Մարտի 28-30-ը ԱՄՆ հովանավորությամբ, առցանց տեսաժողովի միջոցով, տեղի ունեցան «Հանուն ժողովրդավարության» երկրորդ գագաթնաժողովի լիագումար նիստերը։ Այս տարի Սպիտակ տունը գագաթնաժողովին հրավիրել էր 121 երկրի ղեկավարի։ Միջոցառմանը մեր տարածաշրջանից ներկա էին Հայաստանը և Վրաստանը։ Ակնհայտ պատճառներով Թուրքիան, Ադրբեջանը և Իրանը գագաթնաժողովին չէին մասնակցում։ Հայաստանը մասնակցել էր նաև 2021 թվականի «Հանուն ժողովրդավարության» առաջին գագաթնաժողովին։ Այս տարի ԱՄՆ-ի հետ գագաթնաժողովի համանախագահներն էին Կոստա Ռիկան, Հարավային Կորեան, Նիդերլանդները և Զամբիան։
Ինչպես և սպասվում էր՝ միջոցառման մեխը ելույթն էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի, որը Սպիտակ տուն տեղափոխվելուց հետո ողջ աշխարհում մարդու իրավունքների և ժողովրդավարության առաջընթացն ապահովելն իր վարչակազմի գլխավոր նպատակներից մեկն է հայտարարել։ «Մենք փոխեցինք իրավիճակը։ Ինչպես ես հաճախ ասում եմ՝ մենք գտնվում ենք պատմության շրջադարձային փուլում, երբ այսօր կայացվող որոշումներն առաջիկա մի քանի տասնամյակների կտրվածքով ազդելու են աշխարհի զարգացման ընթացքի վրա»,- հայտարարեց Բայդենը՝ դիմելով գագաթնաժողովի մասնակիցներին։
Ամբողջ աշխարհում ժողովրդավարության առաջընթացի համար պայքարի վճռականությունն ԱՄՆ-ի նախագահը, այլ բաների թվում, հաստատեց նաև ֆինանսական ներդրումների ավելացման մասին հայտարարելով։ Այսպես, եթե 2021 թվականին, նախորդ գագաթնաժողովի արդյունքներով, Բայդենը հայտարարեց ԱՄՆ-ի կողմից այդ նպատակի համար 400 միլիոն դոլոր հատկացնելու մասին, ապա այս տարի այդ թիվը հասցվեց 690 միլիոնի։ Ըստ ԱՄՆ նախագահի, այդ միջոցները կուղղվեն կոռուպցիայի դեմ պայքարին, ազատ և արդար ընտրություններին աջակցությանը և ժողովրդավարական կառավարություններին սատարող տեխնոլոգիաների զարգացմանը։ Կարևոր է ընդգծել, որ արդեն առանձին հաղորդագրությամբ Սպիտակ տունը հայտարարեց, թե 2022, 2023 и 2024 թվականներին Վաշինգտոնն ամբողջ աշխարհում ժողովրդավարության, մարդու իրավունքների և առավել արդյունավետ կառավարման աջակցության համար ներդրել և պատրաստվում է ներդնել մոտ 9,5 միլիարդ դոլար։
Սակայն, հավանաբար, միջոցառման գլխավոր տեղեկատվական առիթը դարձավ դրա ամփոփիչ հռչակագիրը։ Ավելի ճիշտ՝ որ այն ստորագրեց մասնակից 121 երկրներից ընդամենը 73-ը։ Եթե համառոտ, ապա՝ հռչակագիրը ներառում էր ժողովրդավարության հիմնական սկզբունքներին, օրինակ՝ ազատ և արդար ընտրություններին աջակցությունը, սատարում էր մարդու իրավունքները խախտողներին պատասխանատվության ենթարկելուն և ընդունում էր Միջազգային քրեական դատարանի կարևորությունը, ինչպես նաև կոչ էր անում Ռուսաստանին պատասխանատվության ենթարկել Ուկրաինա ներխուժելու համար։ «Ամբողջ աշխարհում ժողովրդավարության աճող մարտահրավերներին դիմակայելու նպատակով մենք պարտավորվում ենք ամրապնդել ժողովրդավարական հաստատություններն ու գործընթացները և մեծացնել դրանց կայունությունը»,-հռչակում էր փաստաթղթի պարբերություններից մեկը։
Այսպես, թե այնպես, սակայն ժողովրդավարական հաստատություններն ու գործընթացներն ամրապնդելու վճռականություն ցուցաբերեցին գագաթնաժողովի ոչ բոլոր մասնակիցները։ Իսկ որոշներն էլ հռչակագրին աջակցեցին վերապահումներով՝ նշելով փաստաթղթի որոշ կետերի հետ իրենց անհամաձայնությունը։ Օրինակ, տասներկու երկրներ, որոնց թվում՝ Հնդկաստանն ու Իսրայելը, հրաժարվեցին այն պարբերությունից, որը սատարում էր մարդու իրավունքները խախտողներին պատասխանատվության ենթարկելը և ընդունում էր Միջազգային քրեական դատարանի կարևորությունը։ Սա վկայում է երկրորդ գագաթնաժողովի մասնակիցների կողմից ժողովրդավարության ոչ միանշանակ ընկալման մասին։ Ինչը, ըստ ամենայնի, միջոցառման գլխավոր խնդիրն էր։ Դատելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցչի հետագա հայտարարությունից՝ դա ընդունեցին նաև գագաթնաժողովի կազմակերպիչները. «Հռչակագիրը բաց է, և մյուս երկրները դեռևս կարող են միանալ նրան։ Ինչպես և ցանկացած համատեղ հայտարարության դեպքում, բանակցությունները երբեմն կարող են լինել լարված։ Այս դեպքում մենք գործ ունեինք չափազանց մեծ թվով կառավարությունների հետ»։
«Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովի հռչակագրին վերապահումով է միացել նաև Հայաստանը։ Այս առիթով ՀՀ կառավարությունը հատուկ պարզաբանում տարածեց, որում նշվում էր, որ Երևանը, մասնավորապես, չի պաշտպանում Ուկրաինայի իրավիճակին վերաբերող կետը, «քանի որ սույն պարբերությունը համապարփակ և ընդգրկուն կերպով չի արտացոլում բոլոր հակամարտություններն ու ճգնաժամերը և չի անդրադառնում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ագրեսիայի դրսևորման և Հայաստանի ինքնիշխան տարածքի որոշակի հատվածների օկուպացման փաստին»։
Հռչակագրի «ուկրաինական» հատվածում առկա է մասնակիցների պատրաստակամությունը՝ ընդունելու ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար սկզբունքները, համաձայն որոնց բոլոր պետություններն իրենց միջազգային հարաբերություններում պետք է զերծ մնան ցանկացած պետության տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության դեմ ուժի սպառնալիքից կամ կիրառումից և իրենց միջազգային վեճերը կարգավորեն խաղաղ միջոցներով: Ցավ է հայտնվում «Ուկրաինայի դեմ Ռուսաստանի Դաշնության ագրեսիայի հետևանքով ի հայտ եկած մարդու իրավունքների և մարդասիրական սարսափելի հետևանքների համար, ներառյալ ողջ Ուկրաինայում կրիտիկական ենթակառուցվածքների դեմ շարունակական հարձակումները, որոնք ավերիչ հետևանքներ ունեն խաղաղ բնակչության համար»։
Հռչակագիրը նաև Ռուսաստանին է հասցեագրում պահանջ՝ անհապաղ, ամբողջությամբ և անվերապահորեն դուրս բերելու իր բոլոր ռազմական ուժերը Ուկրաինայի՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններով տարածքից, պարունակում է կոչ՝ դադարեցնել ռազմական գործողությունները, զինված հակամարտության կողմերին կոչ է անում հավատարիմ մնալ միջազգային իրավունքով, ներառյալ միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած պարտավորություններին, ամբողջությամբ փոխանակել ռազմագերիներին, ազատ արձակել բոլոր ապօրինի ձերբակալվածներին և վերադարձնել բոլոր ներկալվածներին և բռնի տեղափոխված ու արտաքսված քաղաքացիական անձանց, այդ թվում՝ երեխաներին։ Նաև՝ վճռականորեն աջակցում է Ուկրաինայի տարածքում միջազգային իրավունքով լրջագույն հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելուն՝ ազգային կամ միջազգային մակարդակով պատշաճ, արդար և անկախ հետաքննությունների և քրեական հետապնդումների միջոցով, ինչպես նաև՝ բոլոր զոհերի համար արդարադատության ապահովմանը և ապագա հանցագործությունների կանխարգելմանը:
Գագաթնաժողովում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը հիմնականում բնութագրվում է ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի իրականացումը հետևողականորեն շարունակելու պատրաստակամությամբ՝ ի հեճուկս համաշխարհային և տարածաշրջանային մարտահրավերներին ։ Իբրև այդ բարեփոխումների հաջողության ապացույց՝ Հայաստանի վարչապետը վկայակոչեց Freedom House, «Լրագրողների առանց սահմանների», Economist Intelligence Unit, Energy Trilemma Index 2021 կազմակերպությունների վարկանիշներում երկրի դիրքերի բարելավումը։ Հիշեցնելով 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքի դեմ ագրեսիան, ինչը հանգեցրեց Ադրբեջանի կողմից մեր ինքնիշխան տարածքի մի մասի օկուպացմանը, Փաշինյանն ընդգծեց ժողովրդավարական երկրների միասնականությունը և նրանց կողմից Հայաստանի դեմ ագրեսիայի հստակ դատապարտումը։ Ինչից հետո երախտագիտություն հայտնեց Միացյալ Նահանգներին և մյուս գործընկերներին, որոնք դիվանագիտական միջոցներով օգնեցին կասեցնել Ադրբեջանի հետագա ներխուժումը։
«Հայաստանը խստորեն դատապարտում է մարդու իրավունքների խախտումներն ամբողջ աշխարհում, և մենք շատ բան պետք է անենք միասին՝ կանխելու ցեղասպանությունները, էթնիկ զտումները և վայրագությունները: Այն, ինչ այսօր տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում հայերի հետ, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը և դրա հետևանքով ծառացած հումանիտար ճգնաժամը, միանշանակ ԼՂ-ում հայերի էթնիկ զտումների փորձ է։ Եվ մենք չենք կարող աչք փակել դրա վրա։ Միևնույն ժամանակ, ես կրկնում եմ, որ Հայաստանը հավատարիմ է մնում Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացին։ Մենք համոզված ենք, որ տարածաշրջանի խաղաղ զարգացումն այլընտրանք չունի, և որ ժողովրդավարական արժեքներին հավատարիմ մնալը կօգնի մեզ գտնել ճանապարհ դեպի խաղաղություն»,– ընդգծեց նա։
Ելույթ ունենալով գագաթնաժողովի շրջանակում անցկացվող՝ «Լրատվամիջոցների ազատությունը որպես ժողովրդավարության անկյունաքար» խորագրով միջոցառմանը՝ Փաշինյանը պատրաստակամություն հայտնեց ապագայում ևս լիովին աջակցելու և խթանելու լրատվամիջոցների ազատությունն ու անկախությունը ապահովելուն ուղղված միջազգային ջանքերին։
«Հայաստանը շարունակաբար իրականացնում է իր օրենսդրության բարելավմանն ուղղված բարեփոխումներ, որպեսզի լրատվամիջոցների և լրագրողների համար ապահովվի իրենց մասնագիտական պարտականություններն անվտանգ և ազատ իրականացնելու ավելի լավ միջավայր։ Մենք կարևորում ենք նրա՝ պետությունից անկախ գործելու արժեքը, որը երբեմն տրամադրում է տեղեկություններ այն հարցերի վերաբերյալ, որոնք կառավարությունները կնախընտրեն չհրապարակել: Անցած տարի դրա շնորհիվ Հայաստանն աննախադեպ առաջընթաց գրանցեց Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում՝ բարելավելով իր դիրքը 12 կետով և զբաղեցնելով 51-րդ տեղը 180 երկրների ցանկում։ Freedom House-ի «Ինտերնետի ազատություն 2022» ինդեքսով Հայաստանը 70 երկրների շարքում որակվում է որպես ազատ։ Մենք ոչ մի սահմանափակում չենք դրել լրատվամիջոցների ազատության և համացանցի վրա նույնիսկ 2020 թվականին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված լայնածավալ պատերազմի ժամանակ», – ընդգծեց Հայաստանի վարչապետը։
Այսպես, թե այնպես, աշխարհի ժողովրդավար երկրների շարքին Հայաստանին դասելն արդեն իսկ դրական է։ Եվ դա՝ չնայած մեր երկրում նույն այդ ժողովրդավարությանն առնչվող բազմաթիվ խնդիրների։ Առաջին հերթին դատական, իրավապահ համակարգերում և ընդհանրապես՝ պետական կառավարման համակարգում։ Այլ բաների թվում, «ժողովրդավարական երկրների ակումբին» Հայաստանի մասնակցության փաստն, անշուշտ, բարձրացնում է նաև մեր երկրի կայունության աստիճանը՝ բազմաթիվ մարտահրավերների և սպառնալիքների հանդեպ, որոնք գալիս են ոչ միայն Ադրբեջանից։ Հատկապես այն պայմաններում, երբ մեր տարածաշրջանում անվտանգության «ռուսական» համակարգը, որի մաս շարունակում է լինել Հայաստանը, գոյություն ունի միայն դե յուրե, բայց ոչ երբեք դե ֆակտո։ Դրա վերջին վկայությունը Ադրբեջանի ԶՈՒ առաջխաղացումն է Հայաստանի տարածքում՝ Տեղ գյուղի հատվածում։ Իսկ դա տեղի ունեցավ մարտի 30-ին՝ Լաչինի միջանցքի բուֆերային գոտուց Ռուսաստանի զինվորականների՝ սեփական դիրքերից հերթական նահանջից հետո։
Դավիթ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի
(ՄԱՀՀԻ) ասոցացված փորձագետ
Երևան