Արցախի հայաթափումից հետո ՀՀ-ՌԴ հարաբերությունների ամենամեծ օպտիմիստների համար անգամ ակներև դարձավ Մոսկվային ուղղված հարցապնդումների հիմնավորությունը։ Երևանի կառավարող էլիտան, որն ի սկզբանե աչքի չէր ընկնում ռուսաստանամետ նախապատվություններով, Մոսկվայի գործողություններին տվեց միտումնավորության գնահատական, ինչն էլ լիովին ամբողջացավ Մոսկվայի մերձիշխանական շրջանակներից արդեն իսկ հենց Հայաստանի իշխանության նկատմամբ սպառնալիքների հնչեցման համատեքստում[1]։ Թեև դեռևս հնչում են հայտարարություններ երկխոսության միջոցով որոշ հարցերի հարթման պատրաստակամության մասին (ԵԱՏՄ-ում Լարսի անցակետի[2], երկկողմ ձևաչափով զանգվածային մեդիայում առկա խնդիրների[3]), սակայն հիմնավոր է այն տպավորությունը, որ սրանք գերազանցապես ուղղված են ապահովելու կառուցողական միտումների դիվանագիտական շղարշ, թույլ հույսով, որ որոշ գործնական հարցեր հնարավոր կլինի հարթել երկխոսությամբ։ Այս մեթոդը, սակայն, չի տարածվում առավել կարևոր՝ ռազմավարական բարձրագույն մակարդակի ո՛չ գործելաոճի, ո՛չ էլ խոսույթի վրա, որտեղ սառեցվել են բարձր մակարդակի հանդիպումները, իսկ հանրային խոսքում Նիկոլ Փաշինյանը գրեթե անթաքույց Ռուսաստանը հայտարարում է Հայաստանի անկախության սպառնալիք։
Բարձրագույն մակարդակում ՀՀ իշխանությունների նման գործելաոճի քննադատներն ի թիվս այլ հարցերի պնդում էին, որ հանրային տիրույթում Ռուսաստանի հասցեին ուղղվող սուր քննադատություններն ու մեղադրանքները ապարդյուն են, եթե ոչ հակաարդյունավետ, քանի որ Մոսկվայի քաղաքական ռեժիմի յուրահատկություններից է սեփական հասցեին հանրային քննադատության անընդունելիությունը և դրանք որպես մեղադրանք ու հեղինակության վնաս ընդունելը։ Խոսքը բնավ մեղադրանքների արդարացի լինել կամ չլինելու մասին չէ, այլ ճիշտ դերակատարների հետ ճիշտ ձևով աշխատելու մասին։ Եթե Ռուսաստանում Հայաստանի հանդեպ քաղաքականությունը մշակվեր հիմնվելով հանրային կարծիքի վրա, իսկ պաշտոնական Երևանի խոսույթը իր հերթին ազդեր այդ կարծիքի, կամ մրցակցող քաղաքական ուժերի դիրքորոշման ձևավորման վրա, ապա նման մոտեցումը կարելի էր մասամբ ընդունելի համարել։ Ինչպես, օրինակ, փորձում էր Վլադիմիր Զելենսկին արևմտյան լիբերալ ժողովրդավարությունների հետ հաղորդակցության մեջ, ինչն այդ դեպքում ինչ-որ ժամանակ աշխատում էր։ Ռուսաստանի հետ շփումներում նման գործելաոճը խոսում է կա’մ վերջինիս քաղաքական ռեժիմի մասին թյուր պատկերացման, կա’մ մտածված կերպով երկխոսությունից հրաժարվելու մասին։
Նման խոսույթի ու գործելաոճի քննադատներին պատասխանում են, որ դա զուր խաբկանք է, որը չի փոխելու Ռուսատանի քաղաքականությունը, իմա՝ այն անշեղորեն կանխամտածված է։ Նախ, եթե որևէ արտաքին քաղաքականություն մշակվում է այն մեկնակետից, որ դիմացի դերակատարի քաղաքականության ընթացքը անհնար է փոխել, ապա, թերևս, կարելի է դադարեցնել պետության դիվանագիտական գործունեությունը։ Երկրորդ, Հայաստանի դեմ գոյութենական սպառնալիք Ադրբերջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունների դեպքում նույն քաղաքականության հետևորդները միմիայն կողմ են կառուցողական գործելաոճին և կարծես չեն խորշում նրանից, որ Բաքուն և Անկարան բնավ չեն փոխում իրենց քաղաքական կուրսը, ընդհակառակը՝ սպառնալիքներն ու պահանջները միայն ավելանում են։ Բայց երկխոսության փորձերը շարունակվում են (և արդարացիորեն պետք է շարունակվեն)։ Երրորդ, տվյալ պահին ու հանգամանքներում ՀՀ-ՌԴ գործընկերային հարաբերությունների տապալումը, չի ենթադրում, որ անհրաժեշտ է դրանք տանել բաց թշնամանքի դաշտ։ Հայաստանի գերնպատակը պիտի լինի թշնամիների քանակի նվազեցումը, այլ ոչ թե դրանց բազմացումն ու թշնամանքների խորացումը։ Եվ չորրորդ, Ռուսաստանի հետ անգամ ոչ անկեղծ, սակայն դիվանագիտական ու կառուցողական շփումները նախկինում էլ տվել են իրենց մինիմալ արդյունքը՝ կա՛մ կորզելով որոշ օգուտներ, կա՛մ առնվազն նվազեցնելով Հայաստանի հանդեպ քննադատությունները։
Առանց թշնամացնելու՝ չնչին օգուտների կորզումը նախկինում աշխատել է․ հիմա թշնամացում է՝ առանց օգուտների
Օրինակ,տարիներ առաջ դժվար էր անգամ պատկերացնել, որ ՀԱՊԿ-ն բովանդակային կխոսի հայ-ադրբեջանական սահմանում լարվածության մասին։ Սակայն, Հայաստանի ճնշումներն՝ ուղղված վերջինիս կողմից իր իրավաչափ պարտավորությունները ստանձնելուն, ամենափոքր քայլերի հաջորդականությամբ բերեցին նրան, որ կառույցն անգամ պատրաստականություն հայտնեց դիտորդական առաքելություն ուղարկել Հայաստան։ Իհարկե, դա տեղի ունեցավ առանց Ադրբեջանին քննադատող քաղաքական հայտարարության, ինչի պատճառով էլ Երևանը հրաժարվեց նաև առաքելությունից։ Եթե մինչ այս պահը Երևանն էր իրավաչափ ու անխոցելի պահանջներ ու մեղադրանքներ ներկայացնում Մոսկվային, որոնք փոքրագույն քայլերով և ուշացմամբ, բայց ինչ-որ արդյունք էին տալիս ու լրացուցիչ թշնամանք չէին ստեղծում Հայաստանի դեմ, ապա հիմա իրավիճակն այլ է։ ՀԱՊԿ-ի առաքելությունից հրաժարումից հետո Հայաստանի որևէ պահանջ արդեն խոցելի էր, քանի որ Երևանի հարցերին Մոսկվայից պատասխանում են՝ «ինքներդ եք հրաժարվել օգնությունից»։ Ինչքան էլ մանիպուլյատիվ, սակայն սա իրավամբ սահմանափակում է ակնկալիքների շրջանակը։ Հետևաբար, ոչ միայն ավելին հնարավոր չէ, այլ նաև առկան է վտանգվում՝ փոշիացնելով նախորդ, հե՛նց հեղափոխական իշխանության ձեռքբերումներն այս ուղղությամբ, իշխանություն, որի ղեկավարը մտադիր էր իր ներդրումն ունենալ «ՀԱՊԿ-ի արդյունավետության հետագա բարձրացման և միջազգային հեղինակության ամրապնդման գործում»[4]։ Սա, իհարկե, միայն մեկ օրինակ է Երևանի այն քաղաքականության, որով Ռուսաստանից պահանջվում է մաքսիմալը, իմանալով, որ այն ստանալն անհնար է, ինչն էլ բերում էր ավելի ռիսկային իրավիճակների։ Նախկինում Փաշինյանի իշխանությունը, մեղմելու համար այդ ռիսկերը, դիմում էր այնպիսի քայլերի, որոնք բերում էին Ռուսաստանից ավելի մեծ կախվածության։ Նման օրինակ է հետհեղափոխական փուլում Ռուսաստանի համար կարևոր գործիչների հանդեպ հետապնդումներից հրաժարվելն ու ինքնիշխանության մասին բարձրագոչ հայտարարություններից հետո Սիրիա զորախումբ ուղարկելու որոշումը, որից նախկինում հրաժարվել էին Սերժ Սարգսյանը, Ալեքսանդր Լուկաշենկոն և Նուրսուլթան Նազարբաևը։
Այսօր,սակայն, կարելի է տեսնել քայլերի այս շղթայում վերջին օղակի փոփոխություն։ Հայաստանում իշխանությունը կարծես պատրաստ չէ Ռուսաստանի նկատմամբ որևէ ռազմավարական զիջման, թեև որևէ լուրջ դեմարշ նույնպես չի արել։ Անկախ բարձրագոչ հայատարարություններից՝ «ՀՀ-ն չի պատրաստվում ՀԱՊԿ-ից դուրս գալ, ու մեր մտքում էլ դա չկա»[5]», ԵԱՏՄ-ից նույնպես, ռուսական ռազմաբազաների մասին պայմանագրերը չեն վերանայվում, հայկական արտադրանքները այլ շուկաներ չեն ուղղորդվում, ոչ էլ գազի կամ նավթի ներկրողներն են փոխվում։ Ավելին, երկկողմ առևտուրը նոր ռեկորդներ է սահմանում՝ գրավելով արտաքին առևտրի էլ ավելի մեծ չափաբաժին[6], ոչ էլ դադարեցվում է (թեև այդ ուղղությամբ կարծես ինչ-որ քայլեր են իրականացվում) ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը։ Թեև գովելի է և անհրաժեշտություն Ռուսաստանից անվտանգային կախվածության նվազեցմանն ուղղված դիվերսիֆիկացումը,օրինակ՝ Հնդկաստանի և արևմտյան որոշ գործընկերների միջոցով, սակայն տնտեսական, էներգետիկ և հասարակակական ոլորտներում կախվածությունների նվազեցման առումով քայլեր գրեթե չեն նկատվում կամ դրանք ադեկվատ չեն ռիսկերի կուտակման այսօրվա սրընթաց տեմպին։ Ավելին, որևէ արևմտյան պետություն կամ կառույց չի պատրաստվում և անգամ չի քննարկում Հայաստանի խնամակալության բեռն իր վրա վերցնելու հարցը։
Ռուսաստանի աչքերով
Հայաստանի հետ հարաբերություններում Ռուսաստանի քաղաքականությունը խրոնիկ տուժել է համակարգվածության ու պլանավորման բացից։ Դրանց վրա էպիզոդիկ լուրջ ազդեցություն են ունեցել խորը հետաքրքրված կամ շահագրգռված անհատներ, սակայն դրանք այդպես էլ չեն վերաճել երկարատև ինստիտուցիոնալ օրինաչափությունների, այլ ինքնահոսով շարունակվել են այն տրամաբանությամբ, որ ո’չ Հայաստանն ունի այլընտրանքներ, ո’չ էլ Ռուսաստանը կլքի Հայաստանին։
Ռուսաստանի ամբողջ արտաքին քաղաքականության մեջ երբևէ ամենակայուն դիրքորոշումը, որը որևէ փոփոխության չի ենթարկվել ԽՍՀՄ փլուզումից հետո, այն է, որ Ռուսաստանը Արցախում չի միջամտելու հօգուտ Հայաստանի կամ չի զոհաբերելու իր հարաբերությունները Բաքվի հետ ի նպաստ հայ-ռուսական դաշինքի։ Ստատիզմ ենթադրող այս ընթացքի մեջ Մոսկվայի քաղաքականությունը ավելի հայանպաստ դարձնելու կարծես միակ եղանակը, ըստ Երևանի, վերջինիս որոշ շահերը Հայաստանի հետ կապելն էր՝ շուկայական տերմինաբանությամբ առաջարկելով Մոսկվային մրցակցային առավելություններ՝ ի համեմատ Ադրբեջանի (և Թուրքիայի)։ Այդ (ու ոչ միայն այդ) նպատակով տարիների ընթացքում Ռուսաստանին զիջվեցին ռազմավարական ենթակառուցվածքներ, շուկայական առաջատար դիրքեր, արտաքին քաղաքականության ուղեգծի փոփոխությունից հրաժարում, մուտք ռուսաստանակենտրոն ամենատարբեր բազմակողմ կառույցներ և այլն։ Սակայն, ինչպես փորձը ցույց տվեց, դրանք լավագույն դեպքում ծառայեցին ստատուս- քվոյի ժամանակավոր պահպանմանը և չհանգեցրին որևէ ռազմավարական նախապատվության հօգուտ Հայաստանի։ Մինչդեռ, Ադրբեջանը չուներ կարիք նման զիջումների, գերազանցապես իր ինքնաբավության շնորհիվ, և բազմաթիվ հիասթափություններից հետո որոշել էր հակամարտությունը լուծել սեփական (և Թուրքիայի) ռազմական միջոցներով։ Հայաստանը նման շռայլություններ չուներ և չունի։
Ռուսաստանը, ապահովագրելով Հայաստանի կախվածությունն ու հավատարմությունը, հետաքրքրված է եղել Ադրբեջանին ևս ներառելու եվրասիական կառույցներ՝ ֆորմալ առումով, կամ առնվազն պահելու Բաքվին սեփական քաղաքական ուղեծրում։ Այստեղ է, որ, առանց անհանգստանալու Հայաստանը կորցնելու որևէ վտանգների մասին, Մոսկվան սկսեց վարել այնպիսի քաղաքականություն, որը բերում էր Բաքվին իր ազդեցության գոտի, իսկ Ադրբեջանն էլ օգտվում էր իր այս մրցակցային առավելությունից։ Գլխավոր տուժողը, իհարկե, Հայաստանն էր։ Այնուամենայնիվ, Մոսկվան նույնպես երկարաժամկետ հեռանկարում չի կարող հաղթող դուրս գալ այս դասավորությունից, քանի որ Անկարայի միջոցով Բաքուն շարունակելու է հաջողությամբ վարել փոխշահավետ, բայց հավասարահեռ քաղաքականություն, առանց բավարարելու Մոսկվայի ինտեգրացիոն նկրտումները։ Այսպիսով, այդպես էլ չշահելով Ադրբեջանը, Ռուսաստանը կանգնում է Հայաստանը կորցնելու վտանգի առաջ։
Մոսկվայի դասագրքային քայլերն ու Երևանի արկածախնդիր պոպուլիզմը
Ուրույն քաղաքականության բացակայության պայմաններում Մոսկվան սկսել է գործել ու գործում է ըստ արդեն հայտնի մատրիցայի, որը (գերազանցապես անհաջող) կիրառվել է, ըստ իրենց, նման այլ դեպքերում՝ Վրաստան, Ուկրաինա, Մոլդովա։ Թեև բոլոր դեպքերում Ռուսաստանը գրեթե անվերադարձ կորցրել է նախկին ստատուս- քվոն և այդ երկրների հավատարմությունը, սակայն Մոսկվան արդեն հանձն է առել նույն մեթոդաբանությամբ քայլերի դեռևս աստիճանական, թույլ դոզավորված կիրառումը Հայաստանի հանդեպ։ Արդեն իրականություն են դարձել առևտրային սահմանափակումները և Լարսի անցակետում ստեղծված բարդությունները, ռազմական մատակարարումների բացակայությունը (եթե նախկինում հնարավոր անկարողության, ապա այսօր, թերևս,նաև ցանկության բացակայության պատճառով), ռուսական հեռուստաեթերով հայաստանյան իշխանությունների դեմ արշավները, Արևմուտքի հետ հակամարտության բառապաշարն ու մոտեցումները։
Թեև այս քայլերի համադրմամբ Ռուսաստանն, ի վերջո, ձախողել է վերոնշյալ երկրների հետ իր շահերից բխող հարաբերությունների պահպանումը, ու կարելի է անգամ խոսել Թբիլիսիի, Քիշինևի ու Կիևի եվրաինտեգրման հաջող ուղու մասին, ապա Հայաստանի պարագան այլ է։ Ի տարբերություն նրանց՝ Հայաստանի անկախությանը, եթե ոչ գոյությանը սպառնում են առաջին հերթին Ադրբեջանը ու Թուրքիան, ի լրումն Ռուսաստանից եկող ռիսկերի, որը Բաքվի ու Անկարայի հետ այսօր օբյեկտիվորեն ու սուբյեկտիվորեն կիսում է շահերի շատ ավելի լայն շրջանակ, քան Երևանի հետ։ Եվ եթե անգամ ԵՄ անդամակցության թեկնածություն ստացած այս երկրների ուղին կարելի է համարել հաջողություն, ապա չի կարելի մոռանալ դրա համար վճարված հսկայական մարդկային, տնտեսական, քաղաքական և անվտանգային գինը։ Առանց այս գինը հաշվի առնելու ու աստիճանաբար անվտանգության բարձիկներ ստեղծելու՝ դրանց դեմ սրընթաց ու հանդիպակաց ընթանալու ՀՀ իշխանությունների քաղաքականությունը ոչ այլ ինչ է, քան արկածախնդիր պոպուլիզմ։ Հայկական արտադրությունը հնարավոր չէ պաշտպանել Ամանորին ընդառաջ մեծ քանակությամբ կոնյակ գնելով, ոչ էլ տեղեկատվական անվտանգությունն է հնարավոր ապահովել երեկոյան ֆեյքազերծումներով։ Անվտանգության բարձիկների բացակայության պայմաններում այդ գինը, վերջին հաշվով, վճարելու են ՀՀ քաղաքացիները, սակայն շարունակվող արհավիրքները, կարծես, նրանց դարձրել են ցածր վճարունակ, եթե ոչ բերել դեֆոլտի։
Նարեկ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող, Հայաստանում Ամերիկյան համալսարանի դասախոս
Երևան
________________
[1]https://www.tert.am/am/news/2023/09/19/medvedyev/4004458
[2]https://www.civilnet.am/news/758288/%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%A8-%D5%A5%D5%A1%D5%BF%D5%B4-%D5%B8%D6%82%D5%B4-%D5%B0%D6%80%D5%A1%D5%BF%D5%A1%D5%BA-%D5%AD%D5%B8%D6%80%D5%B0%D6%80%D5%A4%D5%A1%D5%AF%D6%81%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6-%D5%A7-%D5%B0%D6%80%D5%A1%D5%BE%D5%AB%D6%80%D5%A5%D5%AC-%D5%AC%D5%A1%D6%80%D5%BD%D5%AB-%D5%AB%D6%80%D5%A1%D5%BE%D5%AB%D5%B3%D5%A1%D5%AF%D5%AB-%D5%BE%D5%A5%D6%80%D5%A1%D5%A2%D5%A5%D6%80%D5%B5%D5%A1%D5%AC/
[3]https://medialab.am/271371/
[4]https://www.primeminister.am/hy/press-release/item/2019/11/28/Nikol-Pashinyan-Session-CSTO-Collective-Security-Council/
[5]https://www.armtimes.com/hy/article/273636
[6]https://www.civilnet.am/news/756198/%D5%A5%D5%A9%D5%A5-%D5%BC%D5%B8%D6%82%D5%BD%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%A8-%D5%B8%D6%80%D5%B8%D5%B7%D5%AB-%D5%BF%D5%B6%D5%BF%D5%A5%D5%BD%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B4%D5%A1%D5%B0%D5%A1%D5%AF-%D5%AF%D5%AB%D6%80%D5%A1%D5%BC%D5%A5%D5%AC-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%A4%D5%A5%D5%B4/