2020 թ․ Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ակտիվ փուլի ավարտից հետո Ադրբեջանը որդեգրել է նոր քաղաքականություն, որի նպատակը ուժի սպառնալիքի միջոցով Արցախի վերջնական բռնակցումը և Հայաստանի ինքնիշխանության հնարավորինս սահմանափակումն է։ 2020 թ․ նոյեմբերին հաջորդած և մինչ օրս շարունակվող տեղային ռազմագործողությունների և ագրեսիվ դիվանագիտության մարտավարությունը, որը վարում է Ադրբեջանը, լրջագույն ապակայունացնող գործոն է և, մեծ հավանականությամբ, կարող է հանգեցնել ավելի լայնածավալ բախման։ Ըստ որում, կարևոր է ընդգծել, որ Ադրբեջանի որդեգրած ռազմավարությունը, որից էլ բխում են այս քայլերը, ենթադրում է նոր պահանջների առաջքաշում հերթական հաջողություն գրանցելուց հետո, և չի պարունակում իրական փոխզիջումային քաղաքականության որևէ տարր։
- 2020 թ․, մինչև նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նախանշված «Լաչինի, Աղդամի, Քելբաջարի շրջանները Ադրբեջանին վերադարձնելը», այն է՝ Արցախի Հանրապետության Քաշաթաղի, Շահումյանի և Ասկերանի, Մարտակերտի ու Մարտունու շրջանների որոշ հատվածների փոխանցումը, Ադրբեջանը նոր ագրեսիայի փորձեր չիրականացրեց։ Նոյեմբերի 16-ին Արցախից բռնազավթված տարածքներ այցի ընթացքում Ի. Ալիևը հայտարարեց, թե «ներկայումս հակամարտության քաղաքական լուծման փուլն է … ռազմական փուլն ավարտվել է»։ Ամեն նոր շրջանի նկատմամբ վերահսկողություն հաստատելուց հետո նկատվում է Ալիևի հռետորաբանության սրացում։ Դեկտեմբերի 1-ին համաձայնագրով նախատեսված վերջին՝ նախկին Լաչինի շրջանի նկատմամբ վերահսկողություն հաստատելուց հետո Ի. Ալիևն իր ելույթում արդեն խոսում է Արցախի մնացած հատվածի նկատմամբ վերահսկողություն հաստատելու իրենց ծրագրերի մասին։ Հայտարարությունից հետո մեկնարկում է «գործնական» փուլը, որի շրջանակներում Ադրբեջանը ձեռնարկեց նոր ագրեսիա՝ բռնազավթելով Հադրութի շրջանի՝ պատերազմի ընթացքում չօկուպացված հատվածը (Խծաբերդ, Հին Թաղեր)։ Այս ագրեսիայի ընթացքում, ինչպես գիտենք, Ադրբեջանը, բացի տարածքների բռնազավթումից, նաև պատանդառեց ավելի քան 60 հայկական զինծառայողի՝ նրանց նույնպես օգտագործելով որպես ճնշման գործիք։
- Համաձայնագրի ստորագրումից հետո, մինչև վերը նշված շրջանների վրա վերահսկողություն հաստատելը, Իլ. Ալիևն իր ելույթներում Արցախի մասին խոսելիս կիրառում էր «Լեռնային Ղարաբաղ» եզրույթը։ Սկսած 2021 թ.-ից, սակայն, Ալիևը փոխում է հռետորաբանությունը՝ նշելով, թե «Լեռնային Ղարաբաղ» անվամբ առանձին վարչական միավոր չկա և չի էլ լինելու։
- 2020 թ․ դեկտեմբերի կեսին Արցախի Քաշաթաղի շրջանի՝ ՀՀ Սյունիքի մարզին հարող հատվածներից հայկական զինծառայողների հետ քաշվելուց և Գորիսի ու Կապանի ուղղություններով Ադրբեջանի ԶՈւ առաջխաղացումից հետո՝ 2021 թ․ մարտ-ապրիլ ամիսներից սկսած Ադրբեջանը նախաձեռնեց նախ Կապանի հատվածում, ապա նաև Գեղարքունիք-Սյունիք գրեթե ողջ գծով Հայաստանի տարածքների բռնազավթման գործողություններ։ 2022 թ․ այս ագրեսիվ քաղաքականության շարունակությունը եղավ սեպտեմբերի ռազմական ագրեսիան։ Արդյունքում Ադրբեջանը բռնազավթեց Հայաստանի այլ տարածքներ ևս, այդ թվում, ինչպես գիտենք, Ջերմուկի հատվածում։
- Ադրբեջանի՝ ուժի կիրառման և սպառնալիքի քաղաքականության վառ դրսևորումներ են նաև 2022 թ․ ընթացքում Արցախի դեմ իրականացված ագրեսիայի ակտերը, այդ թվում՝ մարտին Փառուխի գործողությունը, օգոստոսին Արցախի արևմուտքում նոր տարածքների զավթումը, ինչպես նաև դեկտեմբերից սկսված և մինչ օրս շարունակվող շրջափակումը։
2023 թ․ ևս Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիվ քաղաքականությունը։ Ըստ որում, Ադրբեջանի կողմից ընտրված այս մարտավարության անկյունաքարային կողմերից մեկը Հայաստանի և Արցախի բնակչության նկատմամբ սպառնալիքի միջոցով հոգեբանական ճնշման քաղաքականությունն է։ Այսպիսով, Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը և որդեգրած մարտավարությունը նպատակ ունեն հարվածելու միաժամանակ մի քանի թիրախի՝ հնարավորինս ապահովելով Ադրբեջանի ռազմավարության ամբողջական իրագործումը։ Նշվածը ենթադրում է նաև անընդհատ ընթացիկ պահանջների առաջքաշում, որոնք նպատակ ունեն տպավորություն ստեղծելու, թե հենց Ադրբեջանի կողմից մատնանշված խնդիրներն են իր ագրեսիայի պատճառը, և Հայաստանի կողմից դրանց «վերացումը» կբերի կայունացման։
- 2021 թ․ հունվարի 5-ին ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանի Արցախ կատարած պաշտոնական այցից հետո Ադրբեջանի ԱԳՆ-ն այն որակում է «անօրինական», իսկ նախագահ Ի․ Ալիևը հայտարարում, թե «եթե նման սադրիչ քայլերը կրկնվեն, Հայաստանն էլ ավելի կզղջա», Ադրբեջանի պատասխանը «շատ կոշտ կլինի» և այլն։ Փաստացի Ալիևը պահանջում է ՀՀ պաշտոնյաներից դադարեցնել Արցախ այցերը՝ սպառնալով ՀՀ-ի համար «վատ ելքով», և միաժամանակ փորձում ստեղծել տպավորություն, որ այցերի դադարեցումը կնպաստի Ադրբեջանի կառուցողական դիրքորոշմանը։ Հետագայում տևական ժամանակ պաշտոնական, հանրային լուսաբանմամբ այցեր չեն եղել։ Նշվածը, սակայն, չի խանգարում, որ Ադրբեջանը շարունակի իր ագրեսիվ քաղաքականությունը, այդ թվում՝ վերը նշված ռազմագործողությունները, Արցախի և ՀՀ տարածքների զավթումները։ Ըստ որում, նշված գործողություններին զուգահեռ, սկսած 2021 թ. ապրիլից, Ի. Ալիևն ակտիվացնում է Հայաստանի տարածքների զգալի մասի՝ «ադրբեջանական պատմական տարածքներ» լինելու մասին քարոզչական կեղծ թեզի շրջանառումը։ Նա նաև նշում է, որ իրենց խնդիրն է թույլ չտալ, որպեսզի հայկական բանակը կրկին հզորանա։
- Որպես նմանատիպ օրինակ կարող ենք քննարկել նաև Արցախի շրջափակմանը զուգահեռ արդեն նախկին պետնախարար Ռ․ Վարդանյանի վերաբերյալ Բաքվի քարոզչությունը և պահանջները։
Նմանատիպ օրինակները բազմաթիվ են, սակայն, ակնհայտ է, որ Ադրբեջանի կողմից նշված ընթացիկ պահանջների կատարումը որևէ կերպ չի նպաստում և չի էլ նպաստելու խնդրի կարգավորմանը։ Նշվածը վերաբերում է թե՛ ընդհանրապես առկա խնդիրներին, թե՛ ընթացիկ զարգացումներին, որոնք ամբողջական պատկերի մաս են կազմում։ Որպես օրինակ դիտարկենք 2023 թ․ մարտին Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհի՝ արգելափակված Շուշիի հատվածը շրջանցող գրունտային ճանապարհին Ադրբեջանի իրականացրած ագրեսիայի ակտերը։ Ինչպես գիտենք, նշված ագրեսիայի արդյունքում զոհվեցին Արցախի ոստիկանության ծառայողներ, գրավվեցին Արցախից նոր տարածքներ՝ ճանապարհին մոտ։ Ադրբեջանն իբրև պատճառ փորձում է ներկայացնել զինտեխնիկայի, զինծառայողների, զինամթերքի փոխադրումները այդ ճանապարհով։ Իրականում պարզ է, սակայն, որ պատճառը Արցախը շրջափակման մեջ պահելն է։ Եթե ձմռանը ավելի բարդ էր գրունտային ճանապարհով անցնել, ապա գարնանը արդեն շինաշխատանքներ էին սկսվել։ Ժամանակի ընթացքում շրջանցող հատվածը կարող էր վերածվել արդյունավետ այլընտրանքային ճանապարհի, և միջանցքի Շուշիի հատվածի արգելափակումը կդադարեր Ադրբեջանի ձեռքում արդյունավետ ճնշման գործիք լինելուց։ Մյուս կողմից, այս ագրեսիայի ակտերը, Արցախում գյուղատնտեսական աշխատանք իրականացնող մարդկանց վրա կրակելը նպատակ ունեն սրել վախի մթնոլորտը։
Եթե նմանապես դիտարկենք առհասարակ Արցախի շրջափակման հարցում Ադրբեջանի քարոզչությունը, ապա կարող է թերի տպավորություն ստեղծվել, թե Ադրբեջանը Լաչինի միջանցքն արգելափակում է պարզապես «Զանգեզուրի միջանցք» ստանալու նպատակով, կամ ընդհակառակը, և կամ Ադրբեջանը Հայաստանի տարածքներ է զավթում՝ ստիպելու զիջումների գնալ կրկին «Զանգեզուրի միջանցքի», Արցախի կարգավիճակի և այլ հարցերում։ Թեև այս պնդումներն առանձին սխալ չեն, սակայն աղճատում են Ադրբեջանի վերջնանպատակի վերաբերյալ պատկերացումները, ինչն ընդգրկում է բոլոր նշված նպատակների համակցությունը։
Միջանցքի փակման վերաբերյալ մինչ 2022 թ.-ի դեկտեմբերը Ադրբեջանն առաջ էր քաշել և ստեղծել տարբեր կեղծ դրդապատճառներ։ Այդ թվում Ադրբեջանի նախագահի մակարդակով բավական երկար ժամանակ զուգահեռներ էին տարվում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի հետ։ Նշվում էր, որ եթե Հայաստանը պնդի անցակետեր տեղադրելու հարցում, ապա իրենք էլ պահանջելու են Լաչինի միջանցքում անցակետեր տեղադրել։
Շրջանառվում էր Լաչինի միջանցքով զենքի «անօրինական» փոխադրման թեզը։ Նշվում էր, որ միջանցքով ականներ են փոխադրվում և ականապատվում են «Ադրբեջանի տարածքները», և այլն։ Սրանք միջանցքի փակման տեղեկատվական հիմքերն էին։ Սրան զուգահեռ Ադրբեջանն ի վերջո առաջ քաշեց «բնապահպանական» թեման, որը, թերևս, ամենահարմարն էր արտաքուստ ոչ ռազմական ճանապարհով և ոչ անմիջապես պետության կողմից միջանցքը փակելու համար։ Իրականում Ադրբեջանի գործողություններից և հայտարարություններից պարզ է, որ հիմնական նպատակը Արցախի վերջնական բռնազավթման ուղղությամբ քայլերի իրականացումն է։ Զուգահեռաբար, սույն քայլը նաև անմիջականորեն ուղղված է Հայաստանի թուլացմանը և Հայաստանի նկատմամբ ճնշում գործադրելուն։
Նույն պնդումը հավասարապես ճիշտ է նաև սահմանազատման, «Զանեզուրի միջանցքի» և այլ հարցերում Ադրբեջանի քաղաքականությունը դիտարկելիս։ Պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ բոլոր խնդիրները շաղկապված են, և Ադրբեջանի յուրաքանչյուր քայլ կամ հայտարարություն ընդհանուր ռազմավարությունը և վերջնանպատակները սպասարկելուն ուղղված մարտավարության մաս է։ Ակնհայտ է, որ Ադրբեջանի շահերից է բխում նաև խնդրի թերի, ոչ ամբողջական ընկալումը, ինչը թույլ է տալիս ավելի արդյունավետ վարել սպառնալիքի ու ճնշումների քաղաքականությունը։
Իրականում Ադրբեջանի որդեգրած ռազմավարությունն ի ցույց է դնում, որ մեկ պահանջի իրականացումը մեծ հավանականությամբ չի նշանակելու մյուս պահանջից հետքայլ։ Ավելի պարզ լինելու համար դիտարկենք նույն օրինակների վրա։ Ադրբեջանի պահանջով «Զանգեզուրի միջանցքի» գործարկումը որևէ կերպ չի երաշխավորելու, որ Ադրբեջանը կհրաժարվի Լաչինի միջանցքն իր վերահսկողության տակ վերցնելու քայլերից։ Նույնը հավասարապես ճիշտ է նաև հակառակ դեպքում։ Լաչինի միջանցքի նկատմամբ վերահսկողության հաստատումը որևէ կերպ չի կարող երաշխավորել այն, որ Ադրբեջանը հրաժարվելու է «Զանգեզուրի միջանցքի» մասով իր պահանջներից։ Ադրբեջանի ռազմավարությունը ենթադրում է հնարավորինս Հայաստանի և Արցախի կենսական շահերի հաշվին կեղծ «փոխզիջումային» քաղաքականություն, կամ, այլ կերպ, խնդրի ամբողջական տեղափոխում մեր դաշտ։
Այսպիսով, Ադրբեջանը սպառնալիքի և ուժի կիրառման քաղաքականությամբ փորձում է ստեղծել տպավորություն, որ իր պահանջները չկատարելու դեպքում Հայաստանի և Արցախի համար կստեղծվի ավելի վատ իրադրություն, իր յուրաքանչյուր ագրեսիվ քայլ պատասխան է Հայաստանի և Արցախի «ապակառուցողական» դիրքորոշման, իսկ իր պահանջների իրականացումը խնդրի լուծման միակ ուղին է։ Իրականում, սակայն, Ադրբեջանի որդեգրած ռազմավարությունն արդեն իսկ ենթադրում է ագրեսիվ քաղաքականություն, ուժի կիրառում, ինչը չի կարող չեզոքացվել Հայաստանի և Արցախի՝ Ադրբեջանի առաջ քաշած պահանջների միակողմանի իրականացմամբ։ Ընդհակառակը, Ադրբեջանի նշյալ հայտարարությունները, առաջ քաշած պահանջները նպատակ ունեն չեզոքացնելու Հայաստանի և Արցախի դիմադրողականությունը՝ սեփական ռազմավարության իրականացումը դյուրացնելու նպատակով։ Հետևաբար, կարող ենք եզրակացնել, որ խնդրի իրական, փոխզիջումային կարգավորման քննարկումներ կարող են լինել առկա ուժային անհավասարակշռության վերացման և միջազգային համապատասխան աջակցության պարագայում։
Տարոն ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Վերլուծաբան
Երևան