2023 թ. մայիսի 14-ին Թուրքիայում անցկացվելու են խորհրդարանական ու նախագահական ընտրություններ։ Նախագահական ընտրություններում պայքարելու են գործող նախագահ, իշխող Cumhur («Ժողովուրդ») դաշինքի թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ընդդիմադիր Millet («Ազգ») դաշինքի թեկնածու, հիմնական ընդդիմադիր ուժ «Հանրապետական-ժողովրդական» կուսակցության (ՀԺԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն, «Երկիր» կուսակցության նախագահ, նախկին ՀԺԿ-ական Մուհարեմ Ինջեն, Իգդիրում ծնված, Մոսկվայում ուսանած, Ադրբեջանում աշխատած, «Ազգայնական շարժում» կուսակցության նախկին պատգամավոր Սինան Օղանը։ Խորհրդարանական ընտրություններին էլ մասնակցելու է 26 կուսակցություն` թեև մասնակցելու իրավունք ուներ 36 կուսակցություն (մի շարք կուսակցություններ նախընտրել են հանդես գալ դաշինքում գտնվող ավելի ուժեղ կուսակցությունների ընտրացուցակներով)։
Ապրիլի 17-ին Բարձրագույն ընտրական խորհրդի նախագահ Ահմեթ Յեները հայտարարեց, որ ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 64.113.941 մարդ. «Թուրքիայում ընտրելու իրավունք ունեցողների թիվը կազմում է 60.697.843 մարդ, որի 50.6%-ը (30.710.790) կանայք են, 49.4%-ը (29.987.053)՝ տղամարդիկ։ Թուրքիայում առաջին անգամ քվեարկելու իրավունք է ստացել 4.904.672 մարդ։ Եթե նախագահական ընտրությունները կարիք ունենան երկրորդ փուլի (մայիսի 28), ապա այդ թիվը կաճի 47.523-ով։ Արտասահմանաբնակ թուրքերի շրջանում ընտրողների թիվը կազմել է 3.416.098 մարդ (1.595.158 կին և 1.820.940 տղամարդ)։ Նրանց համար 74 երկրում բացվելու է 694 ընտրատեղամաս։ Եվս 103 ընտրատեղամաս բացվելու է 46 մաքսակետում, Թուրքիայում բացվելու է 191.884 ընտրատեղամաս»։
Գալիք ընտրությունները լինելու են վճռորոշ թե՛ Աթաթուրքի «Հին Թուրքիայի», թե՛ Էրդողանի «Նոր Թուրքիայի» համար։ Առնվազն նախորդ տասնամյակի մեկնարկից՝ Էրդողանը բոլոր (ներքին/արտաքին քաղաքական, տնտեսական/ենթակառուցվածքային, ռազմական-ռազմարդյունաբերական, կրոնական/կրթական) ոլորտներում կերտում էր «Նոր Թուրքիա»՝ կարևորելով 2023թ.-ը։ Նա դա անում էր, որպեսզի 2023-ն այդպիսով դառնա ոչ միայն/ոչ այնքան Թուրքիայի Հանրապետության («Հին Թուրքիայի») 100-ամյակը, որքան իր «Նոր Թուրքիայի» ծնունդը և 100-ամյակի մեկնարկը, որպեսզի 2023-ը դառնա ոչ թե քեմալականների (Աթաթուրքի հիմնած ՀԺԿ-ի), այլ իսլամականների տոնը։ Եվ դրա համար Էրդողանն ընտրել է ոչ միայն խորհրդանշական տարի, այլև օր. 73 տարի առաջ՝ 1950 թ. մայիսի 14-ի խորհրդարանական ընտրություններում, հաղթել է իսլամին մեծ տեղ տվող Դեմոկրատական կուսակցությունը, որով ավարտվել է ՀԺԿ-ի միահեծան 27-ամյա կառավարումը (1923-1950թթ.)։
Թուրքիայում անցկացված հարցախույզները գրեթե հավասար են համարում Էրդողանի ու Քըլըչդարօղլուի հնարավորությունները՝ այս կամ այն կողմի թեթևակի առավելությամբ։ Մեր կարծիքով՝ նման պայմաններում առաջնային կարևորություն ունի կողմերի վճռական տրամադրվածության աստիճանը․ Էրդողանն ունի լուրջ առավելություն։ Էրդողանը պարզապես «դատապարտված» է հաղթելու գալիք ընտրություններում, եթե չի ցանկանում պարտության դեպքում ընտանիքի անդամների հետ միասին հայտնվել բանտում, ասպարեզը լքել պարտված՝ թեկուզ ընտրությունների տեսքով, ինչը կվնասի նրա պատմական հետքին՝ սուլթանական հակումներին (որպես սուլթան՝ նա պետք է Թուրքիայի ղեկին գտնվի ցմահ, կամ առնվազն այնքան, որքան որ կցանկանա), եթե չի ցանկանում իր «Նոր Թուրքիայի» ապամոնտաժում։ Բարդ է պատկերացնել, որ սիմվոլիկ հարվածների մեծ սիրահար Էրդողանը պարտվի նման խորհրդանշական օրում[1]։
Էրդողանն ունի բազում անավարտ նախագծեր, որոնց իրագործումը նրանից պահանջում է հաղթել գալիք ընտրություններում. իր 20-ամյա կառավարման երկարաձգում՝ նաև 2028 թ. ընտրություններին մասնակցելու հեռանկարով, ՀԺԿ-ի հնարավոր գլխատում/վերացում, Ստամբուլի ջրանցքի կառուցում, Թուրքիայում իսլամական երանգներով նոր Սահմանադրության ընդունում, Թուրքիան միջուկային (զենքով) ու տիեզերական երկրի վերածում, Ասրիկա նախագծի իրագործում (Ասիայի ու Աֆրիկայի, նաև Հարավային Ամերիկայի իսլամական (61) երկրների մասնակցությամբ հետմոդեռնիստական խալիֆայության ստեղծում՝ Ստամբուլ կենտրոնով), Թուրքիայի տարածքային ամբողջականության ընդլայնում՝ ի հաշիվ Սիրիայի ու Կիպրոսի։
Միևնույն ժամանակ, չենք համարում, թե Քըլըչդարօղլուն ունի նման երազանքներ և տրամադրված է նման վճռականությամբ։ Նա, թերևս, «հանգիստ» կարող է տանուլ տալ նախագահական ընտրությունները և հրաժարական տալ ՀԺԿ նախագահի պաշտոնից (2010-ից նրա գլխավորած ՀԺԿ-ն տարբեր ընտրություններում ու հանրաքվեներում քանիցս տանուլ է տվել Էրդողանի և նաև Ահմեթ Դավութօղլուի գլխավորած «Արդարություն ու զարգացում» կուսակցությանը)։
Մինչդեռ Էրդողանը երկար ժամանակ հանգամանալից պատրաստվում է ընտրություններին, մասշտաբային քայլեր է ձեռնարկում ընտրողներին իր կողմը գրավելու համար։ Խոսքը աշխատավարձերի ու թոշակների բարձրացման, մասշտաբային բնակարանաշինության ծավալման և փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժերի աստիճանական հաղթահարման, գազի ու էլեկտրաէներգիայի սակագների զեղչերի, նոր ենթակառուցվածքներ շահագործման հանձնելու, ռազմարդյունաբերական ոլորտի նվաճումների ցուցադրման, ինչպես նաև արտաքին քաղաքական ոլորտում գրանցած հաջողությունների մասին է[2]։
Բացի այդ, նա մեծ ջանքեր է գործադրել ընդդիմությանը ջլատելու ուղղությամբ, որոնք առնչվում են ընդդիմության միասնական թեկնածուի դերում Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի առաջադրումը կանխարգելելուն, «Լավ» կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեների միջոցով ընդդիմադիր դաշինքից երկրի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլին ու քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցությանը հեռու պահելուն, Մ. Ինջեի միջոցով Քըլըչդարօղլուի քվեները նվազեցնելուն և այլն։
Եվ, վերջապես, իր հաղթանակն ապահովելու համար Էրդողանը շարունակ մանիպուլացնում է հասարակությանը, ուռճացնում է երկրի տնտեսական ցուցանիշները, վարկաբեկում ու ահաբեկում է ընդդիմությանը, օգտագործում է վարչական ռեսուրսները, կարող է իրականացնել տարատեսակ ընտրակեղծիքներ և արդյունքում հավաքել 50%+1 քվե՝ առաջին փուլում հաղթելու համար։ Հարցախույզների համաձայն՝ նրա վարկանիշը կազմում է 40-45%, և նա կարող է վերոնշյալ մեթոդներով իրեն հավելել ևս մի քանի տոկոս և հաղթել։ Համոզված ենք, որ Էրդողանը ձգտելու է 2014-ի և 2018-ի նման 2023-ին էլ հաղթել նախագահական ընտրությունների հենց առաջին փուլում՝ խորհրդանշական օրով (արդար ընտրությունների դեպքում նա չի կարող հաղթել առաջին փուլում)։
Էրդողանի հաղթանակին կարող է նպաստել նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, որը հանուն դրա համաձայնվել է գազային զեղչ անել Թուրքիային, մինչև 2024-ը հետաձգել Թուրքիայի կողմից 20 միլիարդ դոլար գազի պարտքի մարումը, ինչն Էրդողանին հնարավորություն է տվել բարձրացնել թոշակներն ու աշխատավարձերը (դա արժեցել է 13 միլիարդ դոլար), նվազեցնել գազի սակագինը սպառողների համար։ Պուտինը նաև համաձայնվել է Թուրքիայում գազային հանգույց ստեղծելուն, «հացահատիկի միջանցքի» հերթական երկարաձգմանը, ապրիլի 27-ին Աքքույուի ԱԷԿ-ում միջուկային վառելիքի բեռնմանը (ինչից հետո ատոմակայանը կստանա ռազմավարական օբյեկտի կարգավիճակ), ինչպես նաև տեսակապով դրան մասնակցելուն։
Սրանք ինքնին խոշոր քայլեր են, որոնք դեռ կարող են շարունակվել մինչև մայիսի 14-ը (Պուտինը կարող է համաձայնվել Թուրքիայի միջնորդությամբ Ուկրաինայում ժամանակավոր հրադադարի հաստատմանը, ռազմագերիների փոխանակմանը, Ստամբուլում/Անթալիայում Ուկրաինայի հետ բանակցելուն և այլն)։ Զուր չէ, որ թուրք փորձագետները կարևորում են ընդդիմության կողմից Մոսկվա պատվիրակություն ուղարկելը՝ փարատելու համար Պուտինի մտահոգությունները Թուրքիայում ընդդիմության հաղթանակի հնարավորության մասով։
Միևնույն ժամանակ, ներկա դրությամբ չենք տեսնում ԱՄՆ-ի լուրջ հակաքայլերը՝ միտված Էրդողանի վերընտրվելը կանխարգելելուն (ԱՄՆ դեսպանի հանդիպումը Քըլըչդարօղլուի հետ ընդհանրապես բավական չէ)։ Էրդողանն ամենախոցելի վիճակում հենց հիմա է՝ փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժերից հետո և մայիսի 14-ի ընտրություններից առաջ։ Թուրքիան շարունակում է Ռուսաստանին մեծապես աջակցել արևմտյան պատժամիջոցները շրջանցելու հարցում, ձգձգում է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցումը, և ԱՄՆ-ն կարող է կոշտ պատժամիջոցներ ձեռնարկել Թուրքիայի դեմ։ Սակայն, ներկայումս մենք չենք տեսնում ԱՄՆ-ի կողմից նման քայլեր, և դա այն դեպքում, որ ընտրություններում հաղթելու դեպքում 5 տարով ազատվում են Էրդողանի ձեռքերը ներքին ու արտաքին ճակատներում, և նա դիմելու է կոշտ միջոցների։
Այլ կերպ ասած՝ գալիք ընտրություններում հաղթելու վճռականության մասով պայմանական «Քըլըչդարօղլու-Բայդեն» երկյակը զգալի զիջում է «Էրդողան-Պուտին» երկյակին։ Հայաստանի համար օգտակար կլինի Էրդողանի հեռացումը, քանի որ դրանով կքանդվի վերջին տարիներին կարծրացած «Էրդողան-Պուտին» երկյակը։ Այստեղ հաշվի ենք առնում այն, որ վերջին տարիներին Էրդողանը ռազմական միջամտություններ է իրականացրել միայն այն երկրներում/գոտիներում, որոնցում մեծ ազդեցություն է ունեցել Պուտինը, որ առանց վերջինիս բարեհաճ վերաբերմունքի Էրդողանը չէր համարձակվի զարգացնել Ադրբեջանի հետ «մեկ ազգ, երկու պետություն» թեզը։ Ուկրաինական պատերազմում Պուտինի հնարավոր հաղթանակը և նաև ԱՄՆ նախագահի պաշտոնին Դոնալդ Թրամփի հնարավոր վերադարձը (երկու դեպքում էլ նման զարգացման հավանականությունը ցածր է) առավել սանձարձակ ու ագրեսիվ կդարձնի Էրդողանի պահվածքը, ինչը շահեկան չէ Հայաստանի համար։
Ինչ վերաբերում է Քըլըչդարօղլուին, ապա նրա հաղթանակի դեպքում Թուրքիան ավելի կսերտացնի հարաբերություններն ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հետ, առավել զուսպ քաղաքականություն կվարի Ռուսաստանի ու Ադրբեջանի հանդեպ, ինչը շահավետ է Հայաստանի համար (խնդրահարույց կարող է լինել Մ. Աքշեների գործոնը, որին հաղթանակի դեպքում Քըլըչդարօղլուն ու նրա կուսակցությունը զգալի պարտական կլինեն՝ նաև հետագայում)։ Ակնկալվում է, որ Քըլըչդարօղլուի հաղթանակի դեպքում Թուրքիայում վերելք կապրի ժողովրդավարությունը։
Հայաստանի տեսանկյունից շահեկան կլինի ժողովրդավարական, դեպի Արևմուտք և ոչ թե դեպի Արևելք գնացող Թուրքիայի կայացումը, ինչը բացառված է Էրդողանի կառավարման շարունակմամբ։ Ժողովրդավարական Թուրքիան Հայաստանի համար կարող է դառնալ պատուհան դեպի Եվրոպա (ԵՄ-ին Թուրքիայի անդամակցելու դեպքում Հայաստանը կսահմանակցի ԵՄ-ին)։ Ապրիլի 24-ին լրանում է Հայոց ցեղասպանության 108-ամյակը, և ակնհայտ է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հնարավորությունը որոշակի կաճի ժողովրդավարական Թուրքիայի պարագայում։ Ժողովրդավարական Թուրքիայում զգալի կստվարանա հայ համայնքը. բազմաթիվ ծպտյալ, իսլամացած հայեր վերադարձ կկատարեն իրենց հայկական ինքնությանը (միգուցե նաև կրթական-կրոնական ոլորտներում ՀՀ-ի աջակցությամբ), Թուրքիայում կարող են քաղաքացիություն շնորհել Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին։
Եվ եթե հայ համայնքի թվաքանակն աճի տասնյակ անգամներով, ապա այն կդառնա Թուրքիայի 3-րդ խոշոր կրոնական փոքրամասնությունը (ներկայումս 4-րդն է)՝ գերազանցելով մոտ կես միլիոն շիաներին և զիջելով միայն սուննիներին ու ալևիներին, կվերածվի փոքրիշատե լուրջ գործոնի հետագա ընտրություններում, որի (նաև ՀՀ-ի) հետ Թուրքիայում հաշվի կնստեն թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը։ Դա էլ իր հերթին կնպաստի ժամանակակից Թուրքիայում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանմանն ու վերականգնմանը։ Բացի այդ, հայ համայնքի ստվարացումը կարևոր կլինի ՀՀ-Թուրքիա միջպետական հարաբերություններում՝ դրանցում որպես կամուրջ/կապող օղակ հանդես գալու տեսանկյունից։ Եվ, վերջապես, ՀՀ-ն հնարավորություն կունենա հայկական ստվար համայնքի միջոցով որոշակի ներազդել Թուրքիայի իշխանությունների վրա։
Հայկ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Թուրքագետ
Երևան
_______________________
[1] Անգամ ոչ մեծ տարբերությամբ պարտվելու դեպքում նա հազիվ թե կզիջի իշխանությունը և կփորձի անցկացնել տալ նոր (կրկնական) ընտրություններ (կամ էլ փողոցային բախումներ հրահրել)։
[2] Անկարա-Սիվաս (Սեբաստիա) ճեպընթաց երկաթգծի, Եվրոպայի ամենամեծ զույգ թունելի՝ Ենի Զիգանայի մոտալուտ բացում, Աքքույուի ԱԷԿ-ում միջուկային վառելիքի մոտալուտ բեռնում, Սև ծովում հայտնաբերված գազը սպառողներին հասցնում, TCG Anadolu թեթև ավիակրի ու TOGG էլեկտրամոբիլի շահագործում, Bayraktar Kızıl Elma անօդաչու կործանչի, Bayraktar TB3 ԱԹՍ-ի մոտալուտ շահագործում, Imece արբանյակի արձակում և այլն։