Մարգարիտա Ախվլեդիանի
JAMnews-ի գլխավոր խմբագիր
JAMnews-ը 2016 թվականի մայիսին երևան եկած առցանց հրատարակություն է, որը բացառիկ երևույթ է դարձել Հարավային Կովկասի մեդիաշուկայում։ Հարավային Կովկասի պատմության մեջ առաջին անգամ փորձ է արվել ստեղծել ոչ թե մի երկրի, այլ ողջ տարածաշրջանի լսարանին հասցեագրված լրագրողական ռեսուրս։
Սա չափազանց հավակնոտ և բարդ խնդիր է թեկուզև այն պատճառով, որ JAMnews-ի նյութերը հրապարակվում են հինգ լեզուներով՝ հայերեն, ադրբեջաներեն, վրացերեն, ռուսերեն և անգլերեն։ Համանման փորձի միակ օրինակը Եվրոպայում (թերևս, նաև ողջ աշխարհում) Euronews-ն է։ Բազմալեզվությունը JAMnews-ի հիմնադիրների հանդիպած միակ կամ գլխավոր դժվարությունը չէր։ Շատ ավելի դժվար էր որևէ ընդհանուր բան գտնելը ողջ Հարավային Կովկասի՝ մի տարածաշրջանի համար, որը մյուսներից ավելի ցավագնորեն է տարել Խորհրդային Միության փլուզումը և որտեղ վերջին երեք տասնամյակների ընթացքում ողբերգականորեն սրվել են դարերով կուտակված խնդիրները։
Սակայն անցած տարվա ընթացքում լսարանի ընդլայնման տեմպի ցուցանիշները վկայում են, որ այդ ֆանտաստիկ թվացող խնդիրը լուծելի է։ JAMnews-ն իր սպառողին գտել է Հարավային Կովկասի բոլոր երկրներում։
Ո՞րն է հաջողության գրավականը։
Ըստ երևույթին, ամենակարևոր գործոնն այն էր, որ JAMnews-ը կռահել էր տարածաշրջանում աստիճանաբար տիրապետող միտումը։ Թեև դա այնքան էլ տեսանելի կամ ակնառու չէ։
Վերջին գրեթե երեսուն տարիները տարածաշրջանում ապրող բոլոր հանրությունների համար եղել են իրենց իսկ կայացման-կառուցման ժամանակներ։ Իր հերթին դա եղել է մի կողմից՝ սեփական հանրության և ողջ տարածաշրջանի համար ընդհանուր խնդիրների և նպատակների ձևակերպման փորձ, իսկ մյուս կողմից էլ՝ այն վերաճել է լուրջ տարանջատվության ինչպես տարածաշրջանում, այնպես էլ բուն հանրության ներսում։ Սրա պատճառները շատ էին՝ պատմական և այսրոպեական։
Սակայն 25-30 տարին հենց այն ժամկետն է, որի ընթացքում մի սերունդը փոխարինում է մյուսին։ Հարավային Կովկասի բոլոր հատվածները հենց այս եզրին են մերձեցել։ Հասունացել և կյանք է մտնում մի սերունդ, որը նախ՝ զերծ է խորհրդային անմիջական փորձառությունից, հետո էլ՝ “մեծ” աշխարհի արժեքները մատչելի են նրա համար։ Այդ արժեքների թվում ամենևին էլ վերջին տեղում չեն հարևանների նկատմամբ, այլոց կրոնի ու պատմության հանդեպ հանդուրժողականությունը, միմյանց լսելու և պայմանավորվելու ունակությունը, ուժեղի իրավունքի բացառումը։
Ես հավատում եմ, որ այս աբստրակտ արժեքները միանգամայն գործնական չափումներ էլ ունեն։ Տարբեր տեմպերով և հաղթահարելով սեփական ուրույն խնդիրները՝ տարածաշրջանը շարժվում է և ակտիվորեն քննարկում եվրոպական վեկտորը։
Ու տարեցտարի ավելի պարզ է դառնում, որ այդ գործընթացը՝ եվրոպական քաղաքակրթության հետ ինտեգրումը, չի կարող հաջողակ լինել մեկուսի փորձերով։ Քանի դեռ Հարավային Կովկասի հանրություններն իրենց տարանջատող խնդիրները հաղթահարելու նպատակ չեն դնում՝ նրանք կշարունակեն մնալ յուրաքանչյուրն իր սեփական փակուղում։ Եւ այդ երկրներում ապրող մարդիկ ու հատկապես երիտասարդները հետևողական կլինեն փակուղուց դուրս գալու ելքերի որոնման հարցում։
JAMnews-ը հենց այդ հանրային պահանջմունքին պատասխանելու մի փորձ է։ Պարզ ասած՝ սույն ռեսուրսը հայտնվել է անհրաժեշտ տեղում և ճիշտ ժամանակին։
Ցանկացած ինտեգրում սկսվում է ոչ թե ընդհանուր տնտեսական շահերից, այլ այդ գործընթացի կապակցությամբ գործընկերներին լսելու ունակությունից։ Ցավոք, Հարավային Կովկասի ընթերցող հանրությունը շատ ավելի լավ գիտի, թե ինչ է կատարվում Լոնդոնում կամ Նյու Յորքում, քան Երևանում, Բաքվում կամ Թբիլիսիում։ JAMnews-ը փորձում է ուժերի ներածի չափով լցնել այդ վակուումը։
Ընդհանուր տարածաշրջանային շահերի գիտակցում՝ ահա նրա հաջողության գլխավոր դրայվերը։ JAMnews-ի ռազմավարական նպատակը մի այնպիսի զգացումն է, որպիսին է տարածաշրջանային հայրենասիրությունը։
Սույն խնդիրը ֆանտաստի՞կ է թվում Հարավային Կովկասի առնչությամբ։ Ոչ պակաս ֆանտաստիկ էր երկրորդ աշխարհամարտից ընդամենը ինը տարի հետո Եվրոպայում «Ածխի և պողպատի միության» ի հայտ գալը, որն էլ սկիզբ դրեց Եվրոպական Միությանը։
Կասկածամիտները կարող են ասել, որ այդ կազմավորումը մեր աչքերի առաջ ճգնաժամ է ապրում հիմա։ Ու ճիշտ էլ կանեն։ Սակայն ճգնաժամերը բնականոն երևույթ են աճող օրգանիզմի համար։ Դրանց բացակայությունը շատ ավելի վտհանգավոր է, քան ներկայությունը։
Ինտեգրումն ու գլոբալացումը դանդաղորեն, դժվարությամբ, նահանջներով, բայց շարունակվելու են։ Որոշ լրատվամիջոցներ նպաստելու են այդ գործընթացին, որոշներն էլ խոչընդոտելու են։ JAMnews-ն ուզում է լինել առաջինների՝ նպաստողների շարքում։
«Անալիտիկոնի» թանկագին ընթերցողներ։
JAMnews-ը երախտապարտ է հանդեսի խմբագրությանը՝ անմիջականորեն ձեզ հետ խոսելու այս բացառիկ հնարավորության համար։ Մենք ունենք մի ընդհանուր տարածաշրջան, ուստի կա՛ քննարկելու բան։
Բոլորին քաջառողջություն եմ մաղթում նոր տարում։ Ու նաև՝ ավելի շատ դրական լուրեր։