Իրանական արձագանքը ՀԱՄԱՍ-ի գործողությանը
Հոկտեմբերի 7-ին, երբ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը Իսրայելի դեմ սկսեց «Ալ-Աքսայի ջրհեղեղ» գործողությունը, այն միանգամից լայն աջակցություն ստացավ Իրանի իշխանությունների կողմից։ Իրանից ընդգծեցին, որ այս գործողությունը պաղեստինցիների տրամաբանական ու բնական արձագանքն էր Իսրայելի շարունակական «հանցագործություններին»։ Թեհրանում նույնիսկ համոզմունք հայտնեցին, որ այս գործողությամբ մեկնարկում է Իսրայելի կործանման գործընթացը։ Իսկ Գազայի պաշարումն ու Իսրայելի պատասխան ու շարունակական գործողություններն Իրանում որակեցին ցեղասպանություն։
Իրանը 1979 թ․ իսլամական հեղափոխությունից հետո առհասարակ մերժում է Իսրայելի գոյության իրավունքը և հանդես գալիս որպես Պաղեստինի ժողովրդի պաշտպան։ Ըստ այդմ՝ Թեհրանից այլ դիրքորոշում չէր էլ կարելի սպասել։ «Դեմքը չկորցնելու» համար Իսլամական Հանրապետությունը չի կարող հրաժարվել երկու հիմնական քաղաքականությունից՝ երկրի ներսում գլխաշորի պարտադրանքից և երկրից դուրս՝ Պաղեստինի հարցից։ Կոպիտ ասած՝ սրանք ատրիբուտներ են, որոնք լրացնում են ԻԻՀ ներքին և արտաքին իմիջը, ուստի առնվազն հռետորաբանության մակարդակում Իրանը պահպանել է իր «դիրքերը»։
Խորքային առումով՝ Պաղեստինի հարցը տարածաշրջանում Իրանի արտաքին քաղաքականության հիմնաքարերից է, իսկ պաղեստինյան շարժումները Իրանի առաջնորդած «Դիմադրության առանցքի[1]» մաս, որի կենսունակությունից է կախված տարածաշրջանում Իրանի ազդեցությունը։
Այս պատճառով է, որ պաշտոնական տարատեսակ աջակցող հայտարարություններից զատ Իրանը մեծ ակտիվություն է դրսևորել նաև դիվանագիտական դաշտում։ Ռազմական գործողությունների նոր փուլի մեկնարկից ի վեր Իրանի արտգործնախարարը հեռախոսազրույցներ է նախաձեռնել արաբական ու իսլամական երկրների, ՄԱԿ-ի, ԵՄ-ի, Կարմիր Խաչի ներկայացուցիչների հետ։ Իրանը հանդես է եկել Իսլամական համագործակցության կազմակերպության արտահերթ նիստ անցկացնելու առաջարկով։
Ավելին, հարաբերությունների կարգավորումից հետո առաջին անգամ հեռախոսազրույց են ունեցել նաև Իրանի նախագահն ու Սաուդյան Արաբիայի թագաժառանգը։ Իրանի նախագահը նաև հեռախոսազրույցներ է ունեցել Ֆրանսիայի ու ՌԴ նախագահների հետ։ Տարածաշրջանային իր գործընկերների հետ հեռախոսազրույցներ է ունեցել նաև Իրանի ԶՈւ ԳՇ պետը:
Միաժամանակ, Իրանի արտգործնախարարը իրականացրել է նաև տարածաշրջանային շրջայց՝ այցելելով Իրաք, Լիբանան, Սիրիա, Քաթար։ Ըստ նախարարի՝ շրջայցը երկու հիմնական նպատակ է հետապնդել։ «Առաջին նպատակը Դիմադրության շարժման առաջնորդների հետ հանդիպումն ու իրադրության վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվություն ստանալն էր: Երկրորդ նպատակը տարածաշրջանային խորհրդակցություններն էին՝ սիոնիստական ռեժիմի պատերազմական հանցագործություններն ու անմարդկային պաշարումը կանգնեցնելու ուղղությամբ քաղաքական լուծում գտնելու համար»,- հայտարարել էր Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։
Իրաքը, Սիրիան, Լիբանանը «Դիմադրության առանցքի» երկրներից են, որտեղ Իրանը տրամադրությունները շոշափելու կարիք ուներ, և Աբդոլլահիանի այցը միտված էր հենց դրան։ Իսկ Քաթարում իրանցի նախարարը հանդիպել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի հետ։ Հանդիպման ժամանակ վերահաստատել է, որ Իսլամական Հանրապետությունը չի ընկրկելու Պաղեստինին աջակցելու իր սկզբունքներից ու արժեքներից:
Իրանական կողմից այս գործողությունների նպատակը իսլամական երկրների կոնսոլիդացիա ապահովելն ու պատերազմը դադարեցնելն էր, իսկ դրա ձախողման դեպքում՝ հետագա գործողությունների սցենարը մշակելը: Այս համատեքստում էր, որ Իսրայելի հակահարձակման մեկնարկից հետո Իրանից սկսեցին զգուշացնել, որ եթե հրեական կողմի հարձակումները չդադարեն, ապա տարածաշրջանում նոր ճակատների բացման հավանականությունն անխուսափելի կդառնա, և իրադրությունը վերահսկողությունից դուրս կգա։
Իրանը որպես կարմիր գիծ հռչակեց Գազայում Իսրայելի ցամաքային գործողությունը, որի հետևանքը կարող է լինել Գազայի հատվածից ՀԱՄԱՍ-ի դուրսմղումը, ըստ այդմ՝ «Դիմադրության առանցքի» թուլացումը։ Ուստի նախարար Աբդոլլահիանը տարածաշրջանային շրջայցից հետո՝ հոկտեմբերի 17-ին հայտարարեց, որ եթե ՄԱԿ-ի հնարավորությունները չօգտագործվեն, և պատերազմը չդադարեցվի, ապա «Դիմադրության առանցքը» կարող է կանխարգելիչ գործողություններ ձեռնարկել: «Այսօր, երբ դիմադրությունից ենք խոսում, դա միայն «Հեզբոլլահը» չէ: Պատերազմի ընդլայնումը մի պատկեր է ստեղծելու, որտեղ փոխվելու է օկուպանտ ռեժիմի[2] աշխարհագրական քարտեզը։ «Հեզբոլլահը» դիտարկում է բոլոր հնարավոր սցենարներն ու տարբերակները: Ամեն ինչ հաշվարկվել է: Դիմադրության առաջնորդները թույլ չեն տա, որ սիոնիստական ռեժիմը ամեն տեսակի գործողություն ձեռնարկի տարածաշրջանում: Առաջիկա ժամերին ցանկացած կանխարգելիչ գործողություն էլ հնարավոր է։ Եթե այսօր չպաշտպանենք Գազան, վաղը պետք է մեր քաղաքները պաշտպանենք: Պարոն Նասրոլլահն[3] էլ ասաց, որ եթե մենք կանխարգելիչ գործողություն չձեռնարկենք, վաղը պետք է Բեյրութում սիոնիստ զինվորականների դեմ կռվենք», -ընդգծել էր Աբդոլլահիանը:
Հետագայում Իրանը նաև իսլամական երկրներին կոչ արեց խզել Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունները, դադարեցնել նավթի մատակարարումներն ու այդ երկրի արտադրանքի գնումը։ Այս առաջարկն Իրանը ներկայացրեց նաև Իսլամական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների հանդիպմանը։
Ի լրումն դրա, Թեհրանը հանդես եկավ նաև այս առաջարկներով․
- Իսլամական երկրների կողմից Իսրայելի նկատմամբ քաղաքական ու տնտեսական պատժամիջոցների սահմանում,
- Իսլամական երկրների համակարգված ջանքերով Իսրայելի պատերազմական հանցագործությունների կանխում,
- Իսրայելի պատերազմական հանցագործությունները քննելու համար դատարանի ստեղծում,
- Միջազգային կառույցներում Իսրայելի «հանցագործությունների» քննում,
- Իսրայելի «հանցագործությունների» մասին արխիվի ստեղծում,
- Դիմում ՄԱԿ ԱԽ-ին՝ Պաղեստինի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանն աջակցելու պահանջով,
- Իսլամական երկրներից կազմված պատվիրակության գործուղում Գազայի հատված՝ հումանիտար իրադրությունը, պատերազմական հանցագործությունները ուսումնասիրելու համար,
- Իսլամական աշխարհի իրավաբանների խմբի ձևավորում՝ պաղեստինցիների իրավական պաշտպանություն ապահովելու համար,
- Գազայի բնակչության բռնի տեղահանման դատապարտում, այդ գործընթացի դադարեցում,
- Հումանիտար միջանցքների բացման համար ջանքերի գործադրում,
- Կրոնական գործիչների, քրիստոնեական կենտրոնների, հատկապես՝ Վատիկանի կողմից պատերազմական հանցագործությունների ու քրիստոնեական ու իսլամական սրբավայրերի վրա հարձակումների դադարեցման ուղղությամբ ազդեցիկ քայլերի ձեռնարկում:
Հակառակ կողմի մեղադրանքներն ու զգուշացումներն Իրանին
ՀԱՄԱՍ-ի գործողության մեկնարկից հետո իսրայելական ու արևմտյան մամուլն իր հերթին մեղադրանքի սլաքներ ուղղեց նաև Իրանին։ Ամերիկյան հեղինակավոր ԶԼՄ-ները հանդես եկան իրարամերժ տեղեկություններով։ Մի դեպքում Washington Post-ը նշում էր, որ Իրանը աջակցել է ՀԱՄԱՍ-ին ծրագրել գործողությունը ու կանաչ լույս է վառել դրա իրականացման համար։ Մյուս դեպքում NY Times-ը պնդում էր, որ Իրանն անակնկալի է եկել գործողությունից։
Ինքը՝ Թեհրանն, ի սկզբանե հերքեց, որ որևէ կապ ունի գործողության հետ՝ շեշտելով, որ այն ամբողջովին պաղեստինյան է։ «Պաղեստինին աջակցելն Իրանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունն է, բայց դիմադրության խմբավորումներն իրենց որոշումների կայացման հարցում անկախ են», – հայտարարեց Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին։
Ավելին, անգամ ամերիկյան ու իսրայելական հետախուզական ու անվտանգային կառույցների ներկայացուցիչները հայտարարեցին, որ ՀԱՄԱՍ-ի գործողությանն Իրանի անմիջական մասնակցությունն ապացուցող որևէ փաստ չունեն։
Չնայած դրան, Իրանին շարունակեցին համարել մեղսակից՝ փաստարկելով, որ Թեհրանը տասնամյակներ շարունակ ֆինանսական, տեխնոլոգիական աջակցություն է ցուցաբերում ՀԱՄԱՍ-ին, առանց որոնց խմբավորումը չէր կարողանա նման գործողություն ծրագրել։
Առայժմ հնարավոր չէ հստակ պնդումներ անել ՀԱՄԱՍ-ի գործողությանն Իրանի անմիջական մասնակցության վերաբերյալ։ Սակայն պետք է հաշվի առնել մի քանի կարևոր հանգամանք․
- Վերջին տարիներին «Դիմադրության առանցքում» նկատվում է ապակենտրոնացման և որոշումների կայացման հարցում ինքնուրույնության ամրապնդման գործընթաց,
- Ինքը՝ ՀԱՄԱՍ-ը, լիովին կախված չէ Իրանից, նրա աջակիցների թվում են նաև Քաթարն ու Թուրքիան,
- Նախորդ կետի շարունակությունն այն է, որ սիրիական հակամարտությունում ՀԱՄԱՍ-ը գործել է ընդդեմ Բաշար Ասադի, որին լիովին աջակցում էր Իրանը։
Միաժամանակ, կարելի է ենթադրել, որ ՀԱՄԱՍ-ի գործողության նպատակը պաղեստինյան խնդիրը օրակարգ բերելն ու արաբա-իսրայելական կարագավորման գործընթացը, տվյալ դեպքում՝ Իսրայել-Սաուդյան Արաբիա հարաբերությունների կարգավորումը թույլ չտալն էր։ Այս նույն ցանկությունն ուներ նաև Իրանը, որը մշտապես դատապարտել է արաբական երկրների ու Իսրայելի հարաբերությունների կարգավորումը, իսկ Էր Ռիադի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելուց հետո Թեհրանը հույս ուներ, որ Սաուդյան Արաբիայի հետ կդաշնակցեն հակաիսրայելական ճակատում։
Անկախ նրանից, թե Իրանը որքանով էր ներգրավված այս գործողությանը, փաստն այն է, որ Իսլամական Հանրապետությունը ստիպված է առերեսվել դրա հետևանքներին։
Իրանը չի բացառել պատերազմի մեջ ներգրավվելու հավանականությունը։ «Ամեն բան հավանական է: Ընդգծում եմ՝ որևէ կողմ չի կարող այս իրադրության շարունակման նկատմամբ անտարբեր մնալ»,- ասել է Իրանի արտգործնախարարը՝ պատասխանելով հարցազրույցներից մեկի ժամանակ պատերազմում ներգրավելու մասին հարցին: Սակայն, դատելով այս ընթացքում Թեհրանից հնչող հայտարարություններից, ԻԻՀ-ն առաջնային դիտարկում է «առանցքի» մաս կազմող խմբավորումների ներգրավումը։
Այս համատեքստում առանձնահատուկ դերակատարում է հատկացվել «Հեզբոլլահին»։ Ու թեև Գազայի հատվածում գործողությունների մեկնարկից հետո Իսրայելը նաև հարվածներ է հասցնում «Հեզբոլլահի» դիրքերին, վերջինս դեռ կտրուկ գործողություններով աչքի չի ընկել։ Այստեղ ևս տեղին է ընդգծել, որ «Հեզբոլլահն» իր հերթին բավականին անկախ է իր որոշումներում:
Նոր ճակատների բացմամբ անհանգստացած է նաև Արևմուտքը։ ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Գերմանիան արդեն Իրանին կոչեր են արել չգնալ սրացումների։ Այս առնչությամբ ԱՄՆ-ից ուղերձներ ստանալը հաստատել է նաև Իրանը, որն իր հերթին Նահանգներին մեղադրում է պատերազմի բորբոքման մեջ։ Թեհրանից ընդգծում են, որ Վաշինգտոնը սպառազինություն մատակարարելու փոխարեն պետք է ջանքեր գործադրի պատերազմը դադարեցնելու ուղղությամբ։
Բայց պատերազմի ձգձգման հետևանքներն արդեն զգացնել են տալիս նաև այլ կետերում։ Մասնավորապես, վերջին օրերին հայտնի է դարձել Սիրիայում ու Իրաքում ամերիկյան ռազմական օբյեկտների, Եմենի ափերին հութիների կողմից ամերիկյան ռազմանավի վրա հարձակումների մասին։ Այլ կերպ ասած՝ Իրանն ակտիվացրել է «Դիմադրության առանցքը»:
Այս համապատկերում Միացյալ Նահանգները նաև առժամանակ չեղարկել է Իրանի հետ վերջին շրջանում ունեցած գործարքը։ Դրանով նախորդ ամիս Իրանն ազատ էր արձակել ամերիկացի 5 բանտարկյալ, ինչի դիմաց ապասառեցվել և Հարավային Կորեայից Քաթար էին փոխադրվել Իրանին պատկանող 6 մլրդ դոլարի ակտիվներ: Գումարը պետք է մնար Քաթարում, և Թեհրանն այն պետք է օգտագործեր բացառապես հումանիտար նշանակության ապրանքների գնման համար: ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո ԱՄՆ-ն որոշել է առժամանակ Իրանին հասանելիություն չտալ այդ միջոցներին՝ չնայած այն բանին, որ Իրանը ապրանքն էր ստանալու, ոչ թե հենց գումարը: ԱՄՆ Հանրապետական կուսակցությունը նաև նախագիծ է բերել Ներկայացուցիչների պալատ՝ այդ ակտիվները նորից սառեցնելու համար:
Զուգահեռաբար, ԵՄ խորհուրդը որոշում է ընդունել պահպանել Իրանի նկատմամբ միջուկային համաձայնագրով առկա այն սահմանափակումները, որոնց վերացման ժամկետ էր սահմանվել այս տարվա հոկտեմբերի 18-ը։ Սահմանափակումները, մասնավորապես, վերաբերում էին բալիստիկ հրթիռների վաճառքին։
Թեև սահմանափակումները չվերացնելու մտադրության մասին ԵՄ-ն հայտնել էր դեռ սեպտեմբերին, սակայն առկա իրավիճակում այս որոշումը հավելյալ լարվածություն է ստեղծում։ Ավելի քան մեկ տարի դադարեցված միջուկային բանակցությունների ֆոնին սա զրոյացնում է Միջուկային համաձայնագրի վերականգնման հավանականությունը, ինչն իր հերթին հետագա լարվածության համար հիմքեր է ստեղծում։
Ուստի ձևավորվել է մի իրավիճակ, երբ հավաքական Արևմուտքի հետ Իրանի երկխոսությունը փակուղի է մտել, իսկ Գազայում պատերազմով անմիջական սպառնալիքի տակ են դրվել տարածաշրջանում Իրանի շահերը: Գազայի շուրջ հետագա զարգացումները վճռելու են տարածաշրջանում Իրանի հովանավորյալ ցանցի կենսունակությունը, այդ ցանցի ու Թեհրանի փոխհարաբերությունները, ըստ այդմ՝ տարածաշրջանում Իրանի ազդեցության ճակատագիրը:
Ժաննա ՎԱՐԴԱՆՅԱՆ
Իրանագետ
Երևան
————————————
[1] «Դիմադրության առանցքի» մաս են կազմում տարածաշրջանում հակաիսրայելական դիրքորոշում ունեցող երկրների ու խմբավորումների մի մասը։ Դրա մեջ են մտնում լիբանանյան «Հեզբոլլահը», Իրաքի, Սիրիայի շիայական խմբավորումները, պաղեստինյան շարժումները: Դրա մեջ չեն արաբական միապետությունները։ «Առանցքը» նաև պայքարում է տարածաշարջանում ամերիկյան, արևմտյան ազդեցության դեմ:
[2] Նկատի ունի Իսրայելը։
[3] Խոսքը «Հեզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրոլլահի մասին է։