Ինչ է ժողովրդավարությունը
Ժողովրդավարությունը սոսկ մեծամասնության կամքի դրսևորմամբ ձևավորված իշխանությունը չէ։ Ժողովրդավարությունը բոլոր քաղաքացիների ազատ կամքի դրսևորումն ու իրավունքների պաշտպանությունն է՝ հիմնված հաշվետու ինստիտուտների ու իրավունքի գերակայության վրա։ Այսպիսի համակարգում գործում է զսպիչների ու հակակշիռների համակարգ ոչ միայն իշխանության երեք թևերի (օրենսդիր, գործադիր, դատական) միջև, այլև անկախ մեդիայի ու քաղաքացիական հասարակության կողմից։ Ժողովրդավարական համակարգում բոլոր քաղաքացիների համար ստեղծված են հավասար ու արդար պայմաններ ապրելու, աշխատելու, ստեղծագործելու ու ինքնադրսևորվելու համար՝ անկախ իրենց առանձնահատկություններից։
Ինչ է «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովը ու ինչու է այն կարևոր
Ժողովրդավարական զարգացումն ու ժողովրդավար երկրների համախմբումը Բայդենի վարչակազմի ուշադրության կենտրոնում է։ «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովը, որն առաջին անգամ կազմակերպվեց 2021 թվականի դեկտեմբերին, նպատակ ունի միավորել ժողովրդավար երկրներին ու միասնականորեն պայքարել ավտորիտարիզմի տարածման դեմ ինչպես պետությունների ներսում, այնպես էլ միջազգայնորեն։ Սա թեև փոքր, բայց կարևոր քայլ է այս ճանապարհին ու ժողովրդավարական համախմբման, միասնության կոչ է ժողովրդավար պետություններին։ Ճգնաժամերը, ինչպիսին են Կովիդ-19-ի համավարակը, Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմն ու Ադրբեջանի հետագա ճնշումներն ու հարձակումները Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա, Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինայի տարածք, ներքաղաքական ճգնաժամերն Ամերիկայում ու այլ ժողովրդավար երկրներում Գագաթնաժողովի անցկացումը դարձնում են հրամայական։ Սակայն սա պետք է լինի ժողովրդավարական ամրապնդմանն ուղղված գործողությունների համախմբի մի մասը միայն։ Սա հատկապես կարևոր է՝ հաշվի առնելով, որ ամերիկյան նախորդ վարչակազմը նախագահ Թրամփի գլխավորությամբ ծայրահեղ պահպանողական էր, թիրախավորում էր ժողովրդավարական օրակարգն ու լիբերալիզմը, իսկ Բայդենյան վարչակազմն իր հերթին որոշում կայացրեց դուրս գալ Աֆղանստանից՝ պետությունն ամբողջովին հանձնելով կրոնական ու ազգայնական Թալիբանի վերահսկողությանը։
Ավտորիտարիզմը կամ հակաժողովրդավար շարժումները գրանցում են հաջողություններ ամբողջ աշխարհում։ Ավտորիտար պետությունները օգնում, համագործակցում, աջակցում են միմյանց ոչ միայն ժողովրդավարական շարժումները ճնշելու գործում, այլ նաև միջազգային ասպարեզում, օրինակ՝ ՄԱԿ-ում։ Այնուամենայնիվ, այս փոխօգնությունը հիմնված է պետություններում արմատացած կոռումպացված էլիտայի նեղանձնական շահերի վրա։ Ավտորիտար պետությունները հուսալի գործընկերներ չեն, սա ապացուցվեց նաև հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում ու ակնհայտ դարձավ հատկապես Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ 2022 թվականի սեպտեմբերյան հարձակումների ժամանակ, որին չհաջորդեցին Ռուսաստանի ո՛չ վերբալ, ո՛չ գործնական քայլերը։ Ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ Ռուսաստանը արգելափակեց նաև Ադրբեջանի դեմ ՄԱԿ Անվտանգության խորհրդի կողմից ընդունվելիք հայտարարությունը։
Freedom House ամերիկյան իրավապաշտպան կազմակերպությունը, որը ևս իր ներդրումն ունի Գագաթնաժողովի կազմակերպման ու քաղաքացիական հասարակության ներգրավման մասով, 2023 թվականի մարտին հրապարակեց «Ազատությունն աշխարհում» զեկույցը, ըստ որի՝ ժողովրդավարությունը նահանջում է արդեն 17 տարի շարունակ։ Եվրոպական տարածաշրջանում Եվրամիության անդամ երբեմնի ժողովրդավար այնպիսի երկրներ, ինչպիսին են Լեհաստանն ու Հունգարիան, ևս նահանջի գոտում են։ Այս երկրներում պոպուլիստական իշխանությունները սահմանափակում են մարդու իրավունքներն ու ազատությունները, թիրախավորում փոքրամասնություններին։ Հարավկովկասյան տարածաշրջանում անցումային շրջանում գտնվող Վրաստանը, որը երկար տարիներ ժողովրդավարության առաջամարտիկն էր, գրանցում է հետընթաց որոշ հետազոտողների կողմից ռուսամետ համարվող իշխող ուժի կողմից ժողովրդավարության այնպիսի կարևոր հենասյուների վրա հարձակումների ու թիրախավորման պատճառով, ինչպիսին են լրագրողներն ու մեդիան, հասարակական կազմակերպություններն ու ակտիվիստները։ Ըստ նույն զեկույցի, Հայաստանի ժողովրդավարության վարկանիշը ևս նվազել է՝ ադրբեջանական հարձակումների պատճառով։
Առաջին ու երկրորդ գագաթնաժողովների արանքում
«Հանուն ժողովրդավարության» երկրորդ գագաթնաժողովին այս տարի մասնակցում են հարյուր քսան պետություններ։ Նախորդ տարվա քննարկման ընթացքում այս երկրները նպատակ ունեին համատեղ պայքարել ավտորիտարիզմի ու կոռուպցիայի դեմ, նպաստել մարդու իրավունքների առաջընթացին ամբողջ աշխարհում։ Հանուն ժողովրդավարության առաջին գագաթնաժողովի ընթացքում մասնակից պետությունները ստանձնեցին որոշակի քաղաքականության պարտավորություններ։ Պետությունները, բացի առաջնորդների կողմից արված հայտարարություններից, նաև հնարավորություն ունեին ներկայացնելու գրավոր պարտավորություններ։ Մասնակից պետությունների մի մասը ներկայացրել է այդպիսի պարտավորություններ, ինչից Հայաստանը ձեռնպահ է մնացել։ Գագաթնաժողովի հաջորդ տարին՝ 2022 թվականը, հռչակվեց «Գործողության տարի»։ Ի թիվս մի շարք ներպետական ու միջազգային պարտավորությունների, Հայաստանը պարտավորվել էր «Ամրապնդել ժողովրդավարությունը թափանցիկության, հաշվետվողականության և կառավարման բարեփոխումների միջոցով»։
Կոռուպցիայի վերաբերյալ թեև Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված 2022 թ․ օգոստոսի զեկույցում խոսվում է առաջխաղացման մասին, այնուամենայնիվ՝ ըստ «Թրանսփարենսի ինթըրնեյշընըլ» միջազգային իրավապաշտպան կազմակերպության հունվարին հրապարակված զեկույցի՝ մի քանի տարի անընդմեջ առաջընթաց գրանցելուց հետո Հայաստանի ցուցանիշը նախորդ տարվա համեմատ երեք միավորով նվազել է՝ հասնելով 46-ի։ Կոռուպցիոն սկանդալների մասին պարբերաբար հրապարակումներ են լինում նաև տեղական մամուլում։ 2022 թվականի նոյեմբերին Մնացական Մարտիրոսյանի ընտրվելը նորաստեղծ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր մեծ քննադատության արժանացավ քաղաքացիական հասարակության ու իրավապաշտպանների կողմից։
«Հանուն ժողովրդավարության» երկրորդ գագաթնաժողովն անցկացնում էին ԱՄՆ-ն, Կոստա Ռիկան, Նիդեռլանդները, Կորեայի ու Զամբիայի հանրապետությունները՝ մարտի 29-30-ին։ Սրանով ԱՄՆ-ն ցանկանում է վերացնել գագաթնաժողովի կազմակերպման հարցում իր մենաշնորհն ու կիսել պարտավորությունը մյուս հրավիրված երկրների հետ։ Ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ գագաթնաժողովը նպատակ ունեն ցույց տալու, որ միայն թափանցիկ ու հաշվետու կառավարությունները կարող են ապահովել խաղաղ, ապահով, արդար ու անվտանգ ապագա։ Սա հատկապես կարևորվում է՝ հաշվի առնելով ավտորիտարիզմի կողմից առանձին ժողովրդավարությունների ու ամբողջ աշխարհին սպառնացող վտանգները։
Երկրորդ գագաթնաժողովին հրավիրվել են ութ նոր պետություններ՝ ընդհանուր հրավիրվածների թիվը հասցնելով 120-ի, ներգրավելով Բոսնիա և Հերցեգովինային, Լիխտենշտեյնին, Կոտ դ՛Իվուարին, Գամբիային, Մաուրիտանիային, Մոզամբիկին, Տանզանիային ու Հոնդուրասին։ Հրավիրված պետություններից մեծ մասն անցումային շրջանում գտնվող պետություններ են ու դեռ շատ աշխատանք ունեն անելու լիարժեք ժողովրդավարություն համարվելու համար։
Ինչու է կարևոր Հայաստանի մասնակցությունն, ու ինչ ակնկալիքներ կան Հայաստանից
«Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովին տարածաշրջանի այլ պետություններ, բացի Հայաստանից ու Վրաստանից, չեն հրավիրվել։ Թեև տարիներ շարունակ Վրաստանը եղել է տարածաշրջանում ժողովրդավարության առաջամարտիկը, այնուամենայնիվ՝ արդեն երկար տարիներ Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը կասկածի տակ է դնում Վրաստանի եվրատլանտյան ինտեգրացիան ու թիրախավորում է մեդիան, քաղհասարակությանն ու փոքրամասնություններին։ Վրաստանը ևս խորհրդարանական հանրապետություն է, բայց հատկանշական է, որ գագաթնաժողովին հրավիրվել է ոչ թե երկրի վարչապետը, այլ նախագահը, ով բազմիցս դեմ է հանդես եկել իշխող ուժի քաղաքականությանը։
«Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովը հնարավորություն է տալիս կառուցելու նոր դաշինքներ, հիմնելու աշխատանքային հարաբերություններ ու քաղաքականության բարեփոխումներ իրականացնել, որոնք կնպաստեն գագաթնաժողովի նպատակների առաջխաղացմանը։ Հայաստանից «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովին ինչպես 2021 թվականին, այնպես էլ 2023-ին, մասնակցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Իր ելույթում ՀՀ վարչապետն անդրադարձել է Հայաստանի վարկանիշին մի շարք միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվող զեկույցներում, ադրբեջանական ճնշումներին ու հարձակումներին Հայաստանի ինքնիշխան տարածքի ու Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ու եզրափակել իր խոսքը՝ վերահաստատելով ՀՀ իշխանությունների պատրաստակամությունը՝ շարունակել ժողովրդավարացման գործընթացը։ ՀՀ վարչապետը ելույթ է ունեցել նաև «Լրատվամիջոցների ազատությունը որպես ժողովրդավարության անկյունաքար» խորագրով միջոցառմանը։ Հատկանշական է, որ ըստ տեղացի մեդիափորձագետների ու քաղհասարակության ներկայացուցիչների՝ վերջին տարիներին մեդիան ամենաթիրախավորված ինստիտուտներից է իշխող ուժի կողմից, որը հանդես է եկել մի շարք նախաձեռնություններով՝ միտված սահմանափակելու խոսքի ու մեդիայի ազատությունները։ ՀՀ վարչապետի այս ելույթները կարևոր աղբյուրներ են մեդիայի, հասարակության ու ՔՀԿ-ների համար՝ գագաթնաժողովի շրջանակներում ստանձնած պարտավորությունների շուրջ հաշվետվողականություն ապահովելու համար։
«Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովի մասին խոսելիս կարևոր է մտքում ունենալ այն հանգամանքը, որ չկան կատարյալ ժողովրդավարություններ։ Գագաթնաժողովն իրար գլուխ է հավաքում ոչ թե ժողովրդավար պետություններին, այլ բոլոր նրանց, ովքեր ցույց են տալիս կամք ու նվիրվածություն այնպիսի արժեքների նկատմամբ՝ ինչպիսին են թափանցիկությունը, իրավունքի գերակայությունը, անկախ մեդիան, մարդու իրավունքներն ու հաշվետվողականությունը։ Ժողովրդավարացումն անընդհատ գործընթաց է, ու միայն ակտիվ քաղաքացիական հասարակության հսկողությամբ, զսպիչների ու հակակշիռների համակարգով ու ժողովրդավարության անընդմեջ ինստիտուցիոնալիզացմամբ է հնարավոր ապահովել զարգացում, խաղաղություն, անվտանգություն։ Փաստը, որը Հայաստանը հրավիրված է այս գագաթնաժողովին, ինքնին կարևոր է երկրի արտաքին քաղաքականության համար՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ, ինչպես ՀՀ վարչապետը հայտարարեց Ժողովրդավարության հայկական առաջին ֆորումի ժամանակ 2022 թվականի մայիսին, «Ժողովրդավարությունը այսօր Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և անկախության երաշխավորման և պահպանման կարևորագույն ու առանցքային գործոնն է»:
Ինչ է սպասվում ապագայում
«Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովը նպատակ ունի դառնալու ամենամյա միջոցառում։ Սա չպետք է դառնա հերթական միջոցառումը, որտեղ առաջնորդները վերացական ելույթներ են ունենում, որոնք չեն համապատասխանում իրականությանը։ Այսօր, երբ ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները վտանգված են ամբողջ աշխարհում, այդ թվում արևմտյան երկրներում, քաղաքացիական շարժումները նոր թափ են ստանում՝ պահանջելով իրական ու չափելի քայլեր ժողովրդավարությունն ու մարդու իրավունքներն ապահովելու նպատակով։ Մասնակից պետությունների, այդ թվում Հայաստանի Հանրապետության կողմից կամք չդրսևորելը, իրական ու նշանակալի բարեփոխումների ընթացքին նոր տեմպ չհաղորդելը կնշանակի, որ անկումը, որում գտնվում է ժողովրդավարությունը նախորդ 17 տարիների ընթացքում, շարունակվելու է՝ վտանգելով բոլորիս միասին խաղաղ ու համերաշխ ապրելու հնարավորությունը։
ԱՄՆ-ն ու Կորեայի Հանրապետությունը արդեն հայտարարել են, որ Կորեան կհյուրընկալի «Հանուն ժողովրդավարության» երրորդ գագաթնաժողովը։ Ժողովրդավարացումը, մարդու իրավունքների պաշտպանությունը, խաղաղ համագոյակցությունը շարունակական պայքար են 21-րդ դարի հասարակությունների համար, ու միայն բոլոր կողմերի՝ պետությունների, քաղաքացիական հասարակության ու մասնավոր կազմակերպությունների ակտիվ համագործակցությամբ ու անկեղծ նվիրումով հնարավոր կլինի ապահովել գագաթնաժողովի նպատակների իրականացումը։
Անդրանիկ ՇԻՐԻՆՅԱՆ
Իրավապաշտպան,
ՀՀ-ում Freedom House իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ
Երևան