«Հենց Երևանում պատրաստ լինեն, մենք կարող ենք վերադառնալ Հայաստանում ՀԱՊԿ-ի առաքելության տեղակայման վերաբերյալ առարկայական հարցերին՝ կապված կոնկրետ մանրամասների հետ», – ապրիլի 12-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Մեջբերելով Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի խոսքերը, Զախարովան հիշեցրեց, որ «Ռուսական կողմը բավարարված է նրանով, որ Հայաստանը պահպանում է հետաքրքրվածությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահներին ընդունելու հարցում»։ Անդրադառնալով նման առաքելության տեղակայման կոնկրետ ժամկետների վերաբերյալ հարցին՝ Զախարովան այն վերահասցեագրեց Երևանին՝ հիմնավորելով, թե «առաքելությունը պետք է տեղակայվի կամ կարող է տեղակայվել Հայաստանում»:
Գործնականում, բառ առ բառ նույնը Ռուսաստանի ԱԳՆ խոսնակը բարձրաձայնել էր մի քանի օր առաջ՝ ապրիլի 6-ին։ Ճիշտ է՝ այն ժամանակ նա իր խոսքերն ամրապնդել էր այն համոզմունքով, թե՝ «այդ քայլը կնպաստի տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը։ Ե՛վ Ռուսաստանը, և մյուս դաշնակիցները պատրաստ են դրան»։
Ապրիլի 10-ին Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն իր հերթին հիշեցրեց ՀԱՊԿ դիտորդական առաքելության պատրաստակամությունը՝ ժամանելու Հայաստան՝ հայկական կողմի պատրաստ լինելուն պես։ «Հիմա այս հարցերը, ինչպես և ասաց Հայաստանի արտգործնախարարը, քննարկվում են, աշխատանքային փուլում են և, կարծում եմ, դրա արդյունքում մենք կիմանանք՝ ինչ որոշման եկանք։ Սա կարող եմ միայն ասել՝ ելնելով իմ ունեցած տեղեկություններից»,- հավելեց նա։
Կասկած չկա, որ Հայաստանի տարածքում սեփական ներկայությունն ապահովելու հարցում ՌԴ-ի այդօրինակ համառությունն իր պատճառներն ունի։ Դրանցից գլխավորը, թերևս, հայկական տարածքներում Եվրամիության երկրորդ քաղաքացիական առաքելության երկու տարով տեղակայումն է։ ԵՄ առաջին՝ երկամսյա առաքելությունն իր աշխատանքն ավարտեց անցյալ տարվա դեկտեմբերին։ Հայաստանում եվրոպացիների տեղաբաշխումը թույլ չտալու Մոսկվայի ձգտումը, նրա ակտիվ հակազդումը դրան, բոլորովին էլ նորություն չեն։ Եվ ՌԴ-ն ձեռնարկել ու ձեռնարկում է բոլոր հնարավոր քայլերը՝ խանգարելու համար Հայաստանում եվրոպական առաքելության աշխատանքին։ Օրինակ, մեր երկրում նաև ՀԱՊԿ առաքելության տեղաբաշխմամբ։
Ի դեպ, ամենևին էլ նոր չէ Հայաստանում Ռուսաստանի նման պահվածքը՝ իբրև յուրատեսակ «պարտիզպանի շուն»։ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, Հայաստանի ու Արցախի դեմ 44-օրյա դավադրության արդյունքները իրավական առումով ամրապնդել փորձող թղթի կտորը ստորագրելուց հետո, Ադրբեջանը բազմիցս գրոհել է Հայաստանի տարածքների վրա։ Բաքվի ամենախոշոր ռազմական սադրանքները տեղի են ունեցել 2021 թվականին՝ երկու անգամ, և 2022 թվականի սեպտեմբերին։ Եվ բառացիորեն վերջերս՝ ապրիլի 11-ին, ադրբեջանական զինվորները փոխհրաձգություն սադրեցին Սյունիքի մարզի Տեղ գյուղի մոտ, որի հետևանքով զոհեր եղան։ Եվ դա՝ Ռուսաստանի ռազմավարական դաշնակից երկրի դեմ։ ՀԱՊԿ անդամ երկրի դեմ։ Մի երկրի դեմ, որը ՌԴ-ի հետ 1997 թվականին կնքել է «մեծ» համաձայնագիր, որում սևով սպիտակի վրա ՌԴ-ն նշված է որպես Հայաստանի անվտանգության երաշխավոր։ Պայմանագիր, որի երկարաձգումը (2010 թվականին) ՌԴ պատասխանատվության գոտին Թուրքիայի և Իրանի հետ սահմանից զատ տարածում էր նաև Հայաստանի ունեցած բոլոր սահմանների վրա։
Դեռևս մինչ 2020 թվականի ադրբեջանական լայնածավալ ագրեսիան Հայաստանը բազմիցս սպառնացել էր օգնության համար դիմել ՀԱՊԿ-ին՝ «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի առանցքային 4-րդ կետի համաձայն։ Այստեղ ասվում է. «Եթե անդամ պետություններից որևէ մեկը ենթարկվի ագրեսիայի որևէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ»: Սակայն ամեն անգամ, Հայաստանի սահմանների և Արցախի դեմ Բաքվի հերթական լոկալ սադրանքից հետո, Մոսկվայից լսվում էր «բարեկամական» խորհուրդ՝ «գետնանցման ժամանակ ձիերին չփոխել» և Պայմանագրի 4-րդ կետը մոռանալ։ Բնականաբար՝ ոչ պաշտոնապես։
2021-22 թվականներից ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի անգործության նկատմամբ Երևանի համբերությունն սկսեց վերջնականապես սպառվել։ Հայաստանը սկսեց պարբերաբար դժգոհություն հայտնել դաշինքից։ Անգործության գագաթնակետը Մոսկվայի փաստացի հրաժարումն էր՝ թեկուզ և ՀԱՊԿ մակարդակով կատարելու դաշնակցի պահանջը, թեկուզ և թղթի վրա դատապարտելու 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելու և բռնազավթելու Ադրբեջանի գործողությունները։ Ի պատասխան՝ Երևանը հրաժարվեց ստորագրել ՀԱՊԿ երևանյան գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթուղթը՝ շեշտադրելով նրանում ադրբեջանական հերթական ագրեսիայի փաստը դատապարտելու բացակայությունը։
Երևանը չեղարկեց Հայաստանի տարածքում ՀԱՊԿ-ի՝ 2023 թվականի համար պլանավորված զորավարժությունների անցկացումը։ Մարտի սկզբին էլ հրաժարվեց այդ ռազմաքաղաքական դաշինքում գլխավոր քարտուղարի տեղակալի իր քվոտայից։ «ՀԱՊԿ-ն, ցանկանալով, թե չցանկանալով, դուրս է գալիս Հայաստանից, ու դա մեզ անհանգստացնում է»,- Հայաստանի դիրքորոշումն այսպես բացատրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Թվում է՝ բացի Արևմուտքի նկատմամբ մշտական խանդից, որը տվյալ կոնկրետ դեպքում պայմանավորված է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայմամբ, եվրոպական դիտորդներին ՀԱՊԿ դիտորդներով լրացնելու Մոսկվայի համառությունը պայմանավորված է գոնե ինչ-որ չափով դեմքը փրկելու փորձերով։ Սեփական անգործությունը ՀԱՊԿ անդամ երկրների դիտորդներով ծածկելով։ Ի պատասխան Մոսկվայի այդ բոլոր հայտարարությունների՝ Երևանը, ի դեմս արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, առայժմ սահմանափակվել է հայտարարելով, թե Հայաստանը չի հրաժարվում առաքելությունից, և որ այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։
Եվս մի կարևոր, շատ բանով իրավիճակը պարզաբանող հայտարարություն արեց Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ապրիլի 13-ին։ Ըստ նրա, Ադրբեջանն ի սկզբանե ձգտում էր վարկաբեկել ՀՀ սահմանին տեղակայված ԵՄ դիտորդներին, և Տեղ գյուղի ուղղությամբ հարձակումը հենց ուղղված էր նաև եվրոպական դիտորդների դեմ։ Գրիգորյանը նաև համոզմունք հայտնեց, որ եվրոպական դիտորդները հնարավորության դեպքում և լրացուցիչ ջանքերով կարող են կայունություն ապահովել։ «2020 թվականի պատերազմից հետո Հայաստանի անվտանգության միջավայրը հայտնվել է շատ խոցելի պայմաններում, և խնդիր էր առաջանում մեր անվտանգային միջավայրի մասին մտածելու․․․Մենք բազմիցս դիմել ենք ՀԱՊԿ-ին, և երբ օգնություն չենք ստացել, միայն այդ ժամանակ ենք փորձել այլընտրանքներ փնտրել։ Եվ նրանք, ովքեր մեզ մեղադրում են, որ մենք արտաքին քաղաքականություն ենք փոխում, ես առաջինը իրենց կմեղադրեի, կասեի՝ դուք մտածեք, մենք ձեզ ենք առաջինը ասել։ Երբ տեսնում ենք՝ չեք լուծում, մենք գնում ենք մեր անվտանգության խնդիրները լուծելու»,- ընդգծել է նա։
Անկասկած, Հայաստանի գլխավոր խնդիրն այսօր սեփական անվտանգության ապահովումն է։ Գոյապահպանական այս խնդիրը ծնունդ է առել առաջին հերթին ազգային անվտանգության հարցերի նկատմամբ Հայաստանի Երրորդ Հանրապետության բոլոր իշխանությունների անպատասխանատու վերաբերմունքից։ Սկսած 1997 թվականին ՌԴ-ի հետ այն նույն «մեծ պայմանագրի» կնքումից, Հայաստանի ղեկավարությունը ազգային անվտանգության հարցում ապավինում էր առաջին հերթին Ռուսաստանին։ Եվ վերջինս ժամանակ առ ժամանակ իր պարտավորությունները հաստատում էր։ Սակայն միայն խոսքերով՝ հավերժական բարեկամության և այլնի մասին քնարական «կենացների դիվանագիտության» մակարդակով։ Եվ, իհարկե, նաև թղթի վրա, որն ամեն ինչի դիմանում է։ Ի հետևանս դրա՝ «տարածաշրջանի ամենամարտունակ բանակն» իրականում գոյություն ուներ միայն նույն թղթի վրա։ Ինչպես իր նախագահության ժամանակ ասում էր Սերժ Սարգսյանը՝ «թղթերով ամեն ինչ ճիշտ է»։ Ցավոք, այս ամենն իր հաստատումը ստացավ Ադրբեջանի 44-օրյա ագրեսիայի ընթացքում։
Սակայն դառնանք անվտանգության ապահովմանը։ Կարելի է ենթադրել, որ այդ գոյապահպանական խնդիրը լուծելու համար Հայաստանն այսօր պատրաստ է իր տարածքում տեղակայել դիտորդներ ոչ միայն ՀԱՊԿ-ից, այլև թեկուզ Պապուա Նոր Գվինեայից։ Միայն թե պայմանով, որ նրանք լինեն արդյունավետ և թույլ չտան նոր սպանություններ սահմաններին և Ալիևի կողմից Հայաստանի տարածքներից նոր կտորների հափշտակում։ Ահա այստեղ էլ ծագում է գլխավոր խնդիրը: ՀԱՊԿ-ի բազմամյա անգործությունը, դաշնակից Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ակնհայտ ագրեսիային ի պատասխան ՌԴ-ի անգործությունը լավագույն դեպքում կասկած են հարուցում ՀԱՊԿ դրոշի ներքո նման առաքելության արդյունավետության վերաբերյալ։
Եվ դրա համար կան լուրջ հիմքեր։ Ռուսաստանն աչք փակեց նույնիսկ հայ ժողովրդի դեմ 44-օրյա ագրեսիային միջազգային ահաբեկիչների մասնակցության վրա, Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրի զինվորականների, իսրայելական հրահանգիչների, պակիստանյան զինվորականների մասնակցության վրա։ Հետևաբար, ոչ մի երաշխիք չկա, որ նույն կերպ ՀԱՊԿ դիտորդները աչք չեն փակի Հայաստանի տարածք ադրբեջանցիների հերթական ներխուժման վրա։ Հապա մտածեք՝ դիտորդներ Ղազախստանից, Ղրղզստանից, Բելառուսից, դե հենց նույն Ռուսաստանից։
Հայաստանում նման դիտորդների ներկայությունն ուղղակի անկարող է լուծել անվտանգության ապահովման խնդիրը։ Տվյալ առաքելության շնորհիվ Հայաստանի վրա հերթական ազդեցության և ճնշման լծակ ստանալը բխում է Մոսկվայի, բայց հաստատ ոչ Երևանի շահերից։ Ինչպես, ի դեպ, նաև մեռելածին ՀԱՊԿ-ին անդամակցությունը։ Ցավոք, մենք Հայաստանում դրանում բազմիցս համոզվելու հնարավորություն ենք ունեցել։
Դավիթ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի
(ՄԱՀՀԻ) ասոցացված փորձագետ
Երևան