Օրերս Գրանադայում տեղի ունեցավ Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովը, որի շրջանակներում ավելի քան չորս տասնյակ երկրների ղեկավարներ հավաքվեցին և քննարկեցին Եվրոպայի ապագայի, անվտանգության հետ կապված և այլ հարցեր: Պետք է նկատել, որ այս գագաթնաժողովը Հայաստանի համար որոշ չափով նման էր նախորդ տարի հոկտեմբերին Պրահայում տեղի ունեցած նմանատիպ հանդիպմանը: 2022 թ. պրահյան գագաթնաժողովին նախորդել էր Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ իրականացված սեպտեմբերյան ագրեսիան, իսկ Գրանադայի գագաթնաժողովին նախորդել էր Արցախի Հանրապետության դեմ սեպտեմբերի 19-ին իրականացված ռազմական գործողությունը:
Եվրոպական քաղաքական համայնքի այս գագաթնաժողովն ի սկզբանե ուշագրավ էր նրանով, որ դրա շրջանակներում նախատեսված էր Փաշինյան-Ալիև-Շոլց-Մակրոն-Միշել հնգակողմ ձևաչափով հանդիպում, որին մասնակցելուց վերջին պահին հրաժարվել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Պաշտոնական մեկնաբանությունն այն էր, որ Ադրբեջանն առաջարկել է, որ հանդիպմանը մասնակցի նաև Թուրքիան, սակայն հատկապես Գերմանիան և Ֆրանսիան առարկել են դրան։ «Հնգակողմ ձևաչափում ձևավորվել է հակաադրբեջանական մթնոլորտ»,- նշվում է ադրբեջանական կողմի պատճառաբանության մեջ։ Ըստ այդմ, Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրում է հայամետության մեջ և քննադատում Եվրոպական Խորհրդի նախագահի հայտարարությունները։
Սակայն, ակնհայտ է, որ Գրանադայի հանդիպմանը Ադրբեջանի նախագահի մասնակցելուց հրաժարվելու իրական պատճառն այլ է, քանի որ դրանից ամիսներ առաջ Ալիևն արդեն իսկ մասնակցել է մի շարք հանդիպումների, որոնց ներկա է եղել նաև Ֆրանսիայի նախագահ Մակրոնը (օրինակ, այս տարվա հունիսին՝ Քիշնևում): Իմ խորին համոզմամբ՝ իրական պատճառն այն է, որ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը գնաց նոր ռազմական ագրեսիայի ընդդեմ Արցախի Հանրապետության, չնայած որ, ըստ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի, Ալիևը եվրոպական կողմին վստահեցրել էր, որ ձեռնպահ կմնա ուժի գործադրումից, սակայն խախտվել է իր խոստումը և ահռելի տառապանք պատճառել առանց այն էլ ծանր վիճակում գտնվող Արցախի բնակչությանը: Այդ հայտարարությունը հնչեցվեց սեպտեմբերի 25-ին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: Ըստ այդմ, ակնհայտ է, որ Ալիևը հրաժարվել է սեպտեմբերյան ագրեսիայի և Արցախում իրականացված 100 հազարից ավելի մարդկանց բռնի տեղահանության և էթնիկ զտումների իրականացման «թարմ հետքերով» ժամանել Գրանադա, որպեսզի ստիպված չլինի դեմ առ դեմ բացատրություններ տալ եվրոպական առաջնորդներին:
Այս առումով, կարծես թե, Ադրբեջանի նախագահի մտահոգություններն անտեղի չէին, քանի որ Գրանադայի հանդիպման շրջանակներում հնչեցին Ադրբեջանի վերջին ագրեսիան դատապարտող հայտարարություններ, իսկ Արցախում տեղի ունեցածը բնորոշվեց որպես զանգվածային տեղահանություն և էթնիկ զտումներ։
Այս ամենի խորապատկերին բավականին ուշագրավ էր թվում Ադրբեջանի դեմ հնարավոր պատժամիջոցներ սահմանելու թեման: Արցախի Հանրապետության դեմ սեպտեմբերի 19-ին իրականացված ագրեսիայից հետո եվրոպացի բազմաթիվ քաղաքական գործիչներ կոչեր են հնչեցնում պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի և նրա ղեկավարության դեմ: Սակայն, ըստ Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազոյի, ԵՄ-ում տարակարծություն կա այս հարցում և դժվար թե մոտ ապագայում միասնական որոշում ընդունվի:
Դա նաև հաստատեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Օրերս Reuters գործակալությանը տված հարցազրույցում Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներն այս փուլում հակաարդյունավետ կլինեն։ «Դրանք հակաարդյունավետ կլինեն և թույլ չեն տա լավագույնս պաշտպանել հայկական տարածքը և դրա բնակիչներին»,- հիմնավորել է Մակրոնը։
Ֆրանսիայի նախագահը դատապարտել է Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններ իրականացնելու համար՝ պնդելով, որ Ֆրանսիայի կառավարության դիրքորոշումը ճիշտ է, նույնիսկ եթե Բաքուն այն համարում է կողմնակալ՝ հօգուտ Հայաստանի։ «Ֆրանսիան Ադրբեջանի հետ խնդիրներ չունի, բայց Ադրբեջանը, կարծես, խնդիրներ ունի միջազգային իրավունքի հետ»,- ասել է Մակրոնը։ Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ դեռ չի եկել ժամանակը, որ Եվրոպան պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի դեմ։
Այս ամենի հետ մեկտեղ կարելի է կարծել, որ Բրյուսելը թեև չի պատրաստվում մոտակա ժամանակներս պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ, բայց որոշ պահանջներ կներկայացվի Բաքվին, որոնք չկատարելուց հետո հնարավոր է գնա ավելի կոշտ քայլերի: Այդ խորապատկերին ԵՄ-ն արդեն իսկ արել է առաջին նախազգուշացնող քայլերը: Մասնավորապես, Գրանադայի հանդիպմանը զուգահեռ հոկտեմբերի 5-ին Ստրասբուրգում Եվրոպական Խորհրդարանի լիագումար նիստի ժամանակ ընդունվել է «ԵՄ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների վերանայման ու Լեռնային Ղարաբաղում իրավիճակի հետ կապված պատժամիջոցների սահմանման անհրաժեշտության մասին» բանաձևը: Փաստաթղթին աջակցել է 491 պատգամավոր, դեմ հանդես է եկել 9-ը։ Եվս 36 պատգամավոր ձեռնպահ է մնացել։
Բանաձևը թեև պարտադիր բնույթ չունի, բայց դրանում Եվրոպական Խորհրդարանի պատգամավորները Եվրոպական Հանձնաժողովից պահանջում են շտապ վերանայել էներգետիկայի ոլորտում Բաքվի հետ ռազմավարական գործընկերությունը՝ Ադրբեջանի կողմից միջազգային պարտավորությունները խախտելու պատճառով: Բացի վերը նշված միջոցառումներից, խորհրդարանականները կոչ են անում ԵՄ-ին և անդամ երկրներին անհատական պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի կառավարության անդամների նկատմամբ, որոնք պատասխանատու են Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի և մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների համար:
Ինչ վերաբերում է Գրանադայի հանդիպման արդյունքում ընդունված հայտարարությանը, ապա այն որոշ չափով կրկնում և վերահաստատում է նախորդ տարի Պրահայում ընդունված հայտարարությունը (Հայաստանի և Ադրբեջանի միջև միմյանց տարածքային ամբողջականության ճանաչում, երկրների միջև սահմանների դելիմիտացիա և դեմարկացիա անցկացնելու անհրաժեշտություն և այլն):
Դրան գումարած, այս անգամ ավելացել էր արդեն սեպտեմբերի 19-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ԵՄ-ի կողմից Հայաստանին հավելյալ ֆինանսական օժանդակությունը, որն այս փուլում լինելու է Բրյուսելի համար շատ կարևոր գործունեության թիրախ:
Գրանադայում Նիկոլ Փաշինյանի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հանդիպման արդյունքում եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարեց, որ Բրյուսելը վճռականորեն աջակցում է Հայաստանին ու իր հումանիտար կարիքներին և նշեց, որ արդեն հատկացրված 5,2 եվրո միլիոն աջակցությունը կկրկնապատկվի՝ դարձնելով այն 10,45 միլիոն եվրո։ «Մենք տրամադրում ենք նաև 15 միլիոն եվրո որպես ուղիղ բյուջետային աջակցություն, և այսօր կքննարկենք, թե ուրիշ ինչ կարող ենք անել Հայաստանի համար այս դժվարին իրավիճակում»,- հավելել է Եվրահանձնաժողովի նախագահը։
Չափազանց կարևոր է նաև այն, որ Եվրամիության կողմից Հայաստանին տրվող ֆինանսական օժանդակության ավելացման խորապատկերին Գրանադայում Եվրահանձնաժողովի նախագահը հայտարարեց Հայաստանին աջակցելու համար ԵՄ-ԱՄՆ համատեղ միջոցառման նախապատրաստման մասին:
Գրանադայում շատ կարևոր արձանագրում ու նաև զգուշացում էր Ադրբեջանին այն, որ տարածաշրջանային տրանսպորտային հանգույցների ստեղծումը պետք է իրականացվի միայն պետությունների ինքնիշխանության և իրավասության լիակատար հարգման, ինչպես նաև հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա, և որ արտատարածաշրջանային միջանցքներ չեն կարող լինել:
Այս ամենի խորապատկերին շատ կարևոր է հասկանալ, թե մոտ ապագայում Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղղությամբ ինչպիսի քաղաքականություն կորդեգրի Եվրամիությունը, և թե ի՞նչ զարգացումներ կհետևեն Ադրբեջանի կողմից Արցախում էթնիկ զտումներ իրականացնելուն: Ինչպես արդեն նշեցի վերևում, այս փուլում Բրյուսելը, կարծես թե, հակված չէ պատժամիջոցներ սահմանել Բաքվի նկատմամբ, սակայն վերջինից կպահանջի անել քայլեր Արցախից բռնի տեղահանված մարդկանց իրենց բնակավայրեր վերադարձնելու և նրանց համար անվտանգ կենսապայմաններ ապահովելու ուղղությամբ:
Այժմ, ամենայն հավանականությամբ, ԵՄ-ն հիմնականում կփորձի կենտրոնանալ հումանիտար խնդիրների վրա: Գրանադայում Փաշինյան-Շոլց-Մակրոն-Միշել հանդիպման արդյունքներով տարածված հայտարարության մեջ ընդգծվում է, որ Արցախից տեղահանված փախստականները պետք է ազատորեն օգտվեն իրենց տներ և բնակության վայրեր վերադառնալու իրավունքից՝ առանց որևէ պայմանների, միջազգային մոնիտորինգի ներքո և իրենց պատմության, մշակույթի և մարդու իրավունքների նկատմամբ պատշաճ հարգանքով։
Դրա հետ միասին, ակնհայտ է, որ Ադրբեջանը տարբեր հիմնավորումներով ամեն կերպ փորձելու է խոչընդոտել Արցախից տեղահանված հայերի վերադարձը իրենց բնակավայրեր: Ըստ այդմ, մոտ ապագայում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման առանց այն էլ մշուշոտ հեռանկարը դառնում է քիչ հավանական:
Այժմ հայկական դիվանագիտության համար շատ կարևոր է Ադրբեջանի դեմ միջազգային ճնշումներ ապահովելը, որով Բաքվին կպարտադրվի միջազգային մոնիտորինգի ներքո արցախահայերի վերադարձը դեպի իրենց բնակավայրեր և նրանց իրավունքների և անվտանգության միջազգային մեխանիզմների ներդրումը: Պակաս կարևոր չէ նաև այն, որ պետք է փորձել հասնել նրան, որ ԵՄ-ն պատժամիջոցներ սահմանի Ադրբեջանի դեմ և դադարեցնի Ադրբեջանից գազի գնումները, չնայած դրան հասնելը չափազանց բարդ կլինի մի շարք պատճառներով:
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ
Փորձագետ
Երևան