեր պետությունը թանկ է ամեն ինչից:
Իրականություն N 1
Դաս III...