Ադրբեջանի նախագահը Իսպանիայի Գրանադա քաղաքում ՀՀ, Ֆրանսիայի, Գերմանիայի ղեկավարների և Եվրոպական Խորհրդի նախագահի հետ հնգակողմ հանդիպումից հրաժարվեց ընդամենը մեկ օր առաջ՝ հոկտեմբերի 4-ին։ Ըստ ադրբեջանական կողմի՝ պատճառն այն է, որ Ֆրանսիան և Գերմանիան դեմ են եղել հանդիպմանը Թուրքիայի նախագահի մասնակցելու վերաբերյալ Ադրբեջանի առաջարկին։ Մյուս պատճառը Ֆրանսիա-Հայաստան հարաբերություններն են․ ադրբեջանական կողմը հայտարարում է, որ այսուհետ որևէ ձևաչափի չեն մասնակցելու, որին ներկա կլինի Ֆրանսիան։
Արդյո՞ք հենց նշվածներն են իրական պատճառները։ Սովորաբար, նման հանդիպումների օրակարգերը և ձևաչափը մեկ օր առաջ չեն հստակեցվում։ Եթե Ադրբեջանը պնդել էր Թուրքիայի մասնակցության վրա, որի վերաբերյալ, ըստ որում, մինչ այս որևէ հանրային հայտարարություն չէր եղել, ապա դա պետք է արած լիներ նախապես։ Նույնպես որևէ տեսանելի պատճառ չկա, որ Ֆրանսիան և Գերմանիան միայն հանդիպմանը նախորդող օրը իրենց դիրքորոշման մասին հայտնեին։ Հետևաբար, կարող ենք դիտարկել երկու ավելի հավանական տարբերակ․ կամ Ադրբեջանը վերջին պահին է պահանջել Էրդողանին ևս ներառել հանդիպմանը, կամ նախապես է որոշել չմասնակցել, սակայն հավելյալ առիթներ է փնտրել դրա համար։ Երկու դեպքում էլ Ադրբեջանը մեծ հավանականությամբ ի սկզբանե ցանկացել է տապալել հնգակողմ հանդիպումը։
Կարևոր է ընդգծել, որ դեռևս հոկտեմբերի 2-ին Անգլիական եկեղեցու առաջնորդի հետ հանդիպմանն Ի․Ալիևը հույս էր հայտնել, որ «Գրանադայի հանդիպումը կնպաստի խաղաղության գործընթացին»։ Դրանից մի քանի օր առաջ՝ սեպտեմբերի 29-ին, Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչը հայտնել էր, որ Բրյուսելում Գրանադայի հանդիպման վերաբերյալ նախապատրաստական հանդիպում են անցկացրել մասնակից կողմերի առաջնորդների արտաքին քաղաքականության հարցերով խորհրդականները։ Հետևաբար, պարզ է դառնում, որ ձևաչափը հստակեցված էր, կողմերը առարկություններ չէին ներկայացրել։
Ինչ վերաբերում է Ֆրանսիայի մասնակցությանը, ապա թեև ադրբեջանական կողմը հղում է կատարում հոկտեմբերի 3-ին Հայաստան այցի ընթացքում Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարություններին, սակայն, ըստ էության, դրանք Ֆրանսիայի մինչ այդ եղած դիրքորոշումից կտրուկ շեղումներ անվանել հնարավոր չէ։ Որպես միակ էական տարբերություն կարող է դիտարկվել Հայաստանին զենք մատակարարելու մասին Ֆրանսիայի պատրաստակամության վերաբերյալ այդ երկրի արտգործնախարարի հայտարարությունը։ Սակայն, հաշվի առնելով մինչ այդ Ադրբեջանի՝ Ֆրանսիայի նկատմամբ առանց այդ էլ որդեգրած կոշտ դիրքորոշումը, մտադրության մասին ոչ հստակ հայտարարությունը չէր կարող էական ազդեցություն ունենալ Բաքվի դիրքորոշման վրա։ Ըստ այդմ, անտրամաբանական է թվում այն, որ հոկտեմբերի 2-ին Ադրբեջանը որևէ առարկություն չուներ հանդիպման մասով, սակայն հոկտեմբերի 4-ին Ադրբեջանի նշած պատճառներով հիմնովին փոխեց Բաքվի դիրքորոշումը։
Այսպիսով, ավելի է ամրապնդվում այն հիպոթեզը, որ Ադրբեջանն ի սկզբանե փորձում էր խուսափել Գրանադայի հանդիպումից։ Նման պարագայում արդեն կարևոր է հասկանալ Ադրբեջանի հրաժարվելու իրական պատճառները։
Հանդիպումից հրաժարվելու բացատրությունում նշվում է, որ Ադրբեջանը չի պատրաստվում տարածաշրջանային խնդիրները քննարկել տարածաշրջանից դուրս գտնվող պետությունների հետ։ 2022-2023 թթ., սակայն, Ադրբեջանը նման ձևաչափով հանդիպումների մասնակցել է։ Միակ էական փոփոխությունը, որը կարող էր ազդել Ադրբեջանի քաղաքականության վրա, սեպտեմբերի 19-20-ի ագրեսիայի արդյունքում Արցախի ամբողջական բռնազավթումն է Ադրբեջանի կողմից։
Ինչպես արդեն նշել էինք ս․թ․ օգոստոսին հրապարակված «Ադրբեջանի տեղեկատվական գրոհն Արցախի և Հայաստանի դեմ․ի՞նչ կարող ենք հակադրել» հոդվածում՝ Ադրբեջանն այդ պահին ուներ երկու հիմնական վերջնանպատակ․
- Արցախի ամբողջական բռնակցումը, ցանկալի է՝ շատ նվազ քանակությամբ հայկական բնակչությամբ՝ առանց հայերին առանձին իրավունքներով օժտելու։
- Հայաստանի զարգացմանը խոչընդոտելը՝ թույլ չտալու ՀՀ ԶՈՒ, տնտեսության, այլ ոլորտների ամրապնդում։ Ամբողջովին Ադրբեջանին ձեռնտու պայմաններով ՀՀ հետ սահմանազատման գործընթացի իրականացում, Հայաստանի տարածքով միջանցքի ապահովում («Զանգեզուրի միջանցք»)։
2023 թ․ սեպտեմբերի ագրեսիայի միջոցով Ադրբեջանն ավարտին հասցրեց իր սահմանած վերջնանպատակներից մեկը՝ Արցախի ամբողջական բռնակցումը։ Հետագա փուլում Ադրբեջանը հնարավորինս հրաժարվելու է ցանկացած ձևաչափից, որտեղ այս կամ այն կերպ կարող է անդրադարձ լինել Արցախի, Արցախի հայության խնդիրներին։ Կարևոր է նշել, որ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած վերջին պատերազմը և դրա հումանիտար հետևանքները Գրանադայում կայացած քառակողմ հանդիպման հիմնական թեմաներից էին։
Մասնավորապես, հանդիպման արդյունքներով ՀՀ վարչապետի, ԵԽ-ի, Ֆրանսիայի նախագահների և Գերմանիայի կանցլերի ընդունած համատեղ հայտարարությունում առանձին կետով նշվում է «Ղարաբաղի հայերի զանգվածային տեղաշարժի» արդյունքում ստեղծված հետևանքների, փախստականների՝ «առանց որևէ պայմանների, միջազգային մոնիտորինգի ներքո և իրենց պատմության, մշակույթի և մարդու իրավունքների նկատմամբ պատշաճ հարգանքով» ազատորեն իրենց տներ և բնակության վայրեր վերադառնալու իրավունքի մասին։ Հավանաբար, նշված տեքստը պետք է հրապարակվեր նաև հնգակողմ հանդիպման արդյունքներով։ Միջազգային ցանկացած ձևաչափում Արցախին վերաբերող խնդիրների արծարծումը հակասում է Ադրբեջանի հրապարակային հնչեցրած դիրքորոշմանը, որ խնդիրը վերջնականապես փակված է։
Կարևոր է նաև այն հանգամանքը, որ հանդիպումը սկսելուց առաջ Եվրոպայի Խորհրդի նախագահ Շառլ Միշելը փաստացի քննադատեց Ադրբեջանի կողմից ուժի գործադրումը Արցախում։ Շ․Միշելը նաև նշել է, որ պետք է հստակ հայտարարվի, որ Ադրբեջանը տարածքային պահանջներ չունի ՀՀ-ի նկատմամբ։ Հաշվի առնելով այս հարցում նաև Ֆրանսիայի և Գերմանիայի հստակ դիրքորոշումները՝ ավելի էր մեծանում հավանականությունը, որ ԵԽ նախագահը, Ֆրանսիան և Գերմանիան կարող էին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա։ Մյուս կողմից, հանդիպման արդյունքներով Ադրբեջանն, ըստ էության, էական ակնկալիքներ չուներ իր համար շահավետ որևէ նոր ձեռքբերում ունենալու տեսանկյունից։
Հանդիպման արդյունքներով մյուս կետը հենց Ադրբեջանի և Հայաստանի՝ միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու վերահաստատմանն էր վերաբերում։ Նաև հայտարարությունում նշվում է, որ կողմերը պետք է սահմանազատումն իրականացնեն նախկին ԽՍՀՄ վերջին քարտեզների հիման վրա, հեռացնեն զորքերը սահմանային այդ հատվածներից, հրաժարվեն ուժի կիրառումից։ Եվ վերջապես, հայտարարությամբ նաև կոչ է արվում, որպեսզի երկրները վերաբացեն սահմանները և տարածաշրջանային կապերը՝ երկրների ինքնիշխանության և իրավազորության լիակատար հարգման հիման վրա։
Քանի որ Ադրբեջանն արդեն ամբողջությամբ բռնակցել է Արցախը՝ տարածքային ամբողջականության ճանաչումը Բաքվին որևէ տեսանկյունից այլևս անհրաժեշտ չէ։ Սահմանազատմանը և հաղորդակցության ուղիների բացմանը վերաբերող կետերը ևս այս պահին չեն բխում Ադրբեջանի շահերից։ Ադրբեջանական կողմը բազմիցս մերժել է չսահմանազատված հատվածներից և ՀՀ տարածքից զորքերը հետ քաշելու վերաբերյալ առաջարկները, կոչերը՝ նշելով, որ դրանք ՀՀ տարածքի մաս չի համարում։ Մյուս կողմից, Ադրբեջանը հետզհետե ավելի է ակտիվացնում ՀՀ-ից տարածքային պահանջները (անկլավներ, «գրավված գյուղեր»)։ Հաղորդակցության ուղիների բացմանը վերաբերող հատվածը նույնպես չի համապատասխանում Ադրբեջանի պահանջներին։ Ադրբեջանական կողմը շարունակում է պնդել «Զանգեզուրի միջանցքի» իր պահանջները, ինչպես նաև որ նշված ուղու նկատմամբ վերահսկողությունը Հայաստանը չպետք է իրականացնի։
Մյուս կողմից, դատելով ՀՀ իշխանությունների հայտարարություններից՝ նշված կետերը տվյալ պահին առավելապես համապատասխանում են հենց ՀՀ որդեգրած դիրքորոշմանը։ Հաշվի առնելով նշվածը՝ ավելի է մեծանում հավանականությունը, որ Ադրբեջանը շարունակելու է զարգացնել ՀՀ նկատմամբ ուժի սպառնալիքի և ուժի գործադրման քաղաքականությունը։
Որպես Ադրբեջանի՝ իր ռազմավարության երկրորդ փուլի իրագործումն արագացնելու նախանշաններ արդեն իսկ ականատես ենք լինում ինչպես ՀՀ հետ սահմանին լարվածության աճին, այնպես էլ՝ ՀՀ դեմ տարածքային պահանջների ակտիվացմանը։ Մասնավորապես, դրա ցուցիչներ են այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» թեմայի հետզհետե ակտիվացումը, ինչպես նաև վերջերս Նախիջևանում Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների հայտարարությունները։ Խոսքը, մասնավորապես, Իգդիր–Կարս երկաթգծի, գազատարի կառուցման պայմանավորվածությունները մեկնաբանելիս նշված երկրների նախագահների կողմից «Զանգեզուրի միջանցքի», «Միջին միջանցքի» հիշատակումների մասին է։
Հաշվի առնելով այն, որ Ադրբեջանի նշված դիրքորոշման շուրջ միջազգային կոնսենսուս չկա, ներգրավված միջազգային խաղացողների զգալի մասը սատարում է ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև Հայաստանն ինքը դեմ է «Զանգեզուրի միջանցքին», ապա ավելի հավանական է դառնում այն, որ Ադրբեջանը փորձելու է իրագործել ուժային սցենար։ Դա կարող է ենթադրել ինչպես պարբերական հարձակումներ ՀՀ սահմանի երկայնքով, այնպես էլ, նշվածից ավելի քիչ հավանականությամբ, լայնածավալ պատերազմ Հայաստանի դեմ։
Գրանադայի հանդիպումից հրաժարումը, այսպիսով, մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ Ադրբեջանը խնդրի խաղաղ, փոխզիջումային կարգավորման, խաղաղության հաստատման կողմնակից չէ։ Թեև ապագայում ևս Ադրբեջանը մեծ հավանականությամբ շարունակելու է ակտիվ խոսել «Խաղաղության պայմանագիր» ստորագրելու իր պատրաստակամության մասին, սակայն միաժամանակ համաձայնության չգալը պայմանավորելու է Հայաստանի գործողություններով։ Այսպիսով, «խաղաղության պայմանագիրը» Ադրբեջանի կողմից ոչ թե նպատակ է, այլ քարոզչական գործողության մաս։ Ադրբեջանը շարունակելու է ճնշման քաղաքականության միջոցով փորձել հասնել բացառապես իր պայմաններով «խնդրի կարգավորման»։ Միաժամանակ, ինչպես նշել ենք, ցանկացած պայմանավորվածության գնալուց առաջ Ադրբեջանը փորձելու է համոզվել, որ դրա արդյունքում ՀՀ-ն չի ստանա զարգացման նոր հնարավորություններ։
Մյուս կողմից այն, որ ներգրավված միջազգային դերակատարները Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը զսպելու ուղղությամբ գործնական քայլեր չեն իրականացնում, նույնպես մեծացնում է Ադրբեջանի կողմից ուժի սպառնալիքի և ուժի կիրառման քաղաքականությունը շարունակելու հավանականությունը։
Տարոն ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Քաղաքագետ
Երևան