Թուրքիայում մայիսի 14-ին նշանակված նախագահական ընտրությունները, ամենայն հավանականությամբ, կանցկացվեն երկու փուլով։ Հանրապետության ղեկավարի պաշտոնի երկու հիմնական հավակնորդների՝ գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ընդդիմության առաջնորդ Քեմալ Քլչդարօղլուի վարկանիշների տարբերությունը, ըստ Sonar-ի անցկացրած հարցման, կազմում է մոտ 2 տոկոս։
Ներկայում Էրդողանի օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 42,8 տոկոսը, Քլչդարօղլուի օգտին՝ 40,9 տոկոսը։ Հաշվի առնելով ընտրազանգվածի չկողմնորոշված ներկայացուցիչների ձայների բաշխվածությունը՝ Թուրքիայի գործող նախագահը կարող է հույս դնել ձայների 46,1%-ի վրա, ընդդիմության միասնական թեկնածուն՝ 44,1%, ինչը բավարար չէ առաջին փուլում հաղթելու համար. Gercek Gundem պորտալը երկուշաբթի հրապարակել է հարցումների տվյալները։
Sözcü հեռուստաալիքն իր հերթին մեջբերում է Gezidzhi ընկերության ղեկավար Մուրադ Գեզիջիի կարծիքը, ըստ որի Էրդողանն այսօր կարող է հավաքել մոտ 40 տոկոս ձայն։
«Էրդողանը նախագահ է ընտրվել 2018 թվականին՝ հավաքելով ձայների 52 տոկոսը, այսօրվա դրությամբ նա կարող է հավաքել մոտ 40 տոկոս, մենք ուշադիր հետևում ենք հարցումներին, դրանցից ոմանք ցույց են տալիս, որ Էրդողանը փոքր-ինչ առաջ է Քլչդարօղլուից կամ նրանք հավասար են: Վերջին ընտրություններում Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության օգտին քվեարկած ընտրողների 20 տոկոսն այսօր իր ձայնը չի տա»,- ասում է սոցիոլոգը՝ չբացառելով ընտրություններում Քլչդարօղլուի հաղթանակը։
Թուրքիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում հաղթելու համար անհրաժեշտ է հավաքել ձայների առնվազն 50%-ը գումարած մեկ։ Շատ սոցիոլոգներ նման արդյունքը քիչ հավանական են համարում։ Այս դեպքում ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի մայիսի 28-ին։ Առավելագույն ձայներ հավաքած թեկնածուն հաղթող կճանաչվի։