2023 թ. սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հերթական ռազմական ագրեսիան ձեռնարկեց Արցախի դեմ: Ռազմագործողությունը տևեց մեկ օր, սակայն դրա արդյունքում Արցախը լիովին հայաթափվեց, ավելի քան 100 հազար մարդ ստիպված եղավ բռնել գաղթի ճանապարհը:
Հայաստանի Հանրապետության համար սա արցախահայերի ամենամեծ, բայց ոչ առաջին ներգաղթն էր: Դեռևս 2020 թ. պատերազմի օրերին Արցախի բնակչության գրեթե 75 տոկոսն ապաստանեց Հայաստանում, և միայն նոյեմբերի 9-ի Եռակողմ փաստաթղթի ստորագրումից հետո արցախահայությունը վերադարձավ հայրենիքի այն հատված, որը մնացել էր հայկական իշխանության ներքո՝ որպես անվտանգային երաշխիք դիտարկելով Արցախի Պաշտպանության բանակը և ռուսաստանյան խաղաղապահ զորակազմի տեղաբաշխման հանգամանքը:
Սեպտեմբերի 24-ի ժամը 12:00-ից սկսած բացեցին ավելի քան իննամսյա բնականոն գործունեությունը դադարեցրած Բերձորի (Լաչինի) միջանցքը՝ հայրենազրկման ճանապարհը դյուրացնելու նպատակով:
Ի տարբերություն 2020-ի, երբ հոսքն Արցախից սկսվեց հանկարծակի, 2023-ին ՀՀ կառավարությունը ժամանակ ուներ նախապատրաստվելու արցախցիների մուտքին: ՀՀ կառավարությունն ու ժողովուրդը համախմբվեցին Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների զոհ դարձած ավելի քան 100 հազար մարդկանց ընդունելու, ապաստան տալու խնդրի լուծման շուրջ: Փաստացի մեկ շաբաթվա ընթացքում 100 հազար փախստական մտավ Հայաստան ու տեղավորվեց՝ առանց փախստականների ճամբարներ և վրանային ավաններ հիմնելու:
Մուտք գործելով Հայաստան՝ արցախցիները նախ գրանցում էին իրենց առաջնային կարիքները համապատասխան հարթակում, նաև առցանց տարբերակով՝ e-soc.am կայքում, ինչպես նաև համայնքապետարաններում և Երևանի վարչական շրջանների թաղապետարաններում: Ըստ ցանկության՝ ոմանք օգտվեցին նաև կառավարության առաջարկած ժամանակավոր կացարաններից:
Կառավարության կողմից գործարկվեց 114 թեժ գիծը, ինչպես նաև սոցիալական աջակցության քարտեզագրման հարթակ, որտեղ տարբեր ՀԿ-ներ, նախաձեռնություններ ցանկություն են հայտնել աջակցություն ցուցաբերել ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչությանը՝ նեցուկ լինելու համար պետությանը, նաև ճիշտ տեղաբաշխելու համար առկա ռեսուրսները: Կառավարության «Հումանիտար կենտրոն»-ում պարբերաբար ուղիղ եթերում ներկայացվում են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրների լուծմանն ուղղված պետական ծրագրերը:
Սակայն, ՀՀ Կառավարության ձեռնարկած օպերատիվ միջոցառումների, նախատեսված և ընթացքի մեջ գտնվող աջակցության ծրագրերի իրականացումն այնքան էլ հարթ ու առանց խնդիրների չէ:
Արցախից բռնի տեղահանվածների աջակցության առաջին փաթեթը 100 հազար դրամ միանվագ աջակցության տրամադրման ծրագիրն էր, որի շահառուներն էին 2023 թ. սեպտեմբերի 24-ի ժամը 12:00-ից հետո ՀՀ մուտք գործած բոլոր անձինք՝ անկախ սեռից ու տարիքից: Ծրագրի համար դիմում լրացվում էր միայն անչափահասների համար: Գումարը փոխանցվում է շահառուի բանկային քարտին, իսկ 75 տարեկանից բարձր, ինչպես նաև 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք աջակցությունն ստանում են առձեռն՝ «Հայփոստ»-ի մասնաճյուղերից: Առանց խորանալու մանրամասների մեջ, ուզում եմ առանձնացնել ծրագրի իրականացման հիմնական խութերը՝
- Ծրագիրը գրված է բավականին խրթին, շարքային քաղաքացու համար ոչ միանգամից ընկալելի, և մարդիկ ամենատարբեր հարթակներում պատասխաններ էին փնտրում:
- Առանց դիմում լրացնելու, սակայն ամենատարբեր գրանցումներ անցնելու արդյունքում մի շարք քաղաքացիների տվյալներ դեռ չեն նույնականացվել ու չեն արտացոլվել ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում, որի պատճառով մարդկանց մի մասի գումարները դեռ չեն փոխանցվել:
- Խնդրի կապակցությամբ հստակ մեկնաբանություն ոչ մի կառույց տալ չի կարողանում, մարդկանց հորդորում են համբերատար սպասել ու վստահ լինել, որ զուտ տեխնիկական պատճառներով ոչ ոք աջակցությունից չի զրկվելու:
- Փոխանցված գումարները երբեմն սառեցվում կամ վերադարձվում են բանկերի կողմից, քանի որ արցախցիների մեծ մասի բանկային հաշիվներն «Արցախբանկ»-ում են, իսկ բանկը մարզերում մասնաճյուղեր չունի:
- Խնդիրներ ծագեցին նաև անչափահասների համար dimum.ssa.am հարթակում լրացված դիմումների պարագայում։ Երբ մայր ծնողը շահառու չէր՝ հայր ծնողի անունով գրանցելու հնարավորություն չէր լինում, քանի որ մայր ծնողին այլընտրանք նշված էր լինում խնամակալ: Մեկ այլ խնդիր էլ կա։ Այն դեպքում, երբ մայրը այլ երկրի հաշվառում ունի, երեխան կամ երեխաները մեխանիկորեն դուրս են մնում աջակցության ծրագրերից:
- Ծրագրի շահառու չեն ՀՀ կամ այլ երկրների հաշվառում ունեցող, սակայն տարիներ շարունակ Արցախում ապրած, աշխատած, նույնպես ամեն ինչ կորցրած քաղաքացիները:
Հարկ է նշել, որ աջակցության սույն ծրագրում հետագայում կատարվեցին փոփոխություններ, շահառուների ցանկն ընդլայնվեց, աջակցությունը ստանալու են նաև ԿԽՄԿ միջոցով բուժման կամ այլ նպատակներով ՀՀ տեղափոխված, ինչպես նաև ՀՀ-ում ուսանող արցախցիները:
Գործարկված dimum.ssa.am հարթակով հնարավոր է նաև ստուգել շահառու լինելը կամ չլինելը, չլինելու հանգամանքը, դիմումի մերժման հիմքերը: Այս հարթակը երբեմն լրացուցիչ հարցերի տեղիք է տալիս շահառուներին, մարդիկ մոլորության մեջ են ընկնում:
Աջակցության հաջորդ ծրագիրը՝ 40-հազարական դրամ ժամանակավոր կացարաններում բնակվելու և 10-հազարական դրամ՝ կոմունալ ծախսերի վճարման համար, մեկնարկեց հոկտեմբերի երկրորդ տասնօրյակից: Հոկտեմբեր ամսվա համար ծրագրի շահառու են համարվում նախորդ՝ 100 հազար դրամ միանվագ աջակցության ծրագրի շահառուները, որի համար դիմում չի լրացվելու, իսկ նոյեմբեր ամսից համապատասխան հարթակում պետք է լրացնել մեկանգամյա դիմում:
Բացի 100-հազարական դրամների, ինչպես նաև բնակարանի վարձակալության և կոմունալ վճարների համար նախատեսված աջակցություններից, մինչև տարեվերջ ԼՂ-ից բռնի տեղահանվածներին կտրամադրվի նաև 50-հազարական դրամի աջակցություն՝ առաջնահերթ սպառողական ծախսերի աջակցության նպատակով: Հիմնական շահառու կհանդիսանան այն անձինք, ովքեր ստացել են նախորդ 100 հազարական դրամների աջակցությունը, նաև նրանք, ովքեր ունեն բնակարան կամ տուն, սակայն շահառու չեն կարող լինել այն անձինք, որոնց բանկային հաշիվներին կան բավականաչափ խնայողություններ:
Սակայն, մինչև Կառավարությունը կպարզաբանի, թե որ սահմանաչափը գերազանցող բանկային հաշիվների մնացորդ ունեցող մեր հայրենակիցներն են, որ աջակցության շահառու չեն լինի, մարդիկ իրենց հաշվեհամարներում առկա նույնիսկ 5000 դրամներն են հանում: Հիմնականում մեծ հերթեր են լինում «Արցախբանկ»-ի մասնաճյուղերի մոտ, որովհետև շատերը ստիպված են լինում երկար ճանապարհ անցնել ու մարզերից հասնել Երևան:
Հարկ է ընդգծել՝ 2020 թ. բռնի տեղահանված և ՀՀ-ում ապաստանած արցախցիները նշված ծրագրերի շահառու չեն: Նրանք որպես բնակվարձի փոխհատուցում մինչև 2023 թ. մայիս ստացել են 40 հազար ՀՀ դրամ, որը, սակայն, ԱՀ Կառավարության կողմից տրամադրվող մնացյալ ծրագրերի նման մնացել է օդից կախված:
ՀՀ Կառավարության կողմից մշակվել և կիրառման են դրվել աշխատանքի, զբաղվածության հետ առնչվող ծրագրեր՝ ուսուցիչների, բուժաշխատողների համար, կատարվում է ուսանողների վարձավճարների փոխհատուցում, դյուրացվել են առողջապահական, կրթական և այլ ծառայություններին դիմելու ընթացակարգերը:
2023 թ. հոկտեմբերի 26-ին ՀՀ կառավարությունը ներկայացրեց որոշման նախագիծ՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու (փախստականի կարգավիճակ տալու) վերաբերյալ, որը տարածվում է Լեռնային Ղարաբաղի հաշվառում ունեցող բոլոր անձանց վրա: Ստացվում է, որ արցախցիները պետք է ընտրեն՝ կա՛մ ընդունել ՀՀ քաղաքացիություն, շարունակել ստանալ կենսաթոշակ, նպաստ և այլն, կա՛մ՝ ինչ-որ ժամանակավոր պաշտպանության (փախստականի) կարգավիճակ և ստանալ աջակցություններ:
Ամփոփելով կատարված և ընթացքի մեջ գտնվող աշխատանքները՝ կարելի է փաստել, որ աջակցությունները թեպետ հնարավորինս թիրախային են, բայց և հնարավոր չէ խուսափել բացթողումներից:
Կարծում եմ, լավագույն լուծումը կլիներ բոլոր աջակցությունների համար միասնական առցանց հարթակի ստեղծումը, որտեղ հնարավոր կլիներ լրացնել առցանց դիմումներ, հետևել դրանց ընթացքին:
Լեռնային Ղարաբաղի հաշվառում չունեցող, սակայն փաստացի Արցախում բնակված, գրանցված կամ չգրանցված աշխատող հանդիսացած, անշարժ գույքի սեփականություն ունեցած անձինք ինչ-որ տարբերակով պետք է ընդգրկվեն շահառուների ցուցակներում, ստանան աջակցություն: Որպես տարբերակ կարելի է կիրառել.
- հարկային հաշվետվությունների տվյալները՝ գրանցված աշխատողների համար
- համայնքապետերի կողմից ժամանակավոր փաստացի բնակության վերաբերյալ տեղեկանքի տրամադրումը:
Ու ամենակարևորը՝ պետք է բացառել 2020 թ. Արցախից բռնի տեղահանվածներին և 2023 թ. տեղահանվածներին տարբեր հարթություններում դիտարկելը:
Լիաննա ՊԵՏՐՈՍՅԱՆ
Լրագրող, Հադրութի «Դիզակ» թերթի նախկին խմբագիր
Երևան