Հոկտեմբերի 27-ն է։ Գիշերը ժամը 2:20 է, ես նոր եմ նստում այս տեքստը գրելու կամ գոնե որոշ մտքեր խզբզելու։ Մտածում եմ՝ օրը բացվի, ինչ-որ պահից կշարունակեմ: 9:00 պետք է տնից դուրս գամ: «Թումո»-ում եմ աշխատում, միջոցառումների մենեջերն եմ: Մասնագիտությամբ ու փորձառությամբ նաև հաղորդակցության ու վիդեոսթորիթելինգի մասնագետ, վավերագրող ռեժիսոր ու դասախոս եմ: Կյանքի բերումով՝ վերջին շաբաթներին նաև մահճակալների շուկայի փորձագետ:
Հոկտեմբերի 27-ն է: Ես էլի կեսգիշերն անց տուն մտա: Մանկական մահճակալ էինք տարել էջմիածնի շրջանի Այգեշատ գյուղ։ Այստեղ հաստատված արցախցի ընտանիքներ կան, այդ թվում՝ Մարտունու շրջանի Նորշենի գյուղապետի ընտանիքը։ Մահճակալը նրա 4-ամյա դստեր՝ Անկայի համար էր: Վերջապես առանձին քնելու տեղ կունենա, ծնողներն էլ իրենց անկողնում գուցե մի քիչ հանգիստ քնեն։ Անկայի 4-ամյակը երկու շաբաթ առաջ է լրացել։ 1-ամյակին էլ էր Այգեշատում։ Այն ժամանակ 44-օրյա պատերազմի կեսերն էր։ Պատերազմից հետո վերադարձան հայրենի գյուղ, հիմա նորից եկել են Այգեշատ. երեխաները 2020 թ.-ին հասցրել էին այստեղ ընկերներ ձեռք բերել։ Տան ամենափոքրը ամենադժվարն է հարմարվում իրավիճակին, մնում-մնում, ասում է՝ թող պապան գնա Արցախ, մեր գյուղը մեքենայի մեջ դնի, բերի էստեղ («Օզումըմ պապաս քինի Արցախ, մեր շենը տինի մաշինին մաչին, պիրի ստեղ»).:
Մի ամիս առաջ՝ սեպտեմբերի 30-ին Երևան-Վայք-Գորիս ճանապարհին հաշվում էի անիվների վրա հավաքված ու դեպի անորոշություն ընթացող արցախցիների տները: Մի քանի տասնյակ կլինեին. բռնի տեղահանման նախավերջին օրն էր: Հոկտեմբերի 1-ին արդեն վերջին մարդիկ մուտք գործեցին Հայաստան, ու «դժոխքի ճանապարհի» դարպասները փակվեցին: Էդ ճանապարհով 2020 թ.-ի պատերազմից հետո շատ եմ գնացել-եկել: Մեդիադասընթացների շարքում վիդեոյի դասերը ես էի անցկացնում, արցախցի ուսանողների հետ վիդեոպատմություններ էինք նկարում: Այս սեպտեմբերի 28-ին ուսանողներիցս վերջինն ընտանիքով հասավ Երևան: Սեղմած ատամների արանքում կուտակված լարվածությունս մի քիչ թուլացավ, որոշեցի գնալ ու շրջել տեղահանված արցախցիներին ընդունող քաղաքներով, որ որոշ բաներ գլխումս «տեղն ընկնեն»: Վավերագրող եմ, ամենաշատն իմ աչքի տեսածին եմ վստահում:
Հոկտեմբերի 1-ի իմ արձանագրումն այն է, որ պատրաստ չէինք: Ոչ մի կերպ մենք պատրաստ չէինք այս սցենարին: Մինչդեռ բոլոր սցենարներին պատրաստվելու համար մոտ երեք տարի ենք ունեցել՝ 2020 թ.-ի նոյեմբերի 9-ից 2023 թ.-ի սեպտեմբերի 19-ը: Իսկ պատերազմից հետո որպես Հայաստան-Արցախ ճանապահը տարվա մեջ մի քանի անգամ անցած մարդ՝ անզեն աչքով տեսածով էլ պարզ էր, որ հակառակորդն իր սցենարին պատրաստվում էր, լուրջ էր պատրաստվում: Իսկ մենք անլուրջ էինք: Ու Արցախը կորցնելուց հետո էլ շարունակում ենք անլուրջ ապրել…
Հոկտեմբերի առաջին օրերին, երբ ուսանողներիս հանդիպեցի ու հարազատ մարդկանց օրինակով տեսա խնդիրների մասշտաբը, սոցցանցերում դրամահավաք սկսեցի: Հոկտեմբերի 7-ից հստակեցրի, որ ինձ վստահված յուրաքանչյուր գումար կուղղեմ արցախցիների համար մահճակալների ձեռքբերմանը: Մարդիկ, առավել ևս դժոխային իրավիճակով անցած մարդիկ, պետք է հարմար մահճակալ, տաք անկողին ու գլուխը բարձին դնելու հնարավորություն ունենան: Մաթեմատիկական մի քանի պարզ գործողություն անենք: Մահճակալի շուկայում ոտքից գլուխ թաթախված մարդը մահճակալի մեկ փաթեթը (մահճակալ, ներքնակ, վերմակ, բարձ, սպիտակեղեն) կարող է գնել 42 հազար ՀՀ դրամով: Առաքման ու տեղափոխման ծախսերը ջանք գործադրելու դեպքում կարելի է հասցնել 0-ի: 3000 ՀՀ դրամ էլ ավելացնենք՝ անունը դնելով «հարակից» կամ «չնախատեսված» ծախսեր: Հիմա եկեք պատկերացնենք, որ ամենավատ սցենարով Հայաստան մտած ամեն երկրորդ արցախցի, այսինքն՝ մոտ 50 հազար մարդ, գետնին է քնում: Ստացվում է՝ 50 000 X 45 000 = 2 250 000 000 ՀՀ դրամով կարելի էր լուծել մահճակալային խնդիրը: Ճիշտ այսքան գումար մեր կառավարությունն օգոստոսին որոշեց հատկացնել Երևանում Սնուփ Դոգի համերգ կազմակերպելու համար՝ 6 միլիոն ԱՄՆ դոլար կամ ավելի քանի 2 միլիարդ ՀՀ դրամ: Արցախի կորստից հետո ու ստեղծված աղետալի իրավիճակում հոկտեմբերի 13-ին Տիգրան Ավինյանի երդմնակալության արարողության վրա ծախսված 87 միլիոն ՀՀ դրամի թվաբանությունը կթողնեմ ձեզ:
Հոկտեմբերի 15-ը բոլոր ծանր օրերից ամենածանրն էր: Այդ օրը պլանավորած ոչ մի գործ իր հունով չգնաց: Օրվա մեջ Ֆեյսբուքի խմբերից մեկում մի գրառում էի արել, որից հետո նամակների տարափ սկսվեց մոտս: Արցախցիներն էին գրում, գիտեի, որ մահճակալի հարցով են գրում, բայց ուժ չունեի բացել ու կարդալ նամակները: Գիտեի, որ կփլվեի: Իսկ այդ պահին փլվելու իրավունք ոչ մի կերպ չունեի: Ոչ նույն ինտենսիվությամբ, բայց շարունակում եմ խնդրանքներ ստանալ թե՛ նամակների, թե՛ գրառումներիս մեկնաբանությունների, թե՛ այլ տարբերակներով: Հիմա ավելի սառն եմ մոտենում խնդրին. գիտեմ, որ բոլոր արցախցիներին չեմ կարող մահճակալով ապահովել, բայց եթե նույնիսկ հաջողվի տասնյակ հազարավորներից գոնե հարյուրի խնդիրը լուծել, ուրախ կլինեմ, որ այդքանով ստացվեց օգնել:
Արդեն հոկտեմբերի 29-ն է։ Ո՛չ 27-ին, ո՛չ էլ 28-ին տեքստս ոչ մի կերպ չկարողացա ավարտել։ Թեև խոստացել էի։ Միշտ մտածել եմ, որ «ժամանակ չունեմ»-ը կեղծավորություն կամ ինքնախաբեություն է։ Վերջին մեկ ամսում, սակայն, չեմ հասցնում։ Իրոք, չեմ հասցնում։ Տեքստն էլ չհասցրի ժամանակին ավարտել։
Հոկտեմբերի 29-ին կավարտենք մինչ այս պահը գնված ու հավաքված մահճակալների առաքումը: Բացատրեմ: Երբ դեռ չէի սկսել դրամահավաքն ու ինքս ինձ հարազատ ընտանիքների համար խելակորույս մահճակալ էի փնտրում, միանգամից մի քանի տասնյակ մահճակալի հասանելիություն ստացա: Եթե պարզ բացատրեմ, ապա գույքը չգործող հաստատությունից փոխանցվել էր Երևանի թիվ 124 դպրոցին, իսկ «Կրթություն և համերաշխություն» արհմիության միջնորդությամբ դրանք փոխանցվեցին ինձ, որպեսզի ես էլ փոխանցեմ արցախցիներին: 55 մահճակալ՝ մի մասը հին ու օգտագործված, մյուսները՝ նոր, չօգտագործված, ցելոֆանի մեջ փաթաթված, բայց փոշուց մի քիչ խունացած ներքնակներով: Այս 55 մահճակալը պետք էր ձեռքով քանդել, ձեռքով չորս հարկ իջեցնել: Ես էլ, ինձ այս հարցում կամավոր սկզբունքով աջակցող մարդիկ էլ, բոլորս աշխատանք ունենք: Մահճակալների գործերը կազմակերպում ենք ուշ երեկոյան ժամերին կամ շաբաթ-կիրակի օրերին: Հին մահճակալների անմխիթար ներքնակները փոխարինեցինք նորերով, լրացրինք անկողնային պարագաներով, ևս 10 մահճակալի ամբողջական փաթեթ կարողացանք ձեռք բերել դրամահավաքով եկած գումարով: Գումարային՝ հոկտեմբերի 29-ի ավարտին հանգիստ խղճով կկարողանանք ասել, որ 65 մարդու ապահովել ենք մահճակալով: Մինչ օրս մոտ 2 միլիոն ՀՀ դրամ բերած դրամահավաքը չի ավարտվել, ընդհակառակը՝ նոր փուլ է մտել:
Հիշում եք, չէ՞, մասնագիտությամբ վավերագրող եմ ու հաստատ կնախընտրեի ազատ ժամանակս հենց այս ոլորտում ներդնել: Բայց ինչքան խորն եմ ընկղմվում մահճակալների խնդրի մեջ, կարիքի մասշտաբներն աչքիս գնալով մեծանում են, իսկ ունեցած ռեսուրսները դրա դիմաց ավելի փոքր են թվում: Դրամահավաքից դեռ մի շաբաթ էր անցել, մի խելառ միտք եկավ. ի՜նչ լավ կլիներ, որ մահճակալները ոչ թե այս կամ այն խանութից գնեի, այլ հնարավոր լիներ արցախցի կահույքագործների իրար գլուխ հավաքել, նրանց համար արտադրություն սկսել ու հենց իրենցից էլ գնել: Այս միտքը որպես խելառ միտք ընդամենը մեկ շաբաթ մնաց գլխումս: Հյուր էի գնացել Արարատի մարզի Զորակ գյուղում հաստատված նորշենցի մեկ այլ ընտանիքի: Էդո ձյաձյայի մեծ ընտանիքն է: Զորակում վարձակալած կիսաավերակ տունը կարգի են բերում, որ 14 հոգով տեղափոխվեն, միասին ապրեն: Իրենց մահճակալներ էի խոստացել: Խոսքից խոսք բացվեց, իմացա, որ Էդո ձյաձյան Նորշենի հայտնի կահույքագործն է, ումից արտադրանք են պատվիրել Արցախի տարբեր անկյուններից:
Հոկտեմբերի 30-ին վարպետի հետ պիտի գնանք հաստոց գնելու: Ու տան նկուղային հարկում Էդո ձյաձյան որդիների հետ կվերսկսի գործը: Նախ իր ձեռքով իր ընտանիքի համար կպատրաստի մահճակալների առաջին խմբաքանակը, հետո կանցնենք մյուսներին:
Սոնա ՔՈՉԱՐՅԱՆ
Վավերագրող ռեժիսոր
Երևան