Արդյոք մի բան հասկանու՞մ եք Հայից… Որքան տարօրինակ, հանելուկային արարած: Որքան խաբուսիկ…Ուրեմն իր պետությու՞նն է ուզում ստեղծել, չի՞ ուզում ստեղծել, ի՞նչ իմանաս… Մի ձեռքը ճանկռտելով հիմնում է այդ պետությունը, մյուս ձեռքը ճիգ է անում, հիմքից քանդելու… Ինչու՞ է այսպես, ինչի՞ց է դժգոհ, ի՞նչ է կամենում…Սա Հայկն է, որին զրկել են կյանքի միակ պայմանից՝ ազատությունից:
Դերենիկ Դեմիրճյան, «Հայը», 1920թ.
Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ
Առաջին լրատվականի ռուսական
ծառայության`ru.1in.am խմբագիր
Երեւան
Հռոմում Իտալիայի խորհրդարանականների հետ ընթրիքի ժամանակ ելույթ ունեցած Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայոց ցեղասպանության հարյուրամյակից մի քանի օր առաջ ասել է. «Երբ անթույլատրելին դառնում է թույլատրելի, իսկ անընդունելին ընդունվում է միջազգային հանրության կողմից, ծնվում են նոր բարբարոսներ»: Իսկ հայոց ազգի ապագայի համար պատասխանատուներն արդյո՞ք մտածել են, որ երբ իրենք են անթույլատրելին դարձնում թույլատրելի, իսկ անընդունելին՝ ընդունելի, անխուսափելիորեն սկսում է գործել աստվածաշնչյան «ինչ ցանես, այն էլ կհնձես» սկզբունքը:
Հայոց ազգի ներկայի եւ ապագայի առջեւ քաղաքականապես պատասխանատուները քաղաքական որոշումներն ընդունելուց առաջ արդյո՞ք խորհել են, թե ինչպիսի՞ն է լինելու միջազգային հանրության վերաբերմունքը մեր հարցերի նկատմամբ այն բանից հետո, երբ այդ որոշումները տրամագծորեն հակադիր կլինեն ոչ միայն այդ նույն միջազգային հանրության դիրքորոշմանը, այլեւ ողջամտությանը, ճշմարտությանը եւ տարրական բարոյականությանը: Պարզվում է, որ այն դասը, թե այսքանից հետո միջազգային հանրությունը մեզ համերաշխության ձեռք մեկնելու ցանկություն կունենա միայն իր իսկ նկատմամբ ինքնահարգանքը չկորցնելու չափով, մնում է չսերտված:
Պատմաբաններին թողնենք մանրամասն քննել, թե ինչպես Առաջին աշխարհամարտում Անտանտին դաշնակից հայ ազգը շարունակական ջարդերի պատճառով ունեցավ ավելի շատ կորուստներ, քան անգլիացիներն ու ֆրանսիացիները մարտի դաշտում, իսկ Երկրորդ աշխարհամարտում՝ աննշան ավելի քիչ, քան ամերիկացիները, ընդ որում՝ այս ամենից նա քաղաքականապես ոչինչ չշահելով: Ողբերգական փաստ է նաեւ այն, որ Պատմության քաղաքական դասերը մնում են չսերտված, քաղաքական դեգերումները շարունակվում են, իսկ քաղաքական դասակարգի մոտ ուղիղ պատճառահետեւանքային կապերի ըմբռնումը մնում է սպառնալիորեն ցածր մակարդակում, այն դեպքում, երբ քաղաքական պատասխանատվությունը թելադրում է բոլորովին այլ մոտեցում:
Առաջին աշխարհամարտը մեզ համար վերջացել է սոսկալի աղետով, իսկ դրանից եւ հազարամյա խավարից հետո վերականգնված պետականությունը դարձյալ չի լուծել մեր հարեւանների հետ գոյակցելու եւ համաշխարհային քաղաքականությունում ու միջազգային հարաբերություններում իր տեղը գտնելու գոյաբանական հարցը: Ովքե՞ր ենք մենք, ինչո՞ւ մենք, ո՞ւմ հետ ենք եւ հանուն ինչի՞: Խորհրդային կայսրության փլուզումից հետո անկախություն վերականգնած Հայոց պետականությունը քարորդ դար անց էլ այս հարցը չլուծված է թողել՝ այն որպես «ժառանգություն» փոխանցելով հետագա սերնդին: Հաջորդ ցավալի փաստն այն է, որ մեր քաղաքական պատասխանատուները թույլ են տվել եւ շարունակում են դիմել այնպիսի քայլերի, որոնց հետեւանքները մեզ դեռ երկար են հարվածելու, իսկ նրանց գործած ավերների «մաքրումը» նույնպես որպես ժառանգություն գալիք սերունդներին է թողնված:
2008թ. ռուս-վրացական պատերազմից հետո Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր ողջ քաղաքական փորձառությամբ հանդերձ հայտարարել է, որ «Ռուսաստանն իր վճռական միջամտությամբ հարավօսական ժողովրդին ցեղասպանությունից է փրկել»: Սակայն, ընդամենը երեք տարի անց, նա արդեն ոչինչ չի ասել, երբ ՌԴ այդ ժամանակվա նախագահը հայտարարել է, թե Ռուսաստանը «2008թ. Կովկասում իր գործողություններով կանխել է ՆԱՏՕ-ի ընդարձակումը»: «Եթե 2008թ. մենք երկյուղեինք, ապա այսօր աշխարհաքաղաքական դասավորությունը տարբեր կլիներ, եւ մի շարք երկրներ, որոնց արհեստականորեն ուզում էին ներքաշել հյուսիսատլանտյան դաշինք, ամենայն հավանականությամբ, արդեն այնտեղ կլինեին», -ընդգծել է Մեդվեդեւը՝ բառ անգամ չասելով Ռուսաստանի կողմից հարավօսական ժողովրդին «ցեղասպանությունից փրկելու» մասին:
Իսկ 2014թ. փետրվար-մարտին Ռուսաստանի կողմից ուկրաինական Ղրիմի խայտառակ «անշլյուսից» եւ Մայդանում ուղղորդված արյունալի սպանդից հետո Հայաստանի գործող նախագահը Պուտինի հետ հեռախոսազրույցում, մամլո ծառայության հաղորդման համաձայն, «բնութագրել է Ղրիմում տեղի ունեցած հանրաքվեն որպես ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հերթական իրացման օրինակ»: Սերժ Սարգսյանը ոչինչ չի ասել նաեւ մեկ տարի անց, երբ նույն Պուտինը Ղրիմի մասին ֆիլմում հերքել է իր իսկ նախկին պնդումներն՝ արտաբերելով հետեւյալը. «Ես բոլոր գործընկերներին ասել եմ, որ մենք ստիպված էինք Ղրիմը Ռուսաստանի կազմ վերադարձնելու աշխատանքներ սկսել»: Չի մոռացվել նաեւ ՄԱԿ Գլխավոր վեհաժողովում տեղի ունեցած քվեարկությունը, որտեղ Հայաստանը միջազգային հանրության կողմից մերժված վարչակարգերի հետ նույն շարքում հայտնվեց:
Արդյո՞ք սկզբից եւեթ ակնհայտ չէր, որ Հայաստանն այսպիսի հայտարարություններով եւ որոշումներով բարոյական հարթության վրա ինքն իրեն լիովին հեղինակազրկում է որպես պետություն, իսկ քաղաքական եւ գործնական հարթություններում նվազագույն իսկ օգուտ չի ստանում՝ միաժամանակ բազմամյա ծանրագույն «նստվածք» վաստակելով Վրաստանի, Ուկրաինայի եւ ողջ միջազգային հանրության հետ հարաբերություններում: Հայաստանը, որը միջազգային քաղաքականությունում իր դիրքորոշումն է պաշտպանում չլուծված ղարաբաղյան հակամարտության հարցում եւ բոլոր երկրներին կոչ է անում ճանաչել հայերի Ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում, Ցեղասպանության հարյուրամյակի կապակցությամբ հանդս է գալիս Համահայկական հռչակագրով, ինչպես ավելի ուշ պարզվել է WikiLeaks-ի հրապարակումներից՝ դրանից յոթ տարի առաջ արել է հնարավոր ամեն ինչ, որպեսզի տապալի ստալինյան վարչակարգի կազմակերպած ուկրաինական ժողովրդի ցեղասպանության՝ Գոլոդոմորի հիշատակին նվիրված երեւանյան միջոցառումը: Էլ չենք խոսում այն մասին, որ գիտական եւ փորձագիտական շրջանակներում համարյա չկան հանցագործ խորհրդային վարչակարգի իրականացրած Ղրիմի թաթարների, կալմիկների, ինգուշների եւ չեչենների ցեղասպանություններին նվիրված քննարկումներ: Չէ՞ որ Օսմանյան կայսրությունում երիտթուրքերի հանցագործ վարչակարգը միեւնույն «հիմնավորումներով» էր հետեւողականորեն ոչնչացնում եւ «ժամանակավորապես տեղահանում» հայերին, ինչ ստալինյան վարչակարգը՝ վերոնշյալ ազգերին: Եվ այսօր պուտինյան Ռուսաստանում այն նույն եռանդով են ժխտում նշյալ ցեղասպանությունները, որով Թուրքիայում՝ Հայոց ցեղասպանությունը: Բայց մենք լռում ենք… Լռության տարօրինակ դավադրությունն է, որը շատ նման է մեր եւ մեր ողբերգության հանդեպ այլոց կողմից տասնամյակներ տեւած փարիսեցիական լռությանը:
Մի կողմից` մեր քաջարի զինվորները կյանքի գնով պահպանում են խաղաղությունն ու անվտանգությունը, իսկ մյուս կողմից՝ աշխարհընկալման երկակի բարոյականության ժանգը եւ «ռեալփոլիթիքի» սխալ ըմբռնումը, որը գործնականում վերածվում է աղաղակող անհեռատեսության եւ պետության ներսում քաղաքական անպատասխանատվության, որը (Freedom House-ի բնութագրմամբ «մասնակի ազատության» պայմաններում) հենց ներսից է խարխլում խաղաղությունն ու անվտանգությունը: Թերեւս հենց սա նկատի ուներ հայ գրող Դերենիկ Դեմիրճյանն իր հայտնի երկում` բնութագրելով հայերիս: Նա նաեւ եզրակացնում է, թե որտեղի՞ց է գալիս մեր դժգոհությունը եւ համեմատում է մեզ նախահայր Հայկ Նահապետի հետ, որը «զրկել են կյանքի միակ պայմանից՝ ազատությունից»:
Ֆրանցիսկոս պապը համաշխարհային քաղաքականության մեջ արժեքային հեղափոխություն է սկսել՝ նույն շարքին դասելով երիտթուրքերի, նացիստների եւ բոլշեւիկների հանցագործությունները՝ որպես 20-րդ դարի մեծագույն ոճիրներ: Նրանք ազատության մեծագույն խեղդողներն էին: Բայց հնարավոր չէ ճիշտ ընկալվել մեր բոլորովին ոչ կատարյալ աշխարհում, երբ դու միանման ես քվեարկում մերժված վարչակարգերի հետ, իսկ քո «դաշնակիցների» մեջ են նացիզմի դեմ հաղթանակով հպարտ լինելու պատրվակով Ստալինի պաշտամունք վերականգնողները, որոնց «բարձր հովանավորությամբ» հոբելյանից քիչ առաջ ողջ Եվրոպայից հավաքվում է նեոնացիստական «իստեբլիշմենտի» համաժողովը:
Անազատությունը թանկ «հաճույք» է եւ այն «մարսելու» համար մենք ոչ մի պաշար՝ նավթ, գազ կամ այլ «ոչ աշխատանքային» հումք չունենք: Մենք ունենք մեկ պաշար՝ ինքներս մեզ եւ Քաղաքակրթության արժեքները՝ որպես միասնական ամբողջություն: Եվ Հայկ Նահապետը եւս մեկ անգամ «կտապալի» 21-րդ դարի Բելին՝ ձեռք բերելով իր գոյության հիրավի միակ պայմանը՝ Ազատությունը: Այլ ճանապարհ դեպի ապագա Հայոց Պետականությունը պարզապես չունի: