Իսպանական Գրանադայում հոկտեմբերի 5-ին կայացավ Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովը։ Դեռևս ալիևյան վարչակարգի ուժային գործողության արդյունքում Արցախի հայաթափումից առաջ նախատեսված էր գագաթնաժողովի շրջանակներում անցկացնել հնգակողմ հանդիպում, որում զգալի առաջընթաց էր ակնկալվում Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցային գործընթացում՝ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա, այն է՝ միմյանց տարածքային ամբողջականության ճանաչում՝ «միջանցքային տրամաբանության» բացառմամբ և այլն։
Սակայն Ալիևն իր հանցանքից հետո, որին, ի դեպ, դեռ պիտի իրավաքրեական գնահատական տրվի Հայաստանի կողմից Հռոմի Կանոնադրության (ստատուտի) վավերացումից հետո, որոշեց հրաժարվել գագաթնաժողովին մասնակցելուց, դա հիմնավորելով նրանով, որ այնտեղ «հակաադրբեջանական մթնոլորտ» է, և որ իրեն «դուր չի գալիս» Բեռլինի ու Փարիզի դիրքորոշումը։
Միևնույն ժամանակ, Բաքուն չի կարող չզգալ միջազգային զորացող ճնշումը, ինչի վկայություններից մեկն էլ Եվրախորհրդարանի բանաձևն է, որը կոչ է անում պաշտպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը, վերանայել Ադրբեջանի հետ ԵՄ-ի հարաբերությունները բոլոր ոլորտներում, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտում։ Վրդովված ձայներ են հնչում նաև ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատներից, երկու կուսակցություններից՝ ի հեճուկս մյուս բոլոր հարցերում առկա անհաղթահարելի տարաձայնությունների։
Գրանադայում նախատեսված հանդիպումն, այնուամենայնիվ, կայացավ՝ առանց Ալիևի։ Երևանին հաջողվեց Բրյուսելի, Փարիզի և Բեռլինի հետ կոնսենսուսի հասնել Ադրբեջանի հետ ապագա խաղաղության պայմանագրի հայտնի սկզբունքների շուրջ և աջակցություն ստանալ անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և, իհարկե, ժողովրդավարության պաշտպանության հարցում։ Բաքուն շտապեց հանդես գալ վերապահումներով առ այն, որ Գրանադայի հանդիպմանը ստացած «բացական» ամենևին էլ չի նշանակում հրաժարում Հայաստանի հետ խաղաղությունից։ Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» թեմայի առաջմղումից Բաքվի և Անկարայի հրաժարումը կարևոր հանգամանք է, բայց ժամանակը ցույց կտա՝ դա «փափուկ բա՞րձ» է մեր գլխատակին, թե՞ իրապես դիրքորոշման փոփոխում։
Արդյո՞ք նախադրյալներ կան բանակցությունների առաջմղման համար, որտե՞ղ են Հայաստանի դիրքերն ամրապնդվել և ի՞նչ նոր խնդիրներ կարող են ծագել՝ այս մասին կարող եք կարդալ մեր վերլուծական հանդեսի հերթական թողարկման նյութերում։
«Անալիտիկոն»-ի խմբագրություն