Լաչինի միջանցքի արգելափակման և Արցախի գործնականում ամբողջական շրջափակման ադրբեջանական գործողությունը «հատեց» 100-օրյա սահմանը, և այսօր գուցե չափազանցություն թվա գնահատականը, թե Բաքվի այդ փաստացի պատերազմական գործողությունը մտել է օրերի երկրորդ հարյուրյակի շրջան: Բայց, համենայն դեպս, այն իրավիճակն ու իրադարձությունների զարգացման տրամաբանությունը, որ առկա է այսօր, ցավալիորեն տալիս է այդպիսի ձևակերպումների որոշակի հիմք:
Անցյալ ավելի քան 100 օրերի ընթացքում 100-ի սահմանը հատե՞լ են, արդյոք, ապաշրջափակման՝ Բաքվին ուղղված հորդորներն ու կոչերը, չեմ հաշվել, բայց որ դրանք տասնյակներ են՝ վեր է կասկածից: Սակայն, որքան ավելանում են այդ կոչերը, այնքան ավելանում են նաև Բաքվի տարաբնույթ սադրանքները: Առայժմ վերջինը կապված էր Հայաստանից Արցախ տեղափոխվող քաղաքացիների հանդեպ «ակտիվիստական» հերթական գործողության հետ, երբ այսպես կոչված «էկոլոգները» թույլ չտվեցին ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախ վերադարձող մոտ երեք տասնյակ քաղաքացու վերադառնալ իրենց տները: Արցախի Մարդու իրավունքի պաշտպանն ու մի շարք այլ պաշտոնյաներ այդ գործողությունը դիտարկեցին Արցախը էթնիկ զտման ենթարկելու Ադրբեջանի մտադրության հերթական ակնառու վկայություն: Բաքվի քաղաքականությունն այդ իմաստով առանձնապես քողարկված էլ չէ, թեև, իհարկե, առաջին հայացքից կարող է տարակուսելի թվալ, որ միջազգային հանրության, տարբեր խոշոր դերակատարների հորդորներն ու կոչերը Բաքվին ոչ միայն չեն զգաստացնում, այլ հակառակը՝ ամենևին հետ չեն պահում նոր սադրանքներից:
Խորքային առումով, սակայն, Բաքվի վարքը տարակուսելի չէ: Միջազգային իրավիճակն Ադրբեջանի համար ոչ միայն զգաստացնող չէ, այլ հակառակը՝ համաշխարհային քաոսը, միջազգային անվտանգության համակարգի հյուսվածք առ հյուսվածք փլուզվածությունն Ադրբեջանի համար ստեղծել է ուժային գործոնը խաղարկելու և այդ կերպ քաղաքական պայմաններ թելադրելու աննախադեպ պարարտ հնարավորություն: Բաքվի իշխանությունը փորձում է քայլ առ քայլ օգտագործել այդ հնարավորությունն ամենատարբեր ձևերով ու «պրոֆիլներով»՝ «կաթիլը քար է ծակում» տրամաբանությամբ: Ադրբեջանը, որ 44-օրյա պատերազմից հետո հայտարարում է, թե չկա Արցախի հարց, փորձում է գործնականում հասնել այդ «մտքի» ամրագրմանը և ստեղծել Արցախի հանդեպ իր «ինքնիշխան իրավունքի» իրացման առավելագույնս շատ ու բազմազան նախադեպեր: Բաքուն փորձում է այդ առումով հասնել առավելագույնին, քան դեռ շարունակվում է միջազգային անվտանգության համակարգի փլուզումն, ու դա ապահովում է ուժային գործոնի գրեթե անկաշկանդ կիրառում քաղաքական նպատակների համար:
Ինչ խոսք, այստեղ իրավիճակն ամենևին էլ այնպիսին չէ, որ Իլհամ Ալիևն իրեն կարող է թույլ տալ բացարձակ կամայականություն, բայց շատ բան թույլ տալ՝ ցավոք սրտի, կարող է, համենայն դեպս՝ քանի դեռ գոյություն ունի թե՛ ռազմական, թե՛ տնտեսական բալանսի էական խախտվածություն: Միևնույն ժամանակ, ինքնին այդ խախտված հավասարակշռությունը չէր լինի Բաքվի համար կենսունակ, եթե փլուզված չլիներ նաև ուժերի բալանսը խոշոր խաղացողների, այլ կերպ ասած՝ համաշխարհային համակեցության կարգ սահմանող և պահող կենտրոնների միջև: Ադրբեջանն օգտվում է հավասարակշռության հենց այդ խախտումից, իսկ Հայաստանի ու Արցախի հանդեպ իր բալանսային առավելությունը՝ ընդամենը օգտագործում:
Կան գնահատականներ, որ դա մի իրավիճակ է, երբ Ալիևի ձգած ռետինն ի վերջո կտրվելու է: Անշուշտ, այդ հեռանկարն անհավանական չէ, բայց միայն այն դեպքում, եթե Ադրբեջանի նախագահի գործողություններում ոգևորությունը գերակշռի հաշվարկին: Դժվար է ստույգ գնահատել դրանց հարաբերակցությունը նրա մոտ, բայց քանի դեռ չկա Ալիևի ապամարդկային, ապաքաղաքակրթական, հակաիրավական և փաստացի պատերազմական գործողությունների հանդեպ որևէ առարկայական պատասխանատվության մեխանիզմի գործարկում, որևէ պատասխանատվություն սահմանելու և հետևանք առաջացնելու կոնկրետ գործողություն, մնում է ենթադրել, որ հաշվարկը գոնե առայժմ գերազանցում է «ոգևորությանը»: Ինչ խոսք, ցանկացած հաջորդ պահի դա կարող է փոխվել, և ռետինը կարող է կտրվել, բայց առայժմ նա ոչ միայն անպատիժ ձևով ավելի քան 120 հազար արցախցու մատնել է մարդասիրական ճգնաժամի, այլև փորձում է այդ հանգամանքը կապիտալիզացնել այլ ուղղություններով:
Հավանաբար, այդ շարքին է հնարավոր դասել նաև այն, որ մարտի 30-ից Ադրբեջանը դիրքեր զբաղեցրեց Լաչինի միջանցքի սկզբնամասի՝ Հայաստանի սահմանի Տեղ գյուղին հարակից տարածքներում: Մի կողմից դա Հայաստանի և Արցախի հետ՝ Լաչինի միջանցքով նոր երթուղի սահմանելու պայմանավորվածության շրջանակում է, որը, մասնավորապես, ամրագրված է նոյեմբերի 9-ի՝ հայ-ռուս-ադրբեջանական եռակողմ հայտնի հայտարարությամբ, իսկ ավելի մանրամասներով քննարկվել է նախորդ տարի օգոստոսին, մյուս կողմից, սակայն, ինչպես հայտնեց Հայաստանի ԱԱԾ-ն, Ադրբեջանն ավելի է եկել առաջ, քան պետք է լիներ ըստ պայմանավորվածության: Հետո հայտարարեցին բանակցելու և իրավիճակի «էական բարելավման» մասին, սակայն դրանք ավելի շուտ թողնում են «կոսմետիկայի» տպավորություն: Իսկ բուն խնդիրը շարունակում է լինել այն, որ Ադրբեջանն օգտվում է այն մեծ դիմակայություն-պատերազմից, որ համաշխարհային ազդեցության գոտիների և ռեսուրսների վերաբաշխման համար ընթանում է ուժային կենտրոնների միջև, ընդ որում՝ առայժմ դրսևորելով ավելի թեժացման և ընդլայնման միտումներ:
Այդ հանգամանքն, օրինակ, Ռուսաստանի համար մի կողմից բարձրացնում է Ադրբեջանի դերը, մյուս կողմից՝ Արցախում խաղաղապահ-ռազմական ներկայության, այդ թվում նաև Ադրբեջանի հանդեպ ճնշման գործիք ունենալու անհրաժեշտությունն ընդգծում: Այդ իմաստով ստացվում է բավականին հակասական վիճակ՝ Արցախում խաղաղապահ, փաստացի ռազմական ներկայությունը Բաքվի հանդեպ Մոսկվայի ճնշման, թերևս, եզակի լծակներից է, մյուս կողմից, սակայն, այսօր Ադրբեջանն է ավելի շատ ճնշման տակ պահում ռուս խաղաղապահներին: Իսկ այդ «պարադոքսի» պատճառն էլ այն է, որ Ռուսաստանը, լինելով գլոբալ պատերազմի առաջնագծում, ունի Ադրբեջանի կարիքն ավելին, քան Ադրբեջանը՝ Ռուսաստանի: Որովհետև, պատերազմի և դրա հետևանքով տնտեսական պատժամիջոցի տակ գտնվող Ռուսաստանի համար կենսական և ռազմավարական խնդիր է տնտեսական ու ենթակառուցվածքային, աշխարհատնտեսական վերադասավորումը, ինչի հարցում Կովկասը և, մասնավորապես, Ադրբեջանը էական գոտի են:
Իլհամ Ալիևը փորձում է շահավետ խաղալ, որովհետև միայն Մոսկվան չէ, որ ունի Ադրբեջանի հետ աշխատանքի կարիք: Բաքվի կարիքն ունի, օրինակ, Իսրայելը՝ առնվազն Իրանի հանդեպ պլացդարմի նկատառումով, թեև՝ ոչ միայն, նաև Եվրաատլանտյան բևեռի առանցքային երկու խաղացողները՝ ԱՄՆ-ն ու Բրիտանիան, իհարկե՝ ոչ աներկբա միատարր պատկերացումով, բայց զգալի ընդհանրականությամբ: Ադրբեջանը նրանց համար էլ գործընկեր է Կովկասում՝ թե Ռուսաստանի, թե՛ Իրանի առաջ խնդիրներ դնելու տեսանկյունից: Չծավալվեմ դեպի կենտրոնասիական ուղղություն՝ նրանց ռազմավարությունների ճանապարհին Բաքվի «պլացդարմային» նշանակության հարցում: Դա է նաև պատճառը, որ չնայած հորդորներին, որ Արևմուտքից ուղղվում են Ալիևին, չկան նրա հանդեպ պատժամիջոցներ կամ դրանց վերաբերյալ զգուշացումներ ու սպառնալիքներ: Դա չի նշանակում, որ կոչերը և հորդորները կեղծ են: Պարզապես, դրանք առնչվում են հարցի, որը երկրորդական է՝ ավելի մեծ և կարևոր խնդիրների հանդեպ:
Նույն կերպ Ռուսաստանն էլ կուզեր, որպեսզի որևէ բան չստվերեր իր խաղաղապահ մանդատը, կասկածի տակ չդներ իր՝ մոդերատորական կարողությունը, բայց դարձյալ՝ Արևմուտքի հետ, մեղմ ասած, հակադրության և փաստացի պատերազմի պայմաններում Ադրբեջանի հետ չլարվելն ու չհակադրվելը Մոսկվայի համար առավել կարևոր նպատակ է, քան Արցախում այսպես կոչված ռուսական խաղաղապահների պատասխանատվության գոտու անթերիության համար Բաքվի հետ լարվածության ռիսկ պարունակող քայլերի գնալը, եթե անգամ լինի այդպիսի քայլերի գործնական հնարավորություն:
Ադրբեջանի հետ լարված է Իրանի հարաբերությունը, բայց, այդուհանդերձ, Թեհրանը ևս ունի Բաքվի հետ բախումից զերծ հեռանկարների կարիք: Ավելորդ է խոսել Թուրքիայի մասին:
Մարտին միջազգային կարգի իր պլանն ու պատկերացումը ներկայացրեց Պեկինը՝ երկրի ներսում Սի Ցզինպինի գրեթե կայսերական իշխանության հարցը լուծելուց հետո: Իսկ այդ համատեքստում աճելու է նաև Կովկասի հանդեպ Չինաստանի ուշադրությունը, ինչի վկայություն էր, ի դեպ, այն, որ Հայաստանում Չինաստանի դեսպանն օրեր առաջ ծավալուն հոդված հրապարակեց, որի առիթը հայ-չինական դիվանագիտական հարաբերության 31-ամյակն էր, սակայն պատճառը թերևս Չինաստանի աճող հավակնությունն էր: Իսկ Կովկասի հանդեպ հավակնությունը աներկբա անցնում է ոչ միայն Հայաստանով, այլ նաև Ադրբեջանով հետաքրքրվածության «թելով»:
Հատկանշական է, որ Չինաստանի աշխուժացման և այդ համատեքստում նաև նախագահ Սի Ցզինպինի Մոսկվա կատարած հանգրվանային այցի ֆոնին Ռուսաստանն էլ ավելացնում է Կովկասում հաղորդակցային ռեժիմի վերականգնման ուղղությամբ աշխատանքը: Այդ համատեքստում էր նաև բոլորովին վերջերս ՌԴ փոխվարչապետ Օվերչուկի այցը Հայաստան, և Լավրովի այցը Անկարա: Օվերչուկն, ինչպես հայտնի է, հայ-ռուս-ադրբեջանական եռակողմ աշխատանքային խմբում ՌԴ ներկայացուցիչն է: Խումբը փոխվարչապետերի մակարդակով զբաղվում է հենց հաղորդուղիների խնդիրներով: Ի դեպ, ուշագրավ է, որ Օվերչուկի Հայաստան այցից երկու օր անց Հայաստանի վարչապետը զանգահարել է ՌԴ նախագահին: Ահա այս խաչաձև և, իհարկե, զգալիորեն բարդ ու բազմաշերտ իրավիճակում Ալիևը փորձում է օգտվել բևեռացված դիմակայությունից՝ դիտելով այն «ուժի խոպան», և նպատակ ունենալով մեծերի առևտրի մեջ հնարավորինս մեծացնել իր շահաբաժինը, իհարկե՝ ամենևին զերծ չլինելով որևէ սահմանից «դուրս գալու» ռիսկից:
Ամբողջ հարցն այն է, որ այսօր ռիսկի մեծ գործոնը առկա է ըստ էության բոլոր խաղացողների համար՝ մեծ, թե փոքր: Եվ այստեղ ակնառու է դառնում, որ Հայաստանն ու Արցախը ունեն իրենց շուրջ խաղի տրամաբանությունը փոխելու մեկ ճանապարհ կամ ելակետ՝ առավելագույնն անել Ադրբեջանի հետ անհավասարակշռությունը հնարավորինս «կրճատելու» համար, այդ կերպ սահմանափակելով այդ հանգամանքն օգտագործելու և համաշխարհային կյանքի անհավասարակշռությունից օգտվելու Ադրբեջանի հնարավորությունը: Այդ հնարավորության սահմանափակումն է, որ հայկական կողմին թույլ կտա շատ թե քիչ գործնականացնել այն միջազգային մեխանիզմների հեռանկարները, որոնց մասին խոսվում է՝ որպես Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով Արցախի էթնիկ զտման վտանգը կանխարգելող և կայունությունն ամրացնող գործիք, դրա միջոցով նաև ստեղծելով խաղաղապահ առաքելության արդյունավետության մասին գործնականում մտածելու խթաններ նաև Մոսկվայի համար:
Այդ կերպ է, որ հնարավոր կլինի թելադրելու ռեժիմից Ադրբեջանին բերել խոսելու դաշտ, կամ գործնականացնել «անջատում հանուն փրկության» սկզբունքի միջազգային շրջանառության հեռանկարները: Բայց, դրա համար ներհայկական միջավայրում բացակայում է կարևորագույնը՝ միմյանց հետ խոսելու, միմյանց լսելու, մոտեցումների և տեսակետների բազմազանությունից ստեղծարար էներգիա դուրս բերելու կարողությունը: Մինչդեռ, գերազանցապես այդ կարողության գործնական դրսևորումը կարող է լինել Հայաստանի և Արցախի սուբյեկտային այցեքարտի խոսուն բաղադրիչը:
Հակոբ ԲԱԴԱԼՅԱՆ
Լրագրող
Երևան